Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 4

Դասախոսություն 1.

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՀ կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, կրթության


հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական
ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման
մարմինների փոխկապակցած ամբողջություն է: Այլ կերպ՝ ՀՀ կրթության
համակարգն ընդգրկում է. պետական կրթական չափորոշիչների, կրթության
հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական
ծրագրերի համալիրը, այդ ծրագրերն իրականացնող տարբեր ուսումնական
հաստատությունների ցանցը, կրթության կառավարման մարմինների, նրանց
ենթակայության հիմնարկների ու հաստատությունների համակարգը:
Հայաստանի կրթական համակարգը ներառում է.
1. նախադպրոցական կրթությունը.
2. ընդհանուր միջնակարգ կրթությունը` կազմված տարրական, միջին կամ
հիմնական և ավագ դպրոցից.
3. նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն
կրթությունը.
4. հետբուհական կրթությունը.
5. մասնագետների վերաորակավորման և որակավորման բարձրացման
հաստատությունները.
6. գնահատման և կրթական ծառայություններ առաջարկող
հաստատությունները:
Հանրապետությունում գործում է նաև ոչ պետական ուսումնական
հաստատությունների համակարգ` նախադպրոցական հաստատություններ,
դպրոցներ, վարժարաններ, ԲՈւՀ-եր և այլն, որոնք ոչ միայն ապահովում են
կրթության համակարգում կրթական ծառայությունների շուկայի գոյությունը, այլև
էական ներդրում ունեն կրթության համակարգի զարգացման գործում:
ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր
ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու
զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

1
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ,
ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքը ազգային
դպրոցն է, որի գլխավոր նպատակը համակողմանիորեն զարգացած,
հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված և
մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորումն է: Հանրակրթությունը
նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական
զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն
կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության
նախապատրաստմանը:
Կրթական համակարգի կենտրոնական կառուցվածքային տարրը
հանրակրթական հաստատությունն է: ՀՀ պետական հանրակրթական
հաստատությունն անընդհատ կրթության համակարգի հիմնական օղակն է, որը ՀՀ
բոլոր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում իրականացնելու ՀՀ
Սահմանադրությամբ ամրագրված իրենց կրթության իրավունքը:
Հանրակրթական հաստատությունն իրականացնում է տարրական, հիմնական և
միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրերը: Հանրակրթական
հաստատությունների հիմնական նպատակներն են` հանրակրթական ծրագրերի
բովանդակության պարտադիր նվազագույնի հիման վրա սովորողների
անհատականության և գիտական աշխարհայացքի ձևավորումը, նրանց
նախապատրաստումը կյանքին և աշխատանքին, մասնագիտության գիտակցված
ընտրությունը և համակողմանի դաստիարակությունը:
Հանրակրթական դպրոցի հիմնական նպատակը աճող սերնդի մտավոր,
բարոյական, բնապահպանական, գեղագիտական, ֆիզիկական
ընդունակությունների ձևավորման ու զարգացման և համամարդկային
դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, նրա
ստեղծագործական ներուժի զարգացումը:
Հանրակրթության հիմնական խնդիրներն են`

2
1. սովորողների կողմից բնության, հասարակության, գիտությունների
հիմունքների, տեխնիկայի, արտադրության, բնապահպանության մասին
գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց
ինքնակրթության, ինքնազարգացման, ինքնադաստիարակության համար
անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2. համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային
մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող ու
քաղաքացիական դիքորոշում ունեցող քաղաքացու ձևավորումը:
3. սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական
զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:
ՀՀ-ում միջնակարգ ընդհանուր կրթությունը իրականացվում է եռաստիճան
միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ`
հետևյալ հաջորդական աստիճաններով.
ա/ տարրական դպրոց /1-4-րդ դասարաններ/,
բ/միջին դպրոց /5-9 -րդ դասարաններ/,
գ/ ավագ դպրոց /10-12-րդ դասարաններ/:
Ընդհանուր կրթությունն սկսվում է 6 տարեկանից /որը կարող է լրանալ մինչև
տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը/:
Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է լեզվամտածողության և
տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական
հմտությունների ձևավորմանը, ազգային և համամարդկային արժեքներին
նախնական հաղորդակցմանը:
Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի,
աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման
ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն
գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույնի ծավալի
ապահովմանը: Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները
կազմում են հիմնական դպրոցը:
Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական
պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում

3
սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին
համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել
տարբերակված /հոսքային/ ուսուցում:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը
կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով,
որոնք մշակում և հաստատում է կրթության կառավարման լիազորված մարմինը
/ԿԳՄՍՆ/: Հատուկ հանրակրթական դպրոցների ծրագրերը մշակվում են հիմնական
հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով սովորողների տարիքային,
հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և
կարողությունները:
Նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր,
միջնակարգ /լրիվ/ ընդհանուր և հատուկ ընդհանուր կրթության ծրագրերը
կառուցվում են հաջորդականության սկզբունքով: Նախորդ կրթական ծրագրերը
/բացի նախադպրոցականից/ չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում
անցնել հանրակրթության հաջորդ աստիճանին:

You might also like