Download as pdf or txt
Download as pdf or txt
You are on page 1of 13

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի
հյուսիս-արևելյան հատվածում։ Այն ընդգրկում է Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և
Բերդի (Շամշադինի) տարածաշրջանները: Մարզը հարավում սահմանակից է ՀՀ
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում`
Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի
Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:
Մարզկենտրոնն է Իջևան քաղաքը:
ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին
շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Ծովի մակերևույթից
ամենացածր կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի
մոտ՝ 380մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է` 2993մ:
Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան
տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը
պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային,
ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն
է։
Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են
խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի
բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։
Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և
տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի
ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին`
դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները
(մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր,
անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են
բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և
միջազգային տուրիզմի ծավալման համար։
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային
կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ,
դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը,
Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Տավուշի
մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։
Մարզի տարածքով հոսում են բազմաթիվ մեծ և փոքր գետեր (Աղստև, Պաղ ջուր,
Տավուշ, Դեբեդ և այլն):

Իջևան

Անհիշելի ժամանակներից /չկա պատմական ստույգ տվյալ/ Հայաստանի


մայրաքաղաք Դվինից-Թիֆլիս ձգվող քարավանային ճանապարհի վրա կառուցվել են
քարավանների հանգստավայրեր /քարավանատներ/։ Դրանցից մի քանիսն գտնվել
են ներկայիս Իջևանի տեղում, Աղստևի աջ ու ձախ մասերում։
Բնակչության թիվը սկսել է աճել հատկապես 19-րդ դարի 2-րդ կեսից հետո, երբ
այժմյան Տավուշի մարզի Իջևանի /Քարվանսարայի/ հարակից տարածքներում սկսել
են զբաղվել արհեստագործությամբ /գորգագործություն, փայտագործություն/ և
աճեցնել կարտոֆիլ, այնուհետև՝ ծխախոտ։ 1858թ. Քարվանսարայում բացվել է
ծխական դպրոց, իսկ քիչ անց կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Իջևանի
շրջակայքում 7-9-րդ. կառուցվել են նաև սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես
եկեղեցիները:
Իջևանը սկսել է բուռն զարգացում ապրել հատկապես անցած դարի 30-ական
թվականներից սկսած, երբ շահագործման են հանձնվել մի շարք արդյունաբերական,
շինարարական, սննդի և այլ ձեռնարկություններ։
Դիլիջան

Մակերես` 43 կմ2
Բնակչություն` 15700 մարդ
Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում:
Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր
ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի,
Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան
անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար
է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ըստ ժողովրդական
ստուգաբանության ,,Դիլի ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի
համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին
գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ
ձայնարկել են «Դիլի ջան»:
Քաղաքը տեղադրված է Աղստև գետի ափին, Հալաբի և Փամբակի
լեռնաշղթաների միջլեռնային հովտում` ծովի մակարդակից 1300-1330մ բարձրության
վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ ձյունառատ ձմեռներով և տաք,
համեմատաբար խոնավ ամառներով: Հաճախակի են լինում մառախուղները:
Հունվարյան միջին ջերմաստիճանը -2 է, հուլիսյանը` 18-20: Տարեկան թափվում են
600-650մմ մթնոլորտային տեղումներ: Քաղաքի միջով հոսում է Աղստևը Դիլիջան և
Բլդան վտակներով: Բնական լանդշաֆտները անտառներն են: Դիլիջանի
մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է Հայաստանի
արգելանոցներից մեկը` Դիլիջանի ազգային պարկը: Ունի հանքային բուժիչ ջուր, որը
ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում: Իր քիմիական
բաղադրությամբ նման է ,,Բորժոմի,, և ֆրանսիական ,,Վիշիի,, հանքային
աղբյուրներին: Քաղաքի շրջակայքում են գտնվում Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, մոտ
15կմ հեռավորության վրա Հաղարծին վանքային համալիրը:
Դիլիջանի տեղում հայտնաբերվել են հին բնակատեղիի հետքեր: Հնում մտել է
Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ: 19-րդ դարում 40-ական
թթ այն մտնում է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ: Այն տարբեր
ժամանակներում եղել է գյուղ, գյուղաքաղաք, ավան, որը բաժանված է եղել 2 թաղի`
Հին թաղ, որը եղել է զուտ հայաբնակ, և Նոր թաղ, որն եղել է ռուսաբնակ: 1926-1976
թթ ընթացքում Դիլիջանի բնակչությունը աճել է մի քանի անգամ, 1976 թ-ին կազմել է
24056 մարդ: Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Իսկ 19-րդ դարի
40-ական թվականերին այստեղ հաստատվել են աքսորված մոլականներ
/աղանդավոր ռուսներ/:
Դիլիջանը հանդիսանում է առողջարանային քաղաք և ունի մի շարք
առողջարան-հանգստավայրեր: Դրանցից ամենախոշորը «Լեռնային Հայաստան»
առողջարանն է, որը կառուցվել է 1970-ական թվականներին: Դիլիջանում է գտնվում
կոմպոզիտորների միության, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տները:

Պատմա-մշակութային ռեսուրսներ

ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ
Հուշարձանախումբը գտնվում է Կիրանց (նախկին Գետաշեն) գյուղից մոտ 12 կմ
արևմուտք, համանուն վտակի ձախ ափին: Բաղկացած է երեք եկեղեցուց, գավիթ-
սրահներից, սեղանատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Վանքը
պարսպապատ է: Համարյա բոլոր վանքապատկան կառույցները աղյուսաշեն են
(քարից են որմնախարիսխները, ծածկասալերը, առանձին մանրամասերը) և այդ
տեսանկյունից Կիրանց վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության
եզակի հուշարձաններից է:
Ըստ ծավալատարածական ձևերի, գեղարվեստական հարդարանքի` վանքը
թվագրվում է XIII դ.:
Գլխավոր եկեղեցի -հատակագծում քառանկյուն, հորինվածքով գմբեթավոր, մեկ
զույգ մույթերով, կիսաշրջանաձև արևելյան խորանով և զույգ երկհարկ
ավանդատներով կառույց է: Ութանիստ բարձր թմբուկի նիստերը ծածկված են աստղի
և շեղանկյուն ձևերի ջնարակված սալիկներով: Սրածայր վեղարով պսակված գմբեթը
կրում են սլաքաձև կամարներով միացված մույթեր և ութ որմնամույթեր: Եկեղեցու
պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված են վրացատառ և
հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, ինչը վկայում է վանքի
պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:
Կամարակապ լայն բացվածքով գավիթ-սրահները տեղադրված են արևմտյան և
հարավային բուսական և երկրաչափական զարդաքանդակներով հարդարված
մուտքերի առջև:
Գլխավոր եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերին կից գտնվում են ավելի
փոքր չափերի, միանավ դահլիճի տիպի մյուս երկու եկեղեցիները:
Սեղանատուն-գտնվում է հուշարձանախմբից արևմուտք: Կառուցված է կիսամշակ
բազալտից, հորինվածքով թաղածածկ, երեք թաղակիր կամարներով դահլիճի տիպի
է, որի ներսի որմերը գլխավոր եկեղեցու նման սվաղված են կրաշաղախով և
ծածկված որմնանկարներով:
Սեղանատան արևմտյան կողմում գտնվում են վանքապատկան մի քանի թաղակապ
սենյակներ: Պահպանվել են նաև միաբանության խցերի մնացորդներ,
գերեզմանատունը, կամարակապ մեծ դարպասով վանքի պարիսպը:

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
X-XIII դդ. դարերի հայկական այս վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3
կմ հարավարևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր
եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց:
Գլխավոր եկեղեցի – ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի
արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից
խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր
հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով
(հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։
Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով
(հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով),
գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների
դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան ճակատը ունի ճոխ զարդաձևերով շքամուտք,
որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն
ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու
հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի
բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու
լուսավոր և ընդարձակ դահլիճում, խիստ տպավորիչ է ինքնատիպ լուծումով խորանի
հարդարանքը։ Խորանի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր
խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։ Բեմի
ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների
թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված
հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և
բուսական զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով
(Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Առկա է նաև գավթի կառուցող
Վաչե Ա. Վաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի
ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով
ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է
գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի ( քանդակագործի) դիմաքանդակը և
նրա անունը` «Երիտասարդ»։
Գավիթ - 1207 թ-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե Ա. Վաչուտյանը:
Արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին: Այն գրեթե
քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի,
կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի
վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ
բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի
հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Երկրորդ եկեղեցին (X-XI դդ.) – համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից
ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը
հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIII
դ. դարում վերակառուցված ծածկը և գմբեթը` նույն տուֆի սրբատաշ քարերով։
Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ
զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ:
Նշխարատուն – գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիսարևելյան
անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով
շինված ( XIII դ.) պատերը։
Ս.Աստվածածին եկեղեցի – համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն
և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով կառուցված, ներքուստ խաչաձև
(եռախորան, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ
(գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածինը ,
որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը`1198 թ-ին։ Լուսամուտների
պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող
գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի
մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ,
կիսավեր, թաղածածկ մատուռ։
Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ,
հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո
Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ
ճարտարապետության մեջ:

Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է


Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի
Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին:
Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին,
իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է
վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և
պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ,
երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր,
փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս
Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի
և Սբ Հռիփսիմե մատուռի ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:
1191–1996 թթ.-ին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝
արևելքից 2 կրկնահարկ խորաններով, արևմտյան և հյուսիսային մուտքերով:
Արևելյան և հարավային որմերին եռանկյունաձև կտրվածքի հայկական խորշեր են,
թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով: Արևմտյան ճակատին կից 1197–1203
թթ.-ին կառուցվել է գավիթը՝ քառասյուն կենտրոնակազմ երդիկավոր գմբեթով,
արևելյան անկյուններին՝ երկհարկ խորաններով: Հարավում ավելի փոքր չափերով
նույնատիպ Սբ Գրիգոր եկեղեցին է (կառուցումն ավարտվել է 1231-1241 թ.-ին), որի
գմբեթը չի պահպանվել: Գավթին հարավից գրեթե կից է Սբ Գրիգոր Լուսավորիչ
միանավ թաղածածկ, արևելքից՝ անկյունային 2 խորաններով եկեղեցին (1237–1241
թթ.), որն իր հարդարանքով միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է:
Գավիթը թաղածածկ միջանցքով հաղորդակից է երկհարկ գրատուն-զանգակատանը:
Գրատան առաջին հարկը (կառուցվել է մինչև 1241 թ.) եղել է փայտե ծածկով, որը
1291 թ.-ին (ճարտարապետներ՝ Զաքիոս և Գրիգոր) փոխարինվել է 2 զույգ
փոխհատվող կամարների վրա հենվող քարե ծածկով, կենտրոնում՝ երդիկավոր
գմբեթի համակարգով: Երկրորդ հարկն արտաքուստ և ներքուստ խաչաձև
տարածական հորինվածք է: Գրատուն-զանգակատունը արևմուտքից հաղորդակից է
ժամատանը, որտեղ հավանաբար եղել է գրչության սրահ (պահպանվել է ստորին
մասը):
Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից
մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան:
Գոշավանքի համալիրի մոտակայքում են Սբ Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին
(կառուցվել է 1254 թ.-ին), Մխիթար Գոշի բնակարանի, դամբարանի մնացորդները և
այլն: 1937 թ.-ին նորոգվել է Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թ.-ին՝ Սբ
Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թթ.-ին՝ Սբ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու
գավիթը: 1958 թ.-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված
հուշակոթող, 1972 թ.-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ.-ին
բարեկարգվել է վանքի տարածքը:

Հաղարծին

Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր


գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար
մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս
Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր
Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ
ամայացած էր։
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա
կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի
աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը
խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան
երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4
սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի
անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց
պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ
արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի
հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ:
Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ
կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին
կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա
կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի
աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը
խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան
երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս.Գրիգորին արևմուտքից կից է 4
սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի
անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց
պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ
արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի
հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ:
Ս.Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ
կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին
կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին:
Գլխավոր եկեղեցին` Ս.Աստվածածինը, գմբեթավոր դահլիճ է: Համաձայն հարավային
մուտքի վերին մասի արձանագրության, կառուցվել է 1281թ.-ին, սակայն հարավային
և հյուսիսային պատերի ստորին մասի վերաշարվածքը, արևելյան ճակատի
բարձրաքանդակում պատկերված եկեղեցու մանրակերտի տարբերվելը ներկայիս
կառույցից և այլն, ենթադրել են տալիս, որ 1281թ.-ին կառույցը որոշ
փոփոխություններով վերականգնվել է` հիմնարկված լինելով հավանաբար X-XIդդ.:
Եկեղեցու վերձիգ ծավալային համամասնությունները և մշակվածքը բնորոշ են XIIIդ.
կառույցներին: Եկեղեցու արևմտյան ճակատի դիմաց պահպանվել է ավերված
կառույցի (հավանաբար նախորդ կառույցի գավիթը) մնացորդները:
Արևմտյան մասում է սեղանատունը, որն ըստ հարավ-արևմտյան մուտքի շրջակալի
շինարարական արձանագրության կառուցվել է 1248թ.-ին: Հայաստանում
նմանօրինակ երկու պահպանված կառույցներից մեկն է (մյուսը` Հաղպատում):
Հորինվածքով երկարավուն դահլիճ է: Ներսում փոխհատվող կամարների խաղն ու
զուսպ սլացքը, երդիկներից սփռվող մեղմ լուսավորությունը ստեղծում են իր
պարզության մեջ վեհաշուք ամբողջական կերպար: Այստեղ կառուցվածքային
տարրերն ու սկզբունքն իրենք հիմնական արտահայտչամիջոցն են: Ներքին
պարագծով ընթացող աստիճան-ցոկոլը, որը ներդաշնակվում է երկայնական
պատերի վերևում արված քիվագոտուն, ծառայել է որպես նստարան: Արևմտյան
երդիկի հյուսիս-արևելյան անկյունում արձանագրված է «Մինաս», իսկ որմնաքարին`
բազմիցս հանդիպող «Մ» տառը հավանաբար կառուցող ճարտարապետի անունն է:
Հաղարծինի սեղանատունը ճարտարագիտական լուծումով և գեղարվեստով
հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան արևելյան
մասում պահպանվել են այլ շինությունների (հավանաբար խոհանոցի, հացատան և
այլն) ավերակներ:
Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին:
Հաղարծինում գտնված 350կգ կշռող բրոնզե կաթսան մետաղագործության
բարձրարվեստ նմուշներից է: Կաթսայի պսակազարդ շուրթի վրայի փորագրությունը
նշում է պատրաստման տարեթիվը` 1232թ.: Նրա չորս կանթերը առյուծների
արձաններ են, որոնց ոտքերը նույնպես զարդարված են:
Գրականություն

1. Մանասյան Մ., Հովսեփյան Ա., Աշխարհագրություն: Հայաստան, Եր. 2014

2. Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, 1992

3. «Դիլիջան» ազգային պարկ, http://dnp.am/

4. Վարդևանյան Աշոտ, «Հայաստանում անապատացման դեմ պայքարի


գործողությունների ազգային ծրագիր» (Национальная программа действий по борьбе
с опустыниванием в Армении), Երևան, 2002 — 96 էջ, ISBN
99930-935-6-4,«DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2016-06-02

You might also like