Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 6

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Երաժշտությունը արվեստներից առավել վառ ու հուզական ձևերից մեկն է: Այն արդյունավետ և


գործուն միջոց է երեխաների դաստիարակության գործում: Երաժշտությունն օգնում է լիարժեք
բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել երաժշտական լսողությունն ու ռիթմի
զգացողությունը, սովորեցնել ճիշտ ընկալել կերպարների երաժշտական լեզուն: Գեղեցկության
ընկալումից և ճանաչումից է սկսվում հուզական մշակույթի և զգացմունքների դաստիարակությունը:
Հուզական մշակույթն էլ իր հերթին խթանում է մտքի աշխատանքը, ստիպում խորհել բարոյական այս
կամ այն չափանիշի իմաստի վերաբերյալ:

Ինչպես ցույց են տվել հունգարական և գերմանական գիտնականների համատեղ


հետազոտությունները, երաժշտությամբ զբաղվող երեխաներն օժտված են լավագույն ռեակցիայով,
հեշտությամբ են յուրացնում համրանքը, ավելի լավ են կողմնորոշվում տարածության
մեջ:«Երաժշտական դաստիարակությունը ոչ թե երաժշտի դաստիարակությունն է, այլ նախ և առաջ
մարդու դաստիարակությունը» - ասել է մեծ մանկավարժ Վ.Ա. Սուխոմլինսկին:

Երաժշտությունը ունակությունների մի ողջ համալիր է, որոնցից ինչ-որ չափով անպայման կունենա


երեխան: Կան երեխաներ, որոնք լավ լսում և զգում են երաժշտությունը, բայց վատ են երգում
լսողության և ձայնային ապարատի միջև ներդաշնակության բացակայության պատճառով: Ուրիշները
երգել չեն կարողանում, բայց ռիթմական կերպով արտաբերում են «երգը», ունեն ռիթմի կենդանի և
սուր զգացողություն, որը նույնպես երաժշտականության նշան է: Սակայն այս բոլորը չի խանգարում,
որ երեխան սիրի երաժշտություն:

Երաժշտական դաստիարակության նպատակն է «Բացել պատուհան» դեպի այդ անհասկանալի,


գրավիչ երաժշտական աշխարհը և դրանով իսկ հարստացնել երեխայի անհատականությունը: Ինչպես
նշել է Դ.Բ.Կաբալևսկին «Մասսայական երաժշտական դաստիարակության գլխավոր խնդիրը ոչ
այնքան երաժշտության ուսուցումն է, որքան երաժշտության միջոցով երեխաների հոգեկան աշխարհի,
նրանց բարոյական նկարագրի վրա ներգործելը»:Երեխաների երաժշտական դաստիարակությունը
պետք է սկսել ընտանիքում` վաղ տարիքից:Հունգարացի կոմպոզիտոր – մանկավարժ Զ.Կոդային նշել
է, որ երեխայի երաժշտական դաստիարակությունը սկսվում է ծնվելուց 9 ամիս առաջ:

«Լավ ծնողները լավ մանկավարժներից ավելի կարևոր են» - ասել է նշանավոր դաշնակահար և
մանկավարժ Հենրիխ Նեյգոուզը` նկատի ունենալով, որ լավագույն մանկավարժներն անգամ անզոր
կլինեն, եթե ծնողներն անտարբեր են երաժշտության նկատմամբ: Ընտանիքին ներկայացվող կարևոր
պահանջներից մեկը այնպիսի մթնոլորտի ստեղծումն է, որը մեծ հարգանք կներշնչի երաժշտության
նկատմամբ:Երեխաների ձիրքերը զարգացում են պահանջում: Դրանք կարողությունների են
վերածվում միայն մեծահասակների հետ համատեղ գործունեության, նրանց հետ հաղորդակցվելու
ընթացքում:Երաժշտության գեղագիտական ընկալումը չի զարգանում ինքնին: Անհրաժեշտ է, որ
երեխան մշտապես շփվի երաժշտության հետ: Ընտանիքում երաժշտական դաստիարակության
ուղղությամբ տարվող աշխատանքները նույնպես պետք է կրեն մշտական, շարունակական բնույթ,
անկախ այն հանգամանքից՝ երեխան կդառնա՞ պրոֆեսիոնալ երաժիշտ, թե՞ ուղղակի
սիրող:Երաժշտական դաստիարակության հիմքում պետք է ընկած լինի ազգային երաժշտությունը,
ազգային յուրահատկություններն արտացոլող երգերն ու պարերը, քանի որ այն մեծ դեր ունի երեխայի
անձի ձևավորման գործում: Ազգային երաժշտությունը զարգացնում է երեխայի ներքնաշխարհը,
դաստիարակում է բարություն, սովորեցնում է կառուցել և աշխատել, օգնել ծնողներին:
Վաղ տարիքից երեխաներին սովորեցնում է լինել կարգապահ, մաքրասեր, նրանց մեջ զարգացնում է
հայրենասիրական զգացմունքներ, գեղեցիկի հասկացողություն, սեր դեպի հայրենիքն ու հայրենի
չքնաղ բնությունը: Կարծում ենք, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե երաժշտական
դաստիարկաությունը իրականացվի ժողովրդական ստեղծագործության լավագույն նմուշների
օրինկաներով: Առաջարկվում է ծնողներին՝ ձեռք բերել մանկական ազգային երգերի ձայնապնակներ,
լսել և հնարավորության դեպքում դրանք սովորեցնել երեխաներին: Երեխաների երաժշտական
ճաշակի ձևավորման և զարգացման համար շատ կարևոր է ունկնդրվող նյութի ճիշտ ընտրությունը:
Անհրաժեշտ է զգուշորեն և մտածված ընտրել երաժշտական ստեղծագործությունները, դրանք պետք է
լինեն գեղարվեստորն բարձրարժեք, մեղեդային և հաճույք պատճառեն երեխային: Բացի այդ
երաժշտությունը պետք է արտահայտի երեխաներին մատչելի մտքեր, զգացմունքներ և
տրամադրություն, ունկնդրվող ստեղծագործությունները պետք է լինեն ոչ մեծ ծավալի, վառ
մեղեդայնությամբ, ոչ շատ արագ տեմպով: Բարձր հնչեղությունը գրգռում է երեխաներին, իսկ շատ
արագ տեմպը դժվարացնում է մեղեդու ընկալումը: Շատ կարևոր է նաև երգերի ճիշտ ընտրությունը,
քանի որ բարդ երգեր սովորեցնելիս երեխան կարող է սխալ վերարտադրել մեղեդին, որը և չի կարող
զարգացնել մեղեդին մաքուր վերարտադրելու ունակությունը: Այս հարցում մեծ է ծնողների դերը:
Նրանք պետք է մշտապես հետևեն և ուսուցանեն միայն այն երգերը, որոնք համապատասխանում են
երեխաների տարիքային առանձնահատկություններին, ձայնածավալին:Ծնվելուց անմիջապես հետո
երեխան ընկնում է հնչյուններով լեցուն աշխարհը: Դրանք հոր և մոր ձայներն են, իր փոքրիկ
մահճակալի ճռճռոցը, մեքենաների աղմուկը պատուհանի հետևում և էլի շատ հնչյուններ` զայրացնող
ու քնքուշ, զիլ, բարձր ու ցածր, մեծահասակի ու երեխայի: Այդ հնչյունների միջոցով փոքրիկն
ունկնդրում է իրեն շրջապատող աշխարհը և ձգտում հասկանալ այն: Ուստի անհրաժեշտ է զարգացնել
նրանց տարբեր հնչյունների ականջ դնելու կարողությունը և հարստացնել բազմազան տեսողական և
լսողական տպավորություններով:Փոքրիկները հատկապես ակտիվորեն են ընկալում երաժշտության
ռիթմական կողմը: Ուստի խորհուրդ է տրվում ծնողներին՝ փոքրիկների հետ լիցքային վարժություն
կատարել ռիթմիկ, կենսուրախ երաժշտության ներքո:

Երաժշտական դաստիարակության համակարգում առաջին օղակը երաժշտության ունկնդրումն է: Այն


զարգացնում է հետաքրքրություն, սեր, ընդլայնում է նրանց երաժշտական ընկալունակությունը,
դաստիարակում երաժշտական ճաշակի սաղմեր: Ուստի անհրաժեշտ է շատ լսել երաժըշտություն`
օրորոցային, պարային, երգել նրանց համար: Կարևոր է, որ քանի դեռ հնչում է նվագը, սենյակում
լռություն լինի, և ոչ մի բան երեխային չշեղի դրանից. ընտանիքի անդամներին չի թույլատրվում քայլել
սենյակում: Ցանկալի է նաև, որ երաժշտության ունկնդրման ժամանակ երեխայի տեսադաշտից
հեռացվեն խաղալիքները, չխչխկանները և նրանց շեղող մյուս առարկաները:

Արդեն 3-4 ամսականում փոքրիկը ոչ միայն երաժշտություն է ունկնդրում, այլև այն ընկալում է
հուզականորեն /հուզական ճիչեր, ձայնակցում երգին, պարային բնույթի խաղեր/:Մինչև մեկ տարեկան
երեխան հետաքրքրությամբ է լսում այն երաժշտությունը, որի ներքո ռիթմով շարժվում են
մեծահասակները` թաշկինակով, դրոշակով կամ այլ պարագաներով: Մեծահասակներին կարող է
փոխարինել տիկնիկը: Ծնողները քայլերգի հնչյունների ներքո տիկնիկին երթաքայլի են մղում, վալսի
հնչյունների ներքո պարային շարժումներ կատարում: Երգի ներքո խաղալիք թռչնակը երգում է,
ավարտից հետո` թռչում:Երգելով ուրախ, հանգիստ մեղեդիներ, կատարելով դրանք որևէ
նվագարանով /եթե ծնողները ունեն երաժշտական կրթութուն/՝ հարկավոր է առաջացնել ժպիտ,
ձեռքերի և ոտքերի շարժումներ, ձայնային արձագանք: Առաջարկվում է ծնողներին՝ ընտրել մեղմ,
հանգիստ, քիչ աշխույժ երգեր և պարեղանակներ, որոնք չունենան գրգռիչ բնույթ և նպաստեն
երեխաների նուրբ զգացմունքների ձևավորմանը:

Կյանքի երկրորդ տարում երեխաները կարող են արդեն իրենք նանիկ ասել տիկնիկին կամ պարել նրա
հետ: Այս տարիքի երեխաները նստել չեն սիրում, ուստի երաժշտության ունկնդրումը կարելի է
կազմակերպել խաղի ձևով: Օրինակ` ծնողը դնում է ձայներիզը և լսում մի քանի վայրկյան, որից հետո
որևէ ծածկոցով փակում է նվագարկիչը և ասում փոքրիկներին. «Ո՞ւր է երաժշտությունը:
Երաժշտություն չկա»: Երեխաները հաճույքով են ընդունում խաղը, ուրախությամբ վազում են կամ
չորեքթաթ անում դեպի նվագարկիչը և հանում ծածկոցը:

Այս տարիքի երեխաներն անհրաժեշտություն են զգում շփվելու և¢ մեծերի, և իրենց հասակակիցների


հետ: Այդ տարիքում շատ երեխաներ ընդունակ են ձայնակցելու և ինքնուրույն երգելու: Անհրաժեշտ է
նրանց համար ընտրել ոչ բարդ տեքստով կրկնվող բառերով երգեր: Հարկավոր է սովորեցնել
հուզականորեն արձագանքել ուրախ ու հանգիստ բնույթի երգերին և երաժշտությանը, կատարել երգի
տեքստին համապատասխան գործողություններ, ընդօրինակել մեծի երգային առանձին հնչերագները:
Երեխաներին պետք է վարժեցնել ուշադիր լսել մեծերի կատարմամբ ժողովրդական երգեր,
եղանակներ, դրանք զուգակցել խաղալիքների ցուցադրմամբ: Անհրաժեշտ է հնարավորություն
ստեղծել երաժշտական խաղային գործունեության համար: Երկու տարում երեխայի շարժումները
նշանակալից զարգացում են ապրում: Պարի ժամանակ նրանք կարող են արագ և թեթև, զսպանակի
նման նստել ոտքերի վրա, դոփել, պտտվել, տեղում ոտքերը փոխել: Լսելով պարային երաժշտություն`
նրանք սկսում են պարել և պարելու են հրավիրում մեծահասակներին: Աշխատեք նրանց չմերժել:
Կարելի է կազմակերպել խաղեր, որոնք կնպաստեն տեմբրային լսողության զարգացմանը: Օրինակ`
թաքցնել նվագարանը շիրմայի հետևում, հնչեցնել այն, հնարավորություն ստեղծել, որ երեխան
լսողությամբ կողմնորոշվի և քայլի դեպի հնչող առարկան:

Կյանքի երրորդ տարում երեխան անհրաժեշտություն է զգում ինքնուրույն գործունեության: Նրանք


ունեն որոշակի կողմնորոշում շրջապատի նկատմամբ: Այս տարիքում երեխան ավելի ակտիվ
հետաքրքրություն է ցուցաբերում երաժշտական գործունեության նկատմամբ: Ձեռք են բերվում
երգային որոշակի հմտություներ` ձայնակցում մեծերին, փոքրիկ երգերի ինքնուրույն կատարում: Այս
տարիքի երեխաների երգեցողությանը նպաստում են խաղալիքների և այլ դիդակտիկ նյութերի
առկայությունը, դրանց ցուցադրումը և դրանցով երգի բովանդակությունը վերարտադրող
գործողությունների կատարումը: Ծնողները հնարավորություն ունեն այս բոլորը կիրառել
երեխաներին երգել սովորեցնելիս: Ծնողներին առաջարկվում է երգելու համար ընտրել մեղմ,
հանգիստ, քիչ աշխույժ երգեր՝ համապատասխան նրանց ձայնածավալին: Կյանքի երրորդ տարում
երեխան արդեն կարող է 10-15 րոպե երաժշտություն լսել: Երեխաները սիրով ունկնդրում են ոչ բարդ
ստեղծագործություններ, հուզականորեն արձագանքում, երբեմն էլ շարժումներ կատարում՝
երաժշտության տեմպի բնույթին, ռիթմին համապատասխան: Այս տարիքում ունկնդրման յուրացմանը
նպաստում են զրույցները: Այդ ժամանակ ծնողները կերպարանավորում են երաժշտությունը և
մատչելի ձևով պատմում են երեխաներին: Այս տարիքում չի թույլատրվում բարդ կամ մեծ
քանակությամբ ստեղծագործությունների ունկնդրում: Նպատակահարմար է ունկնդրման ընթերցումը:
Հետո պետք է հետաքրքրական զրույց անցկացնել երեխայի հետ պարզելու համար, թե նա ինչպես է
ընկալում ունկնդրած մեղեդին: Այս տարիքում երեխան սիրով է շարժվում երաժշտության ներքո` ծափ
տալիս, դոփում, պտտվում, վազում ինքնուրույն և մեծահասակի հետ: Ծնողներին առաջարկվում է
ձեռք բերել ձայներիզներ, որտեղ լինեն ուրախ պարեղանակներ: Անհրաժեշտ է առաջարկել երեխային,
որ նա ընդօրինակելով մեծերին` կատարի դաստակների պտույտներ, ռիթմիկ ծափեր, կքանիստեր,
դոփյուններ, թեթև ցատկեր, նմանողական շարժումներ /ծիտիկ, նապաստակ, արջ և այլն/:
Մեծերի հետ միասին պետք է կազմակերպել երաժշտական խաղեր՝ պարագաներով և խաղալիքներով,
զարգացնել երեխաների երաժշտական ռիթմն ու լսողությունը, տարածության մեջ կողմնորոշվելու
կարողությունը:

Կյանքի չորրորդ տարում տեղի է ունենում անցում` վաղ շրջանից նախադպրոցականին: Այս
տարիքում ավելի լավ է զարգացած խոսքը: Երեխաները ցանկություն են ունենում զբաղվել
երաժշտությամբ և ակտիվ գործունեությամբ: Այս շրջանում ունկնդրման գործընթացը պետք է
կազմակերպել լրջորեն: Երաժշտական հնչյունների աշխարհը յուրահատուկ է. ուստի երեխաներին
այդ աշխարհին մասնակից դարձնելը պետք է ուրախություն և հաճույք պատճառի նրանց: Մենք
առաջարկում ենք ծնողներին՝ ձեռք բերել ձայներիզների հավաքածու, ծանոթանալ այդ
ստեղծագործությունների հեղինակների կյանքին և գործունեությանը, ունկնդրել, վերլուծել,
համեմատել բնության երևույթները, նկարել, պարզապես զրուցել երաժշտության մասին: Այս
տարիքում երեխան կարող է ինքնուրույն երգել երգը: Այստեղ է, որ ծնողը պետք է ակտիվ
մասնակցություն ցուցաբերի: Ծնողը կարող է երգել երեխայի համար և նրան տրամադրել
ձայնակցելու: Առաջարկվում է երգերը բեմականացնել, ստեղծել սենյակում խաղային միջավայր և այդ
պայմաններում զբաղվել երեխայի հետ: Ծնողները երեխաների հետ միասին կատարում են պարային
ոչ բարդ շարժումներ և հնարավորություն ստեղծում, որ երեխան ինքնուրույն շարժվի երաժշտական
խաղերի ու պարերի ընթացքում:Կյանքի հինգերորդ տարում երեխաների մեջ անհրաժեշտ է
դաստիարակել երաժշտությանն ակտիվորեն արձագանքելու, դրանով հետաքրքրվելու,
երաժշտություն ունկնդրելու ցանկություն, հուզականորեն ըմբռնելու և լսածը հիշելու կարողություն:
Անհրաժեշտ է հարստացնել երեխաներին երաժշտական տպավորություներով, զարգացնել
երաժշտական ընդունակությունները, տարբերել ձայներն ըստ բարձրության և տևողության և ընկալել
ստեղծագործության երկմասանի բնույթը: Այս տարիքում երեխաների մեջ ձևավորվում են պարզագույն
կատարողական ունակություններ: Ուստի ծնողներին առաջարկվում է հետևել, որ երեխաները երգեն
բնական ձայնով, մաքուր, կատարեն որոշակի շարժումներ՝ ելնելով երգերի բովանդակությունից:
Անհրաժեշտ է ճիշտ ընտրել երգերը, հաշվի առնել ձայնային տվյալներն ու ձայնածավալը: Ծնողներն
առաջարկում են երեխաներին կատարել ռիթմիկ շարժումներ, պարային և խաղային
իմպրովիզացիաներ` տարբեր բնույթի երաժշտության ներքո:

Այս տարիքի երեխաների ունկնդրության համար նախատեսված է համապատասխան երաժշտություն:


Պետք չէ երեխաներին ստիպել միանգամից շատ նոր ստեղծագործություններ ունկնդրելու: Նոր
տպավորությունների առատությունը բթացնում է նրանց երաժշտական զգայունությունը և
առաջացնում գերհագեցում:Երաժշտության, նվագարանների, կոմպոզիտորների և երաժիշտների
մասին գիտելիքների յուրացումը նախադպրոցականի համար երաժշտական մշակույթի ձևավորման
կարևոր փուլ է: Քանի որ փոքրիկների երաժշտական ճաշակը նոր է ձևավորվում, և նրանք ընդունակ
չեն լավ երաժշտությունը տարբերել երկրորդականից, ուստի ամեն ինչ կախված է ծնողների
երաժշտական ճաշակից:Այս տարիքում երեխաներն ունեն պարային գործունեության որոշակի
պաշար, կարողություններ և հմտություններ: Առաջարկվում է ծնողներին ձայներիզով հնչեցնել
պարային տարբեր բնույթի մեղեդիներ և տրամադրել երեխաներին՝ կատարելու համապատասխան
ռիթմիկ շարժումներ՝ նազանքով, աշխույժ: Ցանկալի է, որ ծնողները պարեն երեխաների հետ:
Երաժշտական ընդունակությունների զարգացումը կատարվում է միմիայն երաժշտությամբ զբաղվելու
ընթացքում: Անգնահատելի է ծնողների դերը՝ երեխաների երաժշտական գործունեությունը ճիշտ
կազմակերպելու առումով:

Երաժշտության նախնական ուսուցման շրջանում պետք է լայնորեն օգտագործել խաղային ձևը,


աշխատել, որ երեխան հետաքրքրություն ցուցաբերի ստեղծագործության հանդեպ: Օրինակ`
հարկավոր է պատմել հեքիաթ, ունկնդրել համապատասխան երաժշտություն, խաղերով հրապուրել և
աստիճանաբար ուսուցանել անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կօգնեն երեխաներին մտնելու
երաժշտության հետաքրքիր և գեղեցիկ աշխարհը: Առաջարկվում է ծնողներին՝ ձեռք բերել նաև
գեղարվեստական բնապատկերներ, բնանկարներ, որոնք կզուգակցվեն երգերի ունկնդրման
ընթացքում, կօգնեն նյութի շուտ ընկալմանը: Տարվա եղանակների մասին զրուցելիս ունկնդրում են
Չայկովսկու «Տարվա եղանակներ» շարքից որևէ ամիս, կամ Ա.Խաչատրյանի «Մանկական ալբոմից» և
դիտում համապատասխան բնապատկեր:Երեխաներին ծանոթացնում են մանկական ազգային
երաժշտությանը: Այն կարևոր դեր ունի երեխայի անձի ձևավորման գործում: Ազգային երաժշտության
հետ շփումը զարգացնում է երեխայի ներաշխարհը, ձևավորում նրա բարոյական կերպարը:
Առաջարկվում է ծնողներին՝ ձեռք բերել ազգային մանկական երգերի ձայներիզներ, լսել և
հնարավորության դեպքում սովորեցնել դրանք երեխաներին:

Երգեցողությունը զարգացնում է երեխաների կատարողական հմտությունները: Այս առումով նույնպես


մեծ է ընտանիքի դերը:Ընտանիքում խմբակային երգեցողության զարգացումը, երեխաների
ընդգրկումն այդ գործընթացի մեջ կնպաստեն երեխաների երաժշտական ճաշակի ձևավորմանը,
ինչպես նաև ազգային ինքնատիպ երգեցողության զարգացմանը:Ժամանակակից երաժշտական
մանկավարժության կարևորագույն պահանջներից է երեխաների ստեղծագործական
ունակությունների զարգացումը՝ իմպրովիզացիայի միջոցով: Հայ ընտանիքում ընդունված է
հավաքույթների ժամանակ պարելը: Երեխաները նույնպես սկսում են պարել` իմպրովիզացիայի
ենթարկելով մեծերից ընդօրինակված պարային շարժումները: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները
տանը սովորած պարային շարժումներն օգտագործում են տարբեր պայմաններում, միջավայրում,
խաղերի ընթացքում: Անհրաժեշտ է ընտանիքում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի լիարժեք
բացահայտելու երեխաների ստեղծագործական ինքնուրույնությանը: Երբեմն հրավիրեք ձեր երեխայի
ընկերներին և կազմակերպեք խմբակային պարեր: Տոներին, ընտանեական հանդիսություներին, երբ
շատ երեխաներ են հավաքվում, կարելի է կազմակերպել խմբակային խաղեր, որոնց ընթացքը պարը
միահյուսվում է խաղին ու երգին:

Հետևելով, թե ինչպես են երգում ու պարում երեխաները, ծնողները շատ բան կիմանան իրենց
երեխաների մասին, քանզի երեխաների ներքնաշխարհը երգի ու պարի մեջ ավելի խոր ու լրիվ է
արտահայտվում: Իմպրովիզացիայի ձևերից մեկն այն է, որ երեխաները լսողությամբ սովորեն նվագել
նվագարանների վրա: Երեխաները հետաքրքրությամբ վերարտադրում են նվագարաններով իրենց
լսածը: Անհրաժեշտ է խրախուսել այդ մղումը: Նման ստեղծագործական ինքնուրույնությունը
նպաստում է երաժշտության ճիշտ ընկալմանը:Ընտանիքում երաժշտական դաստիարակությունը
ճիշտ կազմակերպելու նպատակով առաջարկվում է ծնողներին՝ նախապես ծանոթանալ
համերգասրահներում կայանալիք մանկական համերգներին, երաժշտական ներկայացումներին,
դրանց բովանդակությանը, հեղինակներին և կոմպոզիտորներին, ապա՝ նախապատրաստական
աշխատանք տանել երեխաների հետ:
Ծնողները քաջատեղյակ լինելով ռադիոյի և հեռուստատեսության մանկական հաղորդումներին՝
հետաքրքրություն են առաջացնում դրանց նկատմամբ, տրամադրում երեխաներին հաճույքով լսելու և
դիտելու, ինչպես նաև հնարավորություն ստեղծում լսածն ու տեսածը յուրովի վերարտադրելուն: Մեծ է
նաև մուլտֆիլմերի և մանկական կինոֆիլմերի համար գրված երգերի և երաժշտության դերը
երեխաների երաժշտական դաստիարակության գործում:Մուլտֆիլմերում երգն ու երաժշտությունը
միահյուսվում են շարժումներին: Դա ունի իր ուսուցողական և դաստիարակչական նշանակությունը:
Այդ երգերը հաճույքով են ունկնդրվում և ուսուցանվում երեխաների կողմից:Գեղեցիկի ընկալմանը,
զգացմունքների դաստիարակմանը նպաստում են նաև տիկնիկային թատրոնները: Երեխաները շունչը
պահած՝ լսում են, ապրում հերոսների կյանքով և նրանց երգերով: Հաջորդ օրը, նրանք խնդրում են
իրենց ծնողներին երգել այդ երգերը, իսկ ավելի ուշ՝ իրենց խաղերում երգում են նույն երգերը
տիկնիկների համար:Կարելի է կազմակերպել նաև թեմատիկ համերգներ, որոնք գեղագիտական
ճաշակի ձևավորման լավագույն միջոցներ են:

Ի՞նչ պետք է գիտենան ծնողները:

Նրանք պետք է յուրացնեն երեխաների տարիքային հոգեբանական առանձնահատկությունները,


երաժշտական այս կամ այն գործունեության ուսուցման մեթոդներն ու հնարները: Ծնողներին
անհրաժեշտ են մանկավարժական գիտելիքներ, տեսական և գործնական
դասընթացներ:Երաժշտության լեզուն, հավանաբար աշխարհում միակն է, որով կարելի է
արտահայտել մարդկային հոգու ամենանուրբ, ամենավեհ զգացմունքները: Ուստի ժամանակակից
գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում երաժշտական դաստիարակության
նշանակությունը ըտանիքում ավելի է մեծանում:

Կ.Ղազարյան

You might also like