Professional Documents
Culture Documents
Մարինե Պետրոսյան - բանաստեղծություններ
Մարինե Պետրոսյան - բանաստեղծություններ
բանաստեղծություններ
ՁՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
ԵՍ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ
սիրտս ցավում էր
գնացի կանգնեցի անձրեւի տակ ցավը անցավ
հետո քայլեցի քայլեցի շատ երկար
ու մոռացա ինչ որ պատահել էր իմ հետ
հիշեցի բաներ որ ուրիշ տեղ ուրիշների հետ էին պատահում հենց հիմա
մտա դրանց մեջ ու դարձա ուրիշ մարինե
իսկ անձրեւը շարունակում էր գալ
տաք թեթեւ ամառային անձրեւ էր
բարեւ, ասեց ինձ անծանոթ մեկը զարմացած նայելով դեմքիս
բարեւ, ասեցի ես, ու ժպտացի
ՄԱՐՄՆԻ ԹԵԹԵՎՈՒԹՅՈՒՆԸ
երջանկությունը
առարկաների թեթեւությունն ա
մարմնի թեթեւությունը
շարժումների թեթեւությունը
երբ որ առարկաները չեն ցավացնում
շարժումները չեն ցավացնում
խոսքը չի ցավացնում
տգեղությունը չի ցավացնում
կոպտությունը չի ցավացնում
հիշողությունը չի ցավացնում
անցյալը չի ցավացնում
ապագան չի ցավացնում
որովհետեւ երբ որ շատ ես երջանիկ
անցյալ չկա
ու ապագա չկա
ամեն ինչ դառնում ա ներկա
ամեն ամեն ինչ գալիս լցվում ա ներկայի մեջ
ու դառնում ա ուրախություն
շատ ուրախություն
ուրախություն առանց սահմանների
առանց սեւ խոռոչների
երջանկությունը
բոլոր չափումներից դուրս գտնվող էն տարածքն ա որտեղ
ես ու դու
տարբեր չենք իրարից
մենք նույնն ենք
երջանկության մեջ
կարմիր ծաղիկ
ինչի՞ ես դու էսքան սիրուն
ինչի՞ ես խոստանում էն
ինչը որ չի լինելու
խոստանում ես հետո մարդիկ գնում
ցած են քցում իրանց կիեւյան կամուրջից
իսկ դու օրորվում ես քամու տակ
կարծես բան էլ չի պատահել
կարմիր կարմիր ծաղիկ
եթե անգամ ոչխարը քեզ ուտի
մեկ ա դու նորից կբուսնես
մի քանի քայլ էն կողմ
կբացես կարմիր թերթիկներդ
ու կժպտաս նորից
ոչխարին թրիքին ու մարդուն
հավասար
ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԱՅԼԵՐԸ ԽՄԲՈՎ
երազիս մեջ
ես պուճուր էի
երեւի երեք
տարեկան
իսկ դու մեծ էիր կարգին
քո էսօրվա չափ
մեծ
ու ես տեսնում էի
որ գայլերը մոտենում են
խմբով
բայց ես չգիտեի
իրանց ոնց են ասում
ես չգիտեի էդ բառը
գայլ
դու էնքան բարձր էիր
որ իմ լացը
մեկա չէիր լսի
բայց ես չէի լացում
ես մենակ
նայում էի
ես կանգնել նայում էի
ոնց ես դու դանդաղ
հեռանում
ես կանգնել նայում էի
ոնց են գայլերը
մոտենում
ԱՐԹՈՒՐ ԽԵՄՉՅԱՆԻՆ
մարդը գալիս ա
չգիտես որտեղից
մարդը գնում ա
չգիտես ուր
իսկ արանքում էս կյանքն ա
երբեմն ուրախ
ավելի շատ տխուր
իսկ արանքում մարդիկ են
հազար հազար
միլիոն միլիոն
դու իրանց հարցեր մի տուր
իրանք պատասխան չունեն
իրանք քո նման
եկել են չգիտես որտեղից
իրանք քո նման
գնում են չգիտես ուր
ու եթե դու
հենց նոր կորցրիր
իրանք գուցե
երբեք չեն ունեցել
էն մեկին ու էն միակին
որի հետ կյանքը
ավելի շատ ուրախ ա
քան թե տխուր
ՍԻՐՈՒՆ ԴԱՆԱԿՆԵՐ
սիրուն ծաղիկ
աճեցիր մեջս
ցողուն տվեցիր
հիմա բացել ես թերթիկներդ`
սիրուն դանակներ:
պատուհանից
երեւում են վարդերը
որ ուզում էի քաղել
ավելի կարմիր քան կարմիրը
ավելի վարդ քան վարդը
բայց ես մատներ չունեմ արդեն
որ վարդերը քաղեմ
ուզում էի դուռը բացել
մատներս մնացին
դռան տակ
ՑՈՒՐՏ Ա
ցուրտ ա
մի տեսակ ուրիշ ցուրտ ա
վառարանը վառում եմ չի անցնում
օղին խմում եմ չի անցնում
չէ չի անցնում ավելի ա շատանում
երգի նման ա
երգի նման ցուրտ ա
ուր գնում եմ հետս գալիս ա
ես սիրեցի էս ցուրտը
իմ նոր ընկերն ա
չի խոսում բայց ամեն տեղ կա
ոնց որ օդ լինի
շնչում եմ չի վերջանում
ինչքան շնչում եմ էնքան շատանում ա
լցնում ա ամեն ծակուծուկ
ուրիշ բան չկա մենակ ինքն ա
ցուրտ ա
ՇՈՒՆ ՇՈՒՆ
տեսնես ինչի՞ են
էրեխեքը սիրում ցոգոլ գողանալ,
ես որ պուճուր էի,
մայիս-հունիսը ցոգոլ գողանալու սեզոն էր,
խումբ էինք կազմում, ասպատակում էինք մեր թաղի պարտեզները,
ու բացառություն չկար, մեր պարտեզն էլ էինք մտնում,
պապս ջղայնանում էր գոռգոռում էր ընկնում էր հետեւներիցս,
որ բռներ կարող ա ծեծեր մեզ, ինձ էլ կարող ա ծեծեր,
ի՞նչ էր իմ արածը,
հիմարություն էր չէ՞ երեւի,
էդ մեր պարտեզն էր, ծիրանները հասնեին ես էի ուտելու,
բայց գողանալը հավես էր,
հենց գողանալն էր հավես ոչ թե ցոգոլը,
հիմա շուկայից ցոգոլ եմ առնում էդ համը չունի,
մանկության գողացված ցոգոլի համը:
Մի անգամ դասարանով գնացենք էինք էքսկուրսիա,
եթե ճիշտ եմ հիշում` Սարդարապատ,
ու ճանապարհին ծիրանի այգիներ կային, լիքը այգիներ, ցոգոլը վրան,
էրեխեքով վրա տվեցինք ծառերին,
քաղում էինք գժի պես ուրախացած,
ու քաղելիս ջարդում էինք ճյուղերը, մեկ էլ ընկեր Խաչատրյանը մեզ տեսավ
`
հայոց լեզվի իմ շատ սիրելի դասատուն,
սկսեց գոռալ ահավոր ձայնով,
մինչեւ հիմա էդ ձայնը ականջներիս մեջ ա,
ասում էր` դուք հասկանո՞ւմ եք ինչ եք անում,
էդ գյուղացու աշխատանքն ա, իրա քրտինքը,
դուք գողանում եք իրա քրտինքը,
չգիտեմ ուրիշները ոնց, բայց ես ահագին ազդվել էի լացս գալիս էր:
Ու հիմա, տարիների հեռվից, մտածում եմ` ինչ տարօրինակ ա կյանքը,
ճիշտն ու սխալը մենակ դպրոցական դասագրքերում են իրարից քանոնով բ
աժանած,
մեկ էլ քրեական օրենսգրքում,
իսկ կյանքում ` իրար հետ գրկախառնված են,
ու ցոգոլ գողանալը մի քիչ նման ա սեքսի,
………………
ու քանի որ մարդը սեքսից ա ծնվում,
երեւի դրա համար էլ ամեն մեկիս մեջ կա ցոգոլ գողանալու ցանկությունը
մանկուց
ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴՐԱԽՏԸ
մարդ չկա
էս որտե՞ղ եմ ես
ինչ լավ ա ստեղ
էս ի՞նչ ձայն ա
մարդու ձայն չի
բա ի՞նչ ձայն ա էս
առարկաներից ա գալիս
մի տեսակ ղժժոց ա
մի տեսակ ղժժում են առարկաները
բայց շատ թեթեւ
էնքան որ զգաս իրանք կան
որ լավ են զգում իրանց
էս դրախտն ա երեւի
առարկաների դրախտը
ես չեմ մահացել
ես փոխվել եմ առարկայի
էս ինչ հավես ա ստեղ
ԴՈՒ ԻՄ ՀԵՌԱՎՈՐՆ ԵՍ
ՍԱՌՈՒՅՑՆԵՐ ԽՆՁՈՐՆԵՐ
ախ էս ինչ աշուն ա
խնձորները ծառերի վրա են ձեռքդ մեկնի ու կեր
ոչինչ որ հետո տերեւները կթափվեն ձյուն կգա
ձյունն էկել ա արդեն
նայի` խնձորները սեղանին են, ձեռքդ մեկնի ու կեր
էս քո տունն ա
էս էլ ա քո տունը
եթե դուռը բաց ա ուրեմն քոնն ա էս տունը
ու խնձոր ա դրած սեղանին
մարինե խնձոր ա դրած սեղանին քո համար
բայց ո՞վ ա դրել
ով որ դրել ա մոտերքում ա երեւի
լվացել ա խնձորները դրել ա սեղանին
ու խնձորները դեռ թաց են լրիվ
փայլում են լույսի տակ
իսկ դրսում ձմեռ ա արդեն ու քամին տարուբերում ա ծառերը
քամին բարձրացնում ա ձյունն ու խփում ա ապակուն
էն ո՞վ ա դրսում
ասա թող ներս գա
բայց ինքը չի լսում քեզ իրա համար գարուն ա դեռ
ինքը տուն չունի ինքը ոչ մի տեղ տուն չունի
ինքը սառույցների վրայով ա քայլում
դու ճանաչում ես իրան որովհետեւ հիշում ես
բայց ինքը չգիտի քեզ ինքը ո՞նց հիշի քեզ մարինե