Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 13

Ռեֆերատ

Առարկա՝ Հայ գրականություն (19-րդ դարի 2-րդ կես)


Թեմա՝ Շիրվանզադե «Պատվի համար» դրաման
Կուրս՝ երրորդ
Ուսանողուհի ՝Գալստյան Թամարա
Ներածություն

Անդրադարձ կատարելով Շիրվանզադեի ցանկացած ստեղծագործության՝


միանշանակ կարող ենք ասել, որ նա ռեալիստ գրող է, քանի որ պատկերում է այն,
ինչն ակտուալ է մեր կյանքում, առաջ է քաշում այն խնդիրները, որոնցից
յուրաքանչյուրին էլ կարող ենք բախվել իրական կյանքում։ Այլ կերպ ասած`
Շիրվանզադեն պատկերում է կյանքը՝ ինչպես որ կա։ Նույնն է նաև նրա «Պատվի
համար» դրամայում։
Բովանդակություն

«Պատվի համար» դրաման………………………………….1


Քննադատություն……………………………………………….2
Սյուժե……………………………………………………………..3
Հեռուստաներկայացում………………………………………..6
Քաղվածքներ գրքից…………………………………………… 7
Հավելյալ տեղեկություն……………………………...………. 8
Եզրակացություն………………………….…………………9
Գրականության ցանկ……………………………………… 10
«Պատվի համար» դրաման

Պատվի համար, Շիրվանզադեի դրամաներից, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի


հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն
ֆիլմը։

Դրաման առաջին անգամ բեմադրվել է Բաքվում՝ 1904 թվականի դեկտեմբերի 10-ին։


«Կյանքի բովից»-ում Շիրվանզադեն գրել է. «1904 թվականի ամռանը «Կոջոր»
ամառանոցում գրեցի «Պատվի համար»-ը։ Այս անգամ որոշեցի պիեսը տանել Բաքու
և առաջին անգամ այնտեղ ներկայացնել»։ 1905 Թվականի հունվարի 3-ին դրաման
բեմադրվեց նաև Թբիլիսի Արտիստական ընկերության թատրոնում։ Բաքվում և
Թբիլիսիում դրաման ջերմ ընդունելություն գտավ։ Հանդիսատեսին գրավում էին
դրամատուրգի խոր հումանիզմը և վառ արտահայտված դեմոկրատիզմը։ Թերթերը
գրում էին. «Պիեսի ֆաբուլան վերցված է իրական կյանքից, գործող անձինք այնպիսի
մարդիկ են, որոնց մենք հանդիպում ենք ամեն քայլափոխին», «...տիպերը գծված են,
վառ և կենդանի»։ 1905 Թվականին դրաման լույս տեսավ առանձին գրքով։ Կարճ
ժամանակում դրաման լայն մասսայականություն ձեռք բերեց հայության բոլոր
հատվածներում։ Բեմադրվում էր ամենուր, քաղաքներում ու գավառներում,
հայկական գաղութներում, պրոֆեսիոնալ խմբերի ու սիրողների կողմից՝ մշտապես
արձագանք գտնելով հանդիսատեսի շրջանում։ 1908 թվականին Աբելյան-Արմենյան
խումբը Կ.Պոլսում ներկայացրեց «Պատվի համար»-ը։ Մինչև 1911 թվականը, դրաման
բեմադրվել էր 300 անգամ, որը չտեսնված թիվ է ժամանակի հայ դրամատուրգիայի
համար։ 1920 թվականին դրաման բեմադրվել է Աստրախանի Գեղարվեստական
դրամատիկական ստուդիայում, Գանձակի Հայկական թատրոնում։ 1921 թվականին
դրաման բեմադրվել է Բաքվի Հայկական թատրոնում։ 1923 թվականին դրաման
բեմադրվել է Երևանի պետական թատրոնում։ 1954 թվականին դրաման բեմադրվել է
նաև Էստոնիայի Ազգային դրամատիկական թատրոնում։ «Պատվի համար» դրաման
թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն,
ֆրանսերեն, էստոներեն, թուրքերեն։

Քննադատություն
1914 թվականին գրականագետ Մամբրե Մատենճյանը, զեկուցում կարդալով
«Պատվի համար»-ի մասին, այն համարեց մի թույլ պիես. նա խիստ նմանություն
նկատեց «Պեպո»-ի և «Պատվի համար»-ի միջև։ «Պեպո»-ի մեջ կա մուրհակի և փող
ստանալու խնդիրը, «Պատվի համար»-ի մեջ էլ՝ ժառանգության խնդիրը։ Զիմզիմովն
ու Էլիզբարովը ուրանում են իրենց պարտքը, հետո զղջում են։ Ինչպես Պեպոն,
Օթարյանն էլ պահանջողի դերում է, և ազնիվ ու բարի երիտասարդ է։ Ինչպես
Էփեմիան, այնպես էլ Ռոզալիան դժգոհ է ծառայի անքաղաքավարությունից, չի
հավանում գնված ապրանքները և այլն։ Շիրվանզադեի դրամատուրգիայի դեմ
ուղղված քննադատության մասին իր խոսքն ասաց նաև Վահան Տերյանը, 1914
թվականի ապրիլի 30-ին Թբիլիսիում կարդացած «Հայ գրականության գալիք օրը»
ռեֆերատում. Անդրադառնալով Մամբրե Մատենճյանի քննադատությանը՝ Տերյանն
ասում է. «Դրամայի մեջ որքան էլ ինքնատիպ, խոշոր և հետաքրքրական լինի
Սունդուկյանը, նա առանձին երևույթ է։ Չպետք է մոռանալ, որ կենացաղագրական և
հոգեբանական դրամայի գրական լեզվով ամենից շատ զարկ է տվել Շիրվանզադեն,
և որքան էլ թերություններ ունենան նրա գրվածքները, նրա նշանակությունը այդ
ասպարեզում շատ է, մեծ ու նշանակալից...», «Շիրվանզադեն, որքան էլ թերություններ
ունենա, դարձյալ կմնա այն հեղինակը, որ տանում է մեր գրականությունը դեպի
Եվրոպա»։ Լևոն Հախվերդյանը գրում է, որ «Պատվի համար» դրաման արտացոլում է
նյութական-տնտեսական և բարոյական-ընտանեկան հարաբերությունների
փոխազդեցությունը։ Պիեսն առանձնանում է թեմայի արտահայտման հոգեբանական
խորքով, բացառիկորեն ցայտուն բնավորություններով, թատերագրական
վարպետությամբ։ Գրիգոր Զոհրապը գտնում էր, որ ռուսահայ և ռուսական
գրականության առողջ ոգին ունեցող Շիրվանզադեի լավագույն երկերը և «Պատվի
համար» դրաման բարձր են ժամանակի եվրոպական շատ ու շատ հռչակված
գրողների երկերից։ Պիեսին կազմվածը,-գրում էր Գրիգոր Զոհրապը,-իր պարզության
մեջ հոյակապ է, և հյուսիսի գրականության հորինվածքը կհիշեցնե։ Ռուսահայ
թատերագիրը շատ բարձր է Օքտավ Միրոպեն, որ, սակայն, Ֆրանսիայի փառքերեն
մեկն է. իր տարազը Հանրի Պեքի դաժան, բայց անկեղծ նկարագրությունն է, իրական
կյանքի դրվագներ է վերցված»։ Լիբերալ և պահպանողական քննադատության
գռեհիկ հարձակումների շրջանում Հովհաննես Թումանյանը, նույն այդ մեծ արժանիքը,
տաղանդի ուժն ու բարձր կուլտուրան Է տեսնում Շիրվանզադեի վեպերի ու
դրամաների մեջ։ Դիմելով հայ ժողովրդին՝ Շիրվանզադեի երեսունամյա հոբելյանի
օրերին, նա մի առանձին հպարտությամբ և խորունկ ցավով գրում է. «Վերջապես կը
ցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, գնահատել ու պաշտպանել իր
ծնած ուժերը։ Եվ երբ որ տեսնի, կը համոզվի, որ նրանց մեջ էլ կան այնպիսիները,
որոնք իրենց տաղանդով մրցում են ու հավասար են եվրոպական ժողովուրդների
սիրված, հանրահռչակ հեղինակներին, տարբերությունը միայն սրանց ու նրանց
բախտի մեջ է»։ Կարելի է վստահորեն ասել, որ նա նախառևոլյուցիոն շրջանի
համառուսաստանյան գրողների շարքում այն հազվագյուտ գրողներից մեկն էր, որոնք
ամբողջ մերկությամբ ցուցադրել են կապիտալիզմի բերած սոսկալի չարիքները,
մասսաների անմարդկային թալանն ու կողոպուտը, և եթե Շիրվանզադեն լրիվ չի
կարողացել ասել այն ճշմարտությունը, որ կապված էր գալիքի հետ, կիսատ է թողել
իր խոսքը կամ թե այն վերջացրել է ռոմանտիկ ժպիտներով, ապա դա բնավ չի
նսեմացնում նրա առաջադրած սոցիալական մեծ կոնֆլիկտների, հասարակական
խնդիրների կարևորությունը, գեղարվեստական ընդհանրացումների արժեքը։ Նրա
անհետևողականությունը հարցերի լուծման մեջ, խորապես կապված է հայկական
կյանքի որոշ սահմանափակությունների և դեմոկրատական ինտելիգենցիայի հայտնի
տատանումների հետ։

Սյուժեն
Նրա «Պատվի համար» դրաման կյանքի իրական, ռեալիստական պատկեր է: Այն
բաղկացած է 4 արարվածներից, իսկ արարվածներն էլ մի շարք տեսիլներից:
Դրաման ունի պարզ կառուցվածք, ուստի այն դժվար չէ բացահայտել: «Պատվի
համար» դրաման պատկերում է հայ նոր ձևավորվող բուրժուազիայի կյանքը 19-րդ
դարի վերջին, այսինքն այն շրջանում, երբ լայն գործունեություն էին կատարում
արդյունաբերող կապիտալիստները, և երբ պայքար էր ընթանում կեղեքիչների և
բանվորների միջև: Շիրվանզադեն այս դրաման գրելիս պիեսի գործող անձանց
նախատիպերը տեսել է իրական կյանքում: Իր հուշերում նա գրել է, որ առօրյա
կյանքում հարուստները կոկորդից բռնած պատին են սեղմում ազնիվ աշխատանքով
ապրողներին` աշխատավորներին, կողոպտում են նրանց ու խեղդում: Դա է վկայում
դրամայում Անդրեաս Էլիզբարյանի խոսքերը.«Մարդս անասուն է, ցեխի մեջ որ
տեսնես, պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռից բռնես, բարձացնես»:
Զորեղները առաջ էին ընթանում, տապալելով տկարներին, առանց ետ նայելու
շարունակում էին իրենց ճանապարհը: Այդ պատճառով Շիրվանզադեն ընտրել է
Անդրեաս Էլիզբարյանին և Սաղաթելին, պատկերել է նրանց այնքան բացասական և
գարշելի, ինչպիսին նա տեսել է իրական կյանքում: Իր դրամայում Շիրվանզադեն ոչ
միայն ցույց է տալիս փողի ու կեղծիքի վրա հիմնված կյանքը, այլև փորձում է
անարդարությունը վերացնելու ճանապարհներ ցույց տալ: Դրաման կոչվում է
«Պատվի համար», որովհետև մի քանի անգամ շոշափվում է պատվի խնդիրը.
յուրաքանչյուր հերոս պայքարում է իր պատիվը փրկելու համար: Հենց առաջին
արարվածում, երբ ներս է մտնում Էլիզբարյանների 2-րդ որդին` Սուրենը, ով հորը չէր
սիրում, համոզում է քեռուն` Սաղաթելին, իր պատիվը փրկել` տալով թղթախաղի
պարտքի գումար: Երբ մերժվում է, այդ կեղծ պատվասերը քեռու ձեռքից խլում է
դրամապանակը, վերցնում է 300 ռուբլի` խոստանալով, որ կվերադարձնի
հնգապատիկը հոր մահվանից հետո, երբ ստանա ժառանգություն: Դրամայում
Անդրեաս Էլիզբարյանը ունի 4 զավակ: Ավագը Բագրատն է, ով օգտագործում էր հոր
փողերը իր սեփական գործարանը կառուցելու համար, նա Սուրենի թշնամին էր:
Էլիզբարյանի ավագ աղջիկը` Ռոզալիան, դիմում էր հորը, երբ գումար էր պետք
լինում: Շիրվանզադեն դա պատկերել է մի դրվագում, երբ Ռոզալիան Փարիզից
պատվիրում է մի գլխարկ, որը արժեր 90 ռուբլի: Էլիզբարյանների տան սպասավոր
Վարդանի կարծիքով, այդ գումարով Շամախիում կարելի է տուն կառուցել: Կրտսեր
որդուն` Սուրենին, ընտանիքը անառակ որդի էր համարում: Նա չէր կարողանում
ապրել առանց փողի, իսկ երբ ձեռքին գումար էր հայտնվում, իսկույն ծախսում էր,
սպառում էր ռեստորաններում և հարբած տուն էր գալիս` բացատրելով, որ փողը
ձեռքի կեղտ է, նրանից պետք է շուտ ազատվել: 
Բավական է Սուրենին համեմատել ավագ եղբոր՛ Բագրատի հետ և տեսնել նրանց 
գործերի հակադրությունը:Այս բացասական կերպարներին լրացնում է ընտանիքի 
հայրը՝ Անդրեաս Էլիզբարյանը:Նա բուրժուազիայի նախորդ շրջանի այն 
ներկայացուցիչն է,ով եկել է գյուղից,մասնակցել նավթի համար մղվող պայքարին և 
ձեռք բերել հարստություն:Նա միլիոններ է կուտակել կողոպուտի 
միջոցով,բնականաբար ստոր կարծիք ունի մարդու մասին:​Անդրեասի կրտսեր
աղջիկը` Մարգարիտը, միակն էր, ով անշահախնդիր սիրում էր հորը, հարգում էր
ընտանիքի բոլոր անդամներին: Անդրեաս Էլիզբզրյանի կինը` Երանուհին,
ժամանակից շուտ ծերացած, նիհար կին էր, իսկ նրա եղբայրը` Սաղաթելը, մի
խորամանկ 50 տարեկան անձնավորություն էր, ով անհամբեր սպասում էր Անդրեաս
Էլիզբարյանի մահվանը, որ Սուրենից ստանար իր պարտք տված գումարների
հնգապատիկը, բայց միաժամանակ վախենում էր, որ ինքը Էլիզբարյանից շուտ
կհեռանա աշխարհից: Վերջին արարվածում Անդրեաս Էլիզբարյանը հարստության
համար դիմում է ստոր քայլի: Նա կողոպտում է սեփական աղջկան` Մարգարիտին`
գողանալով նրանից թղթեր, որոնք ապացուցում էին, որ Էլիզբարյանի ժառանգության
կեսը պատկանում է ուրիշին: Այդ թղթերի տերը` Օթարյանն էր, որը սիրում էր
Մարգարիտին: Նրան վստահելով տվել էր այդ թղթերը, որպեսզի Մարգարիտը
համոզվի, թե ինչպիսի ստոր անձնավորություն է նրա հայրը: Անդրեաս Էլիզբարյանը
իր պատիվը փրկելու համար աղջկանից գողանում է թղթերը, այդպիսով
պատվազրկում աղջկան, որին վստահում ու հավատում էր Արտաշեսը: Մարգարիտը
գնում է հոր մոտ, աղաչում, խնդրում, որ վերադարձնի այդ թղթերը, վերադարձնի իր
պատիվը, իսկ հայրը նրան չի լսում: Նա գրասեղանից հանում է այդ թղթերը և նետում
վառվող բուխարու մեջ: Երբ գալիս է Օթարյանը և Մարգարիտից պահանջում թղթերը,
Մարգարիտը հարգելով հորը ստում է Օթարյանին, թե թղթերը ինքն է այրել:
Անդրեասը, ով առաջ ծնկաչոք աղոթում էր Օթարյանին, այդտեղ արդեն փորձում է
դուրս վռնդել նրան. չէ՞ որ բոլոր ապացույցները այրվել են: Այդ պահին կրակոց լսվեց:
Բոլորը ցնցվում են: Այս տեսիլը դրամայի գագաթնակետն էր: Մարգարիտը
ինքնասպան եղավ: Սուրենը` որը ոսկի երիտասարդության ներկայացուցիչն էր,
ավելի բարոյական է գտնվում և չի վախենում հոր երեսին շպրտելով հետևյալ խոսքը.
– Որդեսպան:
Շիրվանզադեն այդպես ավարտեց իր դրաման. դեպքերը զարգանալով ընթանում են,
գնալով հետաքրքրությունը մեծանում է և ունենում անակնկալ ու անսպասելի
վախճան: Երբ Օթարյանը հասկանում է, որ Էլիզբարյանն է գցել թղթերը վառարանի
մեջ և այդ պատճառով է Մարգարիտը ինքնասպան եղել, փորձում է սպանել
Անդրեասին, սակայն Սուրենը կանգնեցնում է նրան: Հայրը արդեն իր պատիժը
ստացել էր. խղճի վրա ծանրացել էր դստեր մահը. նա ոճրագործ էր:
Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման հայ ռեալիստական գրականության
լավագույն նմուշներից է, քանի որ Շիրվանզադեն իր կերպարները նկարագրել է
իրական դեպքերի հոլովույթում, ընդհանրացրել է և վեր հանել մարդկային
բացասական կողմերը:

Հեռուստաներկայացումը

Շիրվանզադեի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Պատվի համար»


ֆիլմը նկարահանվել է 1956 թվականին` Երևան Ստուդիայի կողմից:
Բեմադրությունը՝ Արտաշես Հայ-Արտյանի, երաժշտության հեղինակ՝ Էդգար
Հովհաննիսյան, Էլիզբարով՝ Հրաչյա Ներսիսյան, Մարգարիտ՝ Վարդուհի
Վարդերեսյան, Սուրեն՝ Կարպ Խաչվանքյան, Օթարյան՝ Խաչիկ Նազարեթյան,
Սաղաթել՝ Ավետ Ավետիսյան, Բագրատ՝ Արտյոմ Կարապետյան, Կարինյան՝
Գուրգեն Գաբրիելյան։ Կարպ Խաչվանքյանը խաղում է ոսկե երիտասարդության
ներկայացուցչի՝ Սուրենի դերը և տիպիկ ներկայացնում է այդ ժամանակաշրջանի
բարքերը այնպես, ինչպես Շիրվանզադեն է նկարագրել։ Հետաքրքիր է Էլիզբարյանի և
Մարգարիտի զրույցը. Էլիզբարովը չի կարողանում նայել աղջկա աչքերին, հայացքը
փախցնում է, քանի որ չի կարող խաբել Մարգրիտի պես ազնիվ մարդու, նա չունի
Մարգարիտի հարցերի պատասխանը։ Մի քանի անգամ շոշափվում է Էլիզբարովի
ազնիվ լինելու հարցը։ Մարգարիտը ազնվորեն հավատում է հորը, սակայն Օթարյանի
հետ զրուցելուց և ապացույցները տեսնելուց հետո հասկանում է ամեն ինչ։ Նա
երկուսին էլ սիրում է։ Սաղաթելը և Էլիզբարովը շան նման են իրար, նրանք նույն կերպ
են մտածում։ Նրանց նման է մտածում նաև Բագրատը։ Էլիզբարյանների տան երկու
լուսավուր կետերը Երանուհին և Մարգարիտն են։ Նրանք ազնիվ մարդիկ են, բայց
ընտանիքի մյուս անդամների մտքում միայն փողն է. Նրանք չեն պատրաստվում
կիսել իրենց հարստությունը մեկ ուրիշի հետ և պարզից էլ պարզ էր, որ եթե
Էլիզբարովը վերադարձներ Օթարյանի ժառանգությունը, ողբերգությունը չէր լինի։

Քաղվածքներ գրքից

ՍԱՂԱԹԵԼ – Այո, նրա [Էլիզբարովի] կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ


կողպեքի տակ չէ։ Եվ այդ շատ ճիշտ կարծիք է։ Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա,
բոլորը գող են։
ՍԱՂԱԹԵԼ – ....Խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օրի
վրա մաշվում է տանջանքից։
....Փողն ու խելքը միշտ շարժման մեջ պետք է լինին։
ՍՈՒՐԵՆ – Մեր փողը կեղտ է, նրան փչացնելը մեղք չէ։
ԵՐԱՆՈՒՀԻ – Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայր ու հավատամք։
Երկուսն էլ Աստծու ճանապարհից դուրս են։ Մեր ժամանակներում փողը երկնային
թագավորի պատիժն է։
ՍԱՂԱԹԵԼ – Բանից դուրս է գալիս, որ մյուս կյանք ասածդ էլ անբախտ մարդիկ են
հնարել՝ իրանց այրված սիրտը մխիթարելու համար։
ԱՆԴՐԵԱՍ – Բարությո՞ւնս որն է։ Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է
ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես բարձրացնես։
ՍՈՒՐԵՆ – Առանց փողի ես համարյա առանց ոտների եմ։ Ես էլ եմ ատում փողը և
միշտ աշխատում եմ նրանից բաժանվել։ Երբ գրպանս մի քանի գրոշներ են մտնում,
մեկ էլ տեսար մոծակների պես կծոտեցին ինձ։ Էհ, ես էլ շտապում եմ նրանց բաց
թողնել։ Բայց, այնուամենայնիվ, առանց փողի տխուր է։ Ախ, Մարգարիտ, կյանքը
շատ տխմար բան է։ (Քիչ լռում է). Տխուր է, շատ տխուր։ Ես ուղղակի ձանձրացել եմ
կյանքից։
ՄԱՐԳԱՐԻՏ – (Շրջվելով, թախծալի հանդիմանությամբ) Քսանուերեք տարեկան
հասակում:
ՍՈՒՐԵՆ – Քի՞չ է: Մեր ժամանակներում մարդիկ շատ են տեսնում, շատ են զգում և
շուտ ձանձրանում: Ազնիվ խոսք, հիմա ես երբեմն ինքս ինձանից վախենում եմ:
ԲԱԳՐԱՏ – Չսիրեցի սկզբից ևեթ այդ խոսքը – տրամադրություն։ Մարդուս իրանիցն է
կախված այսպես կամ այնպես տրամադրել իրան։
ՍԱՂԱԹԵԼ – Բայց ախար, հայրս հոգևորական էր, պարտավոր էր ճշմարտություն
քարոզել, իսկ մենք աշխարհականներ ենք, մեր բանն ուրիշ է։
ԲԱԳՐԱՏ – Ահ, ո՞ւմ հայրը չի զրկել մեկին կամ մյուսին, այս կամ այն կերպ։
Վերջապես, հենց նորերից ո՞ր մեկը չի զրկում կամ հարստահարում։ Տարբերությունն
այն է, որ հները զրկում էին հին ձևով, նորերը զրկում են նոր ձևով։
ԱՆԴՐԵԱՍ – Երբ սատանան մարդու գլխի մեջ մի չար միտք է մտցնում, սրտի մեջ էլ
մի ահ է գցում։
ԱՆԴՐԵԱՍ – Աա, ոստիկանները գող են բռնում։ Երևի, խեղճերից մեկը
քաղցածությունից ստիպված, գողացել է մի փալասի կտոր։
ՍԱՂԱԹԵԼ – Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը։

Հավելյալ տեղեկություն

Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի Շիրվանզադեի


«Պատվի համար» դրամայի էկրանավորումը: 16 մասանոց հեռուստանովելը եթերում
կլինի մարտի 9-ից: Սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է,
ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:
Անահիտ Աղասարյանի խոսքով՝ 20-րդ դարասկզբին գրված ստեղծագործությունը
էկրանին կտենսնենք 21-րդ դարի մոտիվներով: Հեռուստանովելում
իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում, կա սյուժետային զարգացում:
Ըստ սցենարի հեղինակի՝ «Պատվի համարը» կլինի Շիրվանզադեի
ստեղծագործության մոտիվներով կինոպատում:
«Շիրվանզադեի մոտ պիեսը սկսվում է նրանով, որ փաստաթղթերն արդեն կան,
գոյություն ունեն եւ Մարգարիտն ու Օթարյանն էլ արդեն սիրում են իրար: Ես տվել եմ
նախապատմությունը, թե դրանք ինչ փաստաթղթեր են, ինչպես հայտնվեցին, ի՞նչ է
եղել հոր հետ, ու՞ր կորավ Օթարյանի մայրը եւ այլն: Ինձ մոտ հարցեր ծագեցին եւ
փորձեցի անդրադառնալ դրանց ու սարքել սյուժետային գծով տեսարաններ»,- ասել է
հեղինակը։

Եզրակացություն

Էլիզբարովը հանցանք էր գործել՝ թալանելով ընկերոջը, կառուցել էր իր համար մի


պատ սեփական ես-ի և հանրության միջև։ Որքան ստոր, ագահ մարդ էր նա
իրականում, որ ինքախաբեությամբ փորձում էր խաբել նաև շրջապատին։
Ցանկացած ոք ի վերջո պատասխան է տալիս իր գործած սխալների համար։
Անդրեաս Էլիզբարյանն էլ պատասխան տվեց, պատասխան տվեց աղջկա մահով։
Բայց հարց է առաջանում՝ մի՞թե աղջկա կյանքն ավելի թանկ էր այդ անկուշտ մարդու
համար, քան անարդար ճանապարով դիզած հարստությունը։
Գրականության ցանկ

1.Հայ դրամատուրգիա։ Ընտրանի, Երևան, 1985, էջ 8:


2.Շիրվանզադե Երկեր, Լույս հրատարակչություն, Երևան ֊1982, էջ 222-305

You might also like