Մատերիա

You might also like

Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

ՄԱՏԵՐԻԱ

Այս մոլորակի վրա հայտնվելու համար շատ բան պետք չէ, նույնիսկ
ցանկություն պետք չէ, այս մոլորակի վրա հայտնվում ես անգիտակցաբար՝
իսկ հետո գիտակցության հետ մեկտեղ ի հայտ են գալիս բազում
պարտադրված ազատ ընտրություններ, որոնց արանքում
հանգամանքներն են ընկած: Ահա այսպիսի բերումներով էլ իր գոյության
հետ կռիվ էր տալիս Մատերիան, որի դժբախտություններից մեկն էլ հենց
սեփական անունն էր: Չէ, Մատերիան մարդ էր, այն էլ աղջիկ, և բախտը
բերել էր, որ Հայաստանում շատերը չգիտեին էլ, թե մատերիա ինչ է
նշանակում: Նրան երբեմն Մատերինա էին կոչում՝ նուրբ արտաքինի
նկատառումներով: Եվ այսպես՝ Մատերի(ն)ան փոքր-ինչ պարփակված,
փոքր-ինչ տարօրինակություններով, բայց միևնույն ժամանակ կյանքով
լեցուն մի աղջիկ էր, որի իդեալիստական հայացքները բավականին լայն
էին: Նա ակնոցների արանքից նեղ հայացք էր նետում աշխարհին ու
փորձում հասկանալ իրերի էությունը: Թե ինչու էին ծնողներն այդքան
ունիկալ անուն ընտրել, դեռ հայտնի չէր, ասել էին՝ կգա ժամանակը,
կիմանաս, բայց Մատերիային դպրոցում կարճ Մատի էին ասում, ինչը լրիվ
փոխում էր իրերի դասավորությունը, ծնողներին նույնպես դա դուր չէր
գալիս, ինչ արած՝ չէին նախատեսել Մատիի հայտնվելու
հավանականությունը: Համենայնդեպս, Մատերիան շատ էր սիրում
շախմատ խաղալ, և միակ հրճվանքը, որ պատճառում էր իր անունը,
հաղթելիս «մատի» ասելն էր, որից հաղթանակը մի տեսակ մատերիական
էր դառնում: Երևի թե աշխարհիս երեսին չկար ավելի վերացական մարդ,
քան Մատերիան էր, նա նույնիսկ նոր լեզու էր որոշել հորինել, որը
հասկանալի կլիներ նաև կենդանիներին: Շատ քիչ էր խոսում, փոխարենը
լսում էր, հատկապես երաժշտություն: Եվ այսպես, Մատերիան մեծացավ,
այդպես էլ չիմանալով, թե ինչու է հայտնվել այս մոլորակի վրա Մատերիա
անվան տակ: Դրա պատասխանը գտնելու համար նա որոշեց ընդունվել
փիլիսոփայության ֆակուլտետ: Առաջին իսկ դասին նա լսեց՝
փիլիսոփայությունը բոլոր գիտությունների մայրն է: Մատերիայի մոտ հարց
առաջացավ. Իսկ այդ դեպքում փիլիսոփայության մայրն ո՞վ է, իսկ հա՞յրը:
Նա անկախ իրենից ձեռք բարձրացրեց՝ կներեք, իսկ այդ դեպքում…
Դասախոսը հանկարծակիի եկավ.

- Իսկ անունդ ի՞նչ է, աղջիկս:


- Մատերիա:
- Ահա և քո հարցի պատասխանը, ծնողներդ երևի չափից դուրս
իդեալիստ են եղել:

Լսարանում ծիծաղկոտ աղմուկ բարձրացավ: - Դե լավ, երեխաներ,


ստացվում է, որ մենք առաջինը ծանոթացանք Մատերիայի հետ՝ անկախ
մեր կամքից, - բազմանշանակ հայացքով ասաց դասախոսը: Մատերիան
կարմրեց: Մատերիան նաև առաջին անգամ սիրահարվեց: Դասի վերջոււմ
մոտեցավ դասախոսին ու հարցրեց.

- Իսկ մեզ բացատրելու՞ եք մարդկային գոյության փիլիսոփայությունը:


Ախ, դու այն Մատերիա՞ն ես, քեզ դժվար կլինի բացատրել գոյության
փիլիսոփայությունը, բայց ավելի երկար նայիր հայելու մեջ,
դիմագծերիդ մեջ կգտնես հարցիդ սկզբնաղբյուրը, հետո նայիր
իրերին ավելի ուշադիր, մարդկանց ստեղծած իրերին չէ, այլ
բնության, մարդը ամեն ինչ բնությունից է ընդօրինակել: Նայիր ոչ
սովորական հայացքով, այ օրինակ ջուրը միայն այն չէ, որը խմում
ենք, որով լողանում ենք, նայիր նրա թափանցիկությանը, հետո կլսես
նրան:
Մատերիան քմծիծաղ տվեց.
- Կլսե՞մ, չէ, ես ավելի լավ է Փինկ Ֆլոյդ լսեմ, քան ջրի խշշոց:
- Էդ դեպքում լավ կանես նրանց ,,Animals’’ ալբոմը լսես, թփթփացրեց
Մատերիայի ուսին էքսցենտրիկ դասախոսն ու առաջ անցավ:
- Հը՞, մի պահ գամված մնաց Մատերիան, ես գտաաա նրան:

Առաջին իսկ օրը Մատերիան իր գոյությամբ աչքի ընկավ ողջ կուրսում,


շատերը մոտենում էին ու անվան նախապատմությունը հարցնում, իսկ նա
նույն պատսխանն էր տալիս՝ դեռ չգիտեմ, ինչն էլ ավելի տարօրինակ էր
դարձնում իրեն համակուրսեցիների աչքում: Մատերիան ոչ ոքի հետ
չմտերմացավ, իրեն բնորոշ դետալներով դեռ ակնոցների արանքից
ուսումնասիրում էր իրերի էությունը, իսկ իրերն ավելին էին, քան 66 հոգին:
Մնացած դասախոսներին չհավանեց, միայն առաջին էքսցենտրիկ
դասախոսի ձայնն էր հետաքրքիր: Մնացածը մակերեսային տեսական
գիտելիքներով փիլիսոփայիկներ էին՝ առանց սեփական հայացքի: Մեկ
շաբաթ չէր անցել, ինչ նա փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի
էր, և ողջ ֆակուլտետում Մատերիան արդեն հայտնի էր իր կերպարով՝ նա
միշտ ուշացած էր հասնում դասերին, հևասպառ մի կերպ հանում
ականջակալները, ու դասերի ժամանակ քթի տակ ինչ-որ մելոդիկա
դնդնում, ինչի պատճառով մի քանի անգամ դուրս էր հրավիրվել
լսարանից: Նաև հաճախ էր բանավիճում դասախոսների հետ և չէր սիրում
սահմանումները: Մատերիան շատ հարցերի պատասխաններ գտավ, երբ
իմացավ տելեպատիայի մասին, բայց լռեց: Նա օր օրի էլ ավելի էր
սիրահարվում իր հոգու դասախոսին: Դրան զուգընթաց փոխվում էին
Մատերիայի սանրվածքները: Երեք ամիս անց արդեն հաշտ էր կարճ
կարմիր մազերի հետ՝ ձախ կիսաբացվածքով: Երեք ամիս անց
սիրահարվածությունը փոխվել էր սիրո, Մատերիան փոխվել էր
տելեպատիայի, ջուրը փոխվել էր երկնքի, հայելին՝ ջրի: Նա չգիտեր՝
փոխադա՞րձ էր արդյոք այդ վերացական զգացմունքը, բայց նույնիսկ
մոռացել էր գոյության փիլիսոփայության մասին, մինչև մի օր
պատահական ձեռքին չհայտնվեց Ֆրոյդի գիրքը, որը սառը ապտակի պես
մի բան հասցրեց: Պարզ էր, թե ինչու էր Ֆրոյդն ատում երաժշտությունը. այն
բնազդային բոլոր մղումներին տալիս էր հոգեկան նրբություն:
Մատերիային դուր էր գալիս հակադրությունների միասնականությունը:
Եկավ քննական շրջանը, իսկ մեր հերոսուհին թքած ուներ
գնահատականների վրա, նա կարդում էր ողջ օրը, նույնիսկ դատարկ
փիլիսոփայիկների դասաժամերին, բայց կարդում Էր այն, ինչ ուզում էր: Մի
հարցաշար վերցերց պարապելու համար, և դա հոգու դասախոսի
հարցաշարն էր: Քննության օրվան նախորող ողջ գիշերը չէր քնել,
տելեպատիա կար, վերջիվերջո, որի իմաստը պետք էր հասկանալ:
Դասախոսը մտավ լսարան, մի հայացք նետեց լսարանով և սկսեց բաժանել
հարցաթերթերը, վերջում մոտեցավ Մատերիային, տվեց թերթիկն ու
ասաց.

- Դե քեզ տեսնեմ, Մատերիա, ջախջախիր միջիդ իդեաներին:


Մատերիան հուզմունքից մեկ դասախոսին էր նայում, մեկ
հարցաթերթին, արդյունքում՝ ոչ մեկին: Հետո հավաքեց իրեն ու կարդաց
միակ հարցը՝ ո՞րն է գոյության փիլիսոփայության իմաստը, եթե մենք
անկախ մեր կամքից՝ արդեն կանք:

Գրեց.

Մատերիայի ոգին:

You might also like