Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 12

ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան Ռազմական Համալսարան

15/02/2024

Պարոնայք Սպաներ
Հարգելի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ
Սիրելի կուրսանտներ

Ձեզ եմ նեկայացնում Մերձավորարևելյան վերջին կերպափոխումների ֆոնին


Իսրայելապաղեստինյան հակամարտության շուրջ իմ դասախոսությունը

Այսպիսով՝
1956 թ-ի ապրիլյան մի լուսավոր օր Իսրայելի Պաշտպանության Ուժերի
գլխավոր շտաբի պետ, Մոշե Դայանը մեքենայով ուղեվորվում էր այն ժամանակ դեռ
նոր հիմնադրված Նահալ Օզ կոչվող կիբուց (community-համայնք), որը գտնվում էր
Գազայի հետ սահմանին, Իսրայելի հարավային շրջաններում։ Նա եկել էր
մասնակցելու 21-ամյա զինվորական Ռոյ Ռոտբերգի թաղմանը, ով նախորդ օրը
տանջամահ արվելով սպանվել էր պաղեստինցիների կողմից, երբ սահմանի
երկայքով տեսադիտարկման էր մասնակցում։ Պաղեստինցի զինյալները Ռոտբերգի
մարմինը տեղափոխել էին սահմանն այն կողմ, այնուհետև խեղել։ Սրա հետևանքով
Իսրայելում համազգային բողոքի ալիք էր բարձրացել։
Թաղման ժամանակ Դայանի ելույթում զգալի և զարմանալի չափով
համակրանք կար հանցագործություն կատարող կողմի հանդեպ։ Այսպիսով, մեջ եմ
բերում նրա ելույթը․ «Եկեք մեղքը չգցենք մարդասպանների վրա», - ասել է Դայանը։
«Ութ տարի նրանք նստած են Գազայի փախստականների ճամբարներում, և նրանց
աչքի առաջ մենք հրեաներով ենք բնակեցնում այն հողերն ու գյուղերը, որտեղ նրանք
և իրենց հայրերը ապրել են»: Դայանն ակնարկում էր ՆԱՔԲԱՆ-ն, որն արաբերեն
նշանակում է «աղետ», երբ պաղեստինցի արաբների մեծամասնությունը աքսորվեց
1948-ի Իսրայելի անկախության պատերազմում: Շատերը բռնի կերպով
տեղափոխվեցին Գազա, այդ թվում՝ այն համայնքների բնակիչները, որոնք ի վերջո
դարձան սահմանի երկայնքով հրեական քաղաքներ և գյուղեր:
Կարծում եմ հասկանալի է լսարանի համար, որ Մոշե Դայանը հազիվ թե
կարող էր համարվել պաղեստինյան հարցի կողմնակից: 1950 թվականին, արաբա-
իսրայելական առաջին պատերազմի ռազմական գործողությունների ավարտից հետո,
նա էր, որ կազմակերպեց մնացած պաղեստինյան համայնքների տեղահանումը
սահմանամերձ Ալ-Մաջդալ քաղաքից, որն այժմ իսրայելական Աշկելոն քաղաքն է:
Այդուհանդերձ, Դայանը հասկանում և ըմբռնում էր այն, ինչ հրեաների
մեծամասնությունը հրաժարվում է ընդունել։ Պաղեստինցիները երբեք չեն մոռանա
Նաքբան՝ Աղետը, և չեն դադարի երազել իրենց տները վերադառնալու մասին,
ելույթում բարձրաձայն նշեց Մոշե Դայանը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Դայանի մեկ դարյա իմաստնությամբ
նախազգուշացումը ամենաարյունալի ձևով իրականություն դարձավ։ ՀԱՄԱՍ-ի
ռազմական առաջնորդ Յահյա Սինվարի կողմից մշակված ծրագրի համաձայն
պաղեստինցի զինյալները ներխուժեցին Իսրայելի խորքը: Հանկարծակի
հարձակմամբ նրանք կարողացան հաղթահարել Իսրայելի պաշտպանությունը և
գրոհեցին երաժշտական փառատոնի, փոքր քաղաքների և ավելի քան 20 կիբուցի
վրա: Նրանք սպանեցին շուրջ 1200 քաղաքացիական և զինվորական, առևանգեցին
ավելի քան 200 պատանդների: Հենց իր Մոշե Դայանի կողմից հարկադիր
տեղահանված փախստականների ճամբարի բնակիչների ժառանգներն այժմ ավելի
լավ զինված, պատրաստված և կազմակերպված, վերադարձել էին վրեժ լուծելու
համար։ Նրանք լցված էին այն ատելությամբ, որը հենց ինքը Դայանը նկարագրում էր
Ռոյ Ռոտբերգի թաղման արարողության ժամանակ:
Հոկտեմբերի 7-ը Իսրայելի պատմության ամենասարսափելի աղետն էր
Հոլոքոստից հետո։ Չկարողանալով կասեցնել ՀԱՄԱՍ-ի հարձակումը, Իսրայելի
պաշտպանության բանակը պատասխանեց աննախադեպ հարձակմամբ՝ գետնին
հավասարեցնելով Գազայի ամբողջական թաղամասեր, զոհերի թիվը
պաղեստինցիների շրջանում մինչև հիմա կազմում է շուրջ 27 հազար: Երբ
բազմահազար հրթիռակոծությունների տարափ է և հատուկ նշանակության
ջոկատները գրոհում են ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները, Իսրայելի
կառավարությունը չի կարող օբյեկտիվորեն գնահատել այն թշնամությունը, որն
առաջացրել է Հոկտեմբերի 7-ի հարձակումը և չի կարող վարել այնպիսի
քաղաքականություն, որը կարող է կանխել մեկ այլ հարձակում հետագայում:
Իսրայելի ժամանակավոր կազմված կառավարության լռությունը գալիս է Իսրայելի
վարչապետ Բենիամին Նեթանյահուի թելադրանքով, ով հրաժարվել է
հետպատերազմյան իրականության տեսլական ներկայացնել: Նեթանյահուն
խոստացել է «ոչնչացնել Համասին», բայց ռազմական ուժից բացի, նա չունի
խմբավորումը վերացնելու ռազմավարություն և չունի հստակ ծրագիր, թե ինչ կարող
է փոխարինել նրան որպես հետպատերազմյան Գազայի դե ֆակտո կառավարություն:
Պարզ է սակայն մի բան, որ խաղաղ ապրելու համար, Իսրայելը պետք է
վերջապես հաշտվի պաղեստինցիների հետ, և դա այն է, ինչին Նեթանյահուն դեմ է
եղել իր ողջ կարիերայի ընթացքում: Նա Իսրայելի պատմության մեջ
ամենաերկարատև վարչապետի պաշտոնավարումը նվիրել է պաղեստինյան
ազգային շարժումը արմատապես քայքայելուն: Նա խոստացել է իր ժողովրդին, որ
նրանք կարող են բարգավաճել առանց խաղաղության: Եվ նույնիսկ հիմա,
հոկտեմբերի 7-ից հետո, նա չի փոխել այս գաղափարներով սնվող իր քաղաքական
գիծը: Նրանք այդպես էլ չեն կարողանում ճիշտ գնահատել պաղեստինյան
դիմադրության շարժման ռազմական և քաղաքական հնարավորություններն ու
ամենակարևորը՝ հոգեբանական ասպեկտը։ Հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի
զինյալները հատում են սահմանը կիբուցի վրա հարձակվելու համար իրենց
ամրակցված տեսախցիկների կադրերում լսվում է, թե ինչպես են գոռում. «Սա մեր
հողն է»: Յահյա Սինվարը բացահայտորեն նկարագրեց այս գործողությունը որպես
դիմադրության ակտ: ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 22 տարի անցկացրել է իսրայելական
բանտերում և, ինչպես ասում են, շարունակ խցակիցներին ասել է, որ Իսրայելին
պետք է հաղթել, որպեսզի իր ընտանիքը վերադառնա իր գյուղ:
Հոկտեմբերի 7-ի տրավման իսրայելցիներին ստիպել է ևս մեկ անգամ
գիտակցել, որ պաղեստինցիների հետ հակամարտությունը առանցքային է նրանց
ազգային ինքնության համար և ահագնացող սպառնալիք է իրենց բարեկեցությանը:
Այն չի կարելի անտեսել կամ շրջանցել, և օկուպացիան շարունակելը, Արևմտյան
ափում իսրայելական բնակավայրերի ընդլայնումը, Գազայի հատվածը պաշարելը և
որևէ տարածքային փոխզիջման մերժումը Իսրայելին կայուն անվտանգություն չի
բերի: Այդուհանդերձ, այս պատերազմից վերականգնվելը և կուրսի փոփոխությունը,
անշուշտ, չափազանց դժվար կլինի, և ոչ միայն այն պատճառով, որ Նեթանյահուն չի
ցանկանում լուծել պաղեստինյան հակամարտությունը: Պատերազմը Իսրայելին վրա
հասավ պատմության մեջ, թերևս, այդ երկրի ամենապառակտված պահին:
Հարձակմանը նախորդող տարիներին երկիրը Նեթանյահուի ջանքերով չափազանց
բևեռացված էր` խարխլվել էին ժողովրդավարական ինստիտուտները։ Նրա
օրինագծերն ու բարեփոխումները առաջ բերեցին լայնածավալ բողոքներ և
տարաձայնություններ, որոնք սպառնում էին պետության ներքին կայունությանը։ Մի
շարք հետազոտողներ կարծում են, որ Նեթանյահուի քաղաքական գոյատևման
համար պայքարը կդառնա ավելի ինտենսիվ, քան հոկտեմբերի 7-ից առաջ էր՝ ավելի
դժվարացնելով երկրի համար խաղաղության հասնելը:
Բայց ինչ էլ որ լինի վարչապետ Նեթանյահուի հետ, Իսրայելը դժվար թե լուրջ
խոսակցություն ունենա պաղեստինցիների հետ խաղաղ գոյակցության մասին, քանի
որ Իսրայելի հասարակական կարծիքն ամբողջությամբ թեքվել է դեպի աջ
ծայրահեղական ուղղությամբ: Միացյալ Նահանգները այս տարի գնալով ավելի է
ուշադրությունը սևեռում այդ երկրում նախագահական վճռորոշ ընտրությունների
վրա: Մոտ ապագայում բովանդակալից խաղաղ գործընթաց վերսկսելու համար
քաղաքական ոչ բավարար էներգիա և մոտիվացիա կլինի հակամարտող կողմերի և
գլոբալ խաղացողների մոտ:
Հոկտեմբերի 7-ը շրջադարձային է, բայց իսրայելցիները պետք է որոշեն դրա
բնույթը, թե ինչպիսի շրջադարձային է այն: Եթե նրանք վերջապես ուշադրություն
դարձնեն Մոշե Դայանի գրեթե մեկդարյա նախազգուշացմանը, երկիրը կարող է
համախմբվել և ճանապարհ գծել դեպի խաղաղություն և հասնել արժանապատիվ
համակեցության պաղեստինցիների հետ: Սակայն մինչև այժմ առկա
իրողությունները վկայում են, որ իսրայելցիները, փոխարենը, կշարունակեն
պայքարել միմյանց դեմ և անորոշ ժամանակով կպահպանեն օկուպացիան: Սա
կարող է հոկտեմբերի 7-ը դարձնել Իսրայելի պատմության ավելի մութ դարաշրջանի
սկիզբ։
1990-ականներին Նեթանյահուն ծագող աստղ էր Իսրայելի աջական
քաղաքական շրջանակներում: 1984-1988 թվականներին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան
դառնալուց հետո նա հայտնի դարձավ՝ գլխավորելով Օսլոյի համաձայնագրերին
ընդդիմացողների ճամբարըը։ 1995-ի նոյեմբերին ծայրահեղ աջ իսրայելցի մոլեռանդի
կողմից Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունից հետո և իսրայելական
քաղաքներում պաղեստինյան ահաբեկչական հարձակումների ալիքի ֆոնին 1996-ի
վարչապետի ընտրապայքարում Նեթանյահուին հաջողվեց հաղթել Օսլոյի
խաղաղության համաձայնագրի գլխավոր ճարտարապետ Շիմոն Պերեսին ։ Պաշտոնը
ստանձնելուց հետո նա խոստացավ դանդաղեցնել խաղաղության գործընթացը և
բարեփոխել իսրայելական հասարակությունը՝ «փոխարինելով վերնախավերին»։
Սակայն, Նեթանյահուի այս հավակնությունները հանդիպեցին հին էլիտաների
և Քլինթոնի վարչակազմի համատեղ հակազդեցությանը: Իսրայելի
հասարակությունը, որն այն ժամանակ դեռ ընդհանուր առմամբ աջակցում էր
խաղաղության համաձայնագրին, ընդդիմանում էր վարչապետի ծայրահեղ
օրակարգին։ Երեք տարի անց Նեթանյահուն պարտության մատնեց լիբերալ Էհուդ
Բարաքը, ով խոստացավ շարունակել Օսլոյի գործընթացը և ամբողջությամբ լուծել
Պաղեստինի հարցը։
Բայց Բարակը ձախողվեց, ինչպես և նրա նախկինները։ Երբ Իսրայելն
ավարտեց իր զորքերի միակողմանի դուրսբերումը հարավային Լիբանանից 2000
թվականի գարնանը, նա ենթարկվեց անդրսահմանային հարձակումների և վտանգի
ենթարկվեց Հեզբոլլահի զանգվածային կուտակումների պատճառով: Այնուհետև,
խաղաղ գործընթացն ամբողջապես ձախողվեց, երբ պաղեստինցիները սկսեցին
<<երկրորդ ինթիֆադան>> այդ աշնանը: Հինգ տարի անց Իսրայելի դուրսբերումը
Գազայի հատվածից ճանապարհ հարթեց ՀԱՄԱՍ-ի համար՝ ստանձնելու այնտեղ
իշխանությունը: Իսրայելի հասարակությունը, որը ժամանակին աջակցում էր
խաղաղության հաստատմանը, այժմ ավելի ծայրահեղական տրամադրություններով
էր լցված հաշվի առնելով անվտանգության հետ կապված ռիսկերը: 2009-ին
Նեթանյահուն կրկին վերադարձավ իշխանության: Ի վերջո, Իսրայելի հարևաններին
տարածքային զիջումների մասին նրա նախազգուշացումներն իրականություն
դարձան։
Նեթանյահուն իսրայելցիներին առաջարկեց այժմ արդեն վարկաբեկված
«տարածք խաղաղության դիմաց» բանաձևին մեկ այլ հարմար այլընտրանք: Իսրայելը,
նրա պնդմամբ, կարող է բարգավաճել որպես արևմտյան ոճի երկիր, և նույնիսկ ձեռք
մեկնել ընդհանուր արաբական աշխարհին՝ միաժամանակ մի կողմ մղելով
պաղեստինցիներին: Այս գործելաոճի գաղտնիքը բաժանիր որ տիրեսն էր: Հորդանան
գետի արևմտյան ափում Նեթանյահուն պահպանում էր անվտանգության ոլորտում
համագործակցությունը Պաղեստինի ինքնավարության հետ, որը դարձավ Իսրայելի
դե ֆակտո ոստիկանական և սոցիալական ծառայությունների ենթակապալառուն։
Մյուս կողմից նա խրախուսեց Կատարին ֆինանսավորել Գազայի Համասի
կառավարությունը: Նեթանյահուն իր կուսակցության խորհրդարանական խմբի հետ
2019 թվականին հանդիպման ժամանակ նշել էր հետևյալը․ «Ովքեր ճշմարտապես
ընդդիմանում են պաղեստինյան պետության ստեղծմանը, պետք է աջակցեն Գազայի
հատվածին միջոցների մատակարարմանը, քանի որ այդպիսով կապահովվի
Հորդանան գետի արևմտյան ափում Պաղեստինյան Իշխանությունների և Գազայում
ՀԱՄԱՍ-ի միջև երկպառակությունը, որն էլ կկանխի պաղեստինյան պետության
ստեղծման համապաղեստինյան ջանքերի մեկտեղումը»:
Նեթանյահուն կարծում էր, որ կարող է հսկողության տակ պահել ՀԱՄԱՍ-ի
հնարավորությունները՝ ծովային և տնտեսական շրջափակման, նոր տեղակայված
հրթիռային և սահմանային պաշտպանության համակարգերի և խմբավորման
զինյալների և ենթակառուցվածքների վրա պարբերական ռազմական
հարձակումների միջոցով: Այս մարտավարությունը, որը կոչվում էր «խոտհնձման» -
mowing the grass, դարձել էր Իսրայելի անվտանգության դոկտրինի անբաժանելի
մասը՝ «հակամարտությունների կառավարման» և ստատուս քվոյի պահպանման հետ
մեկտեղ: Նրա կարծիքով ցածր ինտենսիվությամբ հակամարտության պահպանումը
քաղաքականապես ավելի քիչ ռիսկային էր, քան խաղաղ համաձայնագիրը և ավելի
քիչ ծախսատար էր, քան մեծ պատերազմը:
Ավելի քան մեկ տասնամյակ Նեթանյահուի ռազմավարությունը կարծես թե
աշխատում էր: 2011 թ-ից հետո Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան
ընկղմվեցին արաբական գարնան հեղափոխությունների և քաղաքացիական
պատերազմների մեջ․ պաղեստինյան հարցի կարգավորումը դրանց հետևանքով
նվազ միջազգային ուշադրության և ջանքերի էր արժանանում: Ահաբեկչական
հարձակումներն Իսրայելում աննախադեպորեն նվազել էին, իսկ Գազայի հատվածից
իրականացվող հրթիռակոծությունները հիմնականում կասեցվում էին իսրայելական
կողմից։
Պաղեստինցիների պատճառով անհանգստանալու փոխարեն իսրայելցիներն
սկսեցին կենտրոնանալ տնտեսական բարգավաճման վրա: 2010 թվականի
հունվարից մինչև 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում
անշարժ գույքի գներն ավելի քան կրկնապատկվել են Իսրայելում, Թել Ավիվում
բազմաբնակարանային բարձրահարկ շենքերն ու գրասենյակային համալիրները
գնալով ավելանում էին: Երկրի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 60 տոկոսով, քանի որ
տեխնոլոգիական ընկերությունները և բիզնեսները հաջողություններ էին գրանցում,
իսկ էներգետիկ ընկերությունները Իսրայելի ջրերում բնական գազի օֆշորային
հանքավայրեր էին հայտնաբերում:
Միջազգային ասպարեզում երկիրը նույնպես առաջընթաց էր գրանցում։
Նեթանյահուն կարողացավ դիմակայել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ճնշմանը՝
վերակենդանացնելու <<երկու պետություն>> two state solution լուծման տարբերակը և
դադարեցնել իսրայելական նոր բնակավայրերի կառուցումն Արևմտյան ափում։
Չնայած Նեթանյահուն չկարողացավ հետ պահել Օբամային Իրանի հետ միջուկային
համաձայնագրի կնքումից, սակայն, Վաշինգտոնը դուրս եկավ պայմանագրից այն
բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հաղթեց նախագահական ընտրություններում:
Թրամփը նաև Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց
Երուսաղեմ, իսկ նրա վարչակազմը ճանաչեց Իսրայելի կողմից Գոլանի
բարձունքների բռնակցումը Սիրիայից: Թրամփի օրոք ԱՄՆ-ն օգնեց Իսրայելին կնքել
Աբրահամյան կոչվող համաձայնագրերը՝ կարգավորելով հարաբերությունները
Բահրեյնի, Մարոկկոյի, Սուդանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ,
հեռանկար, որը ժամանակին անհնար էր թվում առանց իսրայելապաղեստինյան
խաղաղության համաձայնագրի: Սակայն հոկտեմբերի 7-ի հարձակումը փոխեց
Իսրայել պետության ռազմաքաղաքական ղեկավարության խաղաքարտերը և
վերափոխեց Իսրայելի հասարակության ապագայի մասին պատկերացումները։
Եթե պատմական անցյալը կարելի է նախադեպային համարել է, ապա
Իսրայելը լիովին անհույս վիճակում չէ։ Պատմությունը ցույց է տալիս, որ կա
հնարավորություն, որ առաջադիմականությունը կարող է վերադառնալ, և
պահպանողականները կարող են կորցնել ազդեցությունը: Նախորդ խոշոր
հարձակումներից հետո իսրայելական հասարակական կարծիքը սովորաբար
սկզբում թեքվել է դեպի աջ, բայց հետո փոխել է ուղղությունը և ընդունել է
<<տարածքային փոխզիջումներ խաղաղության դիմաց>> կոնցեպտի ռացիոնալ լինելը:
1973-ի Յոմ Կիպուրի պատերազմը ի վերջո հանգեցրեց Եգիպտոսի հետ
խաղաղության, Առաջին ինթիֆադան, որը սկսվեց 1987 թվականին, հանգեցրեց
Օսլոյի համաձայնություններին և Հորդանանի հետ խաղաղությանը, իսկ Երկրորդ
ինթիֆադան, որը բռնկվեց 2000 թվականին, ավարտվեց Գազայից իսրայելական
զորքերի միակողմանի դուրսբերմամբ: Իրադարձությունների այսպիսի կրկնման
հավանականությունն այժմ շատ ցածր է գնահատվում: Համասը հավատարիմ է մնում
Իսրայելի ոչնչացման գաղափարին, իսկ Պաղեստինի Ինքնավարության
իշխանությունները բավարար ուժ չունեն քաղաքական ծանրակշիռ որոշումներ
կայացնելու համար: Իսրայելը նույնպես թույլ է. պատերազմի ժամանակ նրա
միասնությունն արդեն իսկ ճաքեր է տվել, և հավանականությունը մեծ է, որ երկիրը
ավելի կկազմաքանդվի, երբ մարտերն ավարտվեն Գազայի հատվածում: Հոկտեմբերի
7-ից հետո հրեա իսրայելցիների մեծամասնությունը համաձայն է, որ տարածքի
ցանկացած հետագա զիջում զինյալներին հաջորդ կոտորածի համար հարթակ
կապահովի:
Նեթանյահուի հետ կամ առանց, «հակամարտությունների կառավարումն» ու
«խոտի հնձման» ռազմավարությունը կմնան պետական քաղաքականության
բաղկացուցիչ, ինչը նշանակում է ավելի ընդարձակ բնակավայրերի օկուպացիա և
մեծածավալ տեղահանումներ: Այս ռազմավարությունը կարող է թվալ ամենաքիչ
ռիսկային տարբերակը, համենայնդեպս հոկտեմբերի 7-ի սարսափներին ականատես
եղած իսրայելական հասարակության համար, ով դժվար թէ ականջալուր լինի
պաղեստինցիների հետ խաղաղության որևէ առաջարկի: Բայց իրերի այսպիսի
դասավորությունը միայն ավելի մեծ աղետների կհանգեցնի: Իսրայելցիները չեն
կարող կայունություն ակնկալել, եթե շարունակեն անտեսել պաղեստինցիներին և
մերժեն նրանց ձգտումները: Սա այն դասն է, որը երկիրը պետք է սովորեր Դայանի
դարավոր նախազգուշացումից։ Իսրայելը պետք է ձեռք մեկնի պաղեստինցիներին և
միմյանց, եթե նրանք ցանկանում են ապրել արժանապատիվ համակեցության
պայմաններում:
Միայն Մերձավոր Արևելքը կարող է Մերձավոր Արևելքի խնդիրները լուծել
Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական
ներկայության ապահովմամբ պայմանավորված Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի
ազդեցությունն ու ներգրավվածությունը վերջին տարիներին նվազման միտումներ էր
ցույց տալիս։ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խոշոր տերությունները
ավելացրել են իրենց ջանքերը անվտանգության այլընտրանքային երաշխիքներ և
պայմանավորվածություններ ձևավորելու ուղղությամբ: 2019 թվականից սկսած
տարածաշրջանի պետությունները սկսեցին բարելավել նախկինում լարված
հարաբերությունները: Տարածաշրջանային այս անսպասելի վերադասավորումները
պայմանավորված էին ոչ միայն տնտեսական առաջնահերթություններով, այլև այն
ընկալմամբ, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը Մերձավոր Արևելքի
հակամարտությունները կառավարելու հարցում նվազում է:
2019 թվականին ԱՄԷ-ն սկսեց վերականգնել Իրանի հետ երկկողմ կապերը
երեք տարվա խզումից հետո՝ հնարավորություն տեսնելով ուղղակիորեն
կառավարելու հարաբերությունները և պաշտպանելու իր շահերը Իրանի կողմից
աջակցվող խմբերից, որոնք խաթարում էին Պարսից ծոցի նավագնացությունը և
սպառնում Էմիրաթական զբոսաշրջությանը և առևտրին: Աբու Դաբին պաշտոնապես
վերսկսեց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ 2022 թվականին՝
ճանապարհ հարթելով Էր Ռիադի համար, որպեսզի նա հետևի իր օրինակին։ Արդեն,

2023 թվականի մարտին երկարամյա մրցակիցներ Սաուդյան Արաբիան և


Իրանը հայտարարեցին, որ իրենք վերսկսում են հարաբերությունները Չինաստանի
միջնորդությամբ կնքված համաձայնագրով Օմանի և Իրաքի միջնորդությամբ
ամիսներ շարունակ տեւած բանակցություններից հետո: Պետք է նշել, որ Միացյալ
Նահանգները որևէ մասնակցություն չի ունեցել այս գործընթացներում։
Միևնույն ժամանակ, 2021 թվականին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան
Արաբիան և ԱՄԷ-ն վերջ դրեցին Կատարի երեքուկես տարվա շրջափակմանը, որը
հիմնականում պայմանավորված էր «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը
Կատարի աջակցությամբ, Իրանի և Թուրքիայի հետ սերտ կապերով: Մոտավորապես
միևնույն ժամանակ, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հաշտվեցին Թուրքիայի հետ, որի
հետ հարաբերությունները լարվել էին ի պատասխան Քաթարին և «Մուսուլման
Եղբայրների» հետ առնչվող խմբավորումներին թուրքական աջակցության: Սաուդյան
Արաբիայի և Թուրքիայի հարաբերությունները սրվել էին նաև Ստամբուլում
Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Խաշողջիի սպանության
թուրքական դատական հետաքննության պատճառով: Իսկ 2023 թվականի մայիսին
արաբ առաջնորդները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին պաշտոնապես
ընդունեցին Արաբական Պետությունների Լիգայի գագաթնաժողովին՝ նշանավորելով
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավելի քան մեկ տասնամյակի հետևանքով
միջազգային մեկուսացման ավարտը:
Վերափոխումների տրամաբանության մեջ էր մտնում նաև այն, որ Մերձավոր
Արևելքի պետություններն սկսեցին մասնակցել մի շարք տարածաշրջանային
ֆորումների: Համագործակցության և գործընկերության Բաղդադի համաժողովը, որն
առաջին անգամ տեղի ունեցավ Բաղդադում 2021 թվականին և կրկին Ամմանում 2022
թվականին՝ քննարկելու Իրաքի կայունությունը, մեկ սեղանի շուրջ էր բերել երբեմնի
մրցակիցների, Իրանը, Թուրքիան, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի
անդամ պետությունները, Հորդանանն ու Եգիպտոսը։ Դեռևս 2020 թվականին,
Արևելյան Միջերկրածովյան Գազային Ֆորումը միավորել է Կիպրոսի, Եգիպտոսի,
Ֆրանսիայի, Հունաստանի, Իսրայելի, Իտալիայի, Հորդանանի և Պաղեստինի
ինքնավարության ներկայացուցիչներին։ Այն ամենամյա երկխոսության հարթակ է,
որն իր ջանքերն ուղղում է գազայի ռեսուրսների անվտանգ արդյունահանման և
տեղափոխման խնդիրների համագործակցային եղանակով լուծմանը: Հաջորդ
պլատֆորմը 2021 թ-ին ստեղծված այսպես կոչված I2U2 խումբն է, որը ներառում է
Հնդկաստանը, Իսրայելը, ԱՄԷ-ն և Միացյալ Նահանգները։ Նպատակն է խթանելու
միջտարածաշրջանային գործընկերությունը՝ կենտրոնանալով առողջապահության,
ենթակառուցվածքների և էներգետիկայի վրա:
Տարածաշրջանային վերափոխումների վառ օրինակ էր Իսրայելի
հարաբերությունների կարգավորումը մի քանի արաբական պետությունների հետ:
2020 թվականի Աբրահամյան համաձայնագրերով Բահրեյնը, Մարոկկոն և ԱՄԷ-ն
պայմանավորվել են պաշտոնական կապեր հաստատել Իսրայելի հետ՝
հնարավորություններ ստեղծելով նոր տնտեսական հարաբերությունների և առևտրի
համար: Հատկանշական է, որ համաձայնագրերի նպատակներից մեկը Իսրայելի և
արաբական աշխարհի միջև անվտանգության նոր ուղղակի հարաբերությունների
համար ճանապարհ հարթելն էր: Մինչ հոկտեմբերի 7-ի հարձակումները Բայդենի
վարչակազմը մեծ հույսեր ուներ, որ Սաուդյան Արաբիան՝ որպես արաբական
աշխարհի առաջատար անդամ, նույնպես կմիանա այս խմբին։ Հիմնվելով այդ
պայմանավորվածությունների վրա՝ 2022 թվականի մարտի Նեգևի գագաթնաժողովը
միավորեց Բահրեյնը, Եգիպտոսը, Իսրայելը, Մարոկկոն, ԱՄԷ-ն և Միացյալ
Նահանգները՝ խրախուսելու տնտեսական և անվտանգության
համագործակցությունը մասնակից երկրների միջև:
Գազայում աղետալի պատերազմը լուրջ սպառնալիք է Մերձավոր Արևելքում
սկսված տրանսֆորմացիոն պրոցեսների շարունակականությանը։ Շատ դեպքերում,
նորաստեղծ տարածաշրջանային հարաբերությունները դեռևս փխրուն են և դեռ
պետք է լուծեն այնպիսի փշոտ հարցեր, ինչպիսիք են զենքի տարածումը, ԱՄԷ-ի
կողմից Լիբիայում և Սուդանում զինյալ խմբավորումների շարունակական
աջակցությունը, Իրանի աջակցությունը զինված ոչ պետական զինված
խմբավորումներին ողջ տարածաշրջանում և Սիրիայում Captagon-ի արտահանմանը։
Արաբական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը
վտանգի տակ դնելուն զուգընթաց, Իրանի կողմից աջակցվող խմբերի ակտիվացումը՝
սկսած Հեզբոլլահից և հութիներից մինչև տարբեր աշխարհազորայիններ Սիրիայում և
Իրաքում, կարող է նոր ճեղքեր ստեղծել Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև:
Այնուամենայնիվ, պետք է փաստել, սակայն, որ մինչ այժմ ձևավորված
վերադասավորումները զարմանալիորեն դիմացկուն են:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև նոր վերականգնված
հարաբերությունները խաթարելու փոխարեն Գազայի պատերազմը կարծես թե
ամրապնդեց դրանք: 2023 թվականի նոյեմբերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին
մասնակցել է Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության
կազմակերպության համատեղ հանդիպմանը, որը կազմակերպել էր Սաուդյան
Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը մայրաքաղաք Էր-
Ռիադում, իսկ հաջորդ ամիս Իրանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները կրկին
հանդիպեցին Պեկինում՝ քննարկելու Գազայի պատերազմը։
Միևնույն ժամանակ, դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի և նրա
Աբրահամյան համաձայնագրերով արաբ գործընկերների միջև մինչ այժմ
պահպանվել են: ԱՄԷ-ն հստակ ընդգծել է, որ Իսրայելի կառավարության հետ
երկխոսությունը, նույնիսկ ներկայիս ճգնաժամի պայմաններում, դիտարկում է որպես
իսրայելա-պաղեստինյան քաղաքական կարգավորման հարցում առաջընթացի
հասնելու կարևոր միջոց: Եվ չնայած Բահրեյնի խորհրդարանը դատապարտել է
Գազայի վրա շարունակվող հարձակումը, երկիրը պաշտոնապես չի խզել
հարաբերությունները Իսրայելի հետ: Երկու արաբական երկրների համար էլ
նորմալացումը ոչ միայն Իսրայելի հետ տնտեսական կապերի ամրապնդումն է, այլ
նաև Միացյալ Նահանգների հետ ռազմավարական կապերի ամրապնդումը:
Տարածաշրջանային շատ արաբական երկրների համար ամենակարևոր
առաջնահերթությունը Պաղեստին պետության ստեղծումն է: Իսրայելի
առաջնորդները առաջարկել են, որ Պարսից ծոցի երկրները, որոնք ունեն զգալի
ռեսուրսներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, կարող են կիսել Գազայի
վերականգնման ծախսերը: Սակայն Իսրայելի ներկայիս կառավարությունը պնդում է,
որ դեմ է պաղեստինյան պետությանը, և պատերազմի շարունակմանը զուգահեռ
արաբական ոչ մի կառավարություն չի ցանկանում նման պարտավորություն
ստանձնել։ Փոխարենը նրանք բացահայտել են հետպատերազմյան խաղաղության
իրենց առաջարկները:
2023 թվականի դեկտեմբերին Եգիպտոսը և Կատարը առաջ քաշեցին մի
ծրագիր, որը պետք է սկսվի հրադադարի հաստատմանը զուգահեռ պատանդների
փուլային ազատ արձակմամբ և գերիների փոխանակմամբ: Անցումային շրջանից
հետո վստահության ամրապնդման այս քայլերը տեսականորեն կհանգեցնեն
Պաղեստինի միասնության կառավարության ստեղծմանը: Կազմված լինելով ՖԱԹՀ-ի
և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից, նոր իշխանությունները համատեղ կղեկավարեն
Արևմտյան ափը և Գազայի հատվածը՝ հաշվի առնելով պաղեստինյան տարբեր
տարածքները քաղաքականապես չբաժանելու կարևորագույն տարածաշրջանային
պահանջը: Վերջին փուլում կպահանջվի պաղեստինյան ընտրությունների
անցկացում և պաղեստինյան պետության ստեղծում: Իսրայելը կտրուկ մերժեց
եգիպտա-քաթարական այս ծրագիրը:
Իր հերթին Թուրքիան ներկայացրել է հարցի կարգավորման բազմակողմ
երաշխավորների համակարգի հայեցակարգը, որտեղ տարածաշրջանի
պետությունները պաշտպանում և ամրապնդում են Պաղեստինի անվտանգությունն
ու կառավարումը, իսկ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները
անվտանգության երաշխիքներ են տրամադրում Իսրայելին: Իրանն իր հերթին
բազմիցս հայտարարել է, որ կընդունի ցանկացած արդյունք, որն աջակցվի հենց
պաղեստինցիների կողմից:
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան խաղաղության ծրագիր է մշակում
արաբական մի շարք պետությունների հետ։ Էր-Ռիադի մոտեցումը հիմնված է 2002
թվականին արաբական խաղաղության նախաձեռնության վրա, որի համաձայն
Արևելյան Երուսաղեմում, Գազայում և Արևմտյան ափում պաղեստինյան պետության
ստեղծման դիմաց արաբական երկրները ճանաչում էին Իսրայել պետությունը:
Սաուդյան Արաբիայի ներկայիս ծրագիրը համընկնում է իսրայելա-սաուդյան
հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնի նպատակների հետ:
Նեթանյահուի օրոք Իսրայելի կառավարությունը շարունակում է մերժել այս
բոլոր առաջարկները։ Նման սարսափելի պատերազմից հետո կարող են տարիներ
պահանջվել՝ ստեղծելու համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ լուրջ խաղաղ
գործընթացի համար։ Այդուհանդերձ, հակամարտությունը և դրա տարածումը
տարածաշրջանում հիշեցնում են, որ թեև իսրայելա-պաղեստինյան
հակամարտությունը տարածաշրջանային կայունությունը մշտական վտանգի տակ է
պահելու: Եվ տարածաշրջանային պետություններն ավելի ու ավելի են գիտակցում,
որ չեն կարող հույսը դնել միայն Միացյալ Նահանգների վրա՝ իրենց համար
կենսունակ խաղաղ գործընթաց ապահովելու համար: Հետևաբար, ժամանակի
հրամայականն է ձևավորել ներառական մի հարթակ, որը կկարողանա քաղաքական
լրջագույն որոշումներ կայացնելու էներգիա կուտակել և տարածաշրջանի ապագան
վերաֆորմատավորել։ Մերձավոր Արևելքն, օրինակ, չունի տարածաշրջանային
անվտանգության վերաբերյալ մշտական ֆորում: Մերձավոր Արևելքի
անվտանգության ֆորումի ստեղծումը կպահանջի քաղաքական կամք ամենաբարձր
մակարդակներում, ինչպես նաև ուժեղ տարածաշրջանային առաջնորդություն:
Հնարավորություններից մեկը նոր կազմակերպության մասին արտաքին գործերի
նախարարների մակարդակով տարածաշրջանային ապագա համաժողովներից մեկի
ընթացքում հայտարարելն է: Նախաձեռնության հաջողության հասնելու
հավանականությունն ավելի մեծ կլինի, եթե այն և՛ ստեղծվի, և՛ ղեկավարվի
տարածաշրջանից։ Ասիայի և Եվրոպայի միջին հզորությամբ պետությունները կարող
են քաղաքական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել այնպիսի ոլորտներում,
որտեղ, օրինակ, կարող են ունենալ արժեքավոր փորձ: Գոնե սկզբում Չինաստանը,
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է ունենան սահմանափակ դեր՝
կանխելու համար ֆորումը մեծ տերությունների մրցակցության մեկ այլ հարթակի
վերածումը: Անվտանգության տարածաշրջանային ֆորումն ինքնին հասկանալիորեն
չի կարող ապահովել Մերձավոր Արևելքի խաղաղությունը: Նման հարթակը նաև չի
կարող փոխարինել Մերձավոր Արևելքում պատմականորեն ձևավորած ուժերի
հավասարակշռության հիմնական միջոցներին: Նույնիսկ Ասիայում և Եվրոպայում
համագործակցային պայմանավորվածությունները չեն կարողացել զսպել ռազմական
առճակատումներըը։ Այնուամենայնիվ, որոշակի հարթակի ձևավորումն ու
կայացումը կարևոր անվտանգային բարձիկի դեր կխաղա հակամարտությունների
հակված Մերձավոր Արևելքի համար: Նման նախագծի իրագործումը ժամանակի
հրամայականն է և գնալով հրատապ է դառնում: Մերձավոր Արևելքը կանգնած է
ռազմավարական ընտրության առաջ. եթե Գազայում աննախադեպ
արյունահեղության պատճառով տարածաշրջանը կաթվածահար լինի, ապա
հետագայում այն կարող է երկարատև ճգնաժամի և հակամարտության մեջ մնալ, մեկ
այլ տարբերակը վերակառուցման և հարատև կայունության ընտրությունն է։

You might also like