2022 թվականի հունվարի 21-ին Ֆրանսիայում գտնվելու ժամանակ ՀՀ
քաղաքացի Լ.-ն և Ֆրանսիայի քաղաքացի Ն.-ն որոշեցին իրացնելու նպատակով ՀՀ տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Այդ նպատակով Լ.-ն և Ն.-ն 2022 թվականի փետրվարի 1-ին ձեռք բերեցին առանձնապես խոշոր չափերով կոկաին տեսակի թմրանյութ, որի մի մասը 2022 թվականի մարտի 15-ին ապօրինի կերպով տեղափոխեցին ՀՀ և տարան Լ.-ի՝ Հրազդան քաղաքում գտնվող տուն։ Այնուհետև պայմանավորվեցին, որ Լ.-ն կմնա ՀՀ-ում և կփորձի պարզել, թե տեղի գիշերային ո՞ր ակումբներում է հնարավոր իրացնել թմրանյութը, իսկ Ն.-ն կգնա Ֆրանսիա՝ թմրանյութի մնացած մասը ՀՀ տեղափոխելու համար։ 2022 թվականի մայիսի 20-ին Ն.-ն իրականացրեց Ֆրանսիայից թմրանյութերի մնացած խմբաքանակի տեղափոխումը ՀՀ, որը կրկին տեղափոխեցին Լ.-ի տուն։ 2022 թվականի հունիսին Լ.-ն և Ն.-ն թմրանյութը Հրազդանից տեղափոխեցին Երևան և ամբողջությամբ իրացրին 2022 թվականի սեպտեմբերի 9-ին։ Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Լ.-ն և Ն.-ն ձերբակալվեցին, նախաձեռնվեց քրեական վարույթ և նրանց նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում՝ ՀՀ 2003 թվականի քրեական օրենսգրքի 235.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգության համար) և 266-րդ հոդվածի 3- րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման համար)։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ Ն.-ն 2021թ. նոյեմբերին ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ Նյու Ջերսի նահանգում դանակահարել էր ԱՄՆ-ի քաղաքացի Ռ.-ին, ով տեղափոխվել էր Նյու յորքի նահանգում գտնվելու հիվանդանոց և մեկ օր անց մահացել այնտեղ: Վախենալով պատասխանատվությունից՝ Ն.-ն փախել էր ԱՄՆ-ից և բնակվել Ֆրանսիայում, սակայն Ֆրանսիայում նրան մեղադրանք էր առաջադրվել կատարված արարքի համար: Այնուհանդերձ, ապացույցների անբավարարության հետևանքով Ն.-ն չէր դատապարտվել: ՀՀ-ում դատախազը, գտնելով, որ Ն.-ի չդատապարտվելը եղել է ակնհայտ անհիմն, նրան մեղադրանք առաջադրեց 2003 թ.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանության հոդվածով: Դատարանում գործի քննության ժամանակ Լ.-ի և Ն.-ի պաշտպան Վ.-ն միջնորդեց իր պաշտպանյալների նկատմամբ հետադարձ ուժով կիրառել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները։ Մասնավորապես, պաշտպանը նշեց, որ թեև 2022 թվականի քրեական օրենսգրքով մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների մաքսանենգության համար նախատեսվել էր ազատազրկման ավելի երկար ժամկետ՝ հինգից տասը տարի, նախկինում եղած երեքից յոթ տարվա փոխարեն, սակայն օրենսդրի կողմից վերացվել էր նախկինում պարտադիր համարվող լրացուցիչ պատժատեսակը՝ գույքի բռնագրավումը, հետևաբար առկա է պատժի մեղմացում: Համեմատական քրեական իրավունք Տարբերակ 1-2023
Պաշտպանի պնդմամբ՝ մեղմացել էր նաև իրացնելու նպատակով
առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման համար պատասխանատվություն սահմանող դրույթի սանկցիան՝ 2003 թ.-ի քրեական օրենսգրքով նախատեսված յոթից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման փոխարեն դառնալով վեցից տասներկու տարի: Դատարանը իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման մասով հետադարձ ուժով կիրառելու միջնորդությունը բավարարեց։ Սակայն մի խումբ անձանց կողմից թմրամիջոցների մաքսանենգության մասով Վ.-ի միջնոդությունը մերժեց՝ այն հիմնավորմամբ, որ 2022 թվականի քրեական օրենսգրքի հոդվածին հետադարձ ուժ տալու դեպքում, արարքը պետք է որակվի ոչ թե պարզապես մի խումբ անձանց կողմից թմրամիջոցի մաքսանենգություն, այլ որպես առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությունը, ինչը առավել ծանրացնող հանգամանք է, որը 2003 թվականի քրեական օրենսգրքով նախատեսված չի եղել։
Որոշել Լ.-ի և Ն-ի քրեական պատասխանատվության հարցը՝ հաշվի առնելով ՀՀ,
Ֆրանսիայի, ԱՄՆ-ի օրենսդրությունները: Հիմնավորել պատասխանը