Download as docx, pdf, or txt
Download as docx, pdf, or txt
You are on page 1of 10

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՒՄԲ։ ԽՄԲԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ։ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ

Առօրյա կյանքի ընթացքում մեզանից քչերն են իրենց լիովին հաշիվ տալիս ոչ


միայն իրենց ներհոգեկան գործընթացների, այլև փոխհարաբերությունների և
փոխներգործությունների մասին: Ծնվելուց անմիջապես հետո երեխան հայտնվում է
ընտանիքում, որը սոցիալական կարևորագույն խումբ է: Մանկապարտեզ և դպրոց
գնալով' նա մտնում է նոր խմբերի մեջ: Դրանք բոլորը խմբեր են։ Գրեթե չկա
մարդկային գործունեության որևէ տեսակ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն
կապված չլինի խմբերի հետ:
Կան խմբեր, որոնց անդամ մենք դառնում ենք անկախ մեր կամքից, ի ծնե,
առանց ինքնուրույն ընտրության: Դրանք են ընտանիքը, ագգը, դասակարգը կամ
սոցիալական այն շերտավորումը, որին պատկանում է մեր ընտանիքը: Որոշ խմբերի
մեջ մենք մտնում ենք կամավոր, մեր ցանկությամբ, բայց լինում են նաև դեպքեր, երբ
որոշ խմբերի անդամակցում ենք արտաքին ճնշման տակ: Անկախ մեր կամքից,
ինքնաբերաբար, մենք դառնում ենք տարիքային խմբերի (դեռահաս, պատանի,
հասուն մարդկանց խումբ) անդամ: Կարող ենք մտնել ինչպես կայուն, երկարատև
կյանք ունեցող, այնպես էլ անկայուն, ժամանակավոր, անցողիկ խմբերի մեջ: Կայուն և
համախմբված խմբերի ամբողջությունը կազմում է հասարակությունը, որը մարդու
գործունեության ոլորտն է, սոցիալական ակտիվության ասպարեզը:
Խմբի բնորոշումը․
Մարդկանց կյանքն անցնում է սոցիալական խմբերի կազմում: Դրանք կոչվում
են «սոցիալական» հենց այն պատճառով, որ կազմված են երկու կամ ավելի
մարդկանցից: Սոցիալական խումբը երկու կամ ավելի մարդկանցից կազմված
հանրույթ է, որի անդամները միավորվել են որոշակի ընդհանուր (խմբային)
նպատակների հասնելու, շփվելու կամ համատեղ գործունեություն կատարելու
համար: Ոչ մի սոցիալական խումբ այլ խմբերից բացարձակապես մեկուսացված չի
լինում։
Ընդհանուր նպատակներին հասնելով՝ խմբի անդամները բավարարում են
բոլորի մեջ առկա որոշ պահանջմունքներ: Խումբ առաջանում է այն դեպքում, հենց որ
երկու կամ ավելի մարդիկ սկսում են շփվել, փոխներգործել, համատեղ
գործունեություն կատարել: Խումբ առկա է այն դեպքում, երբ նրա անդամները
ցանկանում են պահպանել իրենց կապերը, չեն ձգտում ցրվել ու մեկուսանալ,
ներգործում են միմյանց դիրքորոշումների, հայացքների ու վարքի վրա, ստեղծում են
կայուն փոխադարձ կապեր: Երբ խմբերն ունենում են նման
առանձնահատկություններ, ապա երբեմն խոսում են նաև հոգեբանական խմբերի
գոյության մասին: Շատ բնորոշ հոգեբանական խումբ է երկյակը (զույգ, դիադա):
Հոգեբանական խմբեր են նան փոքր, այսպես կոչված միջուկային ընտանիքները,
որոնք կազմված են ծնողներից և նրանցից ծնված զավակներից, նույն սենյակում
ապրող ուսանողների խումբը, ֆուտբոլային թիմերը և այլն:
Խմբի առանձնացման սկզբունքը և միավորման կենտրոնները․
1
Յուրաքանչյուր անհատ խմբի մեջ է մտնում ոչ թե իր ողջ անձնավորությամբ,
այլ, միայն մասամբ, լոկ այն դերերի տեսանկյունից, որ կատարում է խմբում: Կան
խմբեր, որոնք գրեթե լիովին կլանում են իրենց անդամների անձն ու ակտիվությունը
(այդպիսին են, օրինակ, կրոնական որոշ խմբեր և աղանդներ, ռազմական
կազմակերպությունները և այլն), բայց խմբերի մեծ մասն այդպիսի պահանջներ չի
ներկայացնում իր անդամներին: Խմբերն այս կամ այն չափով հսկողության տակ են
պահում իրենց անդամների ոչ միայն գործունեությունը, այլև արտաքին տեսքը, վարքի
ոճը, բարոյականությունը:
Յուրաքանչյուր սոցիալական խումբ ձգտում է տարբերվել մյուսներից: Դրան
հասնելու համար այն պետք է ունենա առանձնացման սկզբունք, այսինքն այնպիսի մի
հատկանիշ, որով տարբերվում է մյուս խմբերից: Տարբերիչ հատկանիշներ կարող են
լինել խմբի գրաված տարածքը, լեզուն, որոշ սովորույթներ և մշակույթի այլ
առանձնահատկություններ, կրոնը և այլն։ Եթե խումբն ունի առանձնացման որոշակի
սկզբունք կամ սկզբունքների կայուն փունջ, ապա ինքն էլ կարող է շատ երկար
գոյատևել, եթե նույնիսկ նրա բոլոր անդամները փոխվեն: Այդպիսի կայուն խմբեր են
ազգերը, որոշ կազմակերպություններ:
Խումբն այնքան ավելի կայուն ու միաբան է, որքան ավելի հստակ են նրա
միավորման կենտրոնները, այսինքն՝ այն արժեքները, որոնց շուրջ միավորվում են
խմբի անդամները: Միավորման կենտրոններն են՝ լիդերի անձը, խմբային
սիմվոլները՝ դրոշները, կնիքները, լոզունգները, ղեկավարի առանձնասենյակը, խմբի
անունը և այլ արժեքներ:
Համախմբող զորեղ գործոն է խմբի նպատակը: Երբ խումբն իր առջև որոշակի
նպատակ է դնում, ապա նրանում կառուցվածքային փոփոխություններ են
առաջանում, կատարվում է դերերի բաժանում, սկսվում են նպատակին հասնելու և
փոխադարձ վերահսկողության միջոցների որոնումներ։ Կարելի է ասել, որ երբ
փոխվում է նպատակը, զգալի չափով փոխվում է նաև խումբը:
Խումբը հակված է վեհացնելու և իդեալականացնելու իր անցյալը,
նվաճումներն ու նպատակները։ Որքան էլ արհեստական ու հնարովի լինի այդ
գերազանցությունը, այն համախմբող գործոն է և կայունություն է հաղորդում խմբին, և
վերջինս գրավիչ է դառնում իր անդամների և նրանից դուրս գտնվողների համար:
Յուրաքանչյուր սոցիալական խումբ ունի կառուցվածք: Խմբի կառուցվածքի մեջ
մտնող բաղադրիչներն են՝ նրա անդամները, նրանց միջև հաստատվող կապերն ու
փոխհարաբերությունները, խմբային նպատակներն ու դրանց ձեռք բերման
եղանակները, կոմունիկացիայի (հաղորդակցության) միջոցները:
Հասարակությունն ամբողջությամբ, որպես մեծ խումբ, ունի մակրոկառուցվածք
(մակրո-հուն. մեծ), որի մեջ մտնում են հասարակական շերտերը, դասակարգերը,
սոցիալական կատեգորիաները, կազմակերպությունները: Միկրոկառուցվածքը
(միկրո֊հուն. փոքր) ներառում է խմբի անդամների դիրքերը և դերային
փոխհարաբերությունները (ղեկավար-ենթակա ծնող-երեխա ե այլն):

2
Սոցիալական խմբերի մասին խոսելիս օգտագործում են նաև խմբային կամք,
խմբային ինքնագիտակցություն և այլ պատկերավոր արտահայտություններ:
«Խմբային կամք» ասելիս պետք է հասկանալ որևէ գործունեություն կատարելիս
առանձին անդամների ձգտումների, դժվարություններ հաղթահարելու
ընդունակությունների գումարը: Առանձնապես կարևոր են լիդերի կամային գծերը:
«Ոչխարների բանակը առյուծի գլխավորությամբ ավելի ուժեղ է, քան առյուծների
բանակը' ոչխարի գլխավորությամբ»,— ասում էր Նապոլեոն Բոնապարտը: Ինչ
վերաբերում է «խմբային ինքնագիտակցություն» հասկացությանը, ապա առայժմ այն
մոտավոր կերպով կարոդ ենք հասկանալ որպես խմբի անդամների անհատական
ինքնագիտակցությունների այն կողմերի գումարը, որոնք վերաբերում են տվյալ
խմբում նրանց խաղացած դերերին: Այդպիսին է, օրինակ, էթնոսի
ինքնագիտակցությունը, որը ներկայացված է լինում ինչպես անհատի, այնպես էլ
խմբի մակարդակում:
Խմբերի ստեղծման դրդապատճառները
Մարդիկ մտնում են սոցիալական խմբի մեջ, որովհետև ցանկանում են. ա) այլ
մարդկանց հետ միասին ընդհանուր նպատակներ առաջ քաշել և ձգտել ղրանց
իրագործմանը, բ) ֆիզիկապես մոտ լինել նրանց, քանի որ նրանք իր համար գրավիչ
են, գ) խմբային գործունեությանը մասնակցելուց հաճույք ստանալ, դ) որովհետև խմբի
անդամ լինելն ինքնին նրանց համար արժեք է ներկայացնում և ցանկալի է:
Քննարկենք այդ դրդապատճառներից յուրաքանչյուրը․
1. Ֆիզիկական մոտիկությունը (մերձավորությունը): Խմբի մեջ մտնելը
պայմաններ է ստեղծում ֆիզիկապես մյուս անդամներին մոտ լինելու համար:
Ճիշիտ է նաև հակառակը, ֆիզիկական մոտիկությունը պայմաններ է ստեղծում
խմբի ստեղծման համար: Տարածականորեն միմյանց մոտ գտնվող մարդկանց
միջև ավելի հաճախ է փոխադարձ գրավչություն առաջանում: Երբ մարդիկ
մոտիկ հարևանությամբ են ապրում, այն էլ երկար ժամանակով, ապա ձգտում
են հաճելի լինել միմյանց համար:
2. Ընդհանուր նպատակներ: Եթե մենք հասկանում ենք, որ չենք կարող լոկ
սեփական ուժերին ապավինելով հասնել մեր առջև դրված նպատակին, ապա
փորձում ենք խումբ ստեղծել: Ըստ ամերիկյան սոցիալական հոգեբան Մ.
Շերիֆի' սոցիալական կոնֆլիկտներին նվիրված հետազոտությունների՝
ընդհանուր նպատակները խմբի ստեղծման հիմնական գործոններից են, բայց
եթե նպատակները հակասական են, ապա խմբի ձևավորումը անհնարին է
դառնում: Ընդհանուր նպատակները, որոնք մարդկանց միավորում են դրական
զգացումներով համախմբված հանրույթներում, կարող են լինել
աշխատանքային, ուսումնական, ժամանցի և այլն: Ինչ վերաբերում է
դպրոցական, ուսանողական և այլ խմբերի ստեղծմանը, ապա ուսուցիչները և
ղեկավարները պետք է հմտորեն նպատակներ ձևավորեն, աշխատանքի

3
բաժանում կատարեն, ցույց տան խմբի անդամների փոխադարձ
պարտավորությունները։
3. Խմբի անդամների գրավչության նշանակությունը: Մենք հակված ենք
առավելապես հաղորդակցվել այն անձանց հետ, ովքեր մեզ համար հաճելի են
ու գրավիչ: Մարդիկ միմյանց համար գրավիչ են դառնում մի շարք
պատճառներով, որոնցից են ֆիզիկական գրավչությունը, նմանությունը,
դիրքորոշումների և հայացքների համընկնումը կամ մոտիկությունը,
բնավորության նման գծերի առկայությունը կամ փոխլրացնող լինելը և այլն։
4. Խմբի գործունեության գրավչությունը: Երբ որոշ թվով մարդիկ առաջին անգամ
են հանդիպում, ապա որոշ ժամանակ անց տեսնում ենք, որ միմյանց հետ
խմբեր են կազմում այն անձինք, ովքեր հետաքրքրվում են գործունեության
միևնույն տեսակով: Դրանք կարող են լինել աշխատանքի, ուսման, խաղի
տեսակներ: Երբ խմբի գործունեությունը մեզ դուր չի գալիս, ապա մենք
նրանում երկար չենք մնում, եթե, իհարկե, այլ ընտրության հնարավորություն
ունենք:
5. Խմբի անդամ լինելու ինստրումենտալ բնույթը: Մենք շատ դեպքերում խմբերի
անդամ ենք դառնում, որովհետև դա մեզ օգնում է որոշ նպատակների հասնել
նաև այդ խմբերից դուրս: Օրինակ' երիտասարդ տղամարդը կարող է որևէ
խմբակի կամ ակումբի անդամ դառնալ այն պատճառով, որ այնտեղ ավելի
հեշտ է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալը: Այստղից էլ՝
«խմբի ինստրումենտալ նշանակություն» արտահայտությունը:
6. Խմբի մեջ մտնելու մոտիվացիայի բարդությունը: Երբ անհատը մտնում է այս
կամ այն սոցիալական խմբի մեջ, ապա սովորաբար ունենում է մի շարք
դրդապատճառներ: Օրինակ՝ որևէ կրոնական կազմակերպության անդամ
դառնալով՝ անհատը կարող է մասնակցել նրա գործունեությանը իրեն ավելի
ապահով և պաշտպանված զգալու, նոր մարդկանց հետ շփվելու, իր ուժերն ու
ընդունակությունները ստուգելու և ինքնաճանաչման ավելի բարձր աստիճանի
հասնելու, կյանքի իմաստը գտնելու և այլնի նպատակով։ Այդ
դրդրպատճառները միշտ չէ որ գիտակցվում են, անձի որոշ դրդապատճառներ
մնում են նրա ենթագիտակցության մակարդակում:
Դրդապատճառները սուբյեկտիվ են և կախված են խմբի յուրաքանչյուր անդամի
պահանջմունքներից և նպատակներից։

Սոցիալական խմբերի տեսակները․

Ամենից առաջ սոցիալական խմբերը բաժանում են երկու հիմնական տեսակի՝ ըստ


դրանց անդամների թվի: Ըստ այնմ էլ դիտարկվում են փոքր և մեծ խմբեր:

Փոքր խմբերը մարդկային այն հանրույթներն են, որոնց անդամների թիվը չի


անցնում 50 մարդուց: Սոցիալական մեծ խմբերն ունենում են, ըստ
պայմանավորվածության, 50-ից ավելի անդամներ: Մեծ խմբեր են համարվում
4
աշխատանքային շատ կոլեկտիվներ, սոցիալական շերտեր ու դասակարգեր, և
էթնիկական խմբերը, այդ թվում՝ հատկապես ազգերը, դասակարգերն ու առանձին
պետությունների բոլոր քաղաքացիները միասին վերցրած։

Իրական և պայմանական խմբեր: Իրական անվանում են այն խմբերը, որոնց


անդամները ժամանակ առ ժամանակ հավաքվում են որոշակի վայրում (լսարան,
աշխատանոց, գրասենյակ, արտադրամաս և այլն) և անմիջական
փոխհարաբերությունների մեջ են մտնում: Այդպիսի խմբեր են ընտանիքը,
աշխատանքային և ուսումնական (դպրոցական, ուսանողական և այլն) խմբերը,
մանկապարտեզի երեխաների խմբերը, զորամասերը և այլն: Պայմանական խմբեր
կամ սոցիալական կատեգորիաներ են կոչվում այն խմբերը (դրանք մեծ խմբեր են),
որոնց բոլոր անդամները երբեք չեն կարող հավաքվել մեկ վայրում և անմիջական
կապերի մեջ մտնել: Այդպիսին են, օրինակ, այնպիսի հանրահայտ խմբեր, ինչպես՝
«երիտասարդություն», «բանվոր դասակարգ», «ֆուտբոլասերներ», «գործարար
մարդիկ» և այլ կատեգորիաներ:
Առաջնային և երկրորդային խմբեր: Առաջնային անվանում են սոցիալական
այնպիսի խմբերը, որոնց անդամների միջև հարաբերություններն անմիջական են,
հուզականորեն հագեցված և հաճախադեպ: Երկրոդային փոխհարաբերությունները
դերային-ֆունկցիոնալ են: Այդպիսի հարաբերությունները մարդկանց միջև
հաստատվում Են պետական հիմնարկներում և պաշտոնական այլ
կազմակերպություններում: Այն խմբերը, որոնցում մարդկանց հարաբերությունները
ֆունկցիոնալ են, հուզական տեսակետից «չոր» ու պաշտոնական, կոչվում են
երկրորդական։
Ձևական և ոչ ձևական խմբեր: Այս տեսակի խմբերն ունեն ձևականացված և
պաշտոնականացված կառուցվածք: Դրանք սոցիալական կազմակերպություններն
են, որոնցում մարդկանց հարաբերությունները անձնային չեն և իրականացվում Են
ըստ նախապես որոշված դիրքերի, դերերի, դրանց տված իրավունքների և
պարտականությունների ու նորմերի: Ձևական դերերի կառուցվածքն ու
բովանդակությունը որոշվում են կազմակերպության առջև դրված խնդիրներով: Ոչ
ձևական խմբերում մարդկանց հարաբերություններն անձնական են, հուզական,
հաճախ մտերիմ կամ թշնամական: Խմբի ներքին կառուցվածքը ոչ թե տրված է լինում
դրսից, վերադասից, խումբը ստեղծողի կողմից, այլ առաջանում է
փոխներգործությունների ընթացքում:
Փակ և բաց խմբեր: Որոշ սոցիալական խմբեր փակ են նոր մարդկանց առջև:
Դա նշանակում է, որ դրանց մեջ այլևս ոչ ոք, գոնե ժամանակավորապես, թափանցել
չի կարող: Այդպիսին կարող են լինել ընտանիքն իր զարգացման որոշակի փուլում,
որոշ ընկերական խմբեր, կրոնական աղանդներ, ակումբներ և այլն: Բաց կամ ազատ
են այն խմբերը, որոնց անդամ դառնալն, այսպես ասած, մարդու ճակատագիրն է,
որից նա չի կարող խուսափել: Այսպես' ծնվելով որպես տղամարդ կամ կին՝ անհատն
ինքնաբերաբար դառնում է այդ սոցիալական խմբերից մեկի անդամ:
5
Կան խմբերի այլ տեսակներ ևս: Ժամանակավոր են, բնականաբար, այն
խմբերը, որոնք ստեղծվելուց հետո արագորեն էլ կազմալուծվում ու վերանում են:
Ընդհակառակը, կան ոչ քիչ թվով կայուն, տևական կյանք ունեցող խմբեր։
Տարբերում Են նաև կոնֆլիկտային և համերաշխ խմբերը: Առաջին տեսակի խմբերի
ներսում, նրանց անդամների միջև, շահերի հաճախակի բախումներ, վեճեր են լինում,
խմբի անդամները մրցակցում են ինչ֊որ արժեքների տիրանալու համար, մինչդեռ
համերաշխ խմբերում նման բախումներ կամ չկան, կամ շատ մեղմ են
արտահայտված, իսկ ծագելու դեպքում էլ արագորեն լուծվում են խմբի անդամների և
ղեկավարի ջանքերի շնորհիվ:
Ինտրովերտ անվանում են այն խմբերը, որոնք քիչ են հաղորդակցվում
սոցիալական այլ խմբերի հետ, հակված են ինքնամեկուսացման, զբաղված Են
հիմնականում իրենց ներքին գործերով: Օրինակ' Հայաստանում ինտրովերտ խումբ
կարելի է համարել մալականներին, որոնք որևէ քաղաքական ակտիվություն չեն
դրսևորում։ Հակադարձ տիպը էքստրավերտ խումբն է (լատ. exstra և versio —
շրջադարձ դեպի դուրս, ուղղվածություն դեպի դուրս): Նման խումբը հասարակական
ակտիվություն է դրսևորում, մտնում է մեծաթիվ միջխմբային կապերի մեջ, երբեմն
ցուցադրական վարք է ունենում:

6
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ

Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների՝ (անձ, սոցիալական խումբ)


փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում տեղեկության,
փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների
փոխանակում: «Հաղորդակցություն» (communiccation/комуникация) եզրույթը
(եզրաբառ/տերմին) ծագել է լատիներենից. «communicatio» (հաղորդում, փոխանցում),
«communico» (դարձնում եմ ընդհանուր, կապում եմ , շփվում եմ)։
Հաղորդակցական ունակությունը կամ հաղորդունակությունը անձի այն
հատկությունն է, որով նա բնականոն փոխհարաբերություններ է հաստատում
ուրիշների հետ, համարժեքորեն ձևակերպում է իր ասելիքը, տեղեկություններ
հաղորդում և ընդունում՝ ճշտորեն վերծանելով դրանք, ապահովելով պատշաճ
հետադարձ կապը։ Հաղորդակցումը հասարակական սուբյեկտների (անձ,
սոցիալական խումբ) փոխներգործության գործընթաց է, որի ժամանակ տեղի է
ունենում փորձի, գիտելիքների, կարողությունների և գործունեության արդյունքների
փոխանակություն։ Որպես հաղորդակցման սուբյեկտ հանդես են գալիս ինչպես
անհատներ այնպես էլ խմբեր։

Հաղորդակցության ընթացքում մարդիկ հաղորդում և ընկալում են որոշակի


տեղեկատվություն, փոխանակում են մտքեր, հույզեր, մղում գործողության և այլն։
Ըստ այդմ էլ առանձնացվում են հաղորդակցության հետևյալ գործառույթները․

1. Իրազեկման գործառույթ. այն ենթադրում է ճշմարիտ կամ կեղծ


տեղեկությունների հաղորդում:
2. Ինտերակտիվ գործառույթ. ենթադրում է մարդկանց միջև
փոխհարաբերությունների կազմակերպում (հաղորդակցության ընթացքում
«դերերի» բաշխում և հոգեբանական ներգործության միջոցների կիրառում:
3. Ըմբռնման գործառույթը ենթադրում է հաղորդակցության ժամանակ
զրուցակիցների փոխըմբռնում:
4. Արտահայտչական գործառույթ. ենթադրում է հաղորդակցության ընթացքում
զրուցակիցների հուզական ապրումների այլևայլ դրսևորումներ:

Հաղորդակցության գործընթացին մասնակցում են 7 հիմնական կառուցվածքային


տարրեր.

1. Տեղեկությունը հաղորդողը (առաջին սուբյեկտ):


2. Հաղորդագրությունը (տեղեկությունը):
3. Տեղեկությունն ընդունողը ( երկրորդ սուբյեկտ):
4. Հաղորդակցության ուղին. տեղեկատվության հաղորդման միջոցը կամ
միջոցների համակարգը:
5. «Աղմուկը». արտաքին միջավայրի և ներքին խոչընդոտների համակարգը, որն
աղավաղում է տեղեկատվությունը:
7
6. Հետադարձ կապը. ընդունողի պատասխան տեղեկությունը հաղորդողին
7. Շտկումը. նախնական տեղեկատվության փոփոխումը՝ առավել ընկալելի
դարձնելու նպատակով:
Հաղորդակցման դասակարգումները շատ տարբեր են, ինչը պայմանավորված է դրա
գործառույթների և ձևերի բազմազանությամբ։

Ըստ սուբյեկտների ընդգրկման ծավալի՝ հաղորդակցումը դասակարգվում է.

1. միջանձնայինի. երկու անձանց միջև դեմ առ դեմ իրականացվող


հաղորդակցում

2. խմբայինի. 3 անձից մինչև 20-30 անձանց միջև հաղորդակցում

3. զանգվածայինի. այս դեպքում ընդգրկված են մարդկանց մեծաթիվ խմբեր Այն


իրականացվում է հիմնականում տեղեկատվության տարածման հատուկ միջոցներով՝
տպագրություն, հեռուստատեսություն, ռադիո։

Ըստ տեղեկատվության փոխանցման ձևերի՝ հաղորդակցումը դասակարգվում է.

1. խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.


 բանավոր խոսք,
 գրավոր խոսք։

2. ոչ խոսքայինի, որի հիմնական միջոցներն են.

Ժեստեր–Ձեռքի,գլխի,մարմնի շարժումներ են: Որքան էլ տարբերվեն


կուլտուրաները, ամենուր հուզվածության աճի հետ աճում է նաև
ժեստիկուլյացիայի ինտենսիվությունը: Ժեստերի մի մասի կոնկրետ իմաստը
տարբեր կուլտուրաներում տարբեր է: Սակայն բոլոր կուլտուրաներում կան
ժեստեր, որոնց նշանակությունը նույնն է:

Կինեսիկա - Հունարեն` շարժում: Դրանք այլ մարդու տեսողությամբ


ընկալվող շարժումներ են, որոնք հաղորդակցության մեջ կատարում են
արտահայտչական գործառույթ:

Պրոսոդիկա - Շեշտադրում և արտալեզվաբանություն. խոսքի այնպիսի


ինտոնացիա, որը ներառում է արագությունը, բարձրությունը, խոսակցական տոնի
բարձրությունը, ձայնի տեմբրը, շեշտադրման ուժը:

Տակեստիկա /հպումային/- Հաղորդակցման միջոցներին են դասվում


դինամիկ այնպիսի հպումները, ինչպիսիք են՝ ձեռքսեղմումները,
ափահարումները, համբույրները:

Պրոքսեմիկա - Հաղորդակցությունն ունի տարածական


կազմակերպվածություն:Շփման ընթացքում մարդիկ միմյանց նկատմամբ

8
որոշակի դիրք են ընդունում: Նրանց միջև ֆիզիկական տարածության մեծ և փոքր
լինելը կապված է հոգեբանական տեսակետից հեռու կամ մոտ լինելու հետ:

Ըստ հաղորդակցվող կողմերի պաշտոնական դիրքի առնչության՝


հաղորդակցումը դասակարգվում է.

 Ուղղահայացի,
 հորիզոնականի։

Առաջինն իրականացվում է ձեռնարկության պաշտոնական սանդուխքով.


վարընթաց և վերընթաց ուղղություններով։ Երկրորդը՝ հավասար պաշտոնական
դիրք ունեցող աշխատակիցների միջև։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Նալչաջյան Ալ․, Սոցիալական հոգեբանություն, Զանգակ, 2004, 432 էջ

9
2. Խաչատրյան Տ., Հաղորդակցության և ընդհանուր աշխատանքային
գործունեության հմտություններ, Եր․, Կրթության ազգային ինստիտուտ, 2012,
256 էջ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ
1. Հարությունյան Պ․, Հաղորդակցում, Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր
Քոլեջ, 2019 //
https://pharutyunyanmskham.wordpress.com/2019/04/21/%D5%B0%D5%A1%D5%B
2%D5%B8%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF
%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/ //

10

You might also like