Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 6

Շարահյուսություն

Թեև բառերը կազմում են հաղորդակցության իմաստային հենքը, դրանք


ամենևին բավարար չեն բարդ մտքեր ու գաղափարներ կազմելու և արտահայտելու
համար։ քերականության այն բաժինը, որն ուսումնասիրում է բառերի կապակցման
եղանակները բառակապակցության և նախադասության մեջ, ինչպես և
նախադասությունների տեսակները և նրանց կառուցվածքը, կոչվում է
շարահյուսություն (Syntax)։
Լեզվակիրները կարող են բառերը կապակցել այնպես, որպեսզի ստեղծվեն
նախադասություններ, որոնք նրանք երբեք չեն լսել։ Սակայն բառերի ցանկացած
դասավորություն չէ, որ կարող է համարվել ճիշտ ձևակերպված (well-formed)
նախադասություն։ Անգլախոսները հեշտությամբ կնկատեն, որ ներքոբերյալ
նախադասություններից առաջինը ընդունելի չէ, թեև պարունակում է միևնույն
բառերը, ինչ որ երկրորդ նախադասությունը։
1 House painted student a the.
2 A student paited the house.
Նախադասությունը համարվում է քերականորեն ճիշտ ձևակերպված, եթե
լեզվակիրների կարծիքով դա հնարավոր կառույց է իրենց լեզվում։ Շարահյուսական
կառույցների ուսումնասիրումը գտնվում է ժամանակակից լեզվաբանության
վերլուծությունների կիզակետում։ Շարունակ նոր գաղափարներ են առաջարկվում և
վիճահարույց թեզեր քննարկվում լեզվաբանական ուսումնասիրությունների
տիրույթում։
Մեր դասընթացի այս հատվածում կխոսենք փոխակերպումային (կամ սերող)
քերականության մասին։ Թեև շատ լեզվաբաններ համաձայն չեն այս մոտեցման
տարբեր կողմերի հետ, այն լայնորեն կիրառվում է լեզվի ուսումնասիրությանն
առնչվող մի շարք գիտակարգերում, հատկապես ճանաչողական (cognitive)
գիտության մեջ։ Սա է պատճառը, որ այս մոտեցումը հաճախ գործածվում է
նախադասության կառուցվածքի ուսումնասիրության ներածական դասընթացներում։
Փոխակերպային շարահյուսության հետաքրքիր կողմերից մեկը
համընդհանուր քերականության (ՀՔ) վրա կենտրոնացումն է, որն իրենից
ներկայացնում է այն կատեգորիաներն ու սկզբունքները, որոնք գոյություն ունեն և
գործառում են բոլոր լեզուներում։ Հիմնական գաղափարն այն է, որ չնայած լեզուների
մեջ առկա բազմաթիվ տարբերությունների, դրանք ունեն որոշակի
համընդանրույթներ նախադասություններ կազմելու ձևի առնչությամբ։
Ներկայումս լայնորեն ընդունված տեսակետի համաձայն՝ ցանկացած
քերականության շարահյուսական բաղադրիչը ներառում է առնվազն երկու
ենթաբաղադրիչ։
1
Առաջին՝ բառապաշարը (lexicon) կամ մտային բառարանն (mental dictionary) է,
որը ներառում է տվյալ լեզվից մի բառացանկ, այդ թվում՝ տեղեկություն դրանում
ընդգրկված միավորների արտասանության ձևի, կատեգորիայի և իմաստի մասին։
Երկրորդ ենթաբաղադրիչը կոչվում է հաշվողական համակարգ (computational
system), որով նկատի է առնվում որոշակի ձևերով բառերի համակցման և
նախադասության մեջ դրանց բաշխման գործընթացները։
Վերջիններից կարևոր են ձուլումը (merge), որով տարրերը միավորվում են՝
կազմելու բառակապակցություններ և նախադասություններ, և տեղաշարժը (move),
որով այս կամ այն տարրը փոխադրվում է նոր դիրք միևնույն կառույցում։
Մենք կսկսենք մեր քննարկումը՝ ներկայացելով լեզվում հանդիպող
ամենատարածված բառային կարգերը (կատեգորիաները), քննելով այն, թե ինչպես են
բառերը համակցվում ՝ կազմելու համար ավելի մեծ կառուցվածքային միավորներ։
Բառերի մասին բոլոր լեզուներում գոյություն ունեցող ֆունդամենտալ
փաստերից մեկն այն է, որ դրանք կարող են խմբավորվել համեմատաբար փոքր թվով
դասերում, որոնք կոչվում են շարահյուսական կարգեր։ Նման դասակարգման
հիմքում ընկած են մի շարք գործոններ, այդ թվում՝ իմաստի տեսակը, որ բառերն
արտահայտում են, ածանցների (affixes) տեսակը, որ նրանք ստանում են և
կառույցների տեսակը, որում նրանք կարող են հայտնվել, այսինքն՝ բաշխումը։
Չորս ամենաուսումնասիրված շարահյուսական կարգերն են գոյականը (N),
բայը (V), ածականը (A) և նախդիրը (P)։ Սրանք նաև կոչվում են բառային կարգեր և
շատ կարևոր դերակատարություն ունեն նախադասության կազմավորման մեջ։
Հինգերորդ՝ պակաս ուսումնասիրված բառային կարգը կազմված է մակբայներից
(Adv=adverbs), որոնցից շատերը ծագում են ածականներից։
Լեզուները կարող են նաև պարունակել ոչ բառային, այսպես կոչված՝
գործառական (functional) կարգեր, այդ թվում՝ որոշիչ (Det), օժանդակ բայ
(Aux=auxiliary verb), շաղկապ (con=conjunction) և աստիճան ցույց տվող բառ
(Deg=degree word)։ Թեև այս միավորներն արտահայտում են որոշակի իմաստ՝ դրանց
սահմանելն ավելի դժվար է, քան բառային կարգերին պատկանողների իմաստը։
Օրինակ՝ անգլերեն որոշիչ the և անորոշ an (=մի) հոդերի կամ would օժանդակ բայի
իմաստներն ավելի դժվար է սահմանելը, քան hill (բլուր) կամ vehicle
(փոխադրամիջոց) գոյականներինը։
Բառերի կարգայնացման մեջ ծագող դժվարությունները հիմնականում
պայմանավորված են այն հանգամանքով, որ որոշ միավորներ կարող են պատկանել
ավելի քան մեկ կարգի (կատեգորիայի)։ Օրինակ՝ հայերեն (ստախոս) բառը կարող է
գործառել և՛ որպես ածական, և՛ որպես գոյական։
1. Նա ստախոս մարդ է։

2
2.Մի ստախոս փորձեց խաբել խանութպանին։
Անգլերենում, որը ի տարբերություն հայերենի, վերլուծական (անալիտիկ) լեզու
է, կարող են հանդիպել միավորներ, որոնք պատկանում են անգամ 3 կարգի։ Օրինակ
near (մոտ) բառը կարող է գործառել և՛ որպես նախդիր՝ The child stood near the fence.
(Երեխան կանգնեց ցանկապատի մոտ։) և՛ որպես բայ․ The runners neared the finish
line. (Վազորդները մոտեցան վերջնագծին), և՛ որպես ածական The end is nearer than
you might think (Վերջն ավելի մոտ է, քան դու կարող ես կարծել)։
Ուստի հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք որոշել բառի կարգը։
Չափանիշներից մեկն իմաստն է։ Օրինակ՝ գոյականները ցույց են տալիս
առարկաներ, բայերը՝ գործողություն, ածականները՝ գոյականի հատկանիշ, և այլն։
Այդուհանդերձ, իմաստը միշտ չէ որ հստակ մատնանշում է լեզվական միավորի
խոսքիմաստային պատկանելությունը։ Օրինակ՝ հայերենում «վազք» բառը, թեև
սկզբունքորեն գործողության անվանում է, սակայն խոսքիմաստային
պատկանելությամբ գոյական է։ Բացի այդ կան տարբեր խոսքի մասերի պատկանող
միավորներ, որոնք գրեթե նույն իմաստն ունեն։ Օրինակ՝ հայերենի բայական
հարադիր այնպիսի բարդություններ, ինչպիսիք են «լաց լինել»-ը և «կանգ առնել»-ը,
որոնց բաղադրիչներից մեկը գոյական է, ունեն գրեթե միևնույն իմաստը, ինչ որ
«լացել»-ն ու «կանգնել»-ը։ Անգլերենի love և fond բառերը իմաստով բավականին մոտ
են, սակայն առաջինը բայ է, իսկ երկրորդը՝ ածական, երբ հանդիպում է to be fond of
(=սիրել) բառակապակցության մեջ։
Թեքումը՝ որպես քերականական երևույթ, նույնպես կիրառվում է
լեզվաբանների կողմից տարորոշելու լեզվական միավորի խոսքիմաստային
պատկանելությունը։ Այսպես, հայերենի ~ներ վերջավորությունը հստակ հուշում է, որ
գործ ունենք գոյականի հետ։ Բառային կարգը որոշելու միևնույն գործառույթը կարող
ենք վերագրել նաև հոլովական վերջավորություններին։ Օրինակ ՝ սեռականի ~ի-ին
«գեղեցիկի» բառաձևում հուշում է, որ թեև հիմքում գործ ունենք ածականի հետ,
սակայն այս դեպքում գոյական է։
Այդուհանդերձ, անգամ հայերենում, որն անգլերենի համեմատ թեքույթներով
հարուստ է, հանդիպում են դեպքեր, երբ միայն այդ չափանիշներով առաջնորդվելը
բավարար չէ հասկանալու, թե տվյալ դեպքում, որ խոսքի մասի հետ գործ ունենք։
Օրինակ՝ «քար սիրտ» բառակապակցության մեջ երկու բաղադրիչն էլ անթեքույթ են և,
միայն թեքման գործոնը հաշվի առնելով, դրանց խոսքիմաստային
պատկանելությունը որոշելն անհնար է։
Բառերի կարգային պատկանելությունը որոշելու համար մեկ այլ՝ առավել
արդյունավետ միջոց է համարվում դրանց բաշխվածությունը (distribution) այսինքն՝
թե ինչ լեզվական միջավայրում են հայտնվել, և թե ինչ հարաբերության մեջ են
հարակից միավորների հետ։

3
Օրինակ՝ թեև «կարմիր»-ը իմաստով ածական է, և «կարմիր հագնել»
կապակցության մեջ կիրառվում է աննշույթ, այսինքն՝ առանց թեքույթների կամ
բառակազմական ածանցների, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ
այն կիրառված է ուղիղ խնդրի համար նախատեսված դիրքում, հիմք է տալիս
ենթադրելու, որ այստեղ գործառում է որպես գոյական։
Անգլերենում, որը համեմատաբար աղքատ է թեքույթներից, կարելի է առավել
արտառոց օրինակներ գտնել, երբ միևնույն միավորը նույն նախադասության մեջ
տարբեր խոսքիմաստային պատկանելությամբ է դրսևորում։ Օրինակ՝ I don't like a
barbecue sausage that's why my friend is going to barbecue some vegetables on his new
barbecue during the barbecue he is having tomorrow. (Ես չեմ սիրում խորոված նրբերշիկ,
այդ պատճառով ընկերս խորովելու է որոշ բանջարեղեններ, իր նոր խորովածարանի
(=մանղալի) վրա վաղվա իր կազմակերպած խորովածախնջույքի ընթացքում։)
Թեև նախադասությունը հորինված է, և շարքային անգլիացին կամ
ամերիկացին քիչ հավանական է, որ նման շարադրանքով փոխանցեր այս միտքը,
այդուհանդերձ, տեսականորեն նման նախադասություն կարող էր լինել, քանի որ այն
չի հակասում անգլերենի քերականությանը։ Այս օրինակը բերվել է, որպեսզի
տեսնենք, թե ինչպես կարող է անգլերեն barbecue բառը գործառել 4 առանձին
իմաստներով և 3 խոսքիմասային պատկանելությամբ, որի զանազան միջավայրերը՝
այլ բառերի հարաբերությամբ տարբեր դրսևորումներ են ապահովում։

Անմիջական բաղադրիչներ
Եթե մեզ խնդրեն մասնատել «Բրդոտ կատուն քնած էր սեղանի վրա»
նախադասությունը, առաջին բանը, որ թերևս մեր մտքով կանցնի, բառ առ բառ
բաղդատելն է։ Սակայն, եթե անհրաժեշտ լինի բառույթից մեծ, իսկ
նախադասությունից փոքր միավորներ առանձնացնելը, մեր լեզվակրի
ներզգացությունը կհուշի, որ առավել հավանական միավորում կարելի է համարել,
օրինակ՝ «սեղանի վրա»-ն, քան «վրա է» կապակցությունը։
Շարահյուսական նման միավորները, որոնք ասես՝ առավել սերտ են կապված
միմյանց հետ, համարվում են անմիջական բաղադրիչներ, որոնք էլ իրենց հերթին
միավորվելով միմյանց հետ՝ ի վերջո կազմում են նախադասություններ։
Շարահյուսական բաղադրիչի ևս մեկ օրինակ է «հունիսի մեջ» բառակապակցությունը
«Հունիսի մեջ կգնանք ԱՄՆ» նախադասությունում։
Շարահյուսական բաղադրիչների տարորոշումը կարևոր գործընթաց է, քանի
որ այն բացորոշում է (ակնհայտ է դարձնում), թե ինչպես է տվյալ նախադասությունը
կառուցվածքայնորեն ձևակերպված։ Կան մի քանի թեստ, որոնց միջոցով հնարավոր է
4
որոշել, թե որ միավորներն են կազմում անմիջական բաղադրիչներ։ Ստորև
կներկայացվեն դրանցից առավել հայտնիները։
Հարցերի պատասխան․
Անմիջական բաղադրիչները պարզելու այս միջոցը հայտնի է դեռևս
դպրոցականներին, որոնց այն օգնում է պարզել այս կամ այն միավորի
շարահյուսական պաշտոնը։ Եթե ցանկանում ենք պարզել, թե արդյոք
համապատասխան միավորներն անմիջական բաղադրիչներ են, թե ոչ, ապա կազմում
ենք հարց, որի պատասխանը պետք է լինի տվյալ միավորումը։ Փորձենք կիրառել
վերը նշված մեթոդը մեզ արդեն ծանոթ նախադասության նկատմամբ՝ պարզելու, թե
արդյոք «սեղանի վրա» բառակապակցության միավորներն անմիջական բաղադրիչներ
են «Բրդոտ կատուն քնած էր սեղանի վրա» նախադասության մեջ։
-Որտե՞ղ է քնած բրդոտ կատուն։
-Սեղանի վրա։
Այս նույն տրմաբանությամբ կարող ենք փաստել նաև, որ օրինակ՝ հնարավոր
չէ կազմել այնպիսի հարց, որի պատասխանը լինի՝ *«էր սեղանի»։
Տեղաշարժում (clefting)․
Անմիջական բաղադրիչները պարզելու մեկ այլ թեստ է տեղաշարժումը, որի
դեպքում քննվող միավորը տեղափոխվում է նախադասության ձախ կողմը և
հանգեցնում մոտավորապես հետևյալ կառուցվածքի՝ «[Դա այն] X-ն, որ Y է», որում X-
ը տեղաշաչժված միավորն է, իսկ Y-ը նախադասության մնացած հատվածը։ Պայմանն
այն է, որ տեղաշարումից հետո նախադասությունը շարունակի մնալ քերականական
առումով ճիշտ ձևակերպված։ Փորձենք այս մեթոդով կրկին պարզել՝ արդյոք «սեղանի
վրա» և «բրդոտ կատուն» կապակցությունների միավորներն անմիջական
բաղադրիչներ են։
1) «Սեղանի վրա[ն] էր, որ բրդոտ կատուն քնած էր»։
2) «Բրդոտ կատուն էր, որ սեղանի վրա քնած էր»։
Պետք է նկատի ունենալ, որ ոչ բոլոր միավորների դեպքերում է տեղաշարժը,
որպես մեթոդ գործում։ Օրինակ, թեև «քնած էր սեղանի վրա»-ն անմիջական
բաղադրիչներ են, սակայն եթե փորձենք կիրառել տեղաշարժումը, կստանանք
քերականորեն սխալ ձևակերպված նախադասություն․ «Քնած էր սեղանի վրա, որ
բրդոտ կատուն էր»։ Ուստի կարող ենք փաստել, որ տեղաշարժման հետևանքով
քերականորեն սխալ ձևակերպումը դեռ չի նշանակում, որ տվյալ բառերը անմիջական
բաղադրիչ չեն կազմում։ Սակայն, եթե այս թեստի կիրառումը հանգեցնում է ճիշտ
ձևակերպման, ուրեմն կարող ենք վստահաբար ասել, որ տեղաշարված միավորներն
անմիջական բաղադրիչներ են։

5
Փոխարինման (substitution) թեստ
Այս թեստը ենթադրում է անմիջական բաղադրիչների փոխարինումը մեկ
բառով։ Եթե արդյունքում ստացում է քերականորեն ճիշտ ձևակերպված
նախադասություն, ուրեմն գործ ունենք անմիջական բաղադրիչների հետ։
Ամենատարածված փոխարինող բառերը դերանուններն են։ Քանի որ «Բրդոտ կատուն
քնած էր սեղանի վրա» նախադասության մեջ առաջին երկու միավորները հնարավոր
է հեշտությամբ փոխարինել «այն» կամ «նա» դերանուններով («Նա քնած էր սեղանի
վրա»), ուստի կարող ենք եզրակացնել, որ «բրդոտ կատուն» անմիջական
բաղադրիչներ են։
Անգլերենում փոխարինող բառ կարող են ծառայել նաև օժանդակ բայերը։
Օրինակ՝
Armen likes ice-cream.
So do I.
Փաստացի do օժանդակ բայը փոխարինել է likes ice-cream
բառակապակցությանը, հետևաբար կարող ենք ասել, որ դրանք կազմում են
անմիջական բաղադրիչներ։
Թեև այս և համանման թեստերը լավ միջոց են տարորոշելու անմիջական
բաղադրիչները, սակայն դրանցից որևէ մեկի վրա միայն հիմնվելը, ինչպես վերը
տեսանք, բավարար չէ։ Ուստի լեզվաբանները խորհուրդ են տալիս համանման
հետազոտություններ անելիս կիրառել որքան հնարավոր է շատ տեսակի թեստեր`
ստացված արդյունքների առումով առավել վստահ լինելու համար։

You might also like