Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 98

Տնտեսագիտության տեսության առարկան

Մարդու տնտեսական գործունեության հիմքում ընկած է նրա


պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունը: §Պատմության ամբողջ
ընթացքի վերլուծությունն ապացուցում է, որ մարդկանց գործունեությունը բխում է
նրանց պահանջմունքներից, կրքերից, և միայն դրանք են կարևոր դեր խաղում¦:
Իրենց պահանջմունքների բավարարման նպատակով մարդիկ
կազմակերպում են արտադրություն՝ դրա ընթացքում միմյանց նկատմամբ
գտնվելով որոշակի տնտեսական հարաբերությունների մեջ: Մարդու
պահանջմունքները բազմաբնույթ են. սնունդ, հագուստ, բնակարան,
փոխադրամիջոց, տարբեր տեսակի ծառայություններ, կրթություն,
առողջապահություն և այլն: Մարդն անընդհատ ձգտում է բարելավել իր
կենսապայմանները բարիքների արտադրության չափերի ընդլայնման
ճանապարհով, որի հիմքը պահանջմունքների անընդհատ փոփոխությունն է:
Բարիքների արտադրությունը հնարավոր է իրականացնել համապատասխան
ռեսուրսների առկայության դեպքում:
Ռեսուրսն այն միջոցների ամբողջությունն է, որը տրվում է բնության կողմից
կամ ստեղծվում է մարդու միջոցով: Ռեսուրսներ համարվում են հողը և ընդերքի
հարստությունը, օգտակար հանածոները, գազը, նավթը, անտառները, ջուրը,
բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև մարդու ունակությունները,
նրա ստեղծած մեքենաները, սարքավորումները, գիտատեխնիկական նորույթներն
ու հայտնագործությունները, շենքերն ու կառույցները, մշակութային արժեքները և
այլն:
Սակայն մարդկանց պահանջմունքների բավարարման միջոց հանդիսացող
բարիքների արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսները սահմանափակ են:
Բնականաբար, առաջանում է ռեսուրսների խնայողաբար և նպատակային
օգտագործման խնդիրը: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է հնարավորության
սահմաններում ապահովել ռեսուրսների անկորուստ օգտագործում և բարիքի
արտադրության ճիշտ ընտրություն` ըստ պահանջմունքների բավարարման
առկա հնարավորությունների: Այս հանգամանքը ստիպում է մարդուն գործել
ռացիոնալ, որի բովանդակությունը հետևյալն է. հասնել առավելագույն արդյունքի
սահմանափակ ռեսուրսների նվազագույն ծախսերով: Մարդու ռացիոնալ
վարքագիծը բխում է ռեսուրսների արդյունավետ օգտագործման
անհրաժեշտությունից:
Ելնելով այս տրամաբանությունից` Լ. Ռոբինսը տալիս է
տնտեսագիտության առարկայի հետևյալ սահմանումը. §Տնտեսագիտությունը,
որպես գիտություն, ուսումնասիրում է մարդու վարքագիծը նպատակների և
սահմանափակ միջոցների փոխհարաբերության տեսանկյունից, որոնք կարող են
ունենալ տարբեր կիրառություն¦: Այսպիսով` տնտեսագիտությունը, որպես
գիտություն, ծագել է սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և
պահանջմունքների բավարարման առավելագույն մակարդակ ապահովելու
հնարավորությունների ուսումնասիրման անհրաժեշտությունից: Այս
տեսանկյունից` §Տնտեսագիտության տեսությունն ուսումնասիրում է
սահմանափակ արտադրական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կամ
կառավարման խնդիրները մարդու նյութական պահանջմունքների առավելագույն
բավարարման նպատակով¦:
Պետք է նշել, որ գոյություն ունեն տնտեսագիտության տեսության այլ
բնութագրումներ ևս: Մարքսիստական տեսության համաձայն`
տնտեսագիտությունը (ըստ Կ. Մարքսի` քաղաքատնտեսությունը)
ուսումնասիրում է արտադրական հարաբերությունները և դրանց
համապատասխան տնտեսական կատեգորիաների և օրենքների համակարգը:
Սակայն, կարելի է պնդել, որ տնտեսական կատեգորիաների և օրենքների
գործողության միջոցով կարգավորվում է ռեսուրսների արդյունավետ
օգտագործումը:
Բազմաթիվ տնտեսագետների կարծիքով` տնտեսագիտության տեսությունը
գիտություն է ռեսուրսների ընտրության և մարդու տնտեսական վարքագծի մասին:
Իսկ ինչու՞ է առաջանում ռեսուրսների ընտրության խնդիրը: Դա, բնականաբար,
կապված է ռեսուրսների սահմանափակության հետ: Մարդիկ սահմանափակ
ռեսուրսների պայմաններում փորձում են կատարել այնպիսի ընտրություն, որի
դեպքում կապահովվի նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի հասնելու
նպատակի իրագործումը:
Հայտնի տնտեսագետ Փ. Սամուելսոնը ներկայացնում է տնտեսագիտության
տեսության մի շարք սահմանումներ: Դրանք են` 1. Տնտեսագիտության
տեսությունը գիտություն է գործունեության տեսակների մասին, որոնք կապված
են փոխանակության և մարդկանց միջև դրամական գործարքների հետ: 2.
Տնտեսագիտության տեսությունը գիտություն է մարդկանց ամենօրյա
կենսագործունեության մասին: 3. Տնտեսագիտության տեսությունը գիտություն է
այն մասին, թե ինչպես է մարդկությունը կարողանում լուծել սպառման և
արտադրության ոլորտի խնդիրները: 4. Տնտեսագիտության տեսությունը
գիտություն է հարստության մասին:
Եթե որևէ ռեսուրս անսահմանափակ է (ինչը երկրագնդի վրա միայն
տեսականորեն է հնարավոր), ապա դրա գնահատման, ռացիոնալ օգտագործման
անհրաժեշտությունը չկա: Այսպես օրինակ` մարդը երբեք չի կարող գոյատևել
առանց արևի էներգիայի: Բայց տնտեսական, հասարակական, քաղաքական և այլ
տեսակի գործունեության ժամանակ որևէ մեկը չի անդրադառնում արևի
էներգիային` իբրև հարստության, որովհետև այն գրեթե անսպառ է: Բայց երբ
արևի ջերմությունից էլեկտրաէներգիա ստանալու խնդիր է առաջանում,
միանգամից ի հայտ է գալիս անհրաժեշտ միջոցների (տեխնիկա, տեխնոլոգիա,
սարքավորումներ և այլն) սահմանափակության հարցը: Այսպիսով` ընդունելի է
այն մոտեցումը, համաձայն որի, տնտեսագիտության տեսությունն
ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը սահմանափակ ռեսուրսների
պայմաններում:
Տնտեսագիտության տեսության գործառույթները

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս


բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում
ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների` արժեք, գին, փող, կապիտալ,
աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և
անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև
բազմաթիվ կառույցների, օրինակ` արդյունքների, արժեթղթերի, փողի,
կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը: Այդ
հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական
զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները:
Վերոնշյալ երևույթները տնտեսական կյանքում որոշակի
դերակատարություն ունեն: Օրինակ` հայտնի է, որ յուրաքանչյուր աշխատող իր
կատարած աշխատանքի դիմաց ստանում է որոշակի աշխատավարձ: Ինչպե՞ս է
որոշվում աշխատավարձի չափը: Ի՞նչ դեր ունի աշխատավարձը մարդու
տնտեսական ակտիվ գործունեության առումով: Ինչու՞ են աշխատավարձերի
չափերը տարբեր: Ինչու՞ բոլորը չեն կարող գտնել այնպիսի աշխատանք, որ դրա
դիմաց վճարվեն ավելի բարձր, ինչու՞ որոշ մարդիկ ունեն աշխատանք, իսկ
մյուսները` ոչ: Կամ բոլորիս հայտնի է, որ յուրաքանչյուր արդյունք (կոշիկ, հաց,
կոստյում, մրգերի և սննդամթերքի տարբեր տեսակներ, բնակարան, ավտոմեքենա
և այլն) ունի իր գինը: Ենթադրենք` մեկ զույգ կոշիկն արժե 50 դոլար: Ինչպե՞ս է
որոշվում այդ գինը: Ինչու՞ որևէ արդյունք ավելի բարձր գին ունի, քան մյուսը և
այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող ենք ստանալ`
ուսումնասիրելով այդ երևույթների բովանդակությունը, ծագման պատճառները,
դերը ռեսուրսների արդյունավետ օգտագործման առումով և այլն: Այս
ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական
կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս,
շահույթ, ռենտա, ինֆլյացիա, գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև
գոյություն ունեցող փոխառնչությունները: Տնտեսագիտության տեսության
միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը: Այդ
գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական
գիտությունների (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում,
աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն,
շուկայագիտություն և այլն) կողմից: Հետևապես, տնտեսագիտության տեսությունը
նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ: Այդ ճանապարհով ձեռք են բերվում
գիտելիքներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են
համընդհանուր պատկերացում հասարակության զարգացման մի կարևորագույն
ոլորտի` տնտեսական կյանքի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության
մեջ: Տնտեսական երևույթների, դրանց զարգացման միտումների և ներքին
օրինաչափությունների մասին համընդհանուր պատկերացումները դառնում են
հիմք մարդու աշխարհայացքի ձևավորման համար: Աշխարհայացքը հայացքների,
տեսակետների և համոզմունքների ամբողջությունն է: Այսպիսով` կարելի է
եզրակացնել, որ տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային
գործառույթ: Դարեր շարունակ մարդը փորձել է գտնել երևույթների (այդ թվում`
տնտեսական) ճանաչողության եղանակները: Այսպես օրինակ` նրան հետաքրքրել
է տարածության մեջ շարժման արագությունը: Այդ հանգամանքը ստիպել է մի
կողմից` ստեղծել տարածության, իսկ մյուս կողմից` ժամանակի տևողության
չափման միավորներ (մետր, կմ, րոպե, ժամ, վայրկյան, օր, տարի), և դրանց
համադրման միջոցով բացահայտվել է արագությունը` V = s/t, որտեղ` s-ը
տարածությունն է, իսկ t-ն` ժամանակը: Փաստորեն մենք կիրառեցինք որոշակի
եղանակ կամ միջոց, ինչը հնարավորություն տվեց ճանաչելու ցանկացած մարմնի
շարժման արագությունը: Ճանաչողության այդպիսի տարբեր եղանակները կամ
միջոցները (երբեմն ասում են` գործիքները) կոչվում են մեթոդներ: Մեթոդը
(հունարեն` methodos բառացի նշանակում է ՙդեպի որևէ բան տանող ուղի՚)
նպատակին հասնելու կամ ճանաչողության եղանակ է կամ միջոց (գործիք), ինչը
հնարավորություն է տալիս բացահայտելու մեզ հետաքրքրող երևույթի ներքին
հատկանիշները և դրանցով պայմանավորված օրինաչափությունները: Թե
ճանաչողության ի՞նչ եղանակ կամ միջոց (գործիք) է օգտագործվում, նույնպես
պետք է ունենա իր բացատրությունը:
Բնական է, որ ճանաչողության այս կամ այն եղանակը կամ մոտեցումը
պետք է լինի ընդհանրական` տվյալ գիտության միջոցով երևույթների
հատկանիշների պարզաբանման առումով: Այստեղից էլ առաջանում է
մեթոդաբանություն հասկացությունը, որը նշանակում է հետազոտության
եղանակների ամբողջություն կամ, ավելի ստույգ` ՙգիտություն է մեթոդների մասին՚:
Բոլոր գիտությունների, այդ թվում նաև տնտեսագիտության պարագայում
կիրառելի է մեթոդաբանության վերաբերյալ վերոնշյալ բնորոշումը, որը դառնում է
ընդհանրական մյուս բոլոր տնտեսական գիտությունների համար: Հետևապես`
տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական գործառույթ:
Տնտեսական երևույթների ճանաչողության արդյունքում ձևավորված
տրամաբանական եզրահանգումները ինքնանպատակ չեն: Դրանք կիրառական
նշանակություն ունեն, և մարդու նպատակն է այդ ճանապարհով սահմանափակ
ռեսուրսների ավելի արդյունավետ կամ ռացիոնալ օգտագործումը: Այսպես
օրինակ` գիտական ուսումնասիրության միջոցով բացահայտելով փողի էությունը,
ծագման դրդապատճառները, գործառույթները, դրամաշրջանառության
սկզբունքները, տնտեսական կյանքում փորձում են ստեղծել դրանց դրսևորման
ավելի նպաստավոր պայմաններ, ինչն ազդում է ռեսուրսների արդյունավետ
օգտագործման մակարդակի վրա: Նույնը վերաբերում է գների, աշխատավարձի,
շահույթի և այլ տնտեսական հասկացությունների գործառույթներին: Ելնելով
դրանից` կարելի է եզրակացնել, որ տնտեսագիտության տեսությունն ունի նաև
կիրառական կամ գործնական գործառույթ: Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է
տնտեսագիտության տեսության գործառույթների փոխադարձ կապին: Նախ
նշենք, որ դրանք գտնվում են օրգանական միասնության մեջ, և դրանց
տարանջատումը կրում է պայմանական բնույթ: Բացի այդ, դրանց միջև գոյություն
ունի փոխադարձ ազդեցություն: Օրինակª տնտեսական երևույթների
ճանաչողության արդյունքում ի հայտ են գալիս այնպիսի նոր
օրինաչափություններ, իսկ երբեմն նաև հակասություններ, որոնք առկա
պատկերացումների սահմաններից դուրս են: Սա կարող է պայմանավորված լինել
մեթոդաբանության, այսինքն` օգտագործվող մեթոդների անկատարությամբ:
Բնականաբար, մեթոդների կիրառման ժամանակ պետք է կատարել
համապատասխան ճշգրտումներ: Մեթոդների և մոտեցումների շրջանակների
հետագա ընդլայնման և ուսումնասիրության ժամանակ բացահայտվում են նոր
օրինաչափություններ: Իսկ երբ արդեն գիտական վերլուծության արդյունքները
փորձում են կիրառել գործնականում, առաջանում են որոշակի
անհամապատասխանություններ տեսական եզրահանգումների և գործնականի
միջև: Այդ հակասության վերացման միակ ճանապարհը տեսական
դատողությունների արդյունքում ձևավորված համոզմունքների, տեսակետների
անընդհատ վերանայումն է և առկա փաստերի հիմքի վրա գիտական
վերլուծության իրականացումը, ինչը հանգեցնում է նոր տեսական
եզրահանգումների, որոնց օգնությամբ ճշգրտվում են երևույթների (օրինակ` փողի,
գնի, աշխատավարձի, կապիտալի, դրամաշրջանառության և այլն)
հատկությունները:
Տնտեսագիտության տեսության ուսումնասիրության մեթոդները

Տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերության վրա


կառուցված համակարգ է: Դրա բնույթը և ներքին օրինաչափությունները
բացահայտելու համար օգտագործվում են ճանաչողության մի շարք մեթոդներ
կամ եղանակներ: Դրանք են.
I. Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդը: Ճանաչողության
ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ
էական կամ երկրորդական հատկանիշները: Խնդիրն այն է, որ իրական կյանքում
մենք գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ (գին, փող, աշխատավարձ և այլն),
որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման ճանապարհով
անտեսվում են երևույթի երկրորդական և ոչ էական հատկանիշները, ինչը
հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն էությունը և նշանակությունը:
Օրինակ` մենք գիտենք, որ բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է
դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո և այլն) որոշակի քանակությամբ (10
դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն): Ինչպե՞ս է որոշվում գինը և ի՞նչ կապ ունի փողի
հետ: Ի՞նչ է փողը, ինչպե՞ս է այն ծագել: Այս հարցերի պատասխանները ստանալու
համար տնտեսագիտական վերլուծությունների ժամանակ օգտագործում են
գիտական վերացարկման եղանակը, որը հնարավորո թյուն է տալիս ճանաչելու
գին, փող, կապիտալ և այլ երևույթների բնույթը: Օրինակ` վերացարկում
կատարելով հացի, կոշիկի, ավտոմեքենաների, բնակարանի և այլ բազմաթիվ
արդյունքների որոշակի գնից` դա դիտարկում ենք որպես ընդհանրական երևույթ,
ինչը բնորոշ է բոլոր արդյունքներին: Գիտական վերացարկման մեթոդը
կիրառվում է բոլոր գիտություններում:
II. Վերլուծության (անալիզի) մեթոդը: Որևէ երևույթ տարբեր
բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` մարդը` որպես կենդանի օրգանիզմ,
իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է: Մարդու
անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց
գործառույթները: Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է
տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական
հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության
տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում
են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները
հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն
բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից
յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է
վերլուծության մեթոդ:
III. Համադրության (սինթեզի) մեթոդը: Այս մեթոդի միջոցով
ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն
մեզ հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության
մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև
մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը
պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն:
Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ
ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու
երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է
կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Մյուս կողմից`
երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով
ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Ինչպես տեսնում ենք,
վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ
համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Նշված
մեթոդների կիրառման օրինակ կարող է ծառայել մարդու անատոմիան: Ինչպես
արդեն նշել ենք, վերլուծության մեթոդի օգնությամբ բացահայտում ենք մարդու
օրգանիզմի տարբեր բաղադրամասերի (սիրտ, երիկամ, թոք, լյարդ, ստամոքս,
գլխուղեղ և այլն) հատկությունները և գործառույթները: Իսկ համադրության
միջոցով ուսումնասիրվում են մարդու ֆիզիոլոգիական հատկությունները` որպես
այդ բաղադրամասերի ներքին փոխհարաբերության արդյունք: Մարդու
ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը ազդում է առանձին օրգանների ֆունկցիոնալ
գործունեության վրա: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: Այսինքն`
որևէ օրգանի ֆունկցիոնալ խախտումը ազդում է մարդու ընդհանուր
ֆիզիոլոգիական վիճակի վրա:
IV. Մակածության (ինդուկցիայի) մեթոդը: Այս մեթոդի էությունն այն է, որ
մասնավոր դեպքերից կատարում ենք ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ
երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը,
ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը և այլն,
եզրակացնում ենք, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական
վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար:
Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար:
Այսպես օրինակ` ինչպես հայտնի է, բոլոր արդյունքները ունեն գին: Նշված
մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի
առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում մենք պարզում ենք
գին հասկացության էությունը:
V. Արտածման (դեդուկցիայի) մեթոդը: Այս մեթոդը մակածության հակառակ
գործընթացն է, այսինքն` ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո
ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ
մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես`
բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական
խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց
որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ
մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի
տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Այստեղ էական դեր կարող է ունենալ
անձի գերադասելիությունը այս կամ այն պահանջմունքի նկատմամբ:
VI. Համանմանության (անալոգիայի) մեթոդը: Ըստ այս մեթոդի` որևէ
գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ
գիտության մեջ: Այսպես օրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը
համեմատվում է մյուս գիտությունների (մաթեմատիկա, փիլիսոփայություն)
համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի
հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության
հա1վասարակշռության տեսության հետ:
VII. Այլ հավասար պայմանների մեթոդը: Երևույթները միմյանց նկատմամբ
գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի
ուսումնասիրել հնարավոր չէ: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում
ստեղծում է լուրջ դժվարություններ: Ուստի անհրաժեշտություն է առաջանում
վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների
անփոփոխության պայմաններում: Այսինքն` կատարվում է որոշակի
ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Այսպես
օրինակ` եթե ցանկանում ենք պարզել աշխատավարձի մակարդակի և գների
փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել
աշխատավարձի վրա, թողնում ենք անփոփոխ: Այսպիսով` կիրառում ենք այլ
հավասար պայմանների մեթոդը:
VIII. Մաթեմատիկական մեթոդը: Արդեն մեզ հայտնի է, որ տնտեսական
երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ: Օրինակ` գնի
բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման: Աշխատավարձի նվազումը
փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը: Այսինքն`
տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն: Տվյալ
դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է գնի փոփոխությունից:
Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից
(արգումենտներից)` մարդկանց եկամտից, ճաշակից և այլն: Եթե այս կամ այն
արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Q-ով, իսկ դրա վրա ազդող
գործոնները, համապատասխանաբար` X1 (գին), X2 (եկամուտ), X3 (ճաշակ) և այլն,
ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը` Q=ƒ(X1, X2, X3 … Xn):
Այդ ֆունկցիոնալ կախվածությունը կարելի է ներկայացնել նաև գծապատկերի
միջոցով: Ենթադրենք` դիտարկում ենք միայն մեկ գործոնի` գնի ազդեցությունը
պահանջարկի վրա: Դա կարելի է ներկայացնել հետևյալ ձևով.

Q
Պահանջարկի կորը

Պահանջարկի կորը D կորը ցույց է տալիս պահանջարկի կախվածությունը


գնի փոփոխությունից:
Այստեղ անկախ փոփոխականը (արգումենտը), օրդինատների, իսկ
կախյալը (ֆունկցիան)` պահանջարկը` աբսցիսների առանցքն է: Եթե գինը աճում
է, ապա պահանջարկը փոքրանում է, և հակառակը: Մաթեմատիկական մեթոդի
կիրառման մյուս կարևոր եղանակը վիճակագրությունն է, որը ուսումնասիրում է
երևույթների` գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների,
զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս
բացահայտելու դրա բուն պատճառները: Մաթեմատիկական մեթոդի կիրառման
եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները:
IX. Քանակական փոփոխություններից որակականին անցնելու մեթոդը:
Ցանկացած երևույթ ունի երկու կողմ` քանակական և որակական, որոնք
սերտորեն փոխկապված են: Երևույթի քանակական որոշակիությունը
գնահատվում է չափման համապատասխան համակարգի միջոցով: Տարբեր
գիտություններ կիրառում են չափման որոշակի միավորներ կամ չափանմուշներ
(էտալոններ), oրինակ` կիլոգրամ, վոլտ, օհմ, մետր և այլն: Տնտեսագիտության մեջ
օգտագործվում են ինչպես նյութաիրային (X տոննա մետաղ, Y քանակությամբ
մեքենա, N զբաղված աշխատողներ), այնպես էլ արժեքային (X դոլարի մետաղ, Y
ռուբլու մեքենա, W դրամի աշխատավարձ) մեծություններ: Երևույթի որակական
կողմն ընդգրկում է էական հատկությունները և կախված է քանակականի
փոփոխությունից: Այսպես օրինակ` եկամտի աստիճանական փոփոխությունը
հասնում է մի մակարդակի, որի դեպքում ստեղծվում է այլ իրավիճակ: Օրինակ`
100 դոլար եկամտի չափը կարող է արտահայտել բնակչության աղքատության
վիճակը, իսկ երբ այդ ցուցանիշը, աստիճանաբար փոփոխվելով, դառնում է 2000
դոլար, այդ դեպքում արդեն առկա է բարեկեցության բարձր մակարդակ:
X. Պատմականի և տրամաբանականի մեթոդը: Հասարակական, այդ թվում
նաև տնտեսական երևույթներն ունեն իրենց ներքին տրամաբանությունը կամ
պատճառաբանվածությունը: Գիտության խնդիրն է պարզել դրանց հիմքը, ինչը
հնարավորություն է տալիս ճիշտ պատկերացում կազմելու այս կամ այն երևույթի
ձևավորման, զարգացման և կերպափոխման օրինաչափությունների մասին:
Տրամաբանական մեթոդի միջոցով բացահայտվում է, թե ինչպե՞ս է ծագել փողը,
ո՞րն է դրա էությունը և ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել: Այսինքն`
երևույթների ծագումը և դրանց զարգացումը դիտարկվում է որոշակի
տրամաբանական կամ պատճառական հաջորդականության գործընթացի մեջ:
Սակայն, եթե խոսքը հասարակական երևույթների (դրանց շարքում հատկապես
կարևորվում է տնտեսականը) մասին է, ապա դրանք ծագում, զարգանում և
կերպափոխվում են պատմական գործընթացների տրամաբանական
հաջորդականության մեջ: Տարբեր ազգերի և պետությունների գործունեության
պատմական ընթացքի ուսումնասիրությամբ ի հայտ է բերվում այն
ընդհանրականը, ինչը բնորոշ է գրեթե բոլոր երկրներին: Պարզվում է`
միասնական արժեչափի` փողի ձևավորման տրամաբանական հիմքը տարբեր
երկրներում եղել է նույնը` փոխանակության հարաբերությունների զարգացումը:
Փաստորեն, պատմական մեթոդը հնարավորություն է տալիս դիտարկելու
երևույթի ձևավորման, զարգացման և կերպափոխման ընթացքը պատմական
գործընթացների հաջորդականության մեջ, իսկ տրամաբանական մեթոդի միջոցով
բացահայտվում է դրա ներքին պատճառաբանվածությունը: Դրանք գտնվում են
օրգանական միասնության մեջ:
XI. Ուղղակի և հետադարձ ազդեցության (կապի) մեթոդը: Այս մեթոդի
հիմնական ելակետն այն է, որ բոլոր երևույթները փոխկապված են, և որևէ մեկի
ազդեցությունը մյուսի վրա ժամանակի ընթացքում հանգեցնում է հետադարձ
ազդեցության, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով: Այսպես օրինակ`
որևէ արդյունքի գնի փոփոխությունը ազդում է ոչ միայն այդ արդյունքի, այլև
մյուսների պահանջարկի վրա: Դրանց պահանջարկի փոփոխությունը իր
ներգործությունն է ունենում գների մակարդակի վրա, ինչն իր հերթին ազդում է
այդ արդյունքների արտադրության վրա:
XII. Վարկածի (հիպոթեզի) մեթոդը: Վերը նշված մեթոդների օգնությամբ
ուսումնասիրելով այս կամ այն երևույթը` պատճառահետևանքային կապերի
համակարգում կատարվում են որոշակի եզրահանգումներ, որոնց ճշգրտության
աստիճանը ստուգվում է գործնականում: Ճանաչողության այս եղանակը կոչվում է
վարկածի մեթոդ: Վարկածի օրինակ կարող են ծառայել գների, աշխատավարձի,
գործազրկության, տնտեսական աճի գնահատումները: Ա. Սմիթի ՙանտեսանելի
ձեռքի՚ տեսության համաձայն` տնտեսական արդյունավետության բարձր
մակարդակը ապահովվում է շուկայական ինքնակարգավորման սկզբունքների
կիրառման դեպքում, որի հիմքը տնտեսավարող սուբյեկտների ազատությունն է`
արտադրանքի թողարկման, սեփականության ձևի ընտրության, գների և
աշխատավարձի սահմանման, պայմանագրերի կնքման, իրացման շուկաների
ընտրության և այլ գործընթացների առումով: Այս վարկածը ստուգվում է
գործնական քայլերի, փաստերի միջոցով, ինչը հանգեցնում է նոր վարկածների
ձևավորման և տարբեր տեսությունների ստեղծման: Օրինակ` փաստերի
վերլուծության ճանապարհով Ջ. Քեյնսը հանգեց այն եզրակացության, որ
շուկայական ինքնակարգավորման սկզբունքներն ունեն թերություններ և
հիմնավորեց տնտեսության պետական կարգավորման անհրաժեշտությունը:
Վարկածի մեթոդի օգնությամբ գնահատվում են նաև ապագայում տեղի ունեցող
հնարավոր փոփոխությունները գների, գործազրկության և այլ երևույթների
վերաբերյալ: Այդ հանգամանքը կարևոր նշանակություն ունի տնտեսավարող
սուբյեկտների վարքագծի ընկալման առումով: Օրինակ` երբ որոշակի
վերլուծության արդյունքում պարզվում է, որ տեղի է ունենալու այս կամ այն
արդյունքի գնի աճ, մարդիկ շտապում են օր առաջ ձեռք բերել դրանից: Սա
տնտեսագիտության մեջ հայտնի է որպես սպասումների տեսություն:
Տնտեսագիտության տեսության հետազոտության սկզբունքները
Ջ. Գոռթնին և Ռ. Ստրոուպը տնտեսագիտության հետազոտության
համարառանձնացնում են հետևյալ սկզբունքները:
Այլ հավասար պայմանների սկզբունքը: Տնտեսական երևույթները
բազմաթիվ են, կապված են միմյանց հետ և անընդհատ փոփոխության մեջ են:
Սակայն հնարավոր չէ միաժամանակ ուսումնասիրել բազմաթիվ փոփոխվող
երևույթների ազդեցությունը միմյանց վրա:
Այդ պատճառով, երբ տնտեսագետ-հետազոտողը ցանկանում է
պարզաբանել մի երևույթի ազդեցությունը մյուսի վրա, մնացյալ երևույթների
փոփոխությունը անտեսում է` ընդունում է հաստատուն, համոզված
լինելով, որ մնացյալ երևույթներն էլ փոփոխվում են և ազդում հետազոտվողի
վրա: Օրինակ, երբ ցանկանում ենք բացահայտել շուկայական գնի փոփոխության
ազդեցությունը ապրանքի պահանջարկի վրա, ապա անտեսում ենք ապրանքի
պահանջարկի վրա ազդող այնպիսի գործոնների փոփոխությունը, ինչպիսիք են`
սպառողի եկամուտները, տվյալ ապրանքին փոխարինող ապրանքի գինը,
սպառողների սովորույթները, հակումները և այլն:
Ուղիղ և հակադարձ կապերի սկզբունքը: Տնտեսագիտության տեսությունը
հաճախ դիտարկում է ուղիղ կապ երկու փոփոխականների միջև (այլ հավասար
պայմաններում): Այդ դեպքում երկու փոփոխականներն էլ շարժվում են նույն
ուղղությամբ: Օրինակ, արտադրողը կավելացնի կոշիկի արտադրությունը և
կմեծացնի շուկայում դրա առաջարկը, եթե կոշիկի գինը բարձրանում է:
Ընդհակառակը, կոշիկի արտադրությունը և առաջարկը կկրճատվեն, եթե դրա
գինը նվազում է: Դա ուղիղ կապ է երկու փոփոխականների միջև, երբ դրանց
փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ:
Տնտեսական երևույթների միջև կան նաև հակադարձ կապեր, երբ միմյանց
վրա ազդող երկու տնտեսական երևույթների փոփոխությունները տեղի են
ունենում հակառակ ուղղություններով (այլ հավասար պայմաններում): Օրինակ,
երբ ապրանքի գինը բարձրանում է` ապրանքի նկատմամբ պահանջարկը
կրճատվում է: Իսկ երբ ապրանքի գինը իջնում է` դրա նկատմամբ պահանջարկը
ավելանում է:
Սա հակադարձ կապ է երկու տնտեսական երևույթների միջև:
Սակավ ռեսուրսների օգտագործումը մեծ ծախս է պահանջում: Ռեսուրսների
սակավությունը (սահմանափակ լինելը) թույլ չի տալիս որևէ բարիքի
արտադրության համար օգտագործվող ռեսուրսները ծախսել մեկ այլ ցանկալի
բարիք արտադրելու համար: Սա նշանակում է, որ գործնականում ոչինչ անվճար
չի տրամադրվում: Դրա համար ամենաբարձր գնահատված զոհաբերումը
տվյալ տարբերակի այլընտրանքային ծախսն է: Օրինակ, մարդու
տրամադրության տակ եղած օրվա ժամանակը սահմանափակ է` 24 ժամ, որից 8
ժամը քնելու համար է, եթե այդ 8 ժամից երկու ժամը օգտագործում ենք ֆիլմ
դիտելու համար, ապա 2 ժամ չենք օգտագործի քնելու նպատակով, և այդ երկու
ժամը դառնում է զոհաբերություններից ամենաարժեքավորը, այլընտրանքային
ծախսը:

Որոշում կայացնելը ընտրություն է պահանջում: Նկատի ունենալով


ռեսուրսների սահմանափակությունը` որոշում կայացնողները ձգտում են
կատարել խելացի ընտրություն և խուսափել արժեքավոր ռեսուրսների կորստից:
Դա նշանակում է, որ ընտրություն կատարողը ձգտում է խնայել սահմանափակ
ռեսուրսներն ու հասնել իր նպատակին:
Այսինքն` նվազագույն ծախսերով ընտրվում է հավասար օգուտ բերող
տարբերակներից այն, որն ավելի էժան է կամ նույն կերպ` հավասար ծախսերով
այլընտրանքներից ընտրվում է այն, որից ավելի մեծ օգուտ է սպասվում:
Տնտեսագիտական մտածելակերպը սահմանային մտածելակերպ է:
Մարդն իր գործունեության ընթացքում միշտ ղեկավարվում է անձնական
շահով և օգուտով, նրա նպատակային ու խնայողական տնտեսական վարքագիծն
ազդում է կայացրած որոշումների, իրավիճակի փոփոխության վրա: Այդ է
պատճառը, որ կայացրած որոշումները բնութագրվում են որպես սահմանային:
Տնտեսական գործողությունները հաճախ ունենում են երկրորդական
ազդեցություն: Այս դատողությունը կարելի է ներկայացնել պարզագույն
օրինակով: Արտադրողների` արտադրությունն ընդլայնելու
շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով պետությունն իջեցնում է
նրանցից գանձվող հարկերի դրույքաչափերը, և, իրոք, արտադրությունն
ընդլայնվում է: Դա հարկերի նվազեցման անմիջական հետևանք է: Սակայն
հարկերի դրույքաչափերի նվազեցման պատճառով պակասում են պետական
բյուջեի մուտքերը, արդյունքում` կրճատվում են հանրային բարիքների
արտադրության համար պետության կողմից կատարվող ծախսերը: Դա էլ
դառնում է տնտեսական գործողության երկրորդական ազդեցության հետևանք:
Ընտրությունը կատարվում է տնտեսական խթանների փոփոխության
ազդեցությամբ: Այս սկզբունքի էությունն այն է, որ մարդն ընտրելով որևէ բարիք`
դրանից անհատական օգուտ է սպասում, և երբ, այլ հավասար պայմաններում,
այդ օգուտն ավելի է մեծանում, անհատը հաճույքով է շարունակում այդ
բարիքի ընտրությունը: Հակառակ դրան, երբ այդ բարիքի ծախսերն ավելանում են,
ապա քչերը կընտրեն: Եզրակացությունն այն է, որ այլ հավասար պայմաններում,
երբ ընտրության տարբերակը գրավիչ է, այն ավելի շատ է ընտրվում, և
հակառակը: Օրինակ, եթե խնձորի գինը բարձրանա (այլ մրգերի
համեմատությամբ), սպառողները դրան կարձագանքեն խնձորի գնումը
կրճատելով, որովհետև բարձր գինը խնձորի սպառումն ավելի թանկ է
դարձնում: Եթե խնձորի գինն իջնի, ապա դրա սպառումը կավելանա` խնձորի
սպառման ցածր ծախսի հիման վրա:
Տեղեկատվությունը օգնում է ընտրություն կատարել և դրա ձեռքբերումը
ծախս է պահանջում: Մարդն իր գործունեության ընթացքում կատարում է
ընտրություն` հենվելով սահմանափակ գիտելիքների վրա: Գիտելիքի
ավելացումը մեծացնում է լավագույն ընտրության հնարավորությունը, որին
կարելի է հասնել` տեղեկատվությունը ավելացնելով: Տեղեկատվությունը
նույնպես սահմանափակ է և ծախս է պահանջում:
Օրինակ, եթե մարդը ցանկանում է բնակարան գնել, ապա կարող է
շրջել քաղաքում, ծախսել ժամանակ և փնտրել բնակարան: Կարող է վարձել
բնակարանների առք ու վաճառք իրականացնող գործակալի (նա
տեղեկություններ ունի բնակարանների վաճառքի վերաբերյալ), ծառայության
համար վճարել նրան և արագ գնել բնակարան:
Հետևապես, ցանկացած գնում կատարելու համար մարդիկ փնտրում են
տեղեկատվություն, քանի որ սպասվող օգուտը առաջանում է ավելի շատ
տեղեկատվությունից:
Բարիքի կամ ծառայության արժեքը սուբյեկտիվ է: Ինչպես արդեն նշել
ենք, անհատների հակումներն ու նախասիրությունները տարբեր են: Կան
անհատներ, ովքեր ֆուտբոլի խաղը դիտելու համար կվճարեն շատ բարձր
գին: Կլինեն մարդիկ, ովքեր կհրաժարվեն ֆուտբոլի մարզադաշտ գնալուց,
անգամ եթե մուտքն անվճար է: Նրանք կգերադասեն թատրոնում դիտել որևէ
ներկայացում:
Ենթադրենք` ֆուտբոլի սիրահարը տվյալ օրվա համար գնել է մուտքի
տոմս, սակայն իրավիճակը փոփոխվել է. անհրաժեշտություն է առաջացել
ֆուտբոլային խաղի ժամին այցելել հիվանդ մորը: Այժմ նա պետք է վաճառի
տոմսը: Հարց է առաջանում. ի՞նչ արժե այդ պահին ֆուտբոլի տոմսը: Եթե նա
ընկեր ունի, որը կտա տոմսի համար 5 դոլար` այն կարժենա ամենաքիչը այդքան:
Իսկ եթե տոմս վաճառողը որոշի գովազդել այն և 5 դոլար ավելի ստանալ, ապա
կնշանակի, որ տոմս գնողը ֆուտբոլ դիտելն ավելի է գնահատում: Իսկ եթե որևէ
մեկը չգիտի` ինչ արժե տոմսը և վճարի ավելի, քան պոտենցիալ գնորդը,
ապա նա ավելի է գ երադասում ֆուտբոլ դիտելը: Ինչպես տեսնում ենք,
ֆուտբոլի տոմսի արժևորումը կապված է սուբյեկտիվ գնահատման հետ:
Նույն ձևով` ապրանք վաճառողները, եթե կարողանան կանխատեսել,
թե տվյալ ապրանքի համար ինչ կվճարեն մարդիկ, եթե առաջարկվի ընտրություն,
ապա ապրանքը կշարժվի դեպի բարձր գնահատողները, և տեղի կունենա
ապրանքի արժեքի բարձրացում:
Մարդու մոդելը տնտեսագիտության մեջ

Մարդկային հասարակությունը բաղկացած է բազում անհատներից` իրենց


տարբեր ընդունակություններով, հակումներով, ցանկություններով,
նպատակներով և այլն: Տնտեսագիտության տեսությունը վերացարկվելով
մարդու կյանքի մյուս կողմերից (չժխտելով, որ դրանք կարող են ազդել
մարդու տնտեսական գործունեության վրա), ցանկանում է ներկայացնել մարդու
վարքագիծը (պահվածք, վերաբերմունք, հակում)` տնտեսական գործունեության
հետ կապված:
Այդ նպատակով, տնտեսագիտության տեսությունը հիմք է ընդունում
մարդկանց միասնականացնող չափանիշները, այն, որ յուրաքանչյուր անհատ
աշխատանք կատարող սուբյեկտ է, ունի իր պահանջմունքները (սնվելու,
կացարանի, հագուստի, հանգստի և այլն) բավարարելու անհրաժեշտություն,
հանդես է գալիս որոշակի տնտեսական միջավայրում և իրականացնում
համապատասխան գործունեություն: Տնտեսագիտության տեսությունը մարդուն
դիտարկում է այդ միջավայրում` հիմք ընդունելով նրա վարքագիծը,
ինտելեկտուալ կարողությունը, հակումները, համագործակցելու ունակությունը,
վերաբերմունքը աշխատանքի, սահմանված կանոնների կատարման նկատմամբ
և այլն:
Այսպիսով հիմնավորվում է տնտեսագիտության տեսության մեջ մարդու`
որպես <<տնտեսական մարդ>> մոդելավորումը:
Բնական է, որ <<տնտեսական մարդ>> մոդելը հիմնավորելիս
տնտեսագետ տեսաբանները չեն կարողացել խուսափել իրենց ապրած
ժամանակաշրջանի տնտեսական միջավայրի ազդեցություններից, որի
պատճառով ձևավորվել են <<տնտեսական մարդ>> մոդելի տարբեր
մոտեցումներ` դասական դպրոցի, քեյնսյան և նորդասական:
Դասականների <<տնտեսական մարդ>> մոդելը: Դասական դպրոցի
ներկայացուցիչ էր հանդիսանում Ադամ Սմիթը (1723-1790), ով իր
<<Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների
մասին>> աշխատության մեջ մարդու գործունեության հիմնական շեշտը դնում
է հարստության ստեղծման և կուտակման վրա` այն համարելով ամեն մի
գործունեության նպատակ: Սմիթը մարդու գործունեության նպատակի
իրականացումը քննարկել է ազատ շուկայական հարաբերությունների
համակարգում, որտեղ շուկայի յուրաքանչյուր գործակալ ազատ է իր
գործունեության մեջ, շուկայում նրան ոչ ոք չի խանգարում և ոչ մի բան չի
պարտադրում: Անգամ պետությունը, ըստ Սմիթի, իրավունք չպետք է ունենա
միջամտելու մարդու տնտեսական գործունեությանը, որովհետև շուկան (իր
կանոններով) կարգավորում է մարդու տնտեսական գործունեությունն ավելի
լավ, քան ամենակատարյալ պետությունը: Նման պայմաններում, ըստ
դասականների, մնում է, որ տնտեսական սուբյեկտը լրիվ տեղեկացված լինի
շուկայի <<խաղի կանոններին>>, իր գործունեությունը ծավալի այդ կանոններին
համապատասխան և նվազագույն ծախսերով հասնի առավելագույն արդյունքի:
Ինչպես տեսնում ենք, դասական դպրոցը <<տնտեսական մարդու>>
մոդելը ձևավորելիս ղեկավարվել է երկու հիմնական սկզբունքներով.

ա) մարդու ազատ գործունեություն շուկայում,

բ) տնտեսական գործակալի լրիվ տեղեկացվածություն շուկայի


կանոններին և ռացիոնալ վարքագիծ` անհատի ձգտումը սահմանափակ
հնարավորությունների պայմաններում նվազագույն ծախսերով հասնելու
առավելագույն արդյունքի:
Ա. Սմիթը <<տնտեսական մարդ>> մոդելը ներկայացնելիս չի
սահմանափակվում անհատի գործունեությամբ կամ անհատների մակարդակով,
այլ դա հասցնում է հասարակության մակարդակի: Ըստ նրա` շուկայում
յուրաքանչյուր անհատ գործում է սեփական շահից ելնելով, սակայն անհատները,
իրենց գործունեության ընթացքում ղեկավարվելով որոշակի կանոններով,
կատարում են նաև այն, ինչը չէին ցանկանա և արդյունքում ընդհանուր շահ են
բերում հասարակությանը:
<<Տնտեսական մարդ>> մոդելի երկրորդ ուղղությունը կապված է Քեյնսյան
դպրոցի և ինստիտուցիոնալիստների հայեցակետերի հետ: Քեյնսականները և
ինստիտուցիոնալիստները մերժում են շուկայի կանոններին մարդու
մասնակիցների լիարժեք տեղեկացվածությունը և ռացիոնալ վարքագծի`
դասականների հիմնավորումները: Նրանք այն կարծիքին են, որ.

ա) տնտեսական կապերն ու հարաբերությունները անսահման


ընդլայնվել ու խորացել են, և դրանց լիարժեք տիրապետելը շատ դժվար է,

բ) մարդու ընդունակությունները երբեմն բավարար չեն` տնտեսական


բոլոր կապերն ու հարաբերությունները հաշվարկելու համար,

գ) շուկայական տնտեսության մեջ մարդու վարքագծի վրա ազդում են նաև


հոգեբանական երևույթները` կյանքից հաճույք ստանալու ձգտումը,
ավանդույթների ու սովորույթների պահպանումը, հեղինակության
գիտակցումը, որոնք հաշվի չեն առնված դասականների <տնտեսական մարդ>
մոդելում:
Նորդասական ուղղությունը: <Տնտեսական մարդ> մոդելի հիմքում
նորդասականները դնում են այն ելակետային դրույթը, որ ժամանակակից
տնտեսության էական փոփոխությունների պատճառով մարդու տնտեսական
նպատակներից բացի, դրսևորվել և նրա վարքագծի ձևավորման գործում կարևոր
դեր են կատարում հոգևոր նպատակները: Մարդկանց համար կարևորվել են
այնպիսի հոգևոր պահանջմունքներ, ինչպիսիք են` ինքնահաստատումը,
մշակույթի, քաղաքական հայացքների ազատ ընտրությունը, այլ մարդկանց հետ
կապեր հաստատելու ազատությունը և այլն: Իրականում այդ
պահանջմունքներն այսօր դարձել են մարդու ընդհանուր կենսագործունեության
բաղկացուցիչը, և այս դեպքում գործ ունենք ոչ թե <տնտեսական մարդու>, այլ
<սոցիալ-անհատական> մարդու մոդելի հետ, որը պահանջում է դեմոկրատական
սկզբունքների և բազմակարծության վրա հիմնված հասարակության գոյություն:
Նորդասականները <սոցիալ-անհատական> մարդու մոդելը հիմնավորելու համար
որպես ելակետ ընդունում են այն հիմնադրույթը, որ մարդը, ինչպես ցանկացած
տնտեսական համակարգում կատարում է ընտրություն և ձգտում նվազագույն
ծախսումներով ստանալ առավելագույն եկամուտ (օգուտ), նույն սկզբունքով էլ
պետք է առաջնորդվի ոչ տնտեսական համակարգերում` քաղաքականության,
մշակույթի, սոցիալական, կրոնական և այլն:
Պոզիտիվ և նորմատիվ տնտեսագիտություն

Տնտեսագիտության տեսությունը, որպես մարդու տնտեսական


գործունեության և վարքագծի մասին գիտություն, հետազոտում է նաև նրա
գործունեության վրա տնտեսական փոփոխականների ազդեցությունը և
կատարում կանխատեսումներ: Վերլուծությունները կատարվում են
միկրոտնտեսական և մակրոտնտեսական մակարդակներով և իրենց բնույթով
լինում են` պոզիտիվային և նորմատիվային:
Տնտեսագիտության տեսությունը պոզիտիվ գիտություն է և ներկայացնում է
սահմանումներ, որոնք վավերական են կամ մերժելի: Տնտեսագիտության մեջ
պոզիտիվ մոտեցումը նշանակում է վերլուծությունների միջոցով կուտակված
գիտելիք այն մասին, թե <ի՞նչ կա>:
Պոզիտիվ տնտեսագիտության խնդիրն է վերլուծության միջոցով տալ
գիտելիք կամ եզրակացություն որոշակի իրավիճակի փոփոխության
հետևանքի վերաբերյալ: Օրինակ` շուկայում ապրանքի գինը կարող է բարձրանալ
կամ իջնել (իրավիճակի փոփոխություն): Պոզիտիվ տնտեսագիտությունը
պատասխանում է իրավիճակի այդ փոփոխությունից բխող հարցին` ինչպե՞ս
կփոխվի ապրանքի պահանջարկը շուկայում: Պոզիտիվ դատողություններով
ղեկավարվող հետազոտողը կպատասխանի` երբ ապրանքի գինը բարձրանա
15%-ով, դրա պահանջարկը կկրճատվի, իսկ գինը 15%-ով նվազելու դեպքում`
պահանջարկը կավելանա: Այլ հետազոտողներ կարող են վերլուծել իրական
փաստեր (ապրանքի գնի և պահանջարկի իրական փոփոխությունները) և
հաստատել կամ մերժել պոզիտիվ տնտեսագիտության նշված սահմանումները
(որոշել ճշգրտությունը): Ասվածից հետևում է, որ պոզիտիվ
տնտեսագիտության սահմանումները կարող են փորձարկվել` հաստատվել կամ
մերժվել:
Նորմատիվ տնտեսագիտությունը, ի տարբերություն պոզիտիվի,
պարունակում է արժեքային և բարոյական դատողություն, ինչպես նաև
պոզիտիվ տնտեսագիտության գիտելիքներ:
Նորմատիվ տնտեսագիտությունը պատասխանում է <ի՞նչ պետք է լինի>
հարցին, օրինակ` <ֆիրմաները չպետք է բարձրացնեն ապրանքների գները>,
<ֆիրմաները չպետք է ավելացնեն շահույթը>, <պետությունը պետք է ավելացնի
հարկերը> և այլն:
Դրանք նորմատիվ դատողություններ են և կապված են
տնտեսականերևույթների ցանկալի կամ ոչ ցանկալի լինելու գնահատականի հետ:
Պոզիտիվ և նորմատիվ տնտեսագիտության մեկնաբանությունը, ցույց է
տալիս, որ անմիջական կապ կա հետազոտության այդ երկու ուղղությունների
(հատկապես նորմատիվ հետազոտության) և պետության տնտեսական
քաղաքականության միջև: Դա այն պատճառաբանությամբ, որ պետության
տնտեսական քաղաքականությունը միջոցառումների ամբողջություն է և կոչված է
կարգավորելու շուկայի սուբյեկտների տնտեսական վարքագիծը, որը
տնտեսագիտության տեսության ուսումնասիրության գլխավոր բաղկացուցիչն
է: Պետության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, երբ հենվում է
պոզիտիվային և նորմատիվային բնույթի հետազոտությունների վրա` հաշվի
առնելով դրանց տնտեսական ընդհանրացումներն ու եզրակացությունները:
Տնտեսագիտության տեսության եվ մյուս
գիտությունների կապը

Տնտեսագիտության տեսությունն ուսումնասիրում է մարդկանց


վարքագիծը սահմանափակ ռեսուրսների օգտագործման, բարիքների
արտադրության, բաշխման, փոխանակության ընթացքում: Դրանք բոլորն
իրենց վրա կրում են հասարակության գործունեության մյուս բնագավառների
կնիքը և որոշակի արտացոլում ստանում տնտեսական կյանքում: Բացի այդ,
տնտեսագիտության տեսությունն իր հետազոտությունների ընթացքում
օգտվում է մյուս գիտությունների նվաճումներից, փաստերից և հայտնաբերած
օրենքներից:
Տնտեսագիտության տեսությունն իր հետազոտությունների ընթացքում
կարևորում է դիալեկտիկայի սկզբունքը և գիտական վերացարկման
մեթոդը, որոնք <<փիլիսոփայություն>> առարկայի մասն են կազմում:
Տնտեսագիտության տեսությունը մեծ չափով օգտվում է փիլիսոփայության
այնպիսի մշակումներից, ինչպիսիք են` ճանաչողությունը, ձևը և
բովանդակությունը, եզակին և ընդհանուրը, քանակը, որակը և այլն: Տնտեսական
հետազոտությունների ընթացքում լայնորեն օգտագործվում են
փիլիսոփայության հիմնական օրենքների պահանջները:
Չափազանց կարևոր է տնտեսագիտության տեսության կապը
պատմության հետ: Պատմությունը` որպես գիտություն, արձանագրում է
մարդկային հասարակության պատմական զարգացման բազում փաստեր,
որոնք այս կամ այն ձևով կապված են մարդու տնտեսական կյանքի հետ կամ
ներկայացնում են նրա տարբեր կողմերը: Պատմությունը արձանագրում է
աշխատանքի հասարակական բաժանումները, աշխարհագրական
հայտնագործությունները, գիտական նվաճումները` ժամանակագրական
նկարագրությամբ, որոնք անմիջականորեն առնչվում են հասարակության
տնտեսական կյանքին և կարևոր նյութ են տալիս տնտեսական
հետազոտությունների համար:
Տնտեսագիտության տեսության ուսումնասիրության կարևոր օբյեկտ են
սեփականությունը և սեփականության իրավունքի ամրագրումը, դրա
պաշտպանությունը, տնտեսավարող սուբյեկտների պայմանագրային
հարաբերությունները, շուկայի գործակալների իրավունքներն ու
պարտականությունները և այլն, իսկ այդ բոլորի համար տնտեսագետ-
հետազոտողը լայնորեն օգտվում է իրավագիտության կատեգորիաներից,
իրավունքի կանոններից և ընդհանրապես իրավագիտությունից:
Տնտեսագիտության տեսությունը հետազոտությունների մեջ լայնորեն
օգտագործում է մաթեմատիկական մեթոդները, տնտեսական երևույթների
գրաֆիկական պատկերները: Բնական է, որ առանց մաթեմատիկայի իմացության`
հնարավոր չէ տնտեսական մտահղացումները ներկայացնել մաթեմատիկական
բանաձևերի, գրաֆիկական պատկերների միջոցով և մաթեմատիկական
ճշտությամբ ներկայացնել տնտեսական երևույթների կախվածությունները:
Տնտեսագիտության տեսությունը կապ ունի նաև սոցիոլոգիայի,
հոգեբանության և այլ գիտությունների հետ:
Տնտեսագիտության տեսությունը` որպես մեթոդաբանական գիտություն,
տեսական ուղենիշ և հիմք է հանդիսանում տնտեսական բոլոր գիտությունների
համար: Տնտեսական բոլոր գիտություններն իրենց հետազոտությունների
ընթացքում օգտվում են տնտեսագիտության մեթոդաբանությունից,
կատեգորիաներից ու օրինաչափություններից և իրենց եզրակացությունները
հաստատում միայն այդ հիմքի վրա:
Տնտեսական գիտությունների համակարգը կարելի է բաժանել հետևյալ
խմբերի.
1. Տեսական մեթոդաբանական (տնտեսագիտության տեսություն):
2. Ճյուղային (արդյունաբերության տնտեսագիտություն,
գյուղատնտեսության տնտեսագիտություն, մարքեթինգ, բիզնեսի
կազմակերպում և այլն):
3. Ֆունկցիոնալ (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում,
աշխատանքի տնտեսագիտություն և այլն):
4. Խառը (տնտեսական պատմություն, վիճակագրություն,
ժողովրդագրություն, տնտեսության կառավարում, տնտեսական
աշխարհագրություն և այլն):
Տնտեսագիտությունը տարբերակում է տնտեսության միկրո, մեզո, մակրո և
միջազգային մակարդակներ:
Միկրոմակարդակի հետազոտության խնդիրն է պարզել` ինչպես են
գործում առանձին տնտեսավարող սուբյեկտները շուկայում: Շուկան իրենից
ներկայացնում է երկու խումբ սուբյեկտների` վաճառողների և գնորդների կամ
արտադրողների ու սպառողների փոխհարաբերության մեխանիզմ: Այդ
մակարդակում ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար նախ
ուսումնասիրվում է ինքնուրույն գործող տնտեսավարող սուբյեկտների`
անհատների, տնային տնտեսությունների, ֆիրմաների, ռեսուրսների
սեփականատերերի վարքագիծը, ապա պարզաբանվում է այդ միավորների
փոխհարաբերությունների բնույթը:
Տնտեսագիտության տեսությունը հետազոտությունները կատարում է նաև
մեզո մակարդակում (տարածքի, շրջանի, մարզի, քաղաքի):
Հետազոտության նպատակն է պարզել ռեսուրսների բաշխման և
օգտագործման ընթացքում տնտեսավարողների վարքագիծը, ինչպես նաև
պարզել այն օրինաչափությունները, որոնք առկա են տվյալ տարածաշրջանում:
Հասարակության տրամադրության տակ եղած ռեսուրսների
սահմանափակությունը և դրանք արդյունավետ ծախսելու անհրաժեշտությունը
պահանջումեն ուսումնասիրել տնտեսությունն ամբողջությամբ`
մակրոմակարդակում:
Ի տարբերություն միկրոմակարդակում կատարվող
հետազոտության, տնտեսության ուսումնասիրությունը և վերլուծությունը
մակրոմակարդակում ունի այլ խնդիրներ: Այս դեպքում տնտեսագիտության
տեսությունն ուսումնա սիրում է հասարակական արտադրությունն իր
ամբողջության մեջ` կայուն աճը, ռեսուրսների լրիվ զբաղվածությունը, սղաճը և
նրա տատանումները, գործազրկության մակարդակը, ընդհանուր տնտեսական
հավասարակշռվածությունը, դրամավարկային համակարգը, ընդհանուր
տնտեսական անկայունությունը, հարկաբյուջետային համակարգը և այլն:
Տնտեսական կատեգորիաները և օրենքները

Ճանաչողության ընթացքում կիրառելով մեզ հայտնի մեթոդները`


բացահայտվում են երևույթների էությունը կամ դրանց հատկությունները:
Այսպես` բոլոր արդյունքները գնահատվում են ըստ իրենց օգտակարության
աստիճանի: Որևէ բարիք կարող է գնահատվել մյուսների հետ
փոխանակության միջոցով: Օրինակ` երբ 2 կգ պանիրը փոխանակվում է 5 կգ
նարնջի հետ, դրա հիմքում յուրաքանչյուրի օգտակարությունն է: Բոլոր
արդյունքների համար ընդհանրականն այն է, որ ունեն օգտակարություն,
հետևապես` օգտակարությունը կատեգորիա է: Այսինքն` կատեգորիան ցույց է
տալիս երևույթի ընդհանրական և բնորոշ հատկանիշները: Ըստ բարիքների
օգտակարության՝ որոշվում է դրանց գինը: Անկախ դրանց որոշակի
օգտակարությունից՝ բոլորի համար ընդհանրականն այն է, որ ունեն գին:
Հետևապես` գինը նույնպես կատեգորիա է:
Բոլոր մարդիկ իրենց կատարած աշխատանքի դիմաց ստանում են
աշխատավարձ: Մենք դեռ չենք քննարկում, թե ինչու է մեկի աշխատավարձը
բարձր մյուսից: Նախ անհրաժեշտ է պարզել աշխատավարձի էությունը, որն
ընդհանրական է բոլոր աշխատողների համար: Այսինքն` աշխատավարձը
կատեգորիա է: Այսպիսով` օգտակարությունը, գինը, աշխատավարձը
տնտեսական հասկացություններ են կամ կատեգորիաներ: Նույնը վերաբերում է
կապիտալին, շահույթին և մյուս տնտեսական հասկացություններին: Այսկերպ
ձևավորվում է գիտությունների կատեգորիալ համակարգը, որի միջոցով
բացահայտվում է դրանց բնորոշ երևույթների ներքին էությունը:
Տնտեսական կատեգորիաները գտնվում են փոխադարձ կապի մեջ:
Օրինակ` արդյունքի օգտակարության աստիճանը ազդում է գնի վրա, գնի
փոփոխությունը ազդում է արդյունքի պահանջարկի վրա, վերջինս էլ ազդում է
արտադրության մակարդակի վրա:
Տնտեսական կատեգորիաները ձևավորվում են տնտեսական
փոխհարաբերությունների հետևանքով, որոնց բնորոշ են որոշակի
օրինաչափություններ: Սակայն գոյություն ունեն նաև ոչ էական կամ
պատահական փոխհարաբերություններ, որոնք գործունեության հաջորդ
փուլերում չեն դրսևորվում: Օրինակ` գնի և պահանջարկի փոխհարաբերության
ուսումնասիրման ժամանակ պարզ է դառնում, որ գնի աճը (նվազումը)
հանգեցնում է պահանջարկի նվազման (աճի): Այս փոխհարաբերությունը էական
է:
Եթե փոխհարաբերությունը էական է, ապա նաև կայուն է: Սա նշանակում է,
որ այն մշտապես գոյություն ունի, իսկ եթե առանձին դեպքերում այդ
օրինաչափությունը խախտվում է, ապա դա դիտվում է որպես մասնավոր դեպք,
ինչն օրինաչափ չէ: Այսպիսով` փոխհարաբերությունը պետք է լինի էական և
կայուն: Եթե այն էական է և կայուն, ապա կրկնվող է: Եթե երևույթների
փոխհարաբերությունը չի կրկնվում, ապա դրանք դադարում են էական և
կայուն լինելուց: Իսկ եթե փոխհարաբերությունը էական է, կրկնվող և կայուն,
նշանակում է` անհրաժեշտ է:
Այսպիսով` տնտեսական գործընթացների ժամանակ բացահայտվում են
էական, կայուն, կրկնվող և անհրաժեշտ պատճառահետևանքային
փոխհարաբերությունները, որոնք կոչվում են տնտեսական օրենքներ: Օրինակ`
վերը նշված պահանջարկի և գնի միջև փոխհարաբերությունը կոչվում է
պահանջարկի տնտեսական օրենք: Ֆիզիկայի մեզ հայտնի օրենքներին (օրինակ`
Նյուտոնի) նույնպես բնորոշ են էական, կայուն, կրկնվող և անհրաժեշտ
փոխհարաբերությունները: Բոլոր գիտություններն ունեն իրենց բնորոշ օրենքները:
Վերոնշյալից պարզ է դառնում, որ տնտեսական օրենքները` իբրև
տնտեսական երևույթների միջև առկա էական, կայուն, կրկնվող և անհրաժեշտ
պատճառահետևանքային կապեր, արտահայտում են տնտեսական
կատեգորիաների (գին, փող, պահանջարկ, առաջարկ, աշխատավարձ, տոկոս,
կապիտալ) փոխհարաբերությունների օրինաչափությունները: Օրինակ`
բարիքների պահանջարկը կախված է դրանց գներից, աշխատավարձը`
աշխատանքի նկատմամբ պահանջարկից և այլն: Տնտեսական երևույթների
ուսումնասիրության արդյունքում բացահայտվում են բազմաթիվ օրենքներ, որոնք
ցույց են տալիս տնտեսական կատեգորիաների միջև առկա
օրինաչափությունները: Այսինքն` կատեգորիաները գործում են
համապատասխան օրենքների գործողության միջոցով:
Պահանջմունքի բովանդակությունը: Պահանջմունքի տեսակները և
դասակարգումը

Պահանջմունքը հանդիսանում է մարդու գործունեության ներքին


շարժառիթ: Այս առումով պահանջմունքի բնույթն անփոփոխ է որպես
զարգացման ներքին խթանիչ և արտադրական գործունեության ելակետ:
Սակայն պահանջմունքների բավարարման մակարդակները անընդհատ
փոխվում են, որոնք պայմանավորված են հասարակության զարգացմամբ:
Պահանջմունքները կարող են լինել նյութական, հոգևոր, սոցիալական և
հոգեբանական:
Նյութական պահանջմունքները պայմանավորված են մարդու սննդի,
հագուստի, բնակարանի, ավտոմեքենայի, կենցաղային տարբեր կարիքների
բավարարման, հոգևոր պահանջմունքները` կրթության, գիտության, արվեստի,
ստեղծագործական կարիքների բավարարման անհրաժեշտությամբ:
Սոցիալական պահանջմունքները մարդու անօտարելի իրավունքների
(կրթության, աշխատանքի, առողջապահության և այլն), կենսագործունեության
անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հասարակական ակտիվության հետ
կապված կարիքների բավարարմանն են վերաբերում: Հայտնի է, որ նյութական,
հոգևոր և սոցիալական բարիքների ստեղծումը անհրաժեշտ պայման է մարդու
կենսագործունեության համար, սակայն պահանջմունքների կառուցվածքային
փոփոխությունն ուղղված է եղել դեպի հոգևորը: Այստեղ այլ չափանիշ չի կարող
լինել, քանի որ հիմնական հատկանիշը, որով մարդը տարբերվում է մյուս
կենսաբանական էակներից, իրականության արտացոլման ունակությունն է և
դրա վերափոխումը, այսինքն` ստեղծագործելու կարողությունը: Քանի որ
մարդու գոյությունը իմաստավորվում է հոգևորի առկայությամբ, ուստի դրա
խորացմամբ ու կատարելագործմամբ պետք է բացատրել հասարակության
առաջընթացը:
Մարդու անընդհատ զարգացումը փոխում է երևույթների ընկալման և
արժեքավորման չափանիշները: Հոգևորը, որը հիմնականում
իմաստավորվում է <<գեղեցիկ>, <<ճշմարիտ> և <<բարի> հասկացություններով,
իր զարգացման տարբեր աստիճաններում ունեցել է դրանց ընկալման և
արժեքավորման տարբեր չափանիշներ: Մարդու բարոյական վարքագծի
սկզբունքները, ժամանակաշրջանից կախված, էականորեն տարբեր են: Այսպես
օրինակ` Հին Հունաստանում ստրուկը համարվել է բանող անասուն: Բայց ներկա
ընկալումների տեսնակյունից դա համարվում է մարդու արժանապատվության և
իրավունքների կոպիտ խախտում: Այսինքն` տեղի է ունեցել չափանիշների
փոփոխություն, ինչն իր բնույթով հոգևոր գործընթաց է:
Ավելի բարդ է հոգեբանական բնույթի պահանջմունքների
բացատրությունը: Խնդիրն այն է, որ մարդը, բացի գիտակցականից, ունի նաև
ենթագիտակցական գործելաձև, ինչը հոգեբանության մեջ անվանում են բնազդ:
<<Մարդն ունի այնպիսի բնազդներ, ինչպիսիք են սերնդի շարունակման բնազդը,
հետազոտության բնազդը, ինքնապաշտպանության բնազդը և այլն>>: Դրանք
հասարակական հարաբերություններում դրսևորվում են հոգևոր և նյութական
արժեքների արտադրությամբ: Բնականաբար հարց է առաջանում. որպես
գործունեության առաջին ազդակ` ո՞ր պահանջմունքն է ավելի կարևոր: Պարզվում
է` նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումը հոգեբանական
(ենթագիտակցական) պահանջմունքների բավարարման միջոց է: Իր սերնդի,
հետևապես և իր տեսակի շարունակման համար մարդը հաղթահարում է
բոլոր արգելքները: Ուստի իր տեսակի պահպանման հոգեբանական
պահանջմունքը զորեղ ազդակ է: Դրա համար մարդը ստեղծում է նյութական և
հոգևոր պայմաններ: Նա ունի ինքնահաստատվելու պահանջմունք, որը նույնպես
այս կամ այն գործունեությունը ծավալելու զորեղ ազդակ է:
Ամերիկացի տնտեսագետ Ա. Մասլոուի կարծիքով` պահանջմունքները
տարանջատվում են հետևյալ կերպ`
1. ֆիզիոլոգիական,
2. անվտանգության,
3. սոցիալական կապեր,
4. ինքնահարգում,
5. ինքնադրսևորում:
Պահանջմունքը` որպես գործունեության ներքին էություն կամ ազդակ,
իր բնույթը չի փոխում: Սակայն հասարակության զարգացման աստիճանից
կախված` փոխվում են պահանջմունքի բավարարման պայմանները և
դրսևորման մակարդակները:
Իրենց պահանջմունքների բավարարման նպատակով մարդիկ
իրականացնում են արտադրություն` սահմանափակ ռեսուրսների
պայմաններում:
Տնտեսական ռեսուրսները և դրանց հիմնական տեսակները

Ռեսուրսը նյութական և ոչ նյութական միջոցների այն ամբողջությունն է,


որն օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ (սնունդ, հագուստ, բնակարան,
ավտոմեքենա, կրթություն, մշակույթի արժեքներ) արտադրելու և
ծառայություններ (սպասարկում, տուրիզմ, առողջապահություն) մատուցելու
համար: Ռեսուրսները լինում են բնության կողմից տրված (օգտակար
հանածոները, հողը և ընդերքի հարստությունները, անտառները, ջրային
ռեսուրսները, բնակլիմայական պայմանները, կենդանական և բուսական
աշխարհը) և մարդու կողմից ստեղծված (գիտատեխնիկական նորությունը,
կրթական մակարդակը, սարքավորումները, մեքենաները, մեխանիզմները,
շենքերը, կառույցները, մշակույթը, ավանդույթը): Ռեսուրսներն իրենց բնույթով
կարող են լինել նյութաիրային (բնության կողմից տրված միջոցները,
մեքենաները, սարքավորումները, շենքերը, կառույցները) և ոչ նյութական
(գիտատեխնիկական միտքը, կրթական և մշակութային արժեքները,
ավանդույթները և այլն):
Պահանջմունքների բավարարման մակարդակը կախված է ռեսուրսային
ապահովման աստիճանից: Նյութաիրային ռեսուրսների ապահովվածությունը
անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համապատասխան զարգացում
ապահովելու համար: Ժամանակակից պայմաններում մեծանում է ոչ
նյութական ռեսուրսների դերը: Այսպես օրինակ` Ռուսաստանը շատ հարուստ է
նյութաիրային ռեսուրսներով (օգտակար հանածոներ, գազ, նավթ, անտառներ
և այլն), բայց իր կենսամակարդակով զիջում է նման ռեսուրսներով աղքատ
Ճապոնիային: Պատճառն այն է, որ Ճապոնիան ունի զարգացած
գիտատեխնիկական միտք, արտադրության կազամակերպման բարձր
մակարդակ, ուրույն ազգային հոգեբանություն և մշակույթ: Այդ երկիրը,
ներմուծելով նյութաիրային ռեսուրսներ, կարողանում է ապահովել
ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրություն և
բավարարում է ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայի պահանջները:
Ռեսուրսների բովանդակության առումով կարևոր է արտադրության
գործոնների բնույթի բացահայտումը: Բարիքների արտադրությունն
իրականացվում է արտադրության գործոնների միջոցով: Նյութական և ոչ
նյութական ռեսուրսները մարմնավորված են արտադրության գործոնների մեջ:
Այդ է պատճառը, որ շատ հաճախ արտադրության գործոնները և ռեսուրսները
նույնացվում են:
Արտադրության գործոններն են` աշխատանքը, կապիտալը, հողը և
ձեռնարկատիրությունը: Արտադրությունը դրանց միացման գործընթացն է, որի
շնորհիվ ստեղծվում է մարդու պահանջմունքների համար անհրաժեշտ այս կամ
այն արդյունքը կամ ծառայությունը:
Աշխատանքը` իբրև արտադրության գործոն, ըստ Կ. Մարքսի,
աշխատուժի սպառման գործընթացն է, իսկ աշխատուժը մարդու ֆիզիկական
և մտավոր ունակությունների ամբողջությունն է: Այսինքն` գործ ունենք մարդու
ունակությունների հետ, ինչը տնտեսագիտական գրականության մեջ
ներկայացվում է որպես աշխատանքային ռեսուրս կամ պարզապես` աշխատանք:
Կապիտալը արտադրության համար անհրաժեշտ հումքն է, նյութերը,
էլեկտրաէներգիան, սարքավորումները, մեքենաները, մեխանիզմները, շենքերը,
կառույցները, գիտատեխնիկական նվաճումները: Դրանք անընդհատ
կատարելագործվում են, որի շնորհիվ մեծանում է արտադրության
արդյունավետությունը, ինչն էլ, իր հերթին, նպաստում է ռեսուրսների ռացիոնալ
օգտագործմանը:
Հողը բնության պարգևն է` չվերարտադրվող ռեսուրս և խիստ
սահմանափակ: Այն հնարավոր չէ փոխարինել մեկ այլ ռեսուրսով: Այդ առումով
հողը բացառիկ ռեսուրս է:
Ձեռներեցությունը` որպես արտադրության գործոն, մարդկանց՝
արտադրություն կազմակերպելու, ռիսկի գնալու, արտադրության կառավարման,
ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունն է, որը
տնտեսության զարգացման կարևոր պայմաններից է:
Եթե փորձենք պարզել արտադրության գործոնների բովանդակությունը,
ապա կհամոզվենք, որ դրանք բնության տված կամ մարդու կողմից ստեղծված
ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են արտադրության մեջ այս կամ այն
արդյունքը ստեղծելու նպատակով:
Բարիքի տնտեսագիտական բովանդակությունը

Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական


արդյունքների ամբողջությունն է, որը բավարարում է վերջինիս այս կամ այն
պահանջմունքը, ինչն էլ դրա օգտակարության գնահատման հիմքն է: Այսինքն`
բարիքի օգտակարությունը այս կամ այն պահանջմունքի բավարարման
հատկությունն է:
Բարիքները դասակարգվում են մի շարք սկզբունքներով: Ըստ իրացման
բնույթի տարբերակվում են նյութական և ոչ նյութական բարիքներ: Նյութական
բարիքներն են` ա) բնության կողմից տրված արդյունքները (օդը, ջուրը,
բուսական ու կենդանական աշխարհի բարիքները, որոնք մարդիկ
օգտագործում են իրենց պահանջմունքների բավարարման նպատակով), բ)
մարդու կողմից ստեղծված արդյունքները (սնունդ, հագուստ, բնակարան,
շենքեր, կառույցներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն): Ոչ նյութական
բարիքներն են` ա) բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, բ)
գիտության և հոգևոր-մշակութային արժեքները, գ) առողջապահությունը, դ)
սահմանադրական կարգը:
Բոլոր բարիքներն էլ էական դերակատարություն ունեն մարդու բնականոն
կենսագործունեության ապահովման գործում: Դրանց շարքում ոչ պակաս
կարևորություն ունեն սահմանադրական կարգը և ձևավորված իրավական
պետությունը, որոնք նպաստում են հասարակության համար անհրաժեշտ
այնպիսի էական խնդիրների լուծմանը, որոնք կապված են մարդու իրավունքների
և ունեցվածքի պաշտպանության, սոցիալական արդարության հաստատման,
նվազագույն կենսական պայմանների ապահովման հետ: Այս առումով, ոչ
նյութական բարիքներն աստիճանաբար առանցքային նշանակություն են ձեռք
բերում:
Ըստ արդյունքների սահմանափակության` բարիքները տարանջատվում են
տնտեսականի և ոչ տնտեսականի: Տնտեսական են կոչվում այն բարիքները,
որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են (սնունդ, հագուստ,
բնակարան, ավտոմեքենա և այլն): Բնականաբար, տնտեսական բարիքի
բովանդակությունը բնութագրվում է ռեսուրսների սահմանափակությամբ: Ոչ
տնտեսական են համարվում այն բարիքները, որոնց բավարարման
շրջանակները անսահմանափակ են: Պետք է նշել, որ բարիքի ոչ տնտեսական
լինելը խիստ հարաբերական է: Այսպես օրինակ` ժամանակին ջուրը համարվել է
ոչ տնտեսական բարիք` հաշվի առնելով մարդու պահանջմունքների
բավարարման առումով դրա անսահմանափակ լինելու հանգամանքը: Բայց
ներկա զարգացումների հետևանքով ջուրը աստիճանաբար վեր է ածվում
տնտեսական բարիքի, և համաշխարհային մասշտաբով գնալով մեծ խնդիր է
դառնում խմելու ջրի սահմանափակությունը: Նույնիսկ թթվածինը
աստիճանաբար ոչ տնտեսական բարիքից վեր է ածվում տնտեսականի: Դա
բացատրվում է նրանով, որ շրջակա միջավայրի աղտոտման պայմաններում
հասարակությունը հսկայական ծախսեր է կատարում օդային ավազանի
պահպանման համար:
Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են
անձնականի և հասարակականի: Անձնական բարիքը արդյունքների այն
ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից` համաձայն
իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում
են` ըստ օգտակարության աստիճանի: Կան բարիքների տեսակներ, որոնք
հնարավոր չէ ձեռք բերել` անմիջապես վճարելով դրանց համար: Դրանք
հասարակական բարիքներն են: Հասարակական են կոչվում այն բարիքները,
որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը:
Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության
(պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը,
տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական
ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ
պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային
լուսավորությունը, պետական կառույցների` օրենսդիր, գործադիր և դատական
մարմինների գործունեությունը և այլն: Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց
օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար
է տարանջատել դրանց դիմաց <<վճարողներին>> և <<չվճարողներին>>:
Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ
մրցակցային բնույթը: Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ
արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա: Այսպես օրինակ` շուկայում
արդյունքի գնումը պայմանավորված է դրա մրցունակությամբ, այսինքն`
սպառողը կարող է գնել մեկ ուրիշը` ըստ իր գերադասելիության:
Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության
սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը:
Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն
իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը
տրվող հարկերն են: Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն
են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության
համար պահանջվող ծախսերը:
Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը:
Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ
մրցակցային, օրինակ` ազգային պաշտպանությունը: Խառը հասարակական
բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել:
Այսինքն` կան այնպիսի հասարակական բարիքներ, որոնց համար
հասարակության անդամները կատարում են մասնակի վճարումներ: Այդպիսի
օրինակ կարող է լինել ճանապարհների սպասարկումը կամ առողջապահական
ծառայությունները:
Արտադրություն, բաշխում, փոխանակություն
և սպառում
Տնտեսական գործունեությունը` իբրև մարդկանց պահանջմունքների
բավարարման պայման, բաղկացած է մի շարք փուլերից: Դրանք են՝
արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը:
Արտադրությունը արտադրության գործոնների (աշխատանք, կապիտալ,
հող, ձեռնարկատիրություն) միացման գործընթացն է, որի արդյունքում
ստեղծվում են մարդու պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ
բարիքներ: Այդ գործոնների համակարգում առանցքային դերակատարությունը
պատկանում է աշխատանքին, որովհետև դրա միջոցով են շարժման մեջ դրվում
կապիտալը և բնական ռեսուրսները:
Արտադրության նպատակը ռեսուրսների օգտագործման միջոցով
անհրաժեշտ արդյունքների ստեղծումն է: Յուրաքանչյուր ռեսուրսի
սեփականատեր ունի իր շարժառիթը: Աշխատուժի սեփականատերը իր այդ
ռեսուրսի օգտագործման արդյունքում ստանում է դրա օգտակարության
համարժեքը, որը, տնտեսության զարգացման մակարդակից կախված, կարող է
արտահայտվել բնաիրային կամ դրամական ձևով: Օրինակ` արտադրության
կազմակերպման նախնադարյան ժամանակաշրջանում յուրաքանչյուրը
ստանում էր իր մասնաբաժինը` բնաիրային տեսքով: Ճորտ գյուղացին իր
կատարած աշխատանքի համարժեքը ստանում էր բնամթերքի ձևով:
Շուկայական տնտեսության զարգացման որոշակի մակարդակում յուրաքանչյուրն
իր կատարած աշխատանքի համարժեքը սկսեց ստանալ փողի ձևով, որը կոչվեց
աշխատավարձ:
Կապիտալի սեփականատերը նույնպես ունի իր շաժառիթը, որի
բովանդակությունը հետևյալն է. կապիտալի օգտագործման միջոցով ձեռք
բերել որոշակի արդյունք, ինչը կապահովի սեփական պահանջմունքների
բավարարումը: Օրինակ` արտադրության մեջ օգտագործելով
սարքավորումներ, մեքենաներ, շենքեր, կառույցներ, հումք, նյութեր, աշխատանք,
դրա սեփականատերը՝ ստեղծում է բարիքներ: Դրանց մի մասը տրվում է
աշխատողներին` աշխատավարձի ձևով, իսկ մյուս մասը` կապիտալի
սեփականատիրոջը` տոկոսի ձևով: Այդ բարիքների ստեղծմանը մասնակցում է
նաև ձեռներեցը, որն օգտագործում է իր հմտությունները և կարողությունները:
Բնականաբար, ստեղծված բարիքների մի մասն էլ բաժին է հասնում
ձեռներեցին` շահույթի ձևով: Իսկ եթե խոսքը վերաբերում է
գյուղատնտեսությանը, ապա հողասեփականատերը ստեղծված բարիքներից
ստանում է իր ռեսուրսի օգտակարության վճարը` ռենտայի ձևով:
Այսպիսով` արտադրության ընթացքում ստեղծված բարիքները, լինելով
աշխատանքի, կապիտալի, հողի և ձեռնարկատիրության արդյունք, բաշխվում
են դրանց սեփականատերերի միջև: Նրանք, ըստ ռեսուրսների օգտակարության,
իրենց հասանելիք եկամուտը ստանում են աշխատավարձի, տոկոսի, ռենտայի,
շահույթի ձևով: Փաստորեն, ըստ ունեցած ռեսուրսների, մարդիկ մասնակցում
են արտադրության գործընթացին և արդյունքում ստանում իրենց
մասնաբաժինը կամ եկամուտը: Յուրաքանչյուր ռեսուրսի սեփականատիրոջ
շարժառիթը այդ եկամտի ստացումն է և, միաժամանակ, դրա ավելացումը:
Աշխատանքի սեփականատերը ձգտում է մեծացնել աշխատավարձի,
կապիտալինը` տոկոսի, հողինը` ռենտայի, ձեռնարկատերը` շահույթի չափերը:
Նպատակը պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացումն է, ինչը
հանգեցնում է կենսապայմանների բարելավման: Այդ իսկ պատճառով մարդը
ձգտում է արտադրության ընթացքում արդյունավետ օգտագործել սահմանափակ
ռեսուրսները:
Ստեղծված բարիքները բաշխվում են հասարակության անդամների միջև`
ըստ ռեսուրսի սեփականության և դրա օգտագործման արդյունավետության: Սա
նշանակում է, որ աշխատուժի սեփականատերը ձգտում է անընդհատ
բարձրացնել իր աշխատանքի արտադրողականությունը: Աշխատանքի
արտադրողականությունը միավոր ժամանակում ստեղծված բարիքների
ամբողջությունն է:
Եթե աշխատողը միավոր ժամանակում ավելի շատ արտադրանք է
թողարկում, ապա նրա վարձատրության չափն էլ մեծ կլինի: Նույնը վերաբերում է
կապիտալի, հողի սեփականատերերին և ձեռներեցին: Նրանցից
յուրաքանչյուրը սեփական եկամտի ավելացման նպատակով ձգտում է մեծացնել
իր ռեսուրսի արտադրողականությունը: Այսինքն` տեղի է ունենում բարիքների
բաշխում` ըստ ռեսուրսների օգտագործման արդյունավետության: Եթե բաշխումը
տեղի չի ունենում ըստ վերոնշյալ տրամաբանության, ապա բացասաբար է
անդրադառնում ռեսուրսի սեփականատիրոջ նյութական շահագրգռվածության
մակարդակի վրա: Այսպես օրինակ` կատարված աշխատանքի դիմաց ցածր
վարձատրության դեպքում նվազում է աշխատողի նյութական
շահագրգռվածությունը, ինչն ազդում է նաև աշխատանքի
արտադրողականության, արտադրանքի քանակական և որակական
պարամետրերի վրա: Նույնը վերաբերում է կապիտալի, հողի
սեփականատիրոջը և ձեռներեցին: Հետևապես՝ բաշխման սկզբունքները
անմիջականորեն ներգործում
են արդյունքների արտադրության արդյունավետության, հետևաբար նաև
ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա: Տեղի է ունենում ոչ
միայն բարիքների, այլև ռեսուրսների բաշխում: Դա իրականացվում է բարիքների
նկատմամբ պահանջմունքների, հետևաբար և պահանջարկի փոփոխության
շնորհիվ: Այսպես օրինակ` եթե շուկայում մեծացել է ավտոմեքենայի,
համակարգչի կամ սպասարկման և ծառայությունների նկատմամբ
պահանջարկը, ապա, բնականաբար, առկա ռեսուրսները (կապիտալ,
աշխատանք, բնական ռեսուրսներ) ուղղորդվում են գործունեության այդ
ոլորտներ: Նման ճանապարհով տեղի է ունենում ռեսուրսների բաշխում
արտադրության տարբեր ոլորտների միջև:
Տնտեսական գործունեության մյուս կարևոր փուլը ստեղծված
արդյունքների փոխանակությունն է: Աշխատանքի բաժանման արդյունքում տեղի է
ունեցել տնտեսական գործունեության մասնագիտացում: Առկա են տասնյակ
հազարավոր գործունեության ոլորտներ, և մարդիկ մասնագիտացած են
տարբեր արդյունքների արտադրության մեջ (կոշիկ, հագուստ, ավտոմեքենա,
սննդի բազմաթիվ տեսակներ և այլն): Իրենց պահանջմունքները բավարարելու
համար տարբեր արտադրողներ փոխանակում են արտադրված բարիքները:
Բնականաբար, արդյունքների փոխանակությունը, աշխատանքի բաժանման
խորացմանը զուգընթաց, ավելի ու ավելի է բարդանում, ինչը աստիճանաբար ի
հայտ է բերում բազմաթիվ արդյունքների փոխանակման միասնական չափման
միավորի անհրաժեշտությունը: Որպես այսպիսի միասնական չափման միավոր
հանդես է գալիս փողը, որի միջոցով փոխանակության հետ կապված
բազմաթիվ դժվարություններ հաղթահարվում են:
Պետք է նշել, որ փոխանակային հարաբերությունները նույնպես
նպաստում են արտադրության զարգացմանը: Այսինքն` եթե տարբեր
արտադրողներ չեն կարողանում փոխանակության միջոցով իրացնել իրենց
արտադրած բարիքները, ապա, բնականաբար, արտադրությունը հետագա
շարունակություն չի ստանում: Լավագույն դեպքում որևէ արտադրող
կթողարկի միայն սահմանափակ քանակությամբ արտադրանք` իր անձնական
պահանջմունքները բավարարելու համար:
Տնտեսական գործունեության մյուս հիմնական փուլը սպառումն է:
Սպառումը պահանջմունքի բավարարման գործընթացն է: Նյութական
բարիքների պահանջմունքի բավարարումը կատարվում է դրանց
օգտագործման կամ սպառման միջոցով: Հագուստը, սննդամթերքը,
ավտոմեքենան, բնակարանը օգտագործվելով` սպառվում են: Այս
տեսանկյունից նյութական և ոչ նյութական բարիքների միջև առկա է որոշակի
տարբերություն: Նյութական բարիքները, սպառվելով ժամանակի ընթացքում,
ըստ իրենց օգտագործման տևողության, ոչնչանում են, միաժամանակ
արտադրվում են նորերը: Բայց հոգևոր բարիքները (գիտական միտք, մշակույթի
գործեր, երաժշտություն, գրականություն և այլն) սպառվելով` չեն ոչնչանում,
այլ սերնդեսերունդ փոխանցվելով` ստեղծվում են նոր գլուխգործոցներ:
Տնտեսագիտական գրականության մեջ սպառումը տարբերակվում է
անձնականի և արտադրականի: Վերևում ներկայացվեց անձնական սպառումը:
Արտադրական սպառումը ներկայացնում է արտադրության համար անհրաժեշտ
ռեսուրսների (աշխատանք, կապիտալ, հող) սպառման գործընթացը, որի
արդյունքում թողարկվում է այս կամ այն բարիքը (հագուստ, սննդամթերք,
բնակարան, գիտական միտք, արվեստի գործեր և այլն):
Սպառումը, իր հերթին, դառնում է արտադրության սկիզբ, որովհետև,
առանց արդյունքների վերջնական սպառման, այն չի կարող շարունակվել:
Հագուստի սպառումն է դառնում ազդակ` դրա արտադրության շարունակման
համար: Նույնը վերաբերում է մյուս արդյունքների սպառմանը:
Այսպիսով` տնտեսական գործունեությունը հիմնականում բաղկացած է
արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման փուլերից, որոնք
գտնվում են օրգանական միասնության մեջ, և դրանց տարանջատումը
պայմանական բնույթ է կրում` նպատակ ունենալով բացահայտելու
յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Արտադրական հնարավորությունների կորը

Սահմանափակ ռեսուրսների և պահանջմունքների բավարարման միջև


լավագույն հարաբերակցության հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտ է
գնահատել արտադրական հնարավորությունները: Արտադրական
հնարավորությունների կորի կառուցման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի
շարք կարևոր նախապայմաններ. 1) տնտեսությունը գործում է լրիվ
զբաղվածությամբ և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման պայմաններում, 2)
ռեսուրսների քանակությունը որոշակի ժամանակահատվածում հաստատուն է, 3)
տեխնիկան և տեխնոլոգիան անփոփոխ են, 4) արտադրվում է ընդամենը երկու
տեսակի արտադրանք:
Արտադրական հնարավորությունների կորը՝ դասական օրինակում ունի
հետևյալ տեսքը.

Խնձոր
A
100

90 B
80

70 C
60
50
40
30

20 D
10
F
0
10 20 30 40 50 60 70

Համակարգիչ

Գծապատկեր 1. Արտադրական հնարավորությունների կորը

Վերոնշյալ 4 պայմանների իմաստը հետևյալն է.


Եթե տնտեսությունը չի գործում լրիվ զբաղվածությամբ, ապա
արտադրական հնարավորությունները հստակ որոշվել չեն կարող՝ դրանք կարող
են աճել զբաղվածության ավելացմանը ցուգընթաց:
Ռեսուրսների նոր աղբյուրների ի հայտ գալու պարագայում կաճեն նաև
բարիքի արտադրության հնարավորությունները:
Երբ զարգանում են տեխնոլոգիաները, աճում են նաև արտադրական
հնարավորությունները:
Իսկ պայմանը, որ արտադրվում է ընդամենը երկու տեսակի արտադրանք
զուտ տեսական է և կիրառվում է միայն արտադրական հնարավորությունների
կորի գրաֆիկական պատկերման նպատակով:
Պատկերացնենք, որ տնտեսության մեջ արտադրվում են երկու տեսակի
բարիքներ՝ խնձոր և համակարգիչ:
Ինչպես տեսնում ենք գծապատկերից, եթե մենք ցանկանում ենք արտադրել
100 միավոր խնձոր, ապա պետք է հասկանանք, որ այդ դեպքում համակարգիչներ
արտադրել չենք կարող: Քանի որ 100 միավոր խնձոր արտադրելու համար
ծախսվում են այն անհրաժեշտ ռեսուրսները, որոնց միջոցով պետք է
կազմակերպվեր համակարգիչների արտադրությունը: Մեր արտադրական
հնարավորությունները այս դեպքում կարտահայտվեն A (100; 0) կետում:
Եթե մենք ցանկանում ենք, ենթադրենք 20 միավոր համակարգիչ արտադրել,
ապա, ինչպես ցույց է տալիս արտադրական հնարավորությունների կորը, դրա
համար մենք պետք է կրճատենք խնձորի արտադրությունը 10 միավորով` B (90;
20):
Որպես դրա օրինակ կարող է հանդիսանալ այն դեպքը, երբ
համակարգիչների արտադրության համար անհնաժեշտ բոլոր ռեսուրսներն առկա
են՝ բացառությամբ, օրինակ պլաստմասե նյութերից: Համապատասխանաբար՝ այդ
նյութերն ուղղելով համակարգիչների արտադրության ոլորտ, մենք կարող ենք
արտադրել անհրաժեշտ 20 միավոր համակարգիչը՝ 10 միավոր խնձորի
փոխարեն:
Սակայն, երբ մենք ցանկանում ենք ևս 10 միավորով ավելացնել
համակարգիչների արտադրությունը՝ հասցնելով այն 30-ի, մենք ստիպված ենք
լինում կրճատել խնձորի արտադրությունը 20 միավորով՝ C (70; 30):
Սա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ համակարգիչների
արտադրության ծավալների ավելացման համար պահանջվում են այնպիսի
ռեսուրսներ որոնք շատ ավելի մեծ կարևորություն ունեն խնձորի արտադրության
դեպքում: Օրինակ՝ աշխատուժը:
Բարիքների արտադրության D (20; 40) համակցության դեպքում 10 միավոր
համակարգիչ ավել արտադրելու համար մենք կրճատում ենք խնձորի
արտադրությունը 50 միավորով (օգտագործվում են խնձորի արտադրության
համար անհրաժեշտ հողատարածքները):
Իսկ F (0; 40) տարբերակում խնձորի արտադրության համար անհրաժեշտ
բոլոր ռեսուրսներն ուղղվում են համակարգիչների արտադրությանը, սակայան
դա ոչ մի կերպ չի խթանում այն: Որպես օրինակ կարող է հանդիսանալ այն
դեպքը, երբ համակարգիչների արտադրության ծավալի ավելացման համար
անհրաժեշտ է ավելացնել միկրոսխեմանաերի արտադրության քանակը: Այդ
միկրոսխեմաներն արտադրելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ (հատուկ
նյութեր, կամ համապատասխան աշխատակիցներ), որոնք բացակայում են նաև
խնձորի արտադրության մեջ: Հետևաբար, խնձորի արտադրությանն ուղղվող
ռեսուրսների վերաուղղորդումը դեպի համակարգիչների արտադրություն այլևս
անիմաստ է և դա կկրճատի միայն խնձորի արտադրությունը՝ չավելացնելով
համակարգիչների արտադրությունը:
Այսպիսով, արտադրական հանարավորությունների կորն իրենից
նեկրկայացնում է արտադրական հնարավորությունների գրաֆիկական
պատկերումը:
Բարիքների արտադրության համակցման յուրաքանչյուր հնարավոր
տարբերակ գտնվում է այդ կորի վրա:
Ռեսուրսների առկա քանակությունը և տեխնոլոգիաներրը
հնարավորություն չեն տալիս ընդլայնել արտադրական հնարավորությունները
այդ կորի սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով արտադրական
հնարավորությունների կորը անվանում են նաև արտադրական
հնարավորությունների սահման:
Իսկ եթե արտադրական հնարավորություններն արտահայտող կետը չի
գտնվում կորի վրա, ապա գոյություն ունի հնարավոր երկու տարբերակ: Այն պետք
է գտնվի կորից աջ կամ ձախ:
Արտադրական հնարավորությունների կորը՝ դասական օրինակում ունի
հետևյալ տեսքը.

Խնձոր
A
100

90 B
80

70 C L
60
50
40
30

20 ▪ K D
10
F
0
10 20 30 40 50 60 70

Համակարգիչ

Գծապատկեր 2. Արտադրական հնարավորությունների կորի տեղաշարժը

Եթե արտադրական հնարավորությունները գտնվում են կորից դեպի ձախ,


ապա առկա ռեսուսրներն արդյունավետ չեն օգտագործվում: Ինչպես ցույց է
տալիս գծապատկերը (գծ. 2), արտադրական հնարավորությունները գտնվում են
K կետում և հնարավորություն են տալիս միաժամանակ արտադրելու 20 միավոր
խնձոր և 20 միավոր համակարգիչ: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս արտադրական
հնարավորությունների կորը, 20 միավոր խնձոր արտադրելու պայմաններում
հնարավորություն կա արտադրելու մինչև 40 միավոր համակարգիչ:
Այս դեպքում կարելի է նշել, որ արտադրական հնարավորությունները և
առկա ռեսուրսները արդյունավետ չեն օգտագործվում:
Իսկ եթե արտադրական հնարավորություններն արտահայտող կետը
գտնվում է կորից դեպի աջ՝ ինչպես L կետը, ապա դա նշանակում է, որ տեղի է
ունեցել արտադրական հնարավորությունների աճ: Այս դեպքում արտադրական
հնարավորությունների կորը շարժվում է դեպի աջ:
Արտադրական հնարավորությունների աճը կարող է տեղի ունենալ
ռեսուրսների նոր աղբյուրների հայտնաբերման շնորհիվ, կամ տեխնոլոգիական
առաջընթացի հետևանքով ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման
շնորհիվ:
Արտադրական հնարավորությունների կորը ցույց է տալիս, որ
սահմանափակ ռեսուրսների պայմաններում հասարակությունը պետք է կատարի
իր ընտրությունը, որի հիմքում այդ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և
պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունն է:
Ընտրություն կատարելու անհրաժեշտությունը ենթադրում է, որ որևէ
բարիք արտադրելու համար պետք է դրա վրա ծախսվեն ռեսուրսներ, որոնք կարող
էին ծախսվել այլ բարիքների արտադրության համար: Այսինքն՝ որևէ բարիք
արտադրելու համար պետք է հրաժարվել մեկ այլ բարիքի արտադրության
որոշակի քանակից:
Բարիքի այն չափը, որից հրաժարվում են մեկ այլ բարիք արտադրելու
նպատակով հանդիսանում է արտադրված բարիքի այլընտրանքային արժեքը:
Գործարքային (տրանսակցիոն) ծախսեր

Որևէ գործունեություն իրականացնելու համար էական


դերակատարություն ունեն մի շարք հանգամանքներ: Դրանցից առաջինը
ճշգրիտ տեղեկատվության ձեռքբերումն է: Դա հատկապես էական է դառնում
գործունեության փոփոխության ժամանակ: Երբ որևէ մեկը փոխում է իր
գործունեության կամ սպառման այլընտրանքը, նա դա կատարում է հավաստի
տեղեկատվություն ստանալու դեպքում: Սա նշանակում է, որ
տեղեկատվությունը բարիք է, որն իր բնույթով նույնպես սահմանափակ է, և որի
համար պետք է վճարել: Բնականաբար, յուրաքանչյուր ոք ճիշտ ընտրություն
կատարելու համար պատրաստ է վճարել այդ բարիքի (տեղեկատվության)
դիմաց: Ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խնայելու
ռեսուրսները և դրանք ավելի արդյունավետ օգտագործելու: Օրինակ,
ենթադրենք` որևէ մեկը ստանում է ոչ ճիշտ տեղեկատվություն այս կամ այն
արդյունքի գնի վերաբերյալ: Նա կարող է իր ռեսուրսներն օգտագործել տվյալ
արդյունքի արտադրության վրա, որը շուկայում համապատասխան
պահանջարկ չունի, հետևաբար չի իրացվի, և կատարված ծախսերը
(կապիտալ, աշխատանք, հող, ժամանակ և այլն) չեն փոխհատուցվի:
Հետևապես, թեև տեղեկատվության ձեռքբերման համար պահանջվում է
կատարել ծախս, բայց դա արդարացված է, քանի որ նպաստում է ռեսուրսների
օգտագործման այլընտրանքը ճիշտ որոշելուն (այսինքն` թե ինչ պետք է
արտադրել): Տեղեկատվություն ստանալու նպատակով կատարվող վճարումները
համարվում են գործարքային (տրանսակցիոն) ծախսերի կարևոր
բաղադրամասը:
Մյուս կարևոր բաղադրամասը համարվում են պայմանագրերի կնքման
հետ կապված ծախսերը: Սովորաբար պայմանագրերի կնքման գործընթացը
որոշակի ծախսեր է պահանջում: Դրանք ուղեկցվում են անհրաժեշտ
փաստաթղթերի մշակմամբ, ձևակերպմամբ, հաստատմամբ, որոնք ենթադրում
են համապատասխան վճարովի ծառայությունների, նյութական միջոցների և
ժամանակի ծախս: Ժամանակը ամենաթանկ կապիտալն է, որի կորուստը
անդառնալի է: Գործարքների կնքման արագությունը և գործնականությունը
նպաստում են ժամանակի խնայմանը, ինչի շնորհիվ ապահովվում է
արտադրության անընդհատությունը, միջոցների արդյունավետ օգտագործումը:
Այսպիսով` թեև պայմանագրերի կնքումն ուղեկցվում է որոշակի ծախսերով,
բայց դրանք անհրաժեշտ են և նպաստում են տնտեսության զարգացմանը:
Իրենց արդյունքն իրացնելու համար վաճառողները պետք է բավարարեն
սպառողների պահանջները դրա գնահատման (չափման) բոլոր պարամետրերը
ապահովելու միջոցով: Սպառողը պետք է համոզված լինի, որ տվյալ արդյունքն
ունի անհրաժեշտ որակ: Դրա համար վաճառողը (կամ իրացնողը) պետք է
ապահովված լինի անհրաժեշտ միջոցներով, որոնք հնարավորություն կտան
գնահատելու (չափելու) տվյալ արդյունքի որակական հատկությունները: Իսկ
դա ևս որոշակի ծախսեր է պահանջում: Հետևապես` արդյունքի որակի
գնահատման ծախսերը նույնպես անհրաժեշտ են և նպաստում են արդյունքի
իրացմանը, ինչը տնտեսական գործունեության կարևոր փուլերից է: Դրանք
համարվում են գործարքային ծախսերի բաղկացուցիչ մաս:
Տնտեսավարող սուբյեկտն իր սեփական միջոցների անվտանգությունն
ապահովելու և դրանք մեկ այլ սուբյեկտի փոխանցելու, սեփականության
իրավունքի պաշտպանության և ամրագրման հետ կապված` բազմաթիվ ծախսեր է
կատարում: Դրանք վերաբերում են տարբեր կազմակերպությունների, պետական
կառույցների (դատական համակարգ, իրավապահ մարմիններ,
համապատասխան նախարարություններ և այլն) համագործակցության
անհրաժեշտ վճարումներին, որոնք անխուսափելի են և սեփականության
իրավունքի պաշտպանության համար խիստ անհրաժեշտ: Այդ վճարումները
գործարքային ծախսերի հաջորդ կարևոր բաղադրամասն են կազմում:
Տնտեսական կյանքում տարբեր արտադրողներ միմյանց նկատմամբ
գտնվում են մրցակցության մեջ: Նրանք ձգտում են մեծացնել իրենց
գործունեության շրջանակը ավելի մեծ թվով սպառողներ ընդգրկելու
ճանապարհով: Այդ հանգամանքը շատ հաճախ ձևավորում է, այսպես կոչված,
օպորտունիստական կամ ոչ օրինական վարքագիծ, ինչը դրսևորվում է
կեղծարարության, խաբեության, տեղեկատվության խեղաթյուրման,
չարտոնված գովազդային հնարքների միջոցով: Այդպիսի վարքագծի դեմ
պայքարը պահանջում է համապատասխան ծախսեր: Օրինակ`
ձեռնարկություններն ունեն իրենց գործակալները, որոնք հավաքում են
անհրաժեշտ տեղեկություններ նման վարքագիծը կանխելու համար: Դրա
համար ձեռնարկությունները օգտագործում են բազմաթիվ սարքավորումներ,
միջոցներ, մասնագետներ և այլն: Այդ ամենը պահանջում է բազմաթիվ ծախսեր:
Օպորտունիստական վարքագծի դեմ պայքարը և դրանով պայմանավորված
ծախսերը հնարավորություն են տալիս ապահովելու տնտեսական
գործունեության բնականոն պայմաններ, հակառակ դեպքում կորուստներն
անհամեմատ ավելի մեծ կլինեն: Պարզ է, որ այն երկրներում, որտեղ առկա է
օրենքի գերակայությունը, նման օպորտունիստական վարքագծի դրսևորումները
կունենան սահմանափակ հնարավորություններ, հետևաբար, կկրճատվեն
գործարքային ծախսերը:
Այսպիսով` գործարքային ծախսերը կապված են. 1) անհրաժեշտ
տեղեկատվության ձեռքբերման, 2) պայմանագրերի կնքման, 3) արդյունքի որակի
գնահատման (չափման), 4) սեփականության պահպանման և փոխանցման, 5)
օպորտունիստական վարքագծի դիմակայման հետ: Տնտեսական
արդյունավետության բարձրացման ուղղություններից է գործարքային ծախսերի
կրճատումը: Դրա ապահովումը մեծ չափով կախված է գործող տնտեսական
համակարգի բնույթից:
Տնտեսական համակարգը և դրա հիմնական տեսակները

Գոյություն ունեն տնտեսական համակարգի տարբեր բնորոշումներ:


Տնտեսական համակարգը նյութական և ոչ նյութական բարիքներ
արտադրողների և սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների
ամբողջությունն է: Մեկ այլ բնորոշմամբ` տնտեսական համակարգը որոշումներ
ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջությունն
է, ինչը վերաբերում է արտադրությանը, եկամտին և սպառմանը որոշակի
աշխարհագրական տարածքի սահմաններում:
Փ. Պրայորի կարծիքով` տնտեսական համակարգը ընդգրկում է բոլոր
ինստիտուտները, կազմակերպությունները, օրենքները, ավանդույթները,
համոզմունքները, արգելքները, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում
են տնտեսական վարքագծի վրա: Ներկայացված սահմանումների ճշգրիտ լինելու
հանգամանքը պարզելու համար նախևառաջ կարևոր է ներկայացնել
<<ինստիտուտ>> հասկացության բովանդակությունը:
Ինչպես հայտնի է, մարդկանց միջև փոխհարաբերությունները
կարգավորվում են սերնդեսերունդ շարունակվող սովորույթներով,
ավանդույթներով, բարոյական նորմերով և հավատքի սկզբունքներով: Օրինակ`
երկար ժամանակ, հայկական սովորույթի համաձայն, ունեցվածքը տնօրինում էր
ընտանիքի կրտսեր որդին, իսկ դուստրը զրկված էր նման իրավունքից:
Ավանդույթի համաձայն` ամուսինների բաժանումը համարվել է անթույլատրելի:
Նման սովորույթներն ու ավանդույթները բազմաթիվ են, որոնց միջոցով
կարգավորվել են մարդկանց, ընտանիքների, տարբեր սոցիալական խմբերի
(ստրուկներ, ճորտեր, ազատ քաղաքացիներ, ազնվականներ և այլն) միջև
փոխհարաբերությունները: Այսինքն` մենք գործ ունենք
փոխհարաբերությունների կարգավորման նորմերի հետ, որոնք ավանդաբար
փոխանցվում են սերնդեսերունդ և ունեն ազգային բնույթ: Դա կոչվում է նաև
ազգային արժեքային համակարգ:
Այսպիսով` մարդկանց միջև փոխհարաբերությունների կարգավորման
գործում էական դեր ունեն սովորույթը, ավանդույթը, կրոնական և բարոյական
սկզբունքները, որոնք, պայմանավորված լինելով տվյալ ազգի կամ
հասարակության կենսագործունեության արժեքային համակարգով, կոչվում են ոչ
ձևական նորմեր:
Մարդկանց միջև փոխհարաբերությունների կարգավորման առումով,
ոչ ձևական նորմերին զուգընթաց, գործում են նաև ձևական նորմերը: Ձևական
նորմեր են համարվում ընդունված իրավական նորմերը: Դատական
համակարգը, իրավական նորմերի կիրառման ճանապարհով, կոչված է
կարգավորելու մարդկանց միջև փոխհարաբերությունները, որոնք վերաբերում
են նրանց ունեցվածքին, անվտանգությանը, ազատությանը, աշխատանքի
պաշտպանությանը: Այդ նպատակով ընդունվում են համապատասխան օրենքներ,
որոնց խախտման դեպքում մարդիկ ստանում են որոշակի պատիժներ:
Այսպիսով` մարդկանց միջև փոխհարաբերությունները կարգավորվում են
ոչ ձևական և ձևական նորմերի միջոցով: Ոչ ձևական և ձևական նորմերի
ամբողջությունը կոչվում է ինստիտուտ: Ինստիտուտը գործում է որոշակի
կառույցի միջոցով: Որպես այդպիսի կառույց կարող են համարվել ընտանիքը,
հասարակական կազմակերպությունները, պետությունը` իր բազմաթիվ
ենթահամակարգերով (արդարադատություն, Կառավարություն, Ազգային ժողով
և այլն), քաղաքական միավորումները, տնտեսական կառույցները
(աշխատանքի, կապիտալի, ռեսուրսների շուկա, բանկային, սեփականության,
բորսաների համակարգ և այլն), որոնց միջոցով կարգավորվում են մարդկանց
փոխհարաբերությունները` կապված ընտանեկան, քաղաքական, սոցիալական,
իրավական, տնտեսական տարաբնույթ գործունեության հետ: Այդ կառույցների
արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված սահմանափակ ռեսուրսների
ռացիոնալ օգտագործումը: Այսպես օրինակ` եթե արդարադատության
ինստիտուտը` իրեն բնորոշ կառույցներով, չի կարողանում հաստատել օրենքի
գերակայություն, ապա սեփականության իրավունքի սկզբունքները չեն գործում,
ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսավարող սուբյեկտների գործարար
ակտիվության վրա: Քաղաքական կուսակցությունների ինստիտուտի
կայացումը շատ կարևոր է ժողովրդավարության սկզբունքների իրագործման և
բռնապետական իշխանական համակարգի բացառման համար:
Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ հասարակական հարաբերությունների (
նաև` տնտեսական) կարգավորման գործում առանցքային է ինստիտուտների
դերը:
Հետևաբար` տնտեսական համակարգը համապատասխան
ինստիտուտների փոխհարաբերությունն է, որի նպատակն է արդյունքների
արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման ապահովումը
ռեսուրսների արդյունավետ օգտագործման պայմաններում:
Հասարակության զարգացման պատմության ընթացքում գոյություն ունեցող
տնտեսական համակարգերի բնույթը տարբեր է եղել:
Դրանք են. շուկայական տնտեսություն, ավանդական, վարչահրամայական,
խառը և անցումային տնտեսություն:
Շուկայական տնտեսություն

Շուկայական տնտեսությունը բնութագրվում է արտադրողների


տնտեսական ազատությամբ, աշխատանքի բաժանմամբ պայմանավորված
տնտեսական առանձնացվածությամբ, ունեցվածքի նկատմամբ
սեփականության տարբեր ձևերի առկայությամբ, բարիքների կայուն
փոխանակությամբ: Տնտեսական ազատության պայմանը արտադրողի
ինքնուրույնությունն է արդյունքի թողարկման, գնի սահմանման,
պայմանագրերի կնքման, կատարված աշխատանքի դիմաց վճարման,
ունեցվածքի տնօրինման, տիրապետման և օգտագործման, բարիքների
իրացման շուկաների ընտրության գործում և այլն: Այս ամենը արտադրողների
միջև ձևավորում է մրցակցություն՝ ավելի մեծ քանակությամբ սպառողներ ձեռք
բերելու համար, ինչը նրանց ստիպում է նվազագույն ծախսերով թողարկել ավելի
որակյալ արտադրանք: Դա հանգեցնում է սահմանափակ ռեսուրսների
արդյունավետ օգտագործման և աշխատանքի արտադրողականության
բարձրացման: Արտադրողը ավելի մեծ եկամուտ ստանալու համար ձգտում է
շուկայից դուրս մղել իր մրցակիցներին: Հետևապես` նա պետք է արդյունքն
արտադրի ավելի քիչ ծախսերով, որպեսզի կարողանա իրացնել համեմատաբար
ցածր գներով: Իսկ դա հնարավոր է ռեսուրսների խնայողաբար օգտագործմամբ,
որին մեծ չափով նպաստում է նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրումը
արտադրության մեջ:
Շուկայական տնտեսության պայմաններում արտադրողի հիմնական
կողմնորոշիչը սպառողի պահանջարկն է, որը թելադրում է, թե արտադրողը ինչ
արդյունք պետք է թողարկի: Սական արտադրողը, ելնելով շուկայում առկա
պահանջարկից, ինքն է որոշում, թե արդյունքի արտադրության համար
անհրաժեշտ ռեսուրսները (կապիտալ, բնական ռեսուրսներ, աշխատանք)
որտեղից և որ տնտեսավարող սուբյեկտից պետք է ձեռք բերի կամ գնի:
Փաստորեն, արտադրողները գտնվում են անհրաժեշտ
փոխհարաբերությունների մեջ: Պարզ է, որ գոյություն ունի ոչ միայն անձնական
(հագուստ, ավտոմեքենա, սնունդ, բնակարան և այլն), այլև արտադրական
(մեքենաներ, սարքավորումներ, հումք, նյութեր, բնական ռեսուրսներ,
գիտատեխնիկական միտք և այլն) սպառում: Այսինքն` արտադրողը արդյունք
թողարկելու համար պետք է օգտագործի մյուս արտադրողների արտադրանքը:
Այս տեսանկյունից` ամբողջ տնտեսությունը արտադրողների և սպառողների
փոխհարաբերությունների համակարգ է, որը կարգավորվում է ինքնաբերաբար,
առանց որևէ մեկի թելադրանքի: Միակ թելադրողը շուկայում ձևավորված
պահանջարկն է: Տնտեսագիտական գրականության մեջ
փոխհարաբերությունների այս ձևը կոչվում է հորիզոնական համակարգում
(կոորդինացիա) կամ ինքնակարգավորվող (ինքնաբերաբար կարգավորվող)
տնտեսություն: Դա Ա. Սմիթի հայտնի <<անտեսանելի ձեռքի>> տեսությունն է,
համաձայն որի` անհրաժեշտ է ապահովել արտադրողների լիիրավ
ազատություն, որոնց միջև փոխհարաբերությունը պետք է կարգավորվի
շուկայում ձևավորված պահանջարկի և դրանից բխող առաջարկի միջոցով:
Պատմականորեն տնտեսության կազմակերպման այդ ձևը ապացուցել է
իր կենսունակությունը, որը վերջին 300 տարվա ընթացքում ապահովել է
մարդկության կտրուկ զարգացում և աներևակայելի առաջընթաց
կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Պետք է նշել, որ շուկայական տնտեսությունը հազարամյակների
պատմություն ունի: Աշխատանքի հասարակական բաժանումը և փոխանակային
հարաբերությունները, ինչպես նաև սեփականության բազմաձևությունը
ձևավորել են շուկայական տնտեսակարգը:
Բայց դրան զուգընթաց գործել է ավանդական տնտեսաձևը` իրեն
բնորոշ դրսևորումներով, որտեղ առանցքային է եղել պետության
դերակատարությունը տնտեսական կյանքի կարգավորման գործում:
Պետության ինստիտուտը միշտ էլ եղել է և կշարունակի գոյատևել, և այս առումով
կպահպանվի նրա տնտեսական դերակատարությունը: Խնդիրն այն է, թե
ինչպիսին է հասարակարգը (բռնապետական, ամբողջատիրական,
ժողովրդավարական), որից էլ կախված է պետության տնտեսական
դերակատարության բնույթը: Մինչև 17-18-րդ դարերը հիմնականում տիրապետող
են եղել բռնապետական սկզբունքների վրա կառուցված պետական
համակարգերը: 18-րդ դարից հետո մարդկության պատմության մեջ սկսվում է
մի նոր դարաշարջան` ժողովրդավարական սկզբունքների հաղթանակը:
Ուշագրավ է այն փաստը, որ ժողովրդավարական սկզբունքների վրա կառուցված
պետական համակարգի պայմաններում շուկայական տնտեսաձևը ապահովում է
զարգացման բարձր մակարդակ կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Վերևում ներկայացվեց <<մաքուր>>, <<կատարյալ>> կամ իդեալական
շուկայական տնտեսաձևը: Իրական կյանքում մենք գործ ունենք խառը
տնտեսության հետ:
Ավանդական, վարչահրամայական, խառը և անցումային տնտեսություններ

Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված


ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և
մշակութային մակարդակի վրա: Դրանց հիմքի վրա են ձևավորվում
համապատասխան ինստիտուտները:
Նախնադարում համայնքը ղեկավարում էին փորձված և համեմատաբար
հմուտ անձինք, ովքեր կազմակերպում էին արտադրությունը և ստեղծված
բարիքները բաշխում ըստ իրենց ունեցած հասարակական դիրքի: Այսինքն`
առկա էր ոչ միայն հասարակական, այլև տնտեսական կյանքի կարգավորման
սկզբունքը:
Այդ սկզբունքը հետագայում պահպանվում է հիմնականում միապետական
քաղաքական համակարգի գործունեության հետևանքով, երբ երկիրը
կառավարվում էր գրեթե անսահմանափակ իշխանություն ունեցող անհատների
(թագավոր, ցար, կայսր, խան, բռնակալ և այլն) կողմից:
Պետք է նշել, որ ավանդական տնտեսությունը հատկապես բնորոշ է
բնատնտեսությանը: Բնատնտեսության հիմնական բնութագիրն այն է, որ
արտադրողները (ընտանիքի կամ համայնքի ներկայացուցիչները) իրենց
կարիքների բավարարման համար անհրաժեշտ բոլոր բարիքներն իրենք են
արտադրում, և գրեթե գոյություն չունի դրանց փոխանակություն:
Որպես վարչահրամայական տնտեսության դասական օրինակ կարող է
ծառայել Խորհրդային Միության կենտրոնացված պլանային համակարգը: Դրա
հիմնական հատկանիշներն են`
1. Մասնավոր սեփականության վերացումը և, այսպես կոչված,
պետական (հասարակական) սեփականության հաստատումը ունեցվածքի
նկատմամբ: Այդ ժամանակ մասնավոր սեփականության առարկա էր
համարվոմ միայն անձնական օժանդակ տնտեսության հողը, դրա մշակման
համար անհրաժեշտ գործիքները, այդ տարածքում կառուցված տունը,
ավտոմեքենան, տան իրերը, ձեռք բերված կենսական միջոցները:
2. Անհրաժեշտ բարիքների արտադրության, ռեսուրսների
բաշխման որոշումը կայացվում էր կենտրոնական իշխանությունների
(խորհրդային համակարգի դեպքում` պլանային մարմինների) կողմից: Հինգ
տարվա համար որոշվում էր, թե արտադրական ձեռնարկությունները ինչ պետք
է արտադրեն և ինչ քանակությամբ: Հումքի, նյութերի, սարքավորումների,
մեքենաների և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումը իրականացվում էր
նախապես մշակված պլաններին համապատասխան: Արդյունքի թողարկման,
մատակարարման պլանները համարվում էին պետական դիրեկտիվ, այսինքն`
դրանց կատարումը պարտադիր էր, իսկ չկատարելու դեպքում ձեռնարկության
ղեկավարությունը ենթարկվում էր պատասխանատվության, անգամ` քրեական,
որովհետև պլանը համարվում էր օրենք, իսկ չկատարումը` դրա խախտում:
3. Արդյունքների նկատմամբ սահմանվում էին գներ (բացառությամբ
գյուղացիական օժանդակ տնտեսության արդյունքների), որոնցից շեղումը
համարվում էր օրենքի խախտում, և մեղավորների նկատմամբ կիրառվում էին
համապատասխան պատժամիջոցներ:
4. Սահմանվում էր յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը:
5. Ստեղծված արդյունքի և դրա դիմաց ստացվելիք եկամտի
փոխկապվածությունը թույլ էր: Գործում էր արտադրողի, այլ ոչ թե սպառողի
գերակայությունը: Այդ պայմաններում արտադրողը անհրաժեշտ
նյութական շահագրգռվածություն չուներ արդյունքը որակով արտադրելու
համար:
6. Գոյություն չուներ մրցակցություն արտադրողների միջև:
Վերը նշված վարչահրամայական տնտեսությանը բնորոշ հիմնական
հատկանիշների պատճառով համակարգը չէր կարող ապահովել անհրաժեշտ
կենսունակություն, որովհետև դրանք արգելակում էին արտադրողի նյութական
շահագրգռվածությունը ստեղծվող արդյունքի նկատմամբ: Հետևաբար
ռեսուրսների արդյունավետ օգտագործումը մղվում էր երկրորդ պլան:
Վարչահրամայական համակարգը հիմնված է ուղղահայաց համակարգման
(կոորդինացիայի) վրա:
Խառը տնտեսությունը շուկայական ինքնակարգավորման և պետական
կարգավորման տնտեսական մոդելների համադրությունն է: Պատմականորեն
խառը տնտեսաձևը, այս կամ այն երկրի զարգացման առանձնահատկությունից և
ժամանակաշրջանի բնույթից կախված, տարբեր է եղել
Սովորաբար տիրապետող է այն կարծիքը, համաձայն որի` <<տնտեսության
անցումային փուլը պատմական ոչ երկարատև ժամանակաշրջան է, որի
ընթացքում ավարտվում է վարչահրամայական համակարգի կազմալուծումը և
հիմնական շուկայական ինստիտուտների ձևավորումը>>: Սակայն անցումային
տնտեսությունն ավելի լայն ընդգրկում ունի և վերաբերում է ոչ միայն
վարչահրամայականից շուկայական, այլև ընդհանրապես մեկ տնտեսաձևից
մյուսին անցնելու օրինաչափությունների համակարգին:
Սեփականության էությունը, սեփականության ձևերը

Ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը ձգտելու արդյունքում


ձևավորվել է սեփականությունը: Սեփականության հիմքում ընկած է ռեսուրսի
սակավությունը: Ռեսուրսի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը
պահանջում է դրա նկատմամբ հսկողություն կամ տիրապետման հաստատում:
Այլապես՝ տնտեսավարող սուբյեկտը չի ունենա անհրաժեշտ
շահագրգռվածություն ոչ միայն առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու,
այլև այս կամ այն արդյունքը ստեղծելու առումով: Ելնելով դրանից`
տնտեսագիտական գրականության մեջ գոյություն ունի այն տեսակետը,
համաձայն որի` սեփականությունը նախևառաջ արտահայտում է մարդկանց
հարաբերությունները` կապված ռեսուրսի տիրապետման հետ:
Որևէ բարիքի ստեղծման համար ռեսուրսների նկատմամբ տիրապետման
հարաբերությունները դեռևս բավարար չեն: Ուստի ձևավորվում են որոշակի
հարաբերություններ` կապված ռեսուրսի օգտագործման հետ: Ռեսուրսն
օգտագործելու համար տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում է
արտադրություն: Ըստ ռեսուրսների տիրապետման և օգտագործման՝
տրամաբանորեն ենթադրվում է, որ սուբյեկտը պետք դա տնօրինի: Տնօրինումը
նշանակում է, որ ելնելով ռեսուրսի արդյունավետ օգտագործման պահանջից՝
տնտեսվարողը դա կիրառում է ըստ նպատակահարմարության. այսպես`
անհատույց տրամադրում կամ վաճառք, ժառանգաբար փոխանցում իր
սերունդներին կամ այլ անձանց, բարիքի սպառում, ոչնչացում, վերջին հաշվով`
որևէ ձևով օտարում:
Այսպիսով` սեփականությունը ռեսուրսի կամ բարիքի տիրապետման,
օգտագործման և տնօրինման հարաբերությունն է: Սա համարվում է
սեփականության տնտեսական բովանդակությունը: Սեփականությունն ունի նաև
իրավական բովանդակություն: Ցանկացած հասարակական հարաբերություն
կարգավորվում է համապատասխան իրավական նորմերով: Ռեսուրսի
տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունները, որոնք
արտահայտում են սեփականության բուն բովանդակությունը, ամրագրվելով
որոշակի իրավունքի նորմերով, հաստատում են գույքային միջոցների
պատկանելությունը տվյալ սուբյեկտին: Մի շարք օրենքներով պաշտպանվում է
սեփականատերերի իրավունքը:
Այսպիսով` սեփականությունն ունի և՛ տնտեսական, և՛ իրավական
բովանդակություն:
Սեփականության տնտեսական և իրավական տարրերը հանդես են գալիս
միասնաբար: Դրա բացահայտման առումով առանցքային է սեփականության
իրավունքի տեսության դերը, որի հիմնադիրներն են ամերիկացի տնտեսագետներ
Ռոնալդ Քոուզը և Արմեն Ալչյանը: Այդ տեսության հիմքի վրա առաջ է քաշվում
սեփականության իրավունքի փնջի գաղափարը: Սեփականության իրավունքի
փունջը կոչվում է <<Օնորեի ցանկ>> (ի պատիվ անգլիացի իրավաբան Ա.
Օնորեի), որը բաղկացած է 11 տարրից: Դրանք են.
1. Տիրապետման իրավունքը, ինչը նշանակում է բարիքների նկատմամբ
բացառապես ֆիզիկական հսկողություն:
2. Օգտագործման իրավունքը: Ռեսուրսի օգտակար հատկությունների
օգտագործման իրավունքը:
3. Կառավարման իրավունքը: Որոշում կայացնելու իրավունքը, այսինքն`
ով և ինչպես պետք է ապահովի ռեսուրսների օգտագործումը: Ռեսուրսի
սեփականատերը կարող է դա տրամադրել մեկ այլ սուբյեկտի օգտագործմանը և
նրանից պահանջել իր եկամտի մասը:
4. Եկամտի նկատմամբ իրավունքը: Ռեսուրսն օգտագործելով`
սեփականատերը պետք է ունենա դրանից ստացվող եկամուտը տնօրինելու
իրավունք:
5. Ինքնուրույնության կամ գերիշխանության իրավունքը: Սեփականատերը
պետք է իրավունք ունենա իր միջոցները սպառելու, փոխանակելու, ոչնչացնելու և
այլն:
6. Անվտանգության իրավունքը: Ռեսուրսի կամ բարիքի սեփականատերը
պետք է ունենա դրանք պաշտպանելու հնարավորություն, որն իրականացվում է
համապատասխան օրենքների կիրառման միջոցով:
7. Սեփական բարիքը կամ ռեսուրսը ժառանգաբար փոխանցելու
իրավունքը:
8. Ռեսուրսի կամ բարիքի նկատմամբ անժամկետ տիրապետման
իրավունքը:
9. Վնասակար ձևով ռեսուրսների կամ միջոցների օգտագործման
արգելումը:
10. Սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու իրավունքը
տույժի և տուգանքի կիրառմամբ:
11. Խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը:
Սեփականության ինստիտուտը առանցքային նշանակություն ունի
տնտեսության զարգացման գործում:
Սեփականության ձևերը
Պատմականորեն գոյություն ունեն սեփականության հետևյալ ձևերը.
1. Մասնավոր սեփականություն: Հասարակության անդամներին
պատկանող ռեսուրսների և բարիքների ամբողջությունը համարվում է նրանց
մասնավոր սեփականության օբյեկտը:
Սեփականության մասնավոր ձևը պատմականորեն համարվել է
տիրապետող և շուկայական տնտեսության ձևավորման կարևոր պայմաններից
մեկը:
2. Կոլեկտիվ սեփականություն: Ռեսուրսների արդյունավետ
օգտագործումը, արտադրության բնույթից կախված, պահանջում է, որ
սեփականատերերը միավորեն իրենց միջոցները: Որպես այդպիսի օրինակ են
հանդիսանում բաժնետիրական ընկերությունները: Բաժնետիրական ընկերության
սեփականատերը մի քանի (երբեմն բազմաթիվ) սուբյեկտներ են: Դա կոլեկտիվ
սեփականության ձև է:
3. Պետական սեփականություն: Պետության բազմաթիվ ներքին և
արտաքին գործառույթները (կառավարման, պաշտպանության ու
անվտանգության, տնտեսական կազմակերպական, սոցիալ-մշակութային)
պահանջում են հսկայական միջոցներ, որոնք դառնում են պետական
սեփականության օբյեկտներ:
Սեփականության հատկորոշումը (սպեցիֆիկացիան): Քոուզի թեորեմը

Ռեսուրսների` իբրև սեփականության օբյեկտի օգտագործման արդյունքում


տնտեսավարող սուբյեկտը պետք է ունենա իր օգուտը, ինչը կարող է հանդես գալ
տարբեր ձևերով: Կապիտալի սեփականատերը փորձում է դրա օգտագործման
միջոցով ստանալ եկամուտ, որն արտահայտվում է տոկոսի ձևով: Աշխատուժի
սեփականատերը իր օգուտը ստանում է որպես աշխատավարձ:
Այդ առնչությամբ Պ. Հեյնեն գրում է. <<Սեփականության իրավունքը
որոշակի ռեսուրսների օգտագործման վերահսկման և ձևավորված ծախսերի ու
օգուտների բաշխման իրավունքն է>>: Այս առումով, ռեսուրսի սեփականատերը,
ելնելով ծախսերի և օ•ուտների (եկամուտների) համադրումից, կարող է այն
փոխանցել այնպիսի անձի, ով արդյունավետ օգտագործելու ավելի մեծ
հնարավորություն ունի: Օրինակ` շքեղ ամառանոցի (իբրև կապիտալ)
մոտակայքում կառուցված գործարանի աղմուկը դրա սեփականատիրոջ օգուտը
(տվյալ դեպքում` ակտիվ հանգիստը) կարող է հասցնել նվազագույնի: Հետևաբար`
կապիտալը կարժեզրկվի, և ամառանոցի տերը պետք է մտածի դրա օգտագործման
այլընտրանքների (մեկ այլ սուբյեկտի տնօրինությանը փոխանցելու) մասին:
Ամբողջ տնտեսական համակարգը ներկայացնում է սահմանափակ
ռեսուրսի սեփականատերերի անընդհատ փոփոխություն, որի նպատակն է դրա
առավել արդյունավետ (այսինքն` ավելի մեծ օգուտ ստանալն) օգտագործումը:
Փաստորեն, սեփականության իրավունքի ձեռքբերումը ենթադրում է մյուսներին
զրկել (կամավոր, իսկ երբեմն նաև` հարկադրաբար) դրանից, որովհետև
ռեսուրսները սահմանափակ են:
Այն գործընթացը, երբ որևէ ռեսուրսի տնօրինման, օգտագործման և
տիրապետման իրավունքը փոխանցվում է մեկ ուրիշին, տնտեսագիտական
գրականության մեջ կոչվում է սեփականության հատկորոշում (սպեցիֆիկացիա):
Հատկորոշման իմաստը և նպատակն է սեփականություն ձեռք բերելու
պայմաններ ստեղծել նրա համար, ով այն գնահատում է ավելի բարձր և ունակ է
դրանից կորզելու մեծ օգուտ: Փաստորեն, սեփականության հատկորոշումը
հնարավորություն է տալիս ռեսուրսները տնտեսավարող սուբյեկտների միջև
բաշխել այնպես, որ ապահովվի դրանց օգտագործման ավելի մեծ
արդյունավետություն: Այդ բաշխումը տեղի է ունենում շուկայական
ինքնակարգավորման կամ Ա. Սմիթի <<անտեսանելի ձեռքի>> միջոցով, երբ
առանցքային է պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության կար•ավորիչ
դերը:
Դրա վերաբերյալ Ռ. Քոուզը գրում է. <<Եթե որևէ գործունեություն
իրականացնելու իրավունքը կարող է գնվել և վաճառվել, այն ի վերջո ձեռք են
բերում նրանք, ովքեր բարձր են գնահատում դրա պարգևած արտադրության
հնարավորությունները կամ զվարճությունը: Այդ գործընթացում իրավունքը
կարող է ձեռքբերվել, բաժանվել և զուգակցվել այնպես, որ իրականացվող
գործունեությունն ապահովի եկամուտ, որն ունի ամենաբարձր շուկայական
արժեքը>>: Այդ օրինաչափությունը տնտեսագիտության տեսության մեջ հայտնի է
որպես Քոուզի օրենք:
Շուկայական ինքնակարգավորումը հնարավորություն է տալիս
իրականացնելու սեփականության իրավունքի ազատ փոխանակություն: Միայն
այդ դեպքում է հնարավոր սեփականությունը (մեր օրինակում` ամառանոցը կամ
ձեռնարկությունը) փոխանցել այն սուբյեկտին, որը դա գնահատում է
ամենաբարձր գնով:
Արժեքի հիմնախնդիրը

Արժեքի հիմնախնդիրը հիմնականում կապված է ռեսուրսների


սահմանափակության հետ: Բարիքի սակավությունը (սահմանափակությունը)
արժեքի տարր է: Այս կամ այն ռեսուրսի և բարիքի արժևորման հիմքում դրանց
սահմանափակությունն է: Ռեսուրսի ռացիոնալ օգտագործման
անհրաժեշտությունը ստիպում է մարդկանց ստեղծելու տնտեսության
կազմակերպման արդյունավետ ձևեր: Մինչ այժմ մարդկությանը հայտնի
ամենաարդյունավետ տնտեսաձևը շուկայականն է, որը հիմնված է ազատ
արտադրողների արդյունքների փոփոխության վրա: Աշխատանքի
հասարակական բաժանման արդյունքում փոխանակությունը դառնում է
անխուսափելի: Պետք է նշել, որ աշխատանքի հասարակական բաժանումը
նույնպես պայմանավորված էր ռեսուրսների արդյունավետ օգտագործման
անհրաժեշտությամբ (այդ խնդրին կանդրադառնանք հաջորդ թեմայում):
Փոխանակային հարաբերությունների ժամանակ ավելի է ընդգծվում ռեսուրսի
կամ արդյունքի արժեքի հիմնախնդիրը, թեև բնատնտեսության ժամանակ էլ
ռեսուրսի արժևորումը եղել է անխուսափելի:
Մարդու ամենօրյա գործունեությունը, անկախ տնտեսավարման ձևերից,
պայքար է սահմանափակ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար:
Նախնադարում մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար հայթայթում էին
բնության բարիքներ, որոնք նույնպես սահմանափակ էին: Քարե կամ փայտե
գործիքները նրանց համար մեծ արժեք էին ներկայացնում, որոնց օգնությամբ
կարողանում էին սահմանափակ ռեսուրսների միջոցով ստեղծել բարիքներ:
Հետևապես` արժեքը, որպես տնտեսական կատեգորիա, մարդու կողմից
սահմանափակ ռեսուրսների գնահատականն է, որոնք բավարարում են նրա այս
կամ այն պահանջմունքը:
Արտադրողների համար կարևոր է տարբեր բարիքների (ցորենի, կոշիկի,
կոստյումի, պանրի, մսի և այլն) փոխանակային հարաբերակցության,
այսինքն` դրանց արժեքի մեծության որոշումը: Բարիքների փոխանակությունը
բախվում է երկու հիմնական խնդրի. առաջին` ի՞նչն է պայմանավորում
արժեքը, երկրորդ` ո՞րն է դրա մեծությունը, կամ ինչպե՞ս չափել դա: Արդեն
ներկայացվեց, որ արժեքը պայմանավորված է ռեսուրսի
սահմանափակությամբ: Այսպիսով` արժեքը սահմանափակ ռեսուրսների և
դրանց միջոցով ստեղծված բարիքների գնահատականն է, որը դրսևորվում է
դրանց փոխանակային հարաբերակցության միջոցով: Իսկ ո՞րն է արժեքի
մեծությունը, ինչպե՞ս չափել դա: Այդ հարցերին պատասխանելու նպատակով
ստեղծվել են մի շարք տեսություններ:
Արժեքի աշխատանքային տեսությունը

Այս տեսությունը դարավոր պատմություն ունի, որի արմատները ձգվում են


մինչև անտիկ քաղաքակրթություն: Այն որոշակիորեն համակարգվեց
անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության)
ներկայացուցիչների կողմից` հանձինս Վիլյամ Պետիի, Ադամ Սմիթի և Դավիթ
Ռիկարդոյի: Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց
գերմանացի տնտեսագետ Կարլ Մարքսը:
Արժեքի աշխատանքային տեսության համաձայն` երկու տարբեր
սպառողական հատկություններ ունեցող բարիքների` A-ի և B-ի համար
ընդհանրականն այն է, որ դրանք մարդու աշխատանքի արդյունք են: Հենց
արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը: Երբ
փոխանակության ժամանակ A=B, նշանակում է` A արդյունքի վրա ծախսվել է
այնքան աշխատանք, որքան B-ի վրա: Արդյունքի մեջ առարկայացած
աշխատանքը, ըստ Կ. Մարքսի, երկակի բնույթ ունի: Դա մի կողմից՝
որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից` վերացական: Որպես
որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական
հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն):
Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են: Այդ
տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների,
գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի
արդյունքի (հաց, կոշիկ, կոստյում և այլն) միջոցով: Անկախ ծախսված որոշակի
աշխատանքի բնույթից` այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի
(մկանների, ուղեղի, նյարդերի և այլն), այսինքն` աշխատանքի ծախսում
ընդհանրապես: Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա
արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես: Դա էլ
վերցական (աբստրակտ) աշխատանքն է: Արժեքն, ըստ Կ. Մարքսի, արդյունքի
մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է: Յուրաքանչյուր
բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության
ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք:
Հաջորդ խնդիրը կապված է արդյունքի (բարիքի) արժեքի մեծության
որոշման հետ: Ըստ նշված տեսության` արդյունքի արժեքի մեծությունը
որոշվում է դրա արտադրության համար հասարակայնորեն անհրաժեշտ
աշխատանքի քանակով և չափվում է աշխատանքային ժամանակով:
Այսպիսով` արժեքի աշխատանքային տեսությունը փորձում է գտնել A և B
բարիքների արժեքների հավասարության հիմքը: Պարզվում է` դա ծախսված
հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքն է, որը չափվում է
աշխատաժամանակով: Եթե A արդյունքի որոշակի քանակություն փոխանակվում
է B արդյունքի որոշակի քանակության հետ, ապա, ըստ այդ տեսության, դրանց
արտադրության վրա ծախսվել է նույն աշխատաժամանակը:
Արժեքի աշխատանքային տեսության գաղափարախոսները, հատկապես Կ.
Մարքսը, պարզորոշ տեսնում էին, որ ժամանակի և տարածության մեջ
փոխանակության ընթացքում անընդհատ փոփոխվում են տարբեր
արդյունքների արժեքները կամ փոխանակային համամասնությունները:
Այսինքն` եթե անցյալում A=B, ապա ներկայումս` A=B1, կամ A1=B, կամ A1=B1:
Ակնհայտ է հետևյալ հակասությունը. եթե արդյունքների արժեքների
մեծության հիմքում աշխատանքային ծախսումներն են, ապա դրանց
անփոփոխության պայմաններում ինչու՞ է տեղի ունեցել փոխանակային
համամասնությունների փոփոխություն:
Կ. Մարքսը փորձեց հիմնավորել, որ վերը նշված շեղումները, ասելով, որ
նույն արդյունքը գնահատելու համար նրա կողմից օգտագործվում է երկու
հասկացություն` արժեք և գին: Արժեքը հասարակայնորեն անհրաժեշտ
աշխատանքային ծախսումների կրողն է, իսկ գինը` այդ արդյունքի արժեքի
դրամական արտահայտությունը: Իրական կյանքում գինը անընդհատ փոխվում
է, հետևապես չի համապատասխանում արժեքին:
Կ. Մարքսը նշում է նաև, որ ուրաքանչյուր գնորդ նաև վաճառող է:
Եթե նա, իբրև վաճառող, շահում է իր արդյունքի գնի բարձրացման
ժամանակ, ապա կորցնում է իբրև գնորդ` մեկ այլ արդյունքի ավելի բարձր գնի
պատճառով: Կ. Մարքսի կարծիքով, եթե որևէ արդյունքի գին բարձրանում է, ապա
դա շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվում է մյուս արդյունքների
գների վրա: Հետևապես` քանի որ միևնույն սուբյեկտը մի կողմից վաճառող է,
իսկ մյուս կողմից` գնորդ, ապա, ըստ վերը նշված տրամաբանության, չի
խախտվում արդյունքների փոխանակության համամասնությունը, որի հիմքում
ընկած է դրանց համարժեքության սկզբունքը, այսինքն` A=B:
Կ. Մարքսի տեսությունը հատկապես փակուղային իրավիճակում
հայտնվեց, երբ բախվեց այն բարիքների կամ ռեսուրսների արժեքի հիմնախնդրին,
որոնք աշխատանքի արդյունք չեն, բայց շուկայում ենթակա են առք ու վաճառքի և
ունեն գին:
Այս փակուղուց դուրս գալու համար Կ. Մարքսը առաջ է քաշում
իռացիոնալ գնի գաղափարը, համաձայն որի` բարիքը կամ ռեսուրսը կարող են
չունենալ արժեք, բայց կարող են ունենալ գին: Այդ բարիքի գինը, ըստ Մարքսի, իր
բնույթով իռացիոնալ է, քանի որ դա աշխատանքի արդյունք չէ, հետևապես և
արժեք չունի:
Այս համատեքստում Ադամ Սմիթը դիտարկեց նաև այլ հակասություններ:
Եթե արժեքի հիմքում աշխատանքն է, ապա հարստության հիմքն էլ է
աշխատանքը: Այդ դեպքում ինչպե՞ս է ձևավորվում այն մարդկանց
հարստությունը, ովքեր որոշակի աշխատանքային գործունեություն չեն
իրականացնում. օրինակ` երբ որևէ մեկը, իր կապիտալը (մեքենան,
սարքավորումը, բնակարանը, հողը և այլն) վարձակալության տալով, ստանում է
եկամուտ և աշխատանքային որևէ գործունեություն չի իրականացնում,
այսինքն` բարիք չի ստեղծում: Ելնելով դրանից` Ա. Սմիթը փորձում է
հիմնավորել, որ արժեքի ստեղծմանը մասնակցում է ոչ միայն աշխատանքը,
այլև կապիտալը և հողը: Այսինքն` արժեքի հիմքում արտադրության երեք
գործոնների ծախսն է:
Կապիտալի (արդյունաբերական, առևտրային և ֆինանսական) և հողի
սեփականատերերի եկամտի աղբյուրը Մարքսը համարում էր նյութական
արտադրության ոլորտում զբաղված վարձու աշխատողների աշխատանքը, որոնք,
իբր, շահագործվում են նրանց կողմից: Նրա կարծիքով` բանվորը իր
աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծում է ավելի մեծ արժեք,
քան դրա դիմաց վարձատրվում է: Օրինակ` նա ստեղծում է 200 դոլարի
արժեք, բայց նրան վճարում են 100 դոլար: 200-100=100 դոլարը Մարքսը համարում
է հավելյալ արժեք, որը ստեղծվել է վարձու բանվորի շնորհիվ, սակայն
յուրացվել է կապիտալի և հողի սեփականատիրոջ կողմից: Այդ
տրամաբանությամբ նա շահույթը, ռենտան, տոկոսը համարում է հավելյալ
արժեքի փոխակերպված ձևեր:
Սահմանային օգտակարության տեսությունը

Արժեքի մեծության որոշման խնդիրն ի հայտ է գալիս փոխանակային


հարաբերությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում
համադրելու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքներ:
Ըստ սահմանային օգտակարության տեսության` ցանկացած սուբյեկտ
բարիքը գնահատում է` ելնելով դրա օգտակարությունից:
Այն, որ ցանկացած բարիք արժեք ունի, պայմանավորված է սպառողի կամ
գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ
գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման
մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն): Սահմանային
օգտակարության տեսության համաձայն` արդյունքի իրացմամբ է պարզվում
դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը
սպառողինն է` գնե՞լ, թե՞ չգնել: Ելնելով այս ընդհանուր դատողություններից`
սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ
արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և
արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն: Փաստորեն,
արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա
սահմանափակության աստիճանով:
Սահմանային օգտակարության տեսությունը բարիքի արժեքի չափման
միջոցի կամ միավորի ընտրության հարցում հենվում է գերմանացի
տնտեսագետ Գ. Հոսենի սկզբունքի վրա: Ըստ այդ սկզբունքի`
պահանջմունքների բավարարմանը զուգընթաց, մեծանում է նաև արդյունքի
նկատմամբ հագեցվածության աստիճանը, ինչն ազդում է դրա
օգտակարության մակարդակի վրա: Բնականաբար, հագեցվածության
աստիճանի բարձրացմանը զուգընթաց, նվազում է օգտակարությունը: Սա
նշանակում է, որ յուրաքանչյուր հաջորդական բարիքի օգտակարություն
նվազում է նախորդի համեմատությամբ, թեև որակական պարամետրերի
առումով ոչինչ չի փոխվում: Այստեղից էլ առաջացել է <<սահմանային
օգտակարություն>> հասկացությունը:
Որոշակի սահմանից հետո բարիքի վերջին միավորի ավելացումը, դրա
նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում: Այդ վերջին
միավորը համարվում է օգտակարության սահմանը: Սահմանային
օգտակարության տեսությունն այս հանգամանքը հիմնավորում է ծերուկ
մենակյացի հինգ պարկ ցորենի օրինակով: Նա առաջին պարկն օգտագործում
է ամենաանհետաձգելի պահանջմունքները բավարարելու, երկրորդը`
սպառումը բավարարելու, երրորդը` տնային թռչուններին կերակրելու, չորրորդը`
գարեջուր պատրաստելու, հինգերորդը` թութակին կերակրելու համար, ինչն
արդեն շռայլություն է: Այդ վերջին կամ սահմանային պարկն էլ, ըստ դրա
օգտակարության կամ հագեցվածության աստիճանի, հենց այն չափն է կամ
նմուշը, որը դառնում է բարիքի արժևորման հիմքը: Այսինքն` գնահատման
հիմքում ընկած է վերջին միավոր պարկի սահմանային օգտակարությունը:
Այլ խոսքով` ցանկացած արդյունքի վերջին միավորը, որը բավարարում է
համեմատաբար պակաս կարևոր <<անհետաձգելի պահանջմունքը>>, այն հիմքն
է, որի միջոցով որոշվում է տվյալ արդյունքի արժեքը (գնահատականը):
Սահմանային օգտակարության տեսության միջոցով կարելի է բացատրել
նաև <<Սմիթի պարադոքսը>>, որի էությունը հետևյալն է. ինչու ջուրը, որն
այդքան անհրաժեշտ է մարդուն և ունի ավելի մեծ օգտակարություն, քան
ադամանդը, ավելի փոքր արժեք (գնահատական) ունի: Դրա համար անհրաժեշտ է
տարբերակել <<ընդհանուր օգտակարություն>> և <<սահմանային
օգտակարություն>> հասկացությունները: Ջրի ընդհանուր օգտակարության
աստիճանը, հասարակական կենսագործունեության տեսանկյունից, բարձր է
ադամանդի ընդհանուր օգտակարությունից, բայց դրանց արժեքը
(գնահատականը) որոշվում է ոչ թե ընդհանուր օգտակարությամբ, այլ`
սահմանային, որի մեծությունը որոշվում է այդ բարիքի սահմանափակության
աստիճանով:
Այսպիսով` սահմանային օգտակարության տեսության համաձայն`
բարիքի կամ արդյունքի արժեքը որոշվում է դրա վերջին միավորի
օգտակարությամբ, որի հիմքում ընկած է բարիքի նկատմամբ հագեցվածության
աստիճանը:
Ալֆրեդ Մարշալի տեսությունը

Ա. Մարշալի կարծիքով` որևէ արդյունքի արժեքը (գնահատականը)


կախված է ոչ միայն սպառողի, այլև արտադրողի վարքագծից: Նույն բարիքի
արժեքը պետք է մի կողմից` դիտարկել սպառողի, իսկ մյուս կողմից`
արտադրողի տեսանկյունից: Սպառողին հետաքրքրում է բարիքի կամ
արդյունքի օգտակարությունը, այսինքն` թե դա ինչ չափով է բավարարում նրա
այս կամ այն պահանջմունքը: Արտադրողի տեսանկյունից` տվյալ բարիքի
օգտակարությունը կախված է համապատասխան եկամուտ ապահովելու
հատկությունից:
Բարիքի արտադրությունը պահանջում է որոշակի ծախսեր, որոնք
առաջանում են արտադրության գործոնների (կապիտալի, աշխատանքի, հողի
կամ բնական ռեսուրսների) օգտագործման հետևանքով:
Մարշալի կարծիքով` բարիքի արժեքը կամ գնահատականը որոշվում
է սպառողի և արտադրողի փոխհարաբերության արդյունքում: Սպառողը
(պահանջարկ ներկայացնողը) բարիքի արժեքը որոշում է ըստ դրա սահմանային
օգտակարության (որի հիմքում դրա նկատմամբ հագեցվածության աստիճանն է),
իսկ արտադրողը (առաջարկ ներկայացնողը)` դրա վրա կատարված ծախսերի
փոխհատուցման և համապատասխան եկամուտ ստանալու անհրաժեշտության
տեսանկյունից: Այդ երկու սուբյեկտների (սպառողի և արտադրողի) կամ
պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է
բարիքի արժեքը: Մարշալի կարծիքով` <<մենք կարող ենք հավասար հիմքով
վիճարկել, թե արդյոք արժեքը կարգավորվում է օգտակարությա՞մբ, թե՞
արտադրության ծախսերով>>:
Սպառողի և արտադրողի (կամ պահանջարկի և առաջարկի)
փոխհարաբերության արդյունքում այդ երկու կողմերը գալիս են
համաձայնության և որոշում, թե ինչ համամասնությամբ պետք է փոխանակվեն
իրենց բարիքները: Սա նշանակում է, որ բարիքի արժեքը պայմանավորված է
բազմաթիվ գործոններով: Սպառողի պահանջարկը կախված է նրա
հակումներից, նախասիրություններից, եկամտի չափից, բարիքի սահմանային
օգտակարությունից և այլն:
Արտադրողի առաջարկը կախված է աշխատանքի, կապիտալի,
ռեսուրսների բնույթից, պահանջվող ծախսերից, դրանց ապահովվածության
մակարդակից և այլն:
Փողի հիմնախնդիրը: Փողի ծագումն ու էությունը

Աշխատանքի բաժանման խորացմանը զուգընթաց, առաջանում են


բազմաթիվ դժվարություններ, որոնք խոչընդոտում են բարիքների
փոխանակությունը, հետևապես` իրացումը, ինչը բացասաբար է անդրադառնում
ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա: Օրինակ` A բարիքի
սեփականատերը ցանկություն ունի այն փոխանակելու B բարիքի հետ, բայց B
բարիքի սեփականատերը ոչ թե A բարիքի կարիք ունի, այլ C-ի: Ուստի A բարիքի
սեփականատերը պետք է ձեռք բերի C բարիքը, որպեսզի այն փոխանակի B
բարիքի հետ: Սակայն պարզվում է` C բարիքի սեփականատերը ոչ թե A բարիքի
կարիք ունի, այլ D-ի: Այդ դեպքում A բարիքի սեփականատերը պետք է ձեռք բերի
D բարիքը, այն փոխանակի C-ի հետ, դա էլ` B-ի հետ, որպեսզի կարողանա
բավարարել դրա նկատմամբիր պահանջմունքը: A բարիքի սեփականատերը
կատարում է հսկայական ծախսեր (տրանսպորտային, ռեսուրսային և հատկապես
ժամանակի), որպեսզի կարողանա հասնել իր նպատակին` ձեռք բերի B բարիքը:
Այս ամենից խուսափելու համար առաջանում է տարբեր բարիքների
արժեքների համադրման միասնական չափման միավորի (էտալոնի) ձևավորման
անհրաժեշտություն: Ունենալով տարբեր բարիքների արժեքների մեծությունները`
արտահատված այդ չափման միավորով, մարդիկ կարող են անմիջապես ձեռք
բերել իրենց անհրաժեշտ բարիքը` կատարելով ընդամենը երկու գործարք:
Նախ՝ որևէ անհատ իր բարիքի (կոստյումի) արժեքը փոխանակում է այդ
չափանմուշի որոշակի քանակության հետ: Դա վաճառքի գործարքն է: Այնուհետև,
դրա միջոցով գնում է իրեն անհրաժեշտ բարիքը:
Փոխանակության խորացման արդյունքում որևէ բարիք (մորթի, մետաղների
տարբեր տեսակներ, երբեմն անգամ կենդանիներ և այլն) աստիճանաբար
առանձնանում է և մյուսների համար դառնում չափման միավոր կամ ընդհանուր
համարժեք, որի միջոցով որոշվում են մյուս բարիքների արժեքները: Փաստորեն,
բարիքների անմիջական փոխանակությունը (որը կոչվում է նաև բարտեր)
փոխարինվում է միջնորդավորված փոխանակությամբ:
Փոխանակային հարաբերությունների խորացման որոշակի մակարդակում
փողի կամ չափման նմուշի և փոխանակային միջոցի դերը ամրագրվեց ոսկուն: Դա
պայմանավորված է մի շարք հատկանիշներով.
1. Պաշտպանվածությամբ. կոռոզիայի չի ենթարկվում և ռեակցիայի մեջ չի
մտնում ոչ մի քիմիական տարրի հետ:
2. Դյուրակրությամբ. մեծ արժեքի պարունակությունը փոքր ծավալի մեջ:
3. Բաժանելիությամբ. ոսկու ձուլակտորը կարելի է բաժանել
տարբեր` ավելի փոքր մասերի:
4. Հազվագյուտությամբ. բնության մեջ քիչ է:
Փողի միջոցով տարբեր բարիքների արժեքների համադրությունից էլ
ձևավորվում է գինը: Գինը բարիքի դրամական (փողային) արտահայտությունն է:
Փողի գործառույթները

Փողի` որպես միասնական չափման միավորի (էտալոնի) ծագումը


զուգակցվում է դրա մի շարք կարևոր գործառույթների ձևավորմամբ, որոնց
միջոցով տնտեսական հարաբերություններն ավելի դյուրին և արդյունավետ են
դառնում:
Փողի գործառույթներն են.
Առաջին` արժեքի չափման գործառույթը: Հենց փողի՝ որպես չափման
միավորի ձևավորումը բխում է տարբեր բարիքների արժեքների չափակցման
անհրաժեշտությունից: Այսինքն՝ բարիքների փոխանակության ժամանակ դրանց
արժեքի մեծությունը չափվում է փողի որոշակի քանակությամբ: Նախկինում
բարիքների արժեքը չափվում էր ոսկու որոշակի զանգվածով կամ կշռով:
Երկրորդ` շրջանառության միջոցի գործառույթը: Փողի այդ գործառույթի
միջոցով իրականացվում է բարիքների փոխանակությունը: Այսինքն` բարիքը,
փոխանակելով փողի հետ, այնուհետև հնարավորություն է ստեղծվում ձեռք
բերելու մեկ այլ բարիք: Գործունեության տարբեր արդյունքների փոխաակությունը
միջնորդավորվում է, և ձևավորվում է մի նոր օղակ` փողի շրջանառությունը:
Երրորդ` վճարման միջոցի գործառույթը: Ժամանակի և տարածության մեջ
բարիքի արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը չեն
համապատասխանում: Խնդիրն այն է, որ արտադրվելուց անմիջապես հետո
բարիքը չի իրացվում, բայց դրա սեփականատերը իր կարիքների բավարարման
համար պետք է կատարի բազմաթիվ գործարքներ, որոնք իրականացվում են փողի
միջոցով, ինչը դեռևս չունի: Կարող է լինել նաև հակառակը. բարիքը վաճառվում է,
բայց դրա արդյունքում ձեռք բերված փողով այլ բարիք գնվում է որոշակի
ժամանակից հետո:
Այս անհամապատասխանությունների հաղթահարման նպատակով՝
բարիքների առքն ու վաճառքը իրականացվում է վճարման հետաձգումով:
Վճարման հետաձգումով իրականացվող բարիքների առքի ու վաճառքի
հատկությունը փողի վճարման միջոցի գործառույթն է, որն արտահայտում է
տարբեր արտադրողների և սպառողների միջև պարտքային
փոխհարաբերությունները:
Փաստորեն, տարբեր բարիքների արտադրության, բաշխման,
փոխանակության և սպառման անհամապատասխանության հետևանքով մի
խումբ մարդիկ ունենում են դրամի կարիք (կոշիկը դեռ չի վաճառվել, բայց դրա
սեփականա-տերն ունի տարբեր բարիքներ` հաց, պանիր, միս և այլն գնելու
անհրաժեշտություն), իսկ մյուս խումբ մարդիկ` ազատ դրամական միջոցներ
(հացը վաճառել է, բայց դեռ իր համար անհրաժեշտ կահույքը չի գնում և սպասում
է ավելի հարմար ժամանակի): Այդ հիմքի վրա էլ տարբեր մարդկանց միջև
ձևավորվում են փոխադարձ պարտքային պարտավորություններ: Այսինքն` փողի
կարիք ունեցողը այն պարտքով վերցնում է մեկ ուրիշից:
Փողի այս գործառույթի հիմքի վրա են ստեղծվել վարկային
հարաբերությունները, որոնց նախնական փուլը եղել է մուրհակային
շրջանառությունը: Մեկ անձի կողմից մեկ այլ անձին տրվող գումարը ամրագրվում
է պարտքային պարտավորագրերի` մուրհակների միջոցով, որոնք ունեն իրենց
մարման ժամկետը:
Չորրորդ` կուտակման միջոցի գործառույթը: Հարստության կուտակման
ամենացանկալի ձևը փողն է, որովհետև, առաջին` փողը միասնական վճարման
միջոց է, երկրորդ` դրա պահպանման համար գրեթե ծախսեր չեն պահանջվում,
երրորդ` ի տարբերություն բարիքների մյուս տեսակների, այն ժամանակի
ընթացքում չի կորցնում իր հատկությունները:
Փողի էվոլյուցիան

Փողի գործառույթների բավականին արդյունավետ են իրականացվում


ոսկու միջոցով: Տնտեսագիտական գրականության մեջ դա կոչվում է
մետաղադրամային շրջանառություն: Սակայն, փոխանակային
հարաբերությունների հետագա խորացմանը զուգընթաց, անհրաժեշտություն է
առաջանում անցում կատարելու փողի շրջանառության ավելի արդյունավետ
ձևերի:
Ոսկին` որպես փող, շրջանառության մեջ կիրառվում էր ձուլակտորներով:
Այդ ձուլակտորները պետք է կշռվեին, այնուհետև կտորների բաժանվեին, որի հետ
կապված դժվարությունները հաղթահարելու նպատակով դրանց որոշակի ձևը`
ըստ կշռի, վավերացվում էր պետության կողմից (դրամանիշ):
Դրամաշրջանառության ընթացքում դրանք անընդհատ մաշվում և կորցնում էին
իրենց զանգվածի մի մասը, հետևապես` տեսքը: Բացի դրանից, տնտեսական
կապերի ընդլայնման հետևանքով ոսկու շրջանառությունը աստիճանաբար
դառնում էր ոչ արդյունավետ նաև գործարքների համապատասխան
արագությունը ապահովելու տեսանկյունից:
Այդ իսկ պատճառով հետագայում ոսկու որոշակի քանակությունը, դարձավ
այս կամ այն երկրի փողային միավորի (դոլար, ֆրանկ, մարկ, ռուբլի և այլն) հիմքը:
Այս ճանապարհով մետաղադրամային շրջանառությանը փոխարինելու եկավ
թղթադրամայինը: Թղթադրամային շրջանառությունը նպաստեց արդյունավետ
տնտեսական կապերի ձևավորմանը և ծախսերի կրճատմանը: Չափման միավորի
դերը վերապահվեց թղթադրամին, որը սկզբնական շրջանում ուներ ոսկու
համապատասխան ապահովվածություն, ինչպես օրինակ` մեկ ռուբլին
հավասարեցված էր 0,7742գ. ոսկու քաշին: Սակայն դրամաշրջանառության
զարգացման հետագա ընթացքը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը չկա,
որովհետև փողը` ոսկու կամ թղթադրամի տեսքով, ընդամենը չափանմուշ է
(էտալոն) կամ վճարման միջոց: Ցանկացած փողային միավորի (դոլար, եվրո,
ռուբլի, դրամ և այլն) գնահատման համար հիմք է ընդունվում ոչ թե ոսկով
ապահովվածությունը, այլ դրա միջոցով ձեռք բերված բարիքների քանակությունը,
այսինքն` դրա գնողունակությունը:
Սամուելսոնի կարծիքով` փողը անհրաժեշտ է ոչ թե ինքնին, այլ այն իրերի
համար, որոնք դրա միջոցով կարելի է գնել: Եվ այդ առումով փողը արհեստական
սոցիալական պայմանականություն է: Փողն ընդամենը չափման միավորի դեր է
կատարում, և փողի՝ որպես սոցիալական պայմանականության հիմքում դրա`
բոլորի կողմից ընդունելի լինելու հանգամանքն է:
Թղթադրամին զուգընթաց ներկայումս գործածվում են նաև չեկեր,
բանկային քարտեր և փողի այլ ձևեր: Այս համատեքստում դրամաշրջանառության
զարգացման ամենակարևոր փուլերից է փողի անկանխիկ շրջանառությունը:
Փողի ծագման, գործառույթների և էվոլյուցիայի տրամաբանական
ընթացքից պարզ դարձավ, որ դա ընդամենը հաշվարկային միավոր է կամ
չափման նմուշ, որի միջոցով փոխանակվում են տարբեր սպառողական
հատկություններ ունեցող բարիքներ և ռեսուրսներ: Այսինքն` արժեքի կրողը
բարիքն է, ոչ թե փողը:
Շրջանառության համար անհրաժեշտ փողի
քանակությունը

Դրամաշրջանառություն իրականացնելու համար անհրաժեշտ է փողի


որոշակի քանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել բարիքների
փոխանակությունը: Պարզվում է` տարբեր տեսակի փոխադարձ վճարումներ
իրականացնելու համար անհրաժեշտ փողի քանակությունը կամայական
մեծություն չէ և գործառութային (ֆունկցիոնալ) կախվածության մեջ է մի շարք
գործոններից:
Այն կախված է նախ` բարիքների գների մակարդակից, երկրորդ`
բարիքների քանակությունից: Այսինքն` բարիքների քանակության ավելացումը,
բնականաբար, հանգեցնում է փողի քանակության աճի: Երրորդ` փողի
քանակությունը կախված է փողային միավորի շրջանառության արագությունից:
Խնդիրն այն է, որ միևնույն փողային միավորը կատարում է մի շարք գործարքներ:
Այսպես օրինակ` մեկ դոլարով որևէ սուբյեկտ կարող է գնել A բարիքը: A
բարիքի իրացումից հետո դրա սեփականատերը կարող է այդ նույն մեկ դոլարով
գնել B բարիքը: B բարիքի իրացումից հետո դրա սեփականատերը այդ նույն մեկ
դոլարով կարող է գնել C բարիքը: Փաստորեն, մեկ դոլարով իրականացվեց երեք
գործարք, և արդյունքում իրացվեց 3 (A+B+C=3) դոլարի բարիք: Սա նշանակում է`
մեկ դոլարի կամ դրամական միավորի շրջանառության արագությունը հավասար
է 3-ի: Այս պարզագույն օրինակի միջոցով համոզվեցինք, որ դրամական միավորի
շրջանառության արագությունը և շրջանառության համար անհրաժեշտ փողի
քանակությունը գտնվում են հակադարձ կապի մեջ: Եթե շրջանառության համար
անհրաժեշտ փողի քանակությունը նշանակենք M-ով, i-րդ բարիքի գնի
մակարդակը Pi-ով, i-րդ բարիքի քանակությունը Qi-ով, իսկ V-ով` դրամական
միավորի արագությունը, ապա, ըստ վերը նշված տրամաբանության, կունենանք
հետևյալ բանաձևը`

կամ` ,
Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները

Շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալներն են.


Առաջին` աշխատանքի հասարակական բաժանումը: Մենք արդեն քննարկել
ենք, որ դա հանգեցնում է արտադրության մասնագիտացման, մարդու հմտության,
տեխնոլոգիայի կատարելագործման և դրանց հիմքի վրա` աշխատանքի
արտադրողականության բարձրացման: Երբ սուբյեկտները մասնագիտանում են
որևէ բարիքի արտադրության մեջ, միավոր ժամանակի ընթացքում արտադրվում
են ավելի շատ բարիքներ, ինչը նպաստում է ռեսուրսների արդյունավետ
օգտագործմանը և մարդկանց աճող պահանջմունքների բավարարմանը: Այդ
գործընթացը սկսվել է հազարամյակներ առաջ և շարունակվում է մինչև օրս:
Աշխատանքի հասարակական բաժանմանը նպաստել է նաև ռեսուրսների
անհամաչափ բաշխվածությունը տնտեսական շրջանների միջև:
Դա հանգեցնում է փոխանակային հարաբերությունների ձևավորման, որի
հետևանքով տնտեսավարող սուբյեկտները միմյանց նկատմամբ գտնվում են
փոխադարձ կախվածության մեջ: Սա նշանակում է, որ մարդկանց
գործունեության բոլոր ոլորտները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ, և
որևէ մեկը չի կարող գոյատևել առանց մյուսների հետ անհրաժեշտ
համագործակցության:
Երկրորդ` սեփականատիրական հարաբերությունների ձևավորումը: Ինչպես
արդեն նշվել է, սեփականատիրական հարաբերությունները ձևավորվում են
ռեսուրսների սահմանափակության հիմքի վրա և նպատակ ունեն ապահովելու
դրանց արդյունավետ օգտագործումը: Մարդիկ իրենց ստեղծած բարիքների
նկատմամբ պետք է ունենան սեփականության իրավունք, որի հիմքի վրա էլ
կատարվում է դրանց փոխանակությունը: Հետևապես` փոխանակային և
սեփականատիրական հարաբերությունների ձևավորումը հնարավոր չէ
տարանջատել:
Երրորդ` արտադրողների տնտեսական առանձնացումը: Աշխատանքի
հասարակական բաժանման արդյունքում տեղի է ունենում արտադրության
մասնագիտացում, ինչն իր հերթին հանգեցնում է արտադրողների տնտեսական
առանձնացման: Այդ հիմքի վրա ձևավորվում են արհեստանոցներ, իսկ
հետագայում, երբ ձեռքի աշխատանքին աստիճանաբար փոխարինում են
մեքենաները, սարքավորումները, մեխանիզմները, ի հայտ են գալիս
ձեռնարկություններ կամ ֆիրմաներ, խոշոր միավորումներ և այլն:
Չորրորդ` արտադրողների տնտեսական ազատության առկայությունը:
Խնդիրն այն է, որ արտադրողը պետք է ունենա ինքնուրույնություն բարիքի
թողարկման, որևէ սուբյեկտի հետ տնտեսական գործարքների կնքման, գնի
սահմանման, սեփականության ձևի ընտրության գործում: Տնտեսական
ազատության սահմանները տարբեր են: Ժողովրդավարական հասարակարգերում
տնտեսական ազատության աստիճանն անհամեմատ ավելի մեծ է, քան
բռնատիրականում:
Վերը նշված չորս հիմնական պայմանները ձևավորեցին փոխանակային
հարաբերություններ: Դա արդեն տնտեսական այն համակարգն է, որտեղ իշխում է
հորիզոնական համակարգումը, և այս ճանապարհով առաջանում են բարդ
փոխհարաբերություններ տարբեր արտադրողների և սպառողների միջև:
Յուրաքանչյուր ոք, ըստ իր տնօրինության տակ գտնվող ռեսուրսի, անհրաժեշտ
տնտեսական գործարքների կամ փոխանակային հարաբերությունների մեջ է
մտնում մյուսների հետ: Մեկի սեփականության օբյեկտը կապիտալն է, մյուսինը`
աշխատանքը, իսկ երրորդինը` բնական ռեսուրսները: Բոլորը պատրաստ են
տրամադրելու ռեսուրսները և դրանց օգտագործման արդյունքում ստանալու
եկամուտ: Տեղի է ունենում ռեսուրսների և բարիքների փոխանակություն:
Երբ բանվորները կամ ծառայողները տրամադրում են իրենց աշխատանքը և
դրա դիմաց ստանում աշխատավարձ, սա նշանակում է, որ կատարված
աշխատանքը փոխհատուցվում է: Ստացած աշխատավարձով նրանք ձեռք են
բերում հագուստ, սնունդ, ավտոմեքենա: Այսինքն` տեղի է ունենում
գործունեության փոխանակություն, որի հիմքում ընկած է օգտագործված ռեսուրսի
փոխհատուցման սկզբունքը: Փոխհատուցման սկզբունքը մարդու գործունեության
ներքին շարժառիթն է, որը նպաստում է սահմանափակ ռեսուրսների
արդյունավետ օգտագործմանը: Յուրաքանչյուր ոք իր ունեցած սահմանափակ
ռեսուրսի օգտագործման արդյունքում ցանկանում է ստանալ անհրաժեշտ բարիք:
Այդ բարիքի ստացումը ռեսուրսի օգտագործման փոխհատուցումն է:
Վերոշարադրյալից ելնելով` կարելի է տալ հետևյալ բնորոշումը.
շուկայական տնտեսությունը տնտեսավարող սուբյեկտների (նյութական, հոգևոր
բարիքների արտադրողներ, տարբեր տեսակի ծառայություններ մատուցողներ և
սպառողներ) փոխհարաբերությունն է` կառուցված արժեքային (գնային)
ազդակների վրա, որի հիմքը ծախսված ռեսուրսի փոխհատուցման սկզբունքն է:
Շուկայի օբյեկտները և սուբյեկտները

Շուկան տարանջատվում է ըստ` 1) սպառողական նշանակության


բարիքների (պարենային և ոչ պարենային արդյունքների), 2) տարբեր տեսակի
ծառայությունների (կենցաղ-սպասարկման, տրանսպորտային, կրթական,
մշակութային, առողջապահական), 3) սպասարկման (ռեստորաններ,
հյուրանոցներ, սրճարաններ և այլն) և 4) բնակարանի շուկաների:
Ըստ արտադրության գործոնների` գոյություն ունեն կապիտալի,
աշխատանքի, բնական ռեսուրսների շուկաներ: Բարիքները և արտադրության
գործոնները համարվում են շուկայի օբյեկտներ:
Շուկայի սուբյեկտներն են.
1) Տնային տնտեսությունը: Տնային տնտեսության ներկայացուցիչները մի
կողմից` ռեսուրսների սեփականատերերն են, իսկ մյուս կողմից` բարիքների
(նյութական և հոգևոր, տարբեր տեսակի ծառայություններ և այլն) վերջնական
սպառողները: Տնային տնտեսությունը շուկայում առաջարկում է արտադրության
գործոններ: Այդ գործոնների մատուցած ծառայության համաձայն` տնային
տնտեսության ներկայացուցիչները ստանում են իրենց փոխհատուցումը`
աշխատավարձի, տոկոսի և ռենտայի ձևով: Տնային տնտեսության
ներկայացուցիչները ստացված աշխատավարձով, տոկոսով և ռենտայով ձեռք են
բերում իրենց սպառման անհրաժեշտ բարիքներ:
2) Ֆիրման կամ ձեռնարկությունը: Ֆիրմայի կամ ձեռնարկության միջոցով
տեղի է ունենում արտադրության գործոնների միացման գործընթացը, որի
շնորհիվ ստեղծվում է այս կամ այն բարիքը: Տնտեսության զարգացմանը
զուգընթաց տեղի է ունեցել արտադրության գործոնների սեփականատիրոջ և
ձեռնարկատիրության տարանջատում: Շուկայում ձեռներեցը առաջարկում է
ռեսուրսի սեփականատիրոջը իր ծառայությունը: Ռեսուրսի սեփականատերը իր
միջոցները տրամադրում է ձեռներեցին, որը, կազմակերպելով արտադրությունը,
կատարած գործունեության դիմաց ստանում է փոխհատուցում` եկամուտի կամ
շահույթի տեսքով: Ռեսուրսների սեփականատերը կարող է հանդես գալ նաև
որպես ձեռներեց: Այս դեպքում, միևնույն անձը մի կողմից` տնային տնտեսության
ներկայացուցիչ է, իսկ մյուս կողմից` ձեռներեց:
3) Պետությունը: Շուկայական տնտեսության պայմաններում պետությունը
ստանձնում է մի շարք կարևոր տնտեսական, քաղաքական, սոցիալական
գործառույթներ, որոնց միջոցով շտկվում են շուկայական տնտեսության
թերությունները և լուծվում են բազմաթիվ հիմնախնդիրներ (ազգային
անվտանգություն, հասարակական կարգուկանոնի պահպանություն և այլն),
որոնք հնարավոր չէ լուծել շուկայական տնտեսության սկզբունքներով`
ապահովելով է հասարակության նորմալ կենսագործունեությունը: Ինչպես մյուս,
այնպես էլ պետական գործառնություններն ունեն իրենց օգտակարությունը, որոնց
համար պետք է վճարել: Պետությունը մատուցում է իր ծառայությունները, որի
դիմաց հասարակության անդամները վճարում են տարբեր ձևերով, որոնցից
հիմնականը հարկերն են:
Շուկայի տարրերը

Շուկայական տնտեսությունն` իբրև արտադրողների և սպառողների


ուղղակի և միջնորդավորված փոխհարաբերությունների համակարգ` կառուցված
արժեքային ազդակների և փոխհատուցման սկզբունքի վրա, գործում է մի շարք
առանցքների կամ տարրերի միջոցով: Այդպիսի առանցքներ կամ տարրեր են
համարվում.
1. Պահանջարկը և առաջարկը: Շուկան` իբրև հորիզոնական
կոորդինացիայի սկզբունքով ինքնակարգավորվող համակարգ, ձևավորվել է
աշխատանքի հասարակական բաժանման, փոխանակային հարաբերությունների
զարգացման, սեփականության իրավունքի հաստատման միջոցով: Սպառողը
շուկայում ներկայացնում է պահանջարկ, իսկ արտադրողը` առաջարկ: Սպառողը
պատրաստ է վճարել տվյալ բարիքի օգտակարության համար: Արտադրողը առկա
պահանջարկից ելնելով` շուկայում առաջարկում է համապատասխան բարիքներ:
Գոյություն ունի հակադարձ կախվածություն պահանջարկի և գնի միջև. գնի աճը,
այլ հավասար պայմաններում, հանգեցնում է պահանջարկի նվազմանը և
ընդհակառակը, գնի նվազումը բերում է պահանջարկի ավելացման: Գնի և
առաջարկի կապը ուղիղ համեմատական է. գնի աճը, այլ հավասար
պայմաններում, մեծացնում է առաջարկի ծավալը, իսկ դրա նվազումը՝ կրճատում
է այն:
Այսինքն` շուկան կարգավորվում է սպառողի (պահանջարկի) և
արտադրողի (առաջարկի) փոխհարաբերության միջոցով: Արտադրողի հիմնական
կողմնորոշիչը սպառողն է: Եթե արդյունքը չի սպառվում, ուրեմն դրա նկատմամբ
չկա պահանջարկ: Այդ դեպքում արտադրողը (առաջարկ ներկայացնողը) չի
շարունակի այդ բարիքի արտադրությունը: Նա ստիպված իր տնօրինության տակ
գտնվող ռեսուրսներն ուղղորդում է դեպի այնպիսի բարիքների արտադրություն,
որոնք շուկայում ունեն համապատասխան պահանջարկ: Այս ճանապարհով տեղի
է ունենում ռեսուրսների բաշխում տարբեր ոլորտների միջև: Այսպիսով`
պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունն է կարգավորում շուկայական
տնտեսությունը: Հետևապես, դրանք շուկայական տնտեսության կարևորագույն
առանցքներից կամ տարրերից են:
P

0 Q
Պահանջարկի կորը

0 Q
Առաջարկի կորը

2. Գինը: Ինչպես արդեն ներկայացրել ենք <<Արժեք և փող>> թեմայում, գինը


արժեքի դրամական արտահայտությունն է, որը ձևավորվում է պահանջարկի և
առաջարկի փոխհարաբերության արդյունքում: Սպառողը, ելնելով բարիքի
օգտակարությունից, առաջարկում է դրա գինը (ենթադրենք` 10 դոլար):
Արտադրողի համար բարիքի օգտակարությունը կատարած ծախսերի
փոխհատուցումը և եկամտի ապահովումն է, որի համար առաջարկում է իր գինը
(ենթադրենք` 12 դոլար): Այս երկուսի փոխհարաբերությունից կամ
փոխհամաձայնությունից ձևավորվում է բարիքի իրական գինը (ենթադրենք` 11
դոլար), որը սպառողին ապահովում է համապատասխան օգտակարություն, իսկ
արտադրողին` անհրաժեշտ եկամուտ: Այս տեսանկյունից` գինը կատարում է
յուրատեսակ բարոմետրի դեր: Դրա բարձրացումը ինչպես նշեինք նվազեցնում է
պահանջարկը և մեծացնում առաջարկը: Իր հերթին պահանջարկի և առաջարկի
փոփոխությունն ազդում է գնի մակարդակի վրա: Եթե պահանջարկը մեծանում է,
գինը բարձրանում է, և հակառակը: Եթե առաջարկը մեծանում է, գինը նվազում է, և
հակառակը: Այդ է պատճառը, որ շուկայի սահմանումը ներակայացնելիս
կարևորվում է գնային ազդակների (իմպուլսների) կամ ազդանշանների դերը:
Գինը յուրահատուկ տեղեկատվության աղբյուր է տնտեսավարող սուբյեկտների
համար: Այսպիսով` գինը նույնպես շուկայական տնտեսության կարևոր
տարրերից է, որի միջոցով ապահովվում է տարբեր տնտեսավարող սուբյեկտների
միջև փոխհարաբերությունը` հիմնված արժեքային ազդակների վրա:
3. Մրցակցությունը: Մրցակցությունը տարբեր արտադրողների միջև
պայքարն է ավելի շատ սպառողներ ներգրավելու և ավելի մեծ եկամուտներ
ապահովելու համար, որն իրականացվում է միավոր արդյունքի ծախսերը
կրճատելու, բարիքի քանակական և որակական պարամետրերը բարելավելու,
գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ
ներդնելու և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու
ճանապարհով: Մրցակցությունը, այս առումով, դառնում է արտադրության
շարժիչ ուժը: Այսպիսով` շուկայական տնտեսությունը հիմնված է երեք
առանցքների կամ տարրերի վրա, որոնք տնտեսության ինքնակարգավորման
ճանապարհով ապահովում են սահմանափակ ռեսուրսների արդյունավետ
օգտագործում և հասարակության աճող պահանջմունքների բավարարում:
Շուկայի գործառույթները

Շուկայական տնտեսության բնույթը բացահայտվում է որոշակի


գործառույթների միջոցով: Դրանք են.
Առաջին` գնագոյացման գործառույթը: Ինչպես արդեն նշել ենք, բարիքի
իրական արժեքը (կամ գինը) ձևավորվում է շուկայում արտադրողի (առաջարկի) և
սպառողի (պահանջարկի) փոխհարաբերության միջոցով: Ձևավորված գնի
միջոցով կարգավորում է ռեսուրսների բաշխվածությունը տարբեր ոլորտների
միջև:
Երկրորդ` խթանման գործառույթը: Շուկայական մրցակցությունը ստիպում
է արտադրողներին ռեսուրսներն օգտագործել առավել խնայողաբար և
արդյունավետ, ինչն իր հերթին խթանում է գիտատեխնիկական առաջադիմության
ներդրումները արտադրության մեջ: Առավել մեծ եկամուտ ստանալու ակնկալիքով
արտադրողները ձգտում են բարելավել արտադրվող բարիքների տեսականին և
որակը: Շուկայի մասնակիցներն անընդհատ կատարելագործում են իրենց
մասնագիտական ունակությունները, որովհետև մրցակցության պայմաններում
կարող են դուրս մղվել արտադրությունից: Այս ճանապարհով ապահովվում են
արտադրության զարգացման բարձր տեմպեր` տեխնոլոգիական
նորամուծությունների կիրառման հիմքի վրա:
Երրորդ` միջնորդական գործառույթը: Շուկայական համակարգի միջոցով
կարգավորվում է բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների միջև
համագործակցությունը` պահանջարկի և առաջարկի հարաբերակցության հիմքի
վրա: Դրա միջոցով ապահովվում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և
բաշխումը արտադրության տարբեր ոլորտների միջև:
Չորրորդ` տեղեկատվական (ինֆորմացիոն) գործառույթը: Շուկայում գների,
պահանջարկի ու առաջարկի, գործազրկության մակարդակի, աշխատավարձի,
տոկոսադրույքի փոփոխությունները այն հիմնական տեղեկություններն են, որոնք
հնարավորություն են տալիս բոլոր սուբյեկտներին ճիշտ կողմնորոշվելու և
որոշումներ կայացնելու գործում: Այդ որոշումները վերաբերում են
սպառողներին` թե ինչ խմբաքանակի բարիք պետք է գնեն, արտադրողներին` ինչ
պետք է արտադրեն և, դրան համապատասխան, ինչ ռեսուրսներ պետք է
ձեռքբերեն, պետական կառույցներին` թե ինչ տնտեսական քաղաքականություն
պետք է իրականացնեն: Այս տեսանկյունից շուկան կարևոր տեղեկատվական
գործառույթ է իրականացնում:
Հինգերորդ` կարգավորման գործառույթը: Վերը նշված գործառույթների
միջոցով շուկայական տնտեսությունը ապահովում է ռեսուրսների արդյունավետ
օգտագործումը, խթանում է գիտատեխնիկական առաջադիմությունը, նպաստում է
պահանջմունքների բավարարման շրջանակների մեծացմանը ինչպես
քանակապես, այնպես էլ որակապես: Այդ ամենով հանդերձ` շուկան
կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների փոխհարաբերությունները, որի
հիմքը գործունեության փոխանակությունն է` կառուցված արժեքային ազդակների
վրա:
Շուկայի գործողության սկզբունքները

Շուկայական տնտեսության տնտեսական արդյունավետությունը


ապահովվում է մի շարք հիմնական սկզբունքների իրագործմամբ:
Այդ սկզբունքներն են.
Առաջին` տնտեսավարող սուբյեկտների իրավահավասարությունը: Բոլոր
տնտեսավարող սուբյեկտների համար պետք է ստեղծել հավասար պայմաններ,
որոնք վերաբերում են` ա) տեղեկատվության ձեռքբերմանը, բ) հարկերի
գանձմանը և տուրքերի վճարմանը, գ) վարկերի և պետական բազմապիսի
աջակցության ստացմանը, դ) օրենքի գերակայության ապահովմանը և դրա առաջ
բոլորի հավասարության սկզբունքի պահպանմանը և այլն: Այդ պայմանների
բացակայության դեպքում շուկայական տնտեսությունը չի կարող ապահովել
անհրաժեշտ արդյունավետություն:
Երկրորդ` տնտեսական գործունեության ինքնակարգավորումը:
Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ ինքն է որոշում` ի՞նչ արտադրել, ի՞նչ
քանակությամբ, ու՞մ հետ ծավալել անհրաժեշտ տնտեսական
համագործակցություն և այլն: Սրանք հորիզոնական կոորդինացիայի հիմնական
պայմաններն են, որոնք հնարաորություն են տալիս ավելի արդյունավետ
տնօրինելու ռեսուրսները, կրճատելու գործարքային ծախսերը, գործելու սպառողի
պահանջարկի համաձայն և այլն:
Երրորդ` պայմանագրային հարաբերությունների ազատությունը:
Շուկայական տնտեսության կարևոր և առանցքային հատկանիշներից է որոշում
կայացնելու ազատությունը: Տնտեսավարող սուբյեկտն, իր շահերից ելնելով,
մտնում է պայմանագրային հարաբերությունների մեջ: Հակառակ դեպքում նա չի
ցուցաբերի անհրաժեշտ պատասխանատվություն և շահագրգռվածություն իր
գործունեության վերջնական արդյունքի նկատմամբ: Այս հանգամանքը նույնպես
նպաստում է գործարքային ծախսերի կրճատմանը և ռեսուրսների արդյունավետ
օգտագործմանը:
Չորրորդ` ազատ գնագոյացումը: Գինը որոշվում է պահանջարկի և
առաջարկի հարաբերակցության միջոցով: Գնագոյացման ազատությունը
հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնելու` ըստ սպառողների
պահանջարկի և արտադրողների առաջարկի փոփոխության: Այս տեսանկյունից
գինը յուրատեսակ տեղեկատվության աղբյուր է համարվում, որը թույլ է տալիս
ճիշտ պատկերացում կազմել այս կամ այն բարիքի իրական արժեքի կամ
օգտակարության վերաբերյալ: Եթե գինը սահմանվում է ոչ թե ազատորեն, այլ
պետական համապատասխան մարմինների կողմից, ինչպես վարչահրամայական
համակարգերում, ապա չի կարող կատարել իր հիմնական` խթանման, բաշխման
և կարգավորման գործառույթները: Իհարկե առանձին դեպքերում պետությունը
կարող է միջամտել որոշակի բարիքների գների (կամ սակագների) սահմանմանը:
Հինգերորդ` ինքնածախսածածկումը: Յուրաքանչյուր տնտեսավարող
սուբյեկտ իր կողմից ստեղծված բարիքների իրացման արդյունքում պետք է
փոխհատուցի դրանց վրա կատարված ծախսերը և ապահովի համապատասխան
եկամուտ: Եթե ծախսերը չեն փոխհատուցվում, ապա տնտեսավարող սուբյեկտը չի
կարող շարունակել արտադրությունը: Եկամտի բացակայության դեպքում
նույնպես տնտեսավարող սուբյեկտը չի կարող ցուցաբերել անհրաժեշտ
շահագրգռվածություն այս կամ այն բարիքի արտադրության նկատմամբ:
Վեցերորդ` տնտեսական պատասխանատվությունը: Տնտեսավարող
սուբյեկտը պատասխանատվություն է կրում պայմանագրային և հարկային
պարտավորությունները չկատարելու, օպորտունիստական վարքագիծ
ցուցաբերելու, վնասակար արտադրանք թողարկելու, սահմանված օրենքը
խախտելու և նմանատիպ այլ դեպքերի համար:
Յոթերորդ` սպառողի գերակայությունը: Սպառողն է որոշում, թե
արտադրողը ինչ բարիք պետք է արտադրի: Վարչահրամայական համակարգում
գործում է արտադրողի գերակայությունը: Այդ պայմաններում արտադրողը չի
ցուցաբերում անհրաժեշտ շահագրգռվածություն բարիքի որակական և
քանակական պարամետրերի բարելավման, ծախսերի կրճատման,
գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները արտադրության մեջ
ներդնելու գործում և այլն: Երբ արտադրողը կախվածության մեջ է գտնվում
սպառողից, աշխատում է հնարավորության սահմաններում բարելավել բարիքի
քանակական և որակական պարամետրերը, կրճատել ծախսերը և նվազեցնել
գները, այլապես կարող է մրցակցության արդյունքում դուրս մղվել շուկայից:
Պահանջարկի և առաջարկի տեսություն

Պահանջարկը գնորդի այն պահանջմունքների շուկայական դրսևորման ձևն


է, որի բավարարման համար նա կարող է ձեռք բերել որոշակի ապրանքներ և
ստանալ ծառայություններ՝ իր ունեցած դրամական միջոցներին
համապատասխան: Այլ կերպ ասած պահանջարկը գնորդի վճարունակ
պահանջմունքն է:
Հետևաբար շուկայական պահանջարկի ծավալն ու կառուցվածքը որոշվում
է ոչ միայն մարդկային պահանջմունքների զարգացման աստիճանով, այլ նաև
եկամուտների մեծությամբ:
Շուկայում ապրանքները գնվում են անձնական սպառման կամ
արտադրական սպառման համար:
Պետք է նշել, որ շուկայական պահանջարկը որոշակի հաստատուն
մեծություն չէ, այլ այն շատ երերուն և առաձգական է: Դրա պատճառը նախ այն է,
որ բնակչության թվի աճի հաշվին ավելանում է անձնական սպառումը՝
հետևաբար նաև պահանջարկը: Մյուս կողմից բնակչության թվի աճին և
պահանջմունքների զարգացմանը զուգընթաց աճում է արտադրական սպառումը:
Բացի այդ շուկայական պահանջարկը իրենից ներկայացնում է
հասարակական պահանջմունքների միայն այն մասը, որի համար գնորդը
պատրաստ է վճարել, հետևաբար շուկայական պահնաջարկի մակարդակի վրա
մեծ ազդեցություն ունեն նաև գները: Օրինակ, եթե կենսամիջոցներն ավելի էժան
լինեն, ապա բնակչությունն իր եկամուտներով ավելի շատ ապրանքներ կգնի և
ծառայություններից կօգտվի, իսկ արտադրոներն էլ, իրենց հերթին, այդ նույն
փողով ավելի շատ արտադրության միջոցներ ձեռք կբերեն: Այդպիսով
հասրակական պահանջմունքների ավելի մեծ բաժին կբավարարվի, իսկ մյուս
կողմից սպառման ավելացումը նյութական պայմաններ է ստեղծում
հասարակական պահանջմունքների հետագա զարգացման համար:
Այսպիսով պահանջարկը, ձևավորվելով հասարակական պահանջմունքի
հիմքի վրա, շուկայական մեխանիզմների միջոցով որոշակիորեն ազդում է
պահանջմունքի ձևավորման և զարգացման վրա:
Եթե պահանջարկն արտացոլում է սպառման անհրաժեշտությունն ու
կոնրետ պայմանները, որոնք ձևավորվում են շուկայում գործող գների
ազդեցությամբ, ապա առաջարկը ներկայացնում է արտադրությունը, դրսևորվում
որպես ապրանքների ու ծառայությունների որոշակի ամբողջություն, որը կարող է
շուկա դուրս բերվել այդ նույն գների և արտադրության հնարավորությունների
սահմաններում: Առաջարկը բնութագրում է տվյալ ապրանքն իրացնելու՝
վաճառողի հնարավորությունն ու ցանկությունը՝ շուկայում ձևավորված գնով:
Այդպիսով, առաջարկն ու պահանջարկը միմյանց դեմ կանգնում են որպես
արտադրության ու սպառման շուկայական փոխհարաբերության
արտահայտություն` ցույց տալով, թե արտադրողները որքան ապրանք կարող են
առաջարկել գնորդներին, և վերջինները որքան կարող են ձեռք բերել` շուկայի
պայմաններին համապատասխան:
Պահանջարկն ու առաջարկը հավասար են կամ միմյանց ծածկում են այն
դեպքում, երբ գնորդները հնարավորություն ու ցանկություն ունեն գնելու այնքան
ապրանքներ և ծառայություններ, որքան հնարավորություն ունեն և
նպատակադրված արտադրում և շուկա են ներկայացնում վաճառողները: Նման
պարագայում ապրանքները շուկայում իրացվում են շուկայական արժեքին
համապատասխանող գնով:
Եթե շուկայում ապրանքների զանգվածը գերազանցում է այդ վճարունակ
պահանջմունքը, ապա դրանք պետք է վաճառվեն շուկայական արժեքից ցածր
գնով, և ընդհակառակը՝ ապրանքները շուկայական արժեքից բարձր գնով
կվաճառվեն, եթե դրանց զանգվածը փոքր լինի պահանջարկի ծավալից կամ, որ
նույնն է, եթե վաճառողների միջև մրցակցային պայքարն ուժեղ չէ, որ ստիպի
նրանց՝ ապրանքների այդ պահանջվող քանակը շուկա հանելու:
Եթե փոփոխվեն արտադրության պայմանները, որոնք ապրանքների
արտադրության հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակի
մեծության, նյութածախսի և այլնի միջոցով փոխում են նաև դրանց շուկայական
արժեքը, ապա այլ կլինեն նաև ապրանքների ամբողջ զանգվածի իրացման
պայմանները: Եթե ընկնում է շուկայական արժեքը, ապա ընդլայնվում է
վճարունակ պահանջմունքը կամ պահանջարկը և որոշակի սահմաններում ավելի
շատ ապրանքներ են վաճառվում, աճում է սպառման չափը, իսկ շուկայական
արժեքի բարձրացման դեպքում սեղմվում են վճարունակ պահանջմունքները, և
ապրանքների ավելի փոքր քանակ է իրացվում: Հետևապես, եթե պահանջարկն ու
առաջարկը կարգավորում են շուկայական գինը, ավելի ճիշտ՝ գների շեղումները
շուկայական արժեքից, ապա, մյուս կողմից, շուկայական արժեքն է՝ որպես գների
տատանումների կենտրոն, կարգավորում պահանջարկի ու առաջարկի
հարաբերակցությունը:
Պահանջարկի և առաջարկի հավասարության դեպքում, երբ դրանք միմյանց
ծածկում են, երբ ապրանքային զանգվածը իրացվում է իր շուկայական արժեքով,
դադարում է դրանց ազդեցությունը շուկայի վրա, և շուկայական իրադրության
փոփոխությունները պետք է բացատրել այլ գործոնների առկայությամբ: Սակայն
իրականում առաջարկն ու պահանջարկը երբեք չեն հավասարվում, միմյանց չեն
ծածկում կամ եթե ծածկում են, ապա պատահաբար՝ որպես միմյանց նկատմամբ
հակադիր շարժման անցողիկ վիճակ, իսկ դրանց տարբերությունը մշտական,
կայուն բնույթ է կրում, որն արտահայտվում է շուկայական արժեքից գների
շեղումների մեջ:
Այսպիսով, պահանջարկի և առաջարկի փոխազդեցության վերլուծությունը
մի կողմից կարող է բացահայտել ապրանքների գների՝ շուկայական արժեքներից
շեղվելու պայմանները և, մյուս կողմից էլ, այն միտումը, որն ուղղված է այդ
շեղումների վերացմանը կամ պահանջարկի ու առաջարկի հարաբերակցության
ազդեցության վերացմանը: Այդ միտումը արտացոլում է պահանջարկի և
առաջարկի փոխազդեցության բնույթը: Եթե, օրինակ, պահանջարկը նվազում է,
գինը՝ նույնպես, ապա դա կարող է հասցնել տվյալ ճյուղից կապիտալի
արտահոսքի, որը փոքրացնում է առաջարկը: Այդպիսի իրադրության մեջ
հնարավոր է շուկայական արժեքի նվազում՝ շնորհիվ արտադրության
գործընթացում կատարված նորամուծությունների, և այդ արժեքի հավասարեցում
շուկայական գնին: Իսկ երբ աճում է պահանջարկը, և դրա հետ միասին գինը
բարձրանում է շուկայական արժեքից, տվյալ ճյուղում ավելի շատ կապիտալ
կներդրվի, ավելի շատ ապրանքներ կարտադրվեն և կգերազանցեն գոյություն
ունեցող պահանջարկը, ապրանքների գները կշեղվեն արժեքից ցած, կամ կարող է
նաև, արտադրության պայմանների վատթարացման պատճառով, ապրանքների
շուկայական արժեքը, հետևապես և գները այնպիսի չափով բարձրանան, որ
պահանջարկը սահմանափակվի:
Պահանջարկի, առաջարկի և գների այդ բարդ փոխկապվածությունը, եթե
նկատի ունենանք նաև, որ պահանջարկը որոշում է առաջարկը և, ընդհակառակը,
առաջարկը որոշում է պահանջարկը, կարող է լուրջ խառնաշփոթ առաջ բերել,
եթե նշված կատեգորիաների շարքում չառանձնացվի առաջատար օղակը, այն
հարաբերությունը, որը շուկայական մեխանիզմի շարժիչ ուժն է: Դժվար չէ
ըմբռնել, որ պահանջարկի ու առաջարկի ենթադրյալ հավասարությունը ընկած է
ապրանքների շուկայական արժեքի ձևավորման հիմքում և գոյություն ունի իբրև
բնական գին, որը որոշվում է արտադրության ծախսերով, այսինքն՝
պահանջարկից ու առաջարկից անկախ, հետևապես, ամենից քիչ կարող է
դրանցով որոշվել:
Ինչ վերաբերում է մրցակցությանն ու շուկայական գների
տատանումներին, դրանք համապատասխանում են պահանջարկի ու առաջարկի
հարաբերակցության փոփոխություններին: Շուկայի սուբյեկտները ևս իրենց
պրակտիկ գործունեության ընթացքում որոշակի գործառնություններ են
կատարում՝ ելնելով գործող գների մակարդակից: Ուստի շուկայական մեխանիզմի
գործողության բնույթը բացահայտելու համար ամենից առաջ պետք է վերլուծել
պահանջարկի և առաջարկի կախվածության բնույթը շուկայական գներից:
Պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը: Շուկայական
հավասարակշռություն և շուկայական գին

Պահանջարկի և առաջարկի միասնական վերլուծությունը նպատակ ունի


որոշելու ապրանքների և ծառայությունների այն իրական գինն ու քանակը, որ
ձևավորվում են շուկայում: Պահանջարկն ուառաջարկը շուկայական
մրցակցության միջոցով գործում են հավասարակշռված գին և դրան
համապատասխանող ապրանքի քանակ ապահովելու ուղղությամբ, և երբ
ձևավորվում է այնպիսի մի գին, որի դեպքում ապրանքների այն
քանակությունը, որ առաջարկվում է, հավասար է շուկայական պահանջարկին,
առաջ է գալիս շուկայական հավասարակշռություն: Այդպիսի գինը կոչվում է
հավասարակշռող գին, որն ապահովում է սպառողների կողմից պահանջվող
ապրանքների քանակության և առաջարկվող արտադրանքի
հավասարությունը: Եթե գինը բարձր է հավասարակշռող գնի մակարդակից, ապա
ապրանքների մի մասը կարող է չիրացվել այդ գնով, ուստի գինն իջնելու հակում
ունի, իսկ եթե ընդհակառակը՝ շուկայական գինը հավասարակշռության գնից
ցածր է, գնորդները հակված են անհրաժեշտ քանակության ապրանք ձեռք բերել
ավելի բարձր գնով, այսինքն՝ գինը այդ դեպքում բարձրանալու հակում ունի:
Այնինչ, հավասարակշռող գնի պայմաններում, գինը միտում չունի
բարձրանալու կամ իջնելու, ցանկալի պահանջներն ու ցանկալի առաջարկները
բավարարվում են: Ըստ անգլիացի նշանավոր տնտեսագետ Ալֆրեդ Մարշալի,
ապրանքի շուկայական գինը որոշվում է երկու գործոնների ազդեցությամբ.
սահմանային օգտակարությամբ որոշվում է <<պահանջարկի գինը>>, իսկ
արտադրության ծախքերով՝ <<առաջարկի գինը>>, որոնց փոխազդեցությամբ
էլ ձևավորվում է հավասարակշռության գինը:
Շուկայական հավասարակշռությունը կարելի է ցույց տալ պահանջարկի ու
առաջարկի կորերի համադրման միջոցով, որտեղ այդ կորերի հատման կետը
կամ հավասարակշռության կետը որոշում է հավասարակշռող գինն ու քանակը:
Շուկայական հավասարակշռության կետը (E) մեր օրինակում ցույց է
տալիս, որ երբ մսի գինը 1100 դրամ է, արտադրողներն առաջարկում են
այնքան միս, որքան կարող են և ցանկանում են այդ գնով գնել գնորդները,
այսինքն՝ առաջարկն ու պահանջարկը հավասար են (2,7 հազար ց): Եթե մսի գինը
բարձր է հավասարակշռող գնից, օրինակ՝ 1500 կամ 2000 դրամ է, ապա մսի
առաջարկվող քանակն ավելի մեծ է, քան պահանջվող քանակը, հետևապես առաջ
է գալիս ավելցուկ, իսկ եթե, ասենք, գինը ցածր է հավասարակշռող գնից (700 կամ
800 դրամ), ապա առաջարկվող քանակն ավելի փոքր է, քան պահանջվող քանակը
կամ պահանջարկը, որի հետևանքով առաջ է գալիս սղություն և գների
բարձրացման միտում, ի տարբերություն ավելցուկի, երբ գները իջնելու
միտում ունեն: Առաջարկի և պահանջարկի տեղաշարժերի դեպքում փոխվում են
առաջարկվող ապրանքի քանակն ու գինը, և շուկայական
հավասարակշռություն է ձեռք բերվում մեկ այլ գնի ու քանակի դեպքում:
Օրինակ, եթե առաջարկը կրճատվում է, ասենք, գյուղատնտեսական
մթերքների արտադրության վատ պայմանների պատճառով, և առաջարկի կորը
տեղաշարժվում է դեպի ձախ (S1), ապա փոքրանում է ապրանքի առաջարկվող
քանակությունը, բարձրանում է գինը, որի հետևանքով պահանջարկը սեղմվում
է, և հավասարակշռություն է ստեղծվում նոր E1 կետում, իսկ եթե առաջարկը
մնում է անփոփոխ, պահանջարկը մեծանում է, և պահանջարկի կորը շարժվում է
դեպի աջ (D1), ապա, ապրանքի պահանջվող քանակի ավելացման հետևանքով,
դարձյալ գինը բարձրանում է, և այս անգամ արդեն արտադրողներն ավելի
շատ ապրանք կվաճառեն ու ավելի բարձր գնով (E2 կետում): Չնայած միշտ էլ
ապրանքների վաճառված քանակությունը հավասար է գնված քանակությանը,
բայց շուկայական հավասարակշռություն ստեղծվում է միայն այն ժամանակ,
երբ հավասարակշռված են առաջարկն ու պահանջարկը, և ձևավորվում է գնի
համեմատաբար կայուն այնպիսի մակարդակ, որի դեպքում արտադրողները
առաջարկում են ապրանքների ճիշտ այնպիսի քանակություն, որքան ցանկանում
են գնել գնորդները (E, E3):

P
D1 S1
D
3000
S

2500
ավելցուկ
Գին (դրամ)

2000 E3
E1 E2
1500
S1
E
1000
S D1
500
դեֆիցիտ D

0 1 2 3 4 5 6 Q
Քանակը (հազար ցենտներ)
Գծապատկեր 1. Շուկայական հավասարակշռություն
(տավարի մսի առաջարկը և պահանջարկը)

Շուկայական հավասարակշռությունը հասարակության մասշտաբով


դրսևորվում է իբրև ամբողջական առաջարկի և ամբողջական պահանջարկի
համապատասխանություն՝ ապահովելով ապրանքների ու ծառայությունների
գների որոշակի ամբողջական մակարդակ: Այդ մակրոտնտեսական
հավասարակշռությունը ձեռք է բերվում շնորհիվ ամբողջական առաջարկի և
ամբողջական պահանջարկի փոխազդեցության, որի հետևանքով որոշակի
հարաբերակցություն է ձևավորվում համախառն ազգային արդյունքի մեծության և
գների ընդհանուր մակարդակի միջև: Դա կարելի է ցույց տալ ամբողջական
առաջարկի և ամբողջական պահանջարկի կորերի համադրման միջոցով
(գծապատկեր 2), որոնց հատման կետը (E) արտահայտում է մակրոտնտեսական
հավասարակշռությունը, երբ ամբողջական առաջարկն ու ամբողջական
պահանջարկը հավասար են:

P
D S

500
Գների մակարդակ

D1
400 S1

E
300

S2 D2
200
S D1
100
D

0 200 400 600 800 Q


Իրական ՀԱԱ կամ ՀՆԱ
Գծապատկեր 2. Շուկայական ընդհանուր հավասարակշռություն

Շուկայական ընդհանուր հավասարակշռությունը, մեր օրինակում, ձեռք


է բերվում E կետում, որը ցույց է տալիս այն իրական համախառն արտադրանքը
(400) և ընդհանուր գների մակարդակը (300), որը բավարարում է թե՛
արտադրողներին և թե՛ սպառողներին: Ամբողջական առաջարկի և ամբողջական
պահանջարկի կորերը ցույց են տալիս ՀՆԱ-ի և գների ընդհանուր մակարդակի
հարաբերակցությունը, եթե հաստատուն են փողի առաջարկը, ֆինանսական
քաղաքականությունը և հիմնական միջոցների պաշարները: Եթե, օրինակ,
գների մակարդակն աճի մինչև 400 միավոր, ապա ձեռնարկությունները կձգտեն
ավելի շատ ապրանք վաճառել (առաջարկը կմեծանա մինչև S1 կետը և կկազմի
600), իսկ պահանջարկը կսահմանափակվի (D1) և կիջնի 300-ի:
Ձեռնարկությունները ստիպված կլինեն կրճատել արտադրությունը և իջեցնել
գները, այսինքն՝ շարժվել դեպի հավասարակշռության վիճակ: Իսկ եթե գները
իջնում են, ասենք, մինչև 200, առաջարկը կփոքրանա (Տ2) և կկազմի 200,
պահանջարկը (D2) կհասնի 500-ի: Դա կհանգեցնի ապրանքների սղության և
գների բարձրացման, որը կնպաստի արտադրանքի ավելացմանը, այսինքն՝
դարձյալ վաճառողների ու գնորդների գործողությունները ուղղված կլինեն
հավասարակշռության ստեղծմանը, որի դեպքում առաջարկն ու պահանջարկը
հավասարվում են:
Պահանջարկի և առաջարկի առաձգականությունը

Շուկայական հավասարակշռության իրական պատկերը ստանալու համար


անհրաժեշտ է ոչ միայն հաշվի առնել գների հակադարձ համեմատական
ազդեցությունը պահանջարկի և ուղիղ համեմատականը՝ առաջարկի վրա, այլև
ցույց տալ պահանջարկի և առաջարկի աճի կամ կրճատման չափը` կախված
գնի փոփոխությունից: Պահանջարկի մեծության փոփոխության հարաբերությունը
գնի փոփոխությանը պահանջարկի առաձգականությունն է ըստ գնի՝

= :
Այս հարաբերությունը կամ պահանջարկի առաձգականության
գործակիցը ցույց է տալիս, թե որքանով կմեծանա ապրանքի նկատմամբ
պահանջարկը գնի միավոր իջնելու կամ որքանով կփոքրանա այդ
պահանջարկը գնի միավոր բարձրանալու դեպքում: Եթե, օրինակ, գնի
իջեցումը առաջ է բերում պահանջարկի աճ նույն չափերով, որքանով որ գինն է
իջել, ապա առաձգականության գործակիցը հավասար է 1-ի կամ, ինչպես
ընդունված է ասել, տվյալ դեպքում պահանջարկի առաձգականությունը միավոր է:
Պահանջարկը առաձգական է համարվում, եթե առաձգականության գործակիցը
1-ից մեծ է և ոչ առաձգական, երբ 1-ից փոքր է:
Պահանջարկի առաձգականությունը կախված է մի շարք գործոններից՝
փոխարինող ապրանքների առկայությունից, ապրանքի սպառողական
յուրահատուկ հատկանիշներից ու որակից, դրա՝ սպառողի բյուջեի մեջ ունեցած
տեսակարար կշռից, ճաշակից և այլն: Ապրանքների գնից կախված`
պահանջարկի առաձգականությունը մեծ է, եթե ապրանքները շատ
փոխարինողներ ունեն, իսկ քիչ փոխարինողներ ունեցող ապրանքներինը՝
փոքր: Կան նաև ապրանքներ, որոնք ընդհանրապես փոխարինողներ չունեն և
բավարարում են մարդու առավել կենսական պահանջմունքները, օրինակ՝
հացը, աղը, խմելու ջուրը, որոնց պահանջարկը կախված չէ կամ աննշան չափով
կարող է կախված լինել դրանց շուկայական գնից, այսինքն՝ դրանց պահանջարկի
առաձգականությունը մոտ է զրոյի:
Ապրանքի պահանջարկի առաձգականությունը` փոխարինող կամ լրացնող
ապրանքների գների հարաբերությամբ, կոչվում է խաչաձև առաձգականություն
(օրինակ՝ մսի կամ զովացուցիչ ջրերի տարբեր տեսակները փոխարինող, իսկ
սեղանն ու աթոռը, թուղթն ու գրիչը, ավտոմեքենան ու ավտոդողը միմյանց
լրացնող ապրանքներ են): Խաչաձև առաձգականության գործակիցը a ապրանքի
պահանջարկի փոփոխության հարաբերությունն է b ապրանքի գնի
փոփոխությանը՝
= :

Փոխարինող ապրանքների համար խաչաձև առաձգականությունը զրոյից


մեծ է (տավարի մսի գնի աճը մեծացնում է ոչխարի մսի պահանջարկը), իսկ
միմյանց լրացնող ապրանքների խաչաձև առաձգականությունը զրոյից փոքր է
(սեղանի գնի բարձրացումը փոքրացնում է ինչպես սեղանի, այնպես էլ աթոռի
պահանջարկը):
Պահանջարկի վրա ազդող կարևորագույն գործոններից մեկը
եկամուտների մեծությունն է: Պահանջարկի փոփոխության կախվածությունը
գնորդի եկամտի մեծությունից արտահայտվում է պահանջարկի
առաձգականության միջոցով՝ կախված եկամտից: Եկամտի ազդեցությունը
պահանջարկի վրա արտահայտվում է պահանջարկի առաձգականության
գործակցով՝

= :

որտեղ -ն պահանջարկի առաձգականությունն է ըստ եկամտի, I-ը`


գնորդի
եկամուտը, Q-ն՝ պահանջարկի մեծությունը:
Որպես կանոն, եկամտի աճը նպաստում է պահանջարկի մեծացմանը,
չնայած այդ ազդեցության չափը, կախված ապրանքների սպառողական
յուրահատկություններից, տարբեր է: Օրինակ, հայտնի է, որ եկամուտների
ավելացումը ավելի շատ մեծացնում է երկարատև օգտագործման ապրանքների,
քան ամենօրյա օգտագործման ապրանքների պահանջարկը: Տարբեր
ապրանքների պահանջարկի փոփոխության վրա եկամուտների ազդեցության
բնույթի մասին կարելի է դատել գերմանացի տնտեսագետ Է.Էնգելի կորերի
միջոցով (գծապատկեր 1):
C

E2

Սպառումը
E1

E3

0 Եկամուտը I
Գծապատկեր 1. Էնգելի կորերը (E1-ը` սովորական ապրանքներ, E2-ը`
պերճանքի առարկաներ E3-ը` ցածրորակ ապրանքներ)

Առաջարկի մեծության փոփոխությունը` կախված գնից, բնութագրվում է


առաջարկի առաձգականությամբ: Առաջարկի փոփոխության չափը որոշվում է
առաձգականության գործակցով, որը հաշվարկվում է որպես առաջարկի
փոփոխության հարաբերություն գնի փոփոխությանը՝

= :

Պահանջարկի և առաջարկի առաձգականությունը ցույց տվող` արտաքնապես


իրար նման բանաձևերը ամենևին չեն խոսում դրանց հավասարության
մասին: Բավական է հիշել, որ պահանջարկի կախումը գնից հակադարձ
համեմատական է, առաջարկինը գնից՝ ուղիղ համեմատական, իսկ Q-ն առաջին
դեպքում պահանջվող ապրանքների մեծությունն է, իսկ երկրորդ դեպքում՝
առաջարկվող: Եթե ապրանքի գները փոփոխվում են, բայց առաջարկի
մեծությունը (Q) մնում է անփոփոխ, ապա տվյալ ապրանքի առաջարկը
բացարձակապես առաձգական չէ, իսկ եթե գնի չնչին իջեցումը կտրուկ կրճատում
է առաջարկը կամ գնի չնչին բարձրացումը հանգեցնում է առաջարկի
բազմապատիկ մեծացման, այս դեպքում արդեն առաջարկը բացարձակ
առաձգական է: Եթե գնի փոփոխությունը ( ) նույնչափով է փոփոխում

առաջարկվող քանակը ( ), այսինքն՝ , ապա գործ ունենք առաջարկի

միավոր առաձգականության հետ: Որքան ավելի մեծ է առաջարկի


առաձգականությունը, այնքան ավելի հարթ տեսք ունի առաջարկի կորը, իսկ
որքան ավելի փոքր է այդ գործակիցը՝ այնքան ավելի ուղղաձիգ:
Առաջարկի և պահանջարկի կորերի ավելի հարթ կամ ավելի ուղղաձիգ
լինելը արտացոլվում են առաջարկի և պահանջարկի հավասարակշռության
կետի տարբեր դիրքերում (գծապատկեր 2.):

P S

0 Q
Գծապատկեր 7.9. Պահանջարկի և առաջարկի առաձգականության
ազդեցությունը շուկայական հավասարակշռության վրա

Եթե վերցնենք պահանջարկի և առաջարկի երեք տարբեր կորեր


(ինչպես ցույց է տրված նկարում), ապա, բացի միավոր առաձգականությունը
ցույց տվող E կետից, կարելի է ցույց տալ պահանջարկի և առաջարկի
հավասարակշռության ևս 8 կետ: Առաջարկի առաձգականության փոփոխություն
են առաջացնում նաև այլ գործոնների՝ արտադրության ծասքերի կառուցվածքը,
արտադրական կարողությունների ծանրաբեռնվածության աստիճանը, ազատ
աշխատանքային ռեսուրսների առկայությունը, կապիտալի միջճյուղային
տեղաշարժի պայմանները և այլն:
P S1 S2 S3

P2
P3
P4
P1
D2

D1

0 Q1 Q2 Q3 Q
Գծապատկեր 3. Առաջարկի առաձգականության փոփոխությունը

Առաջարկի առաձգականության փոփոխության մեջ մեծ դեր ունի


ժամանակի գործոնը, քանի որ ապրանքների և ծառայությունների գների
փոփոխությունը արտահայտվում է առաջարկի մեծության մեջ ոչ թե
ակնթարթորեն, այլ որոշակի ժամանակի ընթացքում: Նոր գներին հարմարվելու
համար արտադրողին բավական ժամանակ է պետք, որպեսզի, ելնելով այդ
գների մակարդակից, կրճատի կամ ընդլայնի առաջարկը: Եթե օրինակ, տվյալ
ապրանքի շուկայական գինը բարձրացել է, ապա արտադրողն անմիջապես չի
կարող մեծացնել առաջարկը: Նա պետք է արտադրանքի թողարկումը
ավելացնի՝ արտադրության միջոցներն ավելի ինտենսիվ օգտագործելու, եղած
արտադրական կարողությունները ամբողջությամբ գործադրելու, նոր
արտադրության միջոցներ ու աշխատուժ արտադրության մեջ ներգրավելու,
ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր ձեռնարկություններ հիմնադրելու
միջոցով, որի հնարավորությունը տալիս են ապրանքի բարձր գները և խթանում
են արտադրողին նման գործունեություն իրականացնելու: Բայց արտադրության
մեջ յուրաքանչյուր այդպիսի փոփոխություն կատարելը որոշակի ժամանակ է
պահանջում: Այդ պատճառով էլ սովորաբար առանձնացնում են արտադրողի՝
շուկայական իրադրությանը հարմարվելու երեք ժամանակահատված.
կարճաժամկետ, միջին ժամկետ և երկարաժամկետ:
Կարճաժամկետում արտադրողն ի վիճակի չէ ավելացնել կամ կրճատել
առաջարկը, ուստի պահանջարկի փոփոխությունը պետք է հարմարվի գնի
համապատասխան փոփոխությանը: Միջին ժամկետի ընթացքում նա կարող է
պահանջարկին հարմարվել` գործադրելով ֆիրմայի ներքին ռեսուրսները՝
մեծացնելով արտադրության ծավալը սարքավորումների ծանրաբեռնվածության
աստիճանը և դրանց օգտագործման ինտենսիվությունը բարձրացնելու,
կուտակված ապրանքային պաշարներն իրացնելու և այլ միջոցներով:
Դա հնարավորություն է տալիս որոշակի չափով ավելացնելու առաջարկը
(Q2), որի դեպքում առաջարկի կորը ուղղաձիգ դիրքից (S1) որոշ թեքություն
կընդունի (S2,), և արտադրանքի գինն էլ որոշակիորեն կիջնի` P2-ից P3,
առաջարկը որոշ չափով առաձգական կդառնա: Երկարաժամկետ հատվածում
արտադրողը հնարավորություն ունի արմատապես վերափոխելու արտադրության
պայմանները՝ նորացնելու մեքենաներն ու սարքավորումները, ընդլայնելու
արտադրությունը, անհրաժեշտության դեպքում նոր ձեռնարկություն
հիմնադրելու, ինչի շնորհիվ ավելի զգալի չափերով կընդլայնվի (Q3),
առաջարկի կորը ավելի մեծ շեղում կունենա (S3) սկզբնական ուղղաձիգ դիրքից
(S1), և գինն էլ ավելի կիջնի` մինչև P4 մակարդակը, իսկ առաջարկի
առաձգականությունն ավելի մեծ կլինի նախորդի համեմատությամբ:
Սպառողական վարքի տեսությունը

Տնտեսական տարբեր համակարգերի ընդհանուր հատկանիշներից մեկն


այն է, որ ապրանքների ու ծառայությունների արտադրության վերջնական
նպատակը սպառումն է: Սպառման երևույթի տնտեսագիտական էությունը
ապրանքների ու ծառայությունների, սպառողական արժեքի կամ դրանց
օգտակարության հատկանիշների իրացումն է: Դա գործընթաց է, որի ժամանակ
մարդիկ և հասարակությունը բավարարում են իրենց պահանջմունքները:
Հասարակության տնտեսական կյանքը կազմված է մի քանի օղակներից,
որոնցից մեկն էլ սպառումն է, որը քննարկվում է որպես վերջին օղակ, սակայն դա
չի նշանակում, թե հասարակության տնտեսական գործունեությունը
ավարտվում և կանգ է առնում: Տնտեսական, առավել ևս արտադրական
գործունեությունը շարունակ կրկնվում է, և դա թույլ է տալիս կատարել հիմնավոր
հետևություն, որ արտադրության և սպառման, ինչպես նաև բաշխման ու
փոխանակության ու դրանց ամբողջության միջև գործող կապերն ունեն
անընդհատ բնույթ:
Տնտեսական գործունեության ժամանակ հասարակության կյանքում
առաջացած բոլոր կապերն ունեն երկկողմանի գործողության բնույթ, այսինքն`
գործում է փոխազդեցության կանոնը: Մարդիկ արտադրությունը
կազմակերպում են սպառման համար բարիքներ արտադրելու նպատակով,
իսկ սպառումն իր հերթին շարժառիթ է` արտադրությունը վերսկսելու համար:
Սպառման ծավալը և կառուցվածքը ամբողջությամբ պայմանավորված են
արտադրությամբ, իսկ սպառումն իր հերթին հակադարձ ազդեցություն է
գործում արտադրության վրա` նպաստելով կամ արգելակելով դրա զարգացումը,
ծավալն ու կառուցվածքը:
Սպառման և արտադրության միջև գոյություն ունեցող կապը ենթադրում է
արտադրողի և սպառողի միջև տնտեսական կապերի առկայություն: Այն
տնտեսական համակարգերին, որտեղ մեծ է պետության տնտեսական հատվածի
դերը և գոյություն ունի տնտեսության կենտրոնացման բարձր աստիճան,
արտադրողը տնտեսական հարաբերություններում հանդես է գալիս
թելադրողի դերում: Մինչդեռ շուկայական տնտեսության պայմաններում
թելադրողը սպառողն է: Երբ տնտեսության մեջ իր ամբողջ ուժով սկսում է գործել
սպառողի հասարակական ֆունկցիան, արտադրողը ստիպված է հաշվի նստել
նրա ցանկությունների, պահանջմունքների ու հնարավորությունների հետ:
Արտադրության և սպառման կապը կամ ազդեցության ձևը դառնում է
երկկողմանի, որը նպաստում է պահանջարկի ու առաջարկի միջև
հավասարակշռության հաստատմանը, տնտեսության կայունացմանն ու
զարգացմանը:
Շուկայական տնտեսությունը դեպի սպառողը կողմնորոշված տնտեսական
համակարգ է: Դրանով էլ պայմանավորված է տնտեսագիտության տեսության
մշտական հետաքրքրությունը սովորական սպառողի՝ շուկայում դրսևորած
վարքագծի նկատմամբ: Այդ հարցերի պատասխանները պարզաբանելիս
տնտեսագիտության տեսությունը բացահայտում է այն շարժառիթները, որոնցով
ղեկավարվում է սպառողը, երբ ընտրություն է կատարում շուկայում եղած
ապրանքների բազմազանության պայմաններում:
Առանձին սպառողի վարքը կարող է և ոչ մի ազդեցություն չթողնել
շուկայական հարաբերությունների վրա, սակայն տնտեսագիտության
տեսությունը բացահայտում է, որ ինչքան էլ անհատները իրարից տարբերվեն,
որպես սպառողներ նրանց վարքում դրսևորվում են օրինաչափություններ,
որոնք, լինելով կայուն ու կրկնվող, դառնում են գործուն ուժ և ազդում են շուկայի
հիմնական տարրերի և առաջին հերթին` պահանջարկի ու առաջարկի
գործողության մեխանիզմների վրա:
Վեջին տասնամյակների ընթացքում՝ պայմանավորված շուկայում
արտադրողների միջև մրցակցային պայքարի սրման հետ, որպես մրցակցային
առավելություններ ձեռք բերելու և լրացուցիչ եկամուտներ ստանալու աղբյուր է
հանդես գալիս անհատական պահանջարկի նկատմամբ ուշադրության
ավելացումը: Դա հատկապես ցայտուն է արտահայտվում ծառայությունների
ոլորտում, որտեղ, կապված ծառայությունների մատուցման գործընթացի ճկուն
լինելու հետ, առավել հեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել
հաճախորդներին:
Փաստորեն գնալով մեծանում է նաև հենց անհատ սպառողի դերը
արտադրողի համար:
Սպառողական վարքի վերլուծությունն ունի կարևոր գործնական
նշանակություն: Դրա օգնությամբ արտադրողները կարող են որոշել իրենց
ապրանքների գների մակարդակը, հատկապես երբ թողարկում են նորույթ, իսկ
գնորդները, որպես սպառողներ, կարող են ավելի արդյունավետ որոշումներ
կայացնել: Արտադրող-գնորդ շուկայական կապերի հետազոտության
արդյունքում տնտեսագիտության տեսությունը բացահայտում և առանձնացնում
է մի քանի հիմնադրույթներ, որոնք իրենց ամբողջության մեջ կազմում են
սպառողական վարքի տնտեսագիտական տեսության բովանդակությունը:
Ապրանքների և ծառայությունների շուկաներում տեղի ունեցող
գործարքներին հիմնականում մասնակցում են երկու տնտեսավարող
սուբյեկտներ` տնային տնտեսություններն ու ֆիրմաները: Տնային
տնտեսությունների վարքով որոշվում է ապրանքների և ծառայությունների
պահանջարկը, իսկ ֆիրմաների վարքով` դրանց առաջարկըՇուկայում սպառողը,
որպես պահանջարկն անձնավորող սուբյեկտ, ձգտում է ճիշտ կողմնորոշվել
ապրանքների և ծառայությունների բազմազանության և բազմաքանակության
պայմաններում, կատարել ճիշտ ընտրություն, որի դեպքում կարող է
նվազագույն ծախսերով ձեռք բերել առավելագույն օգտակարություն:
Սպառողները այդ խնդիրը հաճախ լուծում են կռահումների և փորձի հիման վրա`
թույլ տալով նաև որոշակի սխալներ:
Ինչ վերաբերում է արտադրողներին, ովքեր անձնավորում են
առաջարկը, ապա նրանք շուկայական տնտեսությունում հանդես են գալիս
նախ և առաջ որպես սպառողներ (գնորդներ), քանի որ գնում են և՛ անձնական
սպառման, և՛ արտադրողական սպառման ապրանքներ ու ծառայություններ:
Սակայն նրանց գլխավոր գործառույթը ձեռնարկատիրական գործունեության
կազմակերպումն ու իրականացումն է, որի ժամանակ ծախսում են զգալի
գումարներ` շուկայական պահանջարկն ուսումնասիրելու նպատակով, որպեսզի
պարզեն ընդհանուր սպառողական վարքի առանձնահատկությունները և
կարողանան հակազդել տնային տնտեսությունների վարքին:
Ցանկացած գիտություն իր տեսությունը մշակելիս օգտվում է
վերացարկման մեթոդից, որովհետև հիմնական խնդիրը լուծելու համար
ստիպված է կատարել մի շարք մեթոդաբանական ենթադրություններ,
որպեսզի ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի սկզբունքային և առանցքային
նշանակություն ունեցող հիմնախնդիրների վրա: Սպառողական վարքի
վերլուծության ժամանակ տնտեսագիտությունը կատարում է հետևյալ
վերացական ենթադրությունները.
1. Ապրանքների և ծառայությունների բոլոր շուկաները կատարյալ
մրցակցային շուկաներ են, որտեղ գները որոշվում են ազատ շուկայական
հարաբերություններով:
2. Տնային տնտեսություններն ու ֆիրմաները սպառման կամ
արտադրության հետ կապված ընտրություն կատարելու և որոշում կայացնելու
համար ունեն լրիվ և հավաստի տեղեկատվություն գների, տոկոսադրույքների,
աշխատավարձի, արտադրության ծախսերի և այլ ցուցանիշների վերաբերյալ:
3. Սպառողական ընտրության ժամանակ որպես հիմք վերցվում է
օգտակարությունը, որի մեծությունը չափելի է:
4. Արտադրող-վաճառողները և գնորդ-սպառողները շուկայում
դրսևորում են ռացիոնալ վարքագիծ, քանի որ ամեն մի լրացուցիչ միավոր
արտադրելիս կամ գնելիս ձգտում են, որ ծախսերն ավելի փոքր լինեն:
5. Սպառողները չեն փոխում իրենց նախասիրությունները և միշտ
գերադասում են ստանալ մեծ օգտակարություն:
Դժվար չէ հասկանալ, որ վերը նշված ենթադրությունները և դրանց
կայունությունը պայմանական բնույթ ունեն և կյանքում շատ հազվադեպ են
պատահում:
Եթե մի փոքր պարզեցված քննարկենք առանձին սպառողի վարքը,
ապա կարելի է ասել, որ նա շուկայում գտնվող անթիվ-անհամար ապրանքներ ու
ծառայություններ վաճառողների շրջապատում իրեն շատ անօգնական և անուժ է
զգում:
Չնայած սպառողներից յուրաքանչյուրը բացարձակապես ինքնուրույն է
որոշում կայացնում ինչ և ինչքան գնելու հարցում, սակայն այդ խնդիրները
լուծելիս նրանք դրսևորում են շատ ու շատ ընդհանուր մոտեցումներ:
Նշված հանգամանքները խիստ կարևոր են, քանի որ ստիպում են
ֆիրմաներին հաշվի նստել սպառողների կոլեկտիվ, հավաքական կարծիքի
հետ, երբ նրանք լուծում են արտադրության կազմակերպման երեք
հիմնահարցերը: Եթե սպառողների մեծ մասը համաձայն է իր փողերը վճարել
որևէ ապրանքի դիմաց և վճարել ավելի, քան արտադրողի ծախսերն են, ապա
արտադրողը շահույթ կստանա: Սպառողների հակառակ վարքի դեպքում
ֆիրմային սպառնում է սնանկացում: Այս պարզ ու հասկանալի մեխանիզմը
շուկայում գործում է որպես սպառող-արտադրող հակադարձ կապի
մեխանիզմ, որն ինքնիրեն, առանց կողմնակի ազդեցության, համաձայնեցնում
է արտադրության ծավալն ու կառուցվածքը սպառման ծավալի ու
կառուցվածքի հետ: Այս կանոնը բնորոշ է ոչ միայն անձնական սպառման
ապրանքների, այլև արտադրության միջոցների արտադրության ու սպառման
գործընթացներին: Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ փոխադարձ
կապի ողջ տեխնոլոգիական շղթան գործում է այնպես, որ վերջին հաշվով
արտադրվում են հենց այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք վաճառվելու
ու գնվելու հավանականություն ունեն: Իհարկե, իրական կյանքում կարող են
առաջանալ այլ իրավիճակներ, օրինակ. գովազդի օգնությամբ սպառողին
ստիպում են գնել իրեն ոչ անհրաժեշտ կամ էլ կասկածելի հատկություններ
ունեցող ապրանք: Նման իրավիճակները պետք է դիտել որպես բացառություններ,
որոնք միևնույն ժամանակ հաստատում են այն ընդհանուր կանոնը, որ
ֆիրմաների մեծամասնությունը ձգտում է լավագույն կերպով հարմարվել
սպառողների պահանջմունքներին, քանզի սպառողի հանդեպ ազնիվ լինելը
ֆիրմայի պատիվն է և բարձրացնում է նրա հեղինակությունը շուկայում: Բացի
դրանից, զարգացած երկրներում վաղուց գործում են սպառողի շահերը
պաշտպանող հասարակական ու պետական մեխանիզմներ:
Շուկայական տնտեսությունում սպառողի վարքի վրա հիմնականում
ազդում են երեք գործոններ` պահանջմունքը, գինը և եկամուտը:
Պահանջմունքը դրսևորվում է որպես տարբեր բարիքներ սպառելու ցանկություն:
Բայց քանի որ սպառման ենթակա բարիքների տեսականին բազմազան է, ապա
սպառողը անհրաժեշտ է համարում որոշել դրանց օգտակարության
աստիճանը և ըստ դրա էլ կարգավորել սպառման թե՛ հերթականությունը և
թե՛քանակը: Այսպես. մարդու կենսական կարիքները բավարարող ապրանքները
սպառվում են առաջին հերթին, իսկ մյուսները` ըստ սպառողի համար դրանց
անհրաժեշտության աստիճանի
Պահանջմունքների բավարարման կարգավորվածությունը բացատրվում
է նաև այն հանգամանքով, որ ցանկացած ապրանք և ծառայություն ունի իր գինը:
Այդ դեպքում պահանջմունքների բավարարման անհրաժեշտության և
հերթականության խնդիրը լուծելիս սպառողը համեմատում է այն
ապրանքների գները, որոնք կարող են փոխարինել մեկը մյուսին կամ հաշվի է
առնում նույնատիպ ապրանքների որակական հատկանիշները: Օրինակ`
շուկայական սուբյեկտը ցանկանում է գնել ավտոմեքենա: Նոր մեքենան արժե 10
հազար միավոր, իսկ օգտագործվածը` 5 հազար: Եթե ընտրի նորը, ապա կարող է
օգտագործել մի քանի տարի` առանց լուրջ վերանորոգումների, իսկ եթե ընտրի
օգտագործվածը, ապա ստիպված կլինի միշտ կատարել լրացուցիչ ծախսեր, որոնց
գումարը նույն ժամանակահատվածում կարող է գերազանցել 5 հազար միավորի
սահմանը: Ուրեմն, առավել հաջող տարբերակ է նոր ավտոմեքենա գնելը,
սակայն այս դեպքում պետք է հաշվի առնի սպառողական վարքի վրա ազդող
երրորդ գործոնը` եկամուտը:
Որպես կանոն, սպառողների մեծամասնության համար եկամտի չափը շատ
լուրջ խնդիր է, և նրանցից շատերը կնախընտրեն օգտագործված մեքենա գնելու
տարբերակը: Իհարկե, կարելի է նաև վարկ վերցնել, բայց այդ դեպքում
ստիպված կլինեն սահմանափակել գալիք ծախսերը, հրաժարվել որոշ
պահանջմունքների բավարարումից և այլն:
Այսպիսով, սպառողական վարքը ապրանքների և ծառայությունների
պահանջարկի ձևավորման գործընթաց է, որի ժամանակ սպառողի
սուբյեկտիվ ընտրության և պահանջարկի մեծության վրա ազդում են
պահանջմունքները, գինը և եկամուտը:

You might also like