Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 3

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Ա․ Նոր Ջուղայի առևտրական ցանցի ձևավորումը


Համաշխարհային առևտրում ջուղայեցի վաճառականների ներգրավվածությունն ու մեծ
դերակատարությունը սկիզբ է առել դեռևս 16-րդ դարում։ Արաքսի ափին գտնվող Հին Ջուղա
բնակավայրը, որտեղ գտնվում էին ադրբեջանցի ջարդարարների կողմից ոչնչացված 10,000
խաչքարերը, առևտրական ուղիների կարևոր կենտրոն էր սկսած 1560-70-ական թվականներից։ Այդ
ժամանակներից սկսած Եվրոպայի ու Ասիայի առևտրական կյանքի անբաժան մասնիկն են դառնում
Ջուղա ու ջուղայեցի անունները, որոնք պահպանում են իրենց մեծ ճանաչումը ավելի քան 150 տարի։
Հին Ջուղայի հայ վաճառականների վերելքը պայմանավորված էր մի երևույթով, որը կարելի է
բնորոշել որպես «հանգամանքների բարեհաջող համակցություն»։ Նախ՝ Նոր աշխարհի կամ
ամերիկյան աշխարհամասի յուրացումը ապահովեց մեծ քանակությամբ արծաթի ու ոսկու ներհոսք
դեպի եվրոպական երկրներ։ Դրա հետևանքով ավելացավ եվրոպական պետությունների «գնելու
կարողությունը». նրանք ի զորու էին գնել արևելքից բերվող ապրանքների ավելի մեծ քանակություն,
ավելի լայն տեսականի։ Արևելքի երկրները հայտնի էին մետաքսով, համեմունքներով, թանկարժեք
քարերով և այլ ապրանքներով, որոնց նկատմամբ եվրոպացիների աճող հետաքրքրության
պայմաններում ասպարեզ պետք է գային արևելք-արևմուտք առևտուրը կազմակերպող միջնորդ
վաճառականներ։ Ապրելով արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունների միջև, յուրացրած
լինելով նրանց հատկանիշներն ու հմուտ լինելով բազմաթիվ լեզուներում՝ ջուղայեցիները այդ
միջնորդ վաճառականների իդեալական կերպար էին։ Փաստորեն, նրանք ճիշտ ժամանակին ճիշտ
տեղում հայտնվեցին։ Հովհաննես Մակվեցին իր տաղերից մեկում Հին Ջուղան բնորոշել է որպես «հայ
ազգի պարծանք» ու այն համեմատել «Ֆռանգսիսի Փարէզի», այսինքն՝ ֆրանսիական Փարիզի հետ։
17-րդ դարասկզբի թուրք-պարսկական պատերազմների ընթացքում պարսկական կողմը սկսել
էր վարել «այրված հողի» քաղաքականություն։ Այսինքն՝ պարսիկները այրում էին բոլոր այն
բնակավայրերն ու արոտավայրերը, որոնք ընկած էին թշնամի օսմանցիների ճանապարհին։ Դրանով
նրանք զրկում էին թշնամուն ճանապարհին պարենը համալրելու կամ հանգստավայր գտնելու
հնարավորությունից։ Սեֆյան Իրանի շահ Աբբասը հրաման արձակեց անգամ Հին Ջուղայի
(Նախիջևան) բնակիչների բռնագաղթ կազմակերպելու մասին։ Շահի նպատակն էր՝ մի կողմից՝
կողմից ամայացնել թուրքական արշավանքի ճանապարհին ընկած հարուստ ու կարևոր
բնակավայրը, մյուս կողմից՝ արհեստավոր ու առևտրական ջուղայեցիներին տեղափոխել
Պարսկաստանի կենտրոն, որտեղ նրանք կլինեին նրա անմիջական ազդեցության ներքո։
1604 թ․ բռնագաղթի ժամանակ Հին Ջուղայի բնակիչները, որոնք արդեն հայտնի էին առևտրում,
յուրահատուկ վերաբերմունքի արժանացան՝ հնարավորություն ստանալով հավաքելու իրենց ամբողջ
ունեցվածքը ու պատրաստվելու տեղահանությանը։ 1604-1605 թթ. ձմեռն անցկացնելով Թավրիզում՝
նրանք այնուհետև բնակեցվեցին Սեֆյան մայրաքաղաքի մի արվարձանում, որը ստացավ Նոր Ջուղա
անունը։ 1619 թվականին Սեֆյան Իրանում հայտարարվեց մետաքսի արտահանման պետական
մենաշնորհի մրցույթ, որտեղ ջուղայեցիները, ցուցաբերելով ազգային ու գործնական
համախմբվածություն, հաղթահարեցին այլ ժողովուրդների, այդ թվում՝ անգլիացիների
մրցակցությունն ու ստացան իրանական մետաքսի արտահանման մենաշնորհային իրավունք։
Այսպես՝ շատ մեծ պահանջարկ ունեցող մետաքսը սկսեց Եվրոպա փոխադրվել ջուղայեցի
վաճառականների կողմից։ Հետաքրքիր է հիշատակել իտալացի ճանապարհորդ Պիետրո դելլա
Վալլեի այն միտքը, թե Սեֆյան շահերն ու ջուղայեցի վաճառականները փոխադարձաբար կարևոր են
իրար համար, և «շահը չի կարող ապրել առանց նրանց, նրանք էլ չեն կարող ապրել առանց շահի»։ 17-
րդ դարի կեսերից Նոր Ջուղայի հայ վաճառականները հարստացրին իրենց ապրանքների
տեսականին ու ներգրավվեցին նաև համաշխարհային առևտրի այլ (հատկապես՝ թանկարժեք
թարերի) ասպարեզներում։ Այդ ժամանակ նրանց առևտրական ցանցն իր հիմնական գծերով արդեն
կազմավորվել էր, իսկ նրանց համայնքները սփռված էին Եվրոպայի ու Ասիայի տարբեր
անկյուններում։ Հավելենք նաև, որ 17-18-րդ դարերի համաշխարհային առևտրում հայերի այս կարևոր
դերակատարությունը ֆրանսիացի աշխարհահռչակ պատմաբան Ֆեռնան Բրոդելը բնորոշել է որպես
«կախարդական հաջողություն»։

Բ․ Նոր Ջուղայի առևտրական ցանցի կազմակերպական սկզբունքները


17-18-րդ դարերում համաշխարհային առևտրում մեծ դերակատարություն ունեցած ջուղայեցի
վաճառականները միավորված են եղել մեկ ցանցի մեջ։ Ցանցի կենտրոնը Սեֆյան Իրանի
մայրաքաղաք Սպահանի հայկական արվարձան Նոր Ջուղան էր։ Ցանցի կենտրոնը սերտ կապերի
մեջ էր աշխարհի տարբեր մասերում գտնվող բնակավայրերի հետ, որտեղ հաստատվել ու իրենց
համայնքներն էին ստեղծել հայ վաճառականները։
Թե ինչպես էին միավորված ցանցի կենտրոնն ու այդ բնակավայրերը, հասկանալի է դառնում
«մարդկանց ու առարկաների շրջանառության տեսության» միջոցով։ Դրա համաձայն՝ առևտրական
ցանցի մեջ մշտապես տեղի է ունենում 5 երևույթների շրջանառություն՝ վաճառականներ, ապրանք,
փող, տեղեկատվություն ու կանայք։ Այսինքն՝ Նոր Ջուղայի ու նրա ցանցի մեջ մտնող քաղաքների
(օրինակ՝ Վենետիկ, Պետերբուրգ, Մադրաս և այլն) անխափան կապը ապահովել է որոշակի
մարդկանց (վաճառականներ, կանայք) ու որոշակի առարկաների (ապրանք, փող, տեղեկատվություն)
անդադար շրջանառությունը։ Երբ անհնար դարձավ այդ շրջանառությունը, Նոր Ջուղայի ցանցը
անկում ապրեց։
Առևտրական ցանցի կազմակերպական սկզբունքներից առաջինը կոմենդա պայմանագիրն էր։
Այն կնքվում էր աղայի ու ընկերոջ միջև, ընդ որում՝ աղան ներդնում էր կապիտալ, իսկ ընկերը այդ
կապիտալը դնում էր շրջանառության մեջ՝ ճանապարհորդելով աշխարհի տարբեր երկրներում և
գնելով ու վաճառելով զանազան ապրանքներ։ Կոմենդա պայմանագիրը հստակ նախատեսում էր
կողմերից յուրաքանչյուրի եկամուտի չափը։ Սովորաբար աղան ստացել է եկամտի 75 տոկոսը,
մինչդեռ աշխարհում ճանապարհորդող նրա գործակալ վաճառականին մնացել է շահի ընդամենը 25
տոկոսը։
Կազմակերպական սկզբունքներից կարևոր է հիշատակել նաև
վստահության համակարգը։ Իրար հետ համագործակցող հայ
վաճառականները հանդես են բերել վստահության այնպիսի մոդել,
որը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով։ Նախ՝
գործակալ-ընկերը պարտավոր էր իր առևտրի ամեն դրվագը, առանց
բացառության, արձանագրել հատուկ հաշվեմատյանում, որը
անպայման ներկայացվելու էր պայմանագրի մյուս կողմին՝
կապիտալի տիրոջը։ Երկրորդ՝ այն գործակալը, որը կփորձեր իր
գործընկերոջը խաբել իր գործունեության ընթացքում, ձեռք էր բերելու
Հնդկահայ վաճառականության
անվստահելի գործակալի համբավ, ինչը անմիջապես տարածվելու էր ծովագնացության դրոշը
Նոր Ջուղայի ամբողջ ցանցում։ Դա նշանակում էր նրա վաճառականական կարիերայի ավարտ, քանի
որ այլևս ոչ ոք չէր համագործակցելու նրա հետ։ Եվ երրորդ՝ ջուղայեցի գործակալի ընտանիքը
յուրօրինակ «գրավ» էր թողնվում խոջայի մոտ։
Նոր Ջուղայի համաշխարհային առևտրական ցանցի կազմակերպական հիմքը հայրագիծ
ընտանիքն էր, այսինքն՝ նույն տոհմին պատկանող վաճառականները միավորվում էին մեկ
առևտրական ընկերության մեջ։ Հայտնի են, օրինակ, Շահրիմանյանների, Միրիմանյանների
վաճառականական տոհմերը։ Սրան հակառակ՝ եվրոպացի վաճառականները միավորված էին
հատուկ բաժնետիրական ընկերություններում, որոնք բաժնետիրական հիմունքներով ձևավորված
այսօրվա բիզնես ընկերությունների նախօրինակներն են։ Այդ բաժնետիրական ընկերություններից
էին, օրինակ, արևելահնդկական ընկերությունները, որոնք վաղ արդի դարաշրջանում (16-18-րդ
դարեր) ստեղծվել էին ինչպես Անգլիայում, այնպես էլ Հոլանդիայում, Ֆրանսիայում ու եվրոպական
այլ երկրներում։
Նոր Ջուղայի հայ վաճառականները ստանում էին անգամ մասնագիտական կրթություն։ Նոր
Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում գործում էր մասնագիտական դպրոց, որտեղ իր առևտրական
դասընթացներով էր հանդես գալիս Կոստանդ Ջուղայեցին։ Նա նախկին վաճառական էր, որը հասուն
տարիքում փոխել էր իր գործունեության ուղղությունը ու անցում կատարել երիտասարդ
ջուղայեցիներին առևտրական գիտելիքներով զինելու գործին։ Նա գրել է առևտրական ձեռնարկ-
դասագրքեր, որոնք թե՛ դասավանդվել են և թե՛ օգտագործվել անհատ վաճառականների կողմից։

Գ․ Հայկական առևտրական ցանցի անկումը


Եվրոպացի գաղութարարները, որոնք 16-17-րդ դարերում աշխարհագրական
հայտնագործությունների փուլում աշխուժացել էին նաև Հնդկաստանում, սկսեցին վարել հայ
վաճառականներին շուկայից դուրս մղելու քաղաքականություն։ Առավել հեռատես գտնվեցին
անգլիացիները: Անգլիական Արևելահնդկական ընկերությունը, ծանոթանալով այն
հանգամանքներին, որոնցով առաջնորդվում էր հայ վաճառականությունը Հնդկաստանում,
Պարսկաստանում և Եվրոպայում, հնդկահայ վաճառականության հետ համագործակցության
պայմանագիր ստորագրեցին 1688 թ․ և կարողացան նրանց աջակցությամբ առևտրական,
դիվանագիտական հաջողությունների հասնել և հաստատվել Հնդկաստանում:
Ջուղայահայ առևտրական ցանցը սկսեց անկում ապրել 18-րդ դարի սկզբին՝ Պարսկաստանի
թուլացմանը զուգընթաց, և վերջնականապես դադարեց գործելուց 1747 թ․, երբ Նոր Ջուղան ավերվեց
Նադիր Շահի կողմից: Նոր Ջուղայի ավերումով ավարտվեց քարավանային ցամաքային ուղիներով
առևտուրը, իսկ վաճառականության անկումը իր ավարտին հասավ հնդկահայ վաճառականությանը
ծովային առևտրից դուրս մղելու Անգլիական Արևելահնդկական ընկերության քաղաքականությամբ
18-րդ դարի երկրորդ կեսին: Հնդկաստանը գաղութացրած անգլիացիները սահմանում էին
անգլիական ընկերության մենաշնորհ այն ապրանքների վաճառքի վրա, որոնք եղել էին հայ
վաճառականության մենաշնորհը։ Այդ դեպքերից հետո աշխարհում հայկական «առևտրական
սփյուռքը»՝ որպես մեկ ամբողջական սոցիալական միավոր, դադարեց գոյություն ունենալուց, թեպետ
դեռ երկար ժամանակ տարբեր երկրների տնտեսական կյանքում հայերի ակտիվությունը
պահպանվում էր:

Հայկական վաճառական ցանցի աշխարհագրությունը

You might also like